Կրթությունն ինքնակարգավորվող համակարգ է
Primary tabs
Երեխային համակարգիչ տուր, և նա կես ժամում գլուխ կհանի հարաբերականության տեսությունից։
Սուգատա Միտրա՝ գիտնական, լուսավորիչ։
Հնդիկ գիտնական, լուսավորիչ Սուգատա Միտրան աշխարհով մեկ անցկացրել է մանկավարժական պարզ փորձարկումներ՝ որոշ շրջան երեխաներին մենակ է թողել համակարգիչների հետ։ Արդյունքն ապշեցուցիչ էր. անգլերեն չիմացող երեխաները սովորում են անգլերեն, յուրացնում բիոտեխնոլոգիայի հիմունքները։
Միտրան ասում է, որ ցանկացած երկրի կամ որևէ այլ երկրի քարտեզի վրա կարող են առանձնացնել որոշ վայրեր և ասել, որ այնտեղ ոչ ոք չի գնա ուսուցիչ աշխատելու։ Ստացվում է այսպիսի պատկեր. այն վայրերում, որտեղ հաճախ են խնդիրներ լինում, մարդիկ չեն ցանկանում աշխատել. ուսուցիչները չեն ցանկանում աշխատել այնտեղ, որտեղ իրենց կարիքն ամենաշատն է։
1999 թ. գիտնականը փորձում է այդ հարցի լուծումը գտնել հասարակ փորձի միջոցով։ Նոր Դելիի հետնախորշերից մեկում՝ մի տան մեջ, պատին մի էկրան է տեղադրում։ Այստեղ երեխաները հազիվ էին դպրոց գնում, չգիտեին անգլերեն, երբեք համակարգիչ չէին տեսել և գաղափար իսկ չունեին, թե ինչ է ինտերնետը։
Միտրան պատմում է։
Սարքը միացրի բարձրակարգ ինտերնետին և գնացի։ Այս փորձը կրկնեցի տարբեր վայրերում։ Եզրակացությունը նույնն է. երեխաներն ուզում են սովորել այն, ինչ ուզում են սովորել։
Կրթությունն ինքնակազմակերպվող համակարգ է, որտեղ ուսուցումը տարերային ֆենոմեն է։ Մենք կարող ենք ամեն ինչ փոխել։
Սա առաջին փորձն էր․ խմբում գտնվող երեխաները կարող են միմյանց սովորեցնել, ինքնուրույն սովորել օգտվել համակարգչից` անկախ նրանից, թե ով են, որտեղ են։
Սրանից հետո ես ավելի հավակնոտ դարձա և որոշեցի պարզել, թե էլ ինչ կարող են անել երեխաները համակարգչի միջոցով։
Հնդկական Հայդարաբադ քաղաքում նոր փորձ սկսեցինք։ Հավաքեցինք երեխաների մի խումբ, որ անգլերեն էին խոսում Տելուգուի ակնհայտ խոսվածքով-առոգանությամբ։ Նրանց տվեցինք համակարգիչ՝ այնպիսի ծրագրով, որը վերափոխում է խոսքը գրավոր տեքստի. այս ծրագիրը Windows-ն այժմ անվճար է տրամադրում։ Խնդրեցի երեխաներին ինչ-որ բան պատմել, և համակարգիչը չհասկացավ նրանց։ Երեխաները վրդովվեցին։ Ասացի, որ թողնում եմ համակարգիչը, և որ մինչև վերադարձս այնպես անեն, որ համակարգիչը հասկանա իրենց։ Երեխաները զարմացան՝ ինչպե՞ս։ Պատասխանեցի, որ չգիտեմ, ու գնացի։
Երկու ամիս անց այդ ծրագրի շնորհիվ երեխաների ընդգծված առոգանությունն անհետացավ։ Նրանք ինքնուրույն էին բրիտանական անգլերեն սովորել։
Այնուհետև սկսեցի այլ փորձարկումներ անել՝ երեխաներն էլ ի՛նչ կարող էին ինքնուրույն սովորել։
Մի անգամ ինձ զանգահարեց Արթուր Չարլզ Քլարկը և ասաց, որ ուզում է հասկանալ` ինչ է կատարվում, ինչ փորձեր եմ անում։ Քանի որ Քլարկը չէր կարող ճանապարհորդել, ես ուղևորվեցի նրա մոտ։ Մեր հանդիպմանը երկու հետաքրքիր բան ասաց.
- Ուսուցիչը, որ կարող է փոխարինվել մեքենայով, պետք է փոխարինվի։
- Եթե երեխայի մոտ հետաքրքրություն է արթնանում, սկսում է կրթությունը։
Ես սկսեցի այդ ամենը հասկանալ պրակտիկայում, և, ամեն անգամ դիտարկելով վերը նշվածը, հիշում եմ Քլարկի մասին։
Հյուսիսային Աֆրիկայում հարցրեցի տասնհինգամյա տղային, թե կարողանո՞ւմ է նամակներ ուղարկել։ Տղան պատասխանեց՝ այո, դրանք թռչում են օվկիանոսների վրայով։ Սա Կոմբոջան է՝ երկրի ծայրամասը, և ահա մենք մաթեմատիկական խաղ խաղալու հնարավորություն ենք տալիս։ Նման խաղ ոչ մի երեխա չի խաղա տանը կամ դպրոցում, բայց եթե այդ խաղը թողնենք համակարգչում, երեխաները կսկսեն խաղալ ու մրցակցել միմյանց հետ։
Երկու տարվա ընթացքում Հնդկաստանում երեխաները սովորեցին Գուգլով փնտրել տնային աշխատանքները։ Արդյունքում ուսուցիչներն արձանագրեցին՝ զգալիորեն լավացել է սովորողների անգլերենը, նրանք սկսել են խորը մտածել։
Եվ դա իսկապես այդպես է։ Ուզում եմ ասել, որ եթե այդ ամբողջ տեղեկատվությունը Գուգլում կա, ինչու այն պահել գլխում։ Նախագիծը սկսելուց չորս տարի հետո գիտակցեցի, որ շատ երեխաներ ինտերնետը կարող են օգտագործել կրթական նպատակներով։
Հաջորդ փորձն էսպիսին էր՝ այնպես անել, որ հնդկական գյուղի 12 տարեկան երեխաներն անգլերենով ինքնուրույն սովորեն բիոտեխնոլոգիա։ Վստահ էի, որ եթե այդ ժամանակ թեստ գրեին, զրո կստանային։ Եթե հետո էլ, երբ թողնեմ համապատասխան նյութերը, որոշ ժամանակ անց վերադառնամ, դարձյալ զրո ստանան, այդ ժամանակ կկարողանամ ասել, որ որոշ առարկաներ իրոք բարդ են, և դրանց յուրացման համար ուսուցիչներ են անհրաժեշտ։
Հավաքեցի 26 երեխա և ասեցի, որ համակարգչում շատ բարդ տեղեկատվություն կա, և չեմ զարմանա, եթե իրենք ոչինչ չհասկանան։
Զգուշացրի, որ ամեն ինչ անգլերեն է ու գնացի։ Վերադարձա երկու ամիս անց, նորից բոլորին հավաքեցի, երեխաները լուռ էին։ Հարցրեցի` նայել եք նյութերը, պատասխանեցին՝ այո։ Ինչ-որ բան հասկացե՞լ եք։ Պատասխանեցին՝ ոչինչ։
- Իսկ որքա՞ն երկար եք աշխատել, որ հասկացել եք, որ ընդհանրապես ոչինչ չեք հասկանում։
Պատասխանեցին՝ ամեն օր։
- Ուրեմն դուք ամեն օր նայել եք այդ նյութերն ու հասկացել, որ ոչինչ չե՞ք հասկանում։
Այդ ժամանակ ձեռք բարձրացրեց մի աղջիկ և ասաց.
- Ոչինչ չենք հասկացել, բացի նրանից, որ ԴՆԹ մոլեկուլի ոչ ճիշտ վերարտադրումը հանգեցնում է գենետիկ հիվանդությունների։
Ճիշտ է, երեխաներն սկսեցին որոշակի միավորներ հավաքել, բայց արդյունքը գոհացուցիչ չէր։
Խնդրեցի ծանոթ մի հաշվապահի․
- Կկարողանա՞ս նրանց բիոտեխնոլոգիա սովորեցնել այնպես,որ նրանք անցողիկ միավորներ հավաքեն։
- Ինչպե՞ս,- զարմացավ ծանոթս,- ես առարկային չեմ տիրապետում։
- Դու միայն կանգնիր նրանց հետևում, երբ աշխատում են, և հիացիր նրանցով։
Աղջիկը երկու ամիս արեց այնպես, ինչպես ես էի խնդրել․ սովորողների արդյունքները հասան միավորների այն շեմին, որ ստանում են արհեստավարժ մասնագետի մոտ պարապելիս։
Հաջորդ փորձս էսպիսին էր. երեխաներին բաժանեցի խմբերի, թույլ տվեցի խմբի անդամներին միմյանց օգնել, անհամաձայնության դեպքում խումբը փոխել։ Երեխաներին հարցեր տվեցի, որոնց պատասխանները չգիտեին։ Երեխաներն, օգտագործելով տարբեր որոնողական համակարգեր, գտան պատասխանները։ Ավելի ակտիվ խումբը` 20 րոպեում, ուշ կողմնորոշվողը՝ 40։ Ուսուցիչները տարակուսանքի մեջ էին՝ արդյո՞ք սա կրթություն է։ Պայմանավորվեցինք, որ կթողնեմ ուսումնասիրման ենթակա հարցեր ու կվերադառնամ երկու ամսից, այս ժամանակ ուսուցիչները երեխաներին կտան իրենց ավանդական թեստերից։ Արդյունքն անհավանական էր` միջին և բարձր միավորներ։
Հաջորդ փորձս բրիտանացի տատիկների հետ էր։ Միանգանից 20 կամավոր տատիկ համաձայնեց օրական մեկ ժամ հատկացնել սկայպով դասընթացներին։ Այս մեթոդը ստացավ «Տատիկներ ամպերում» անվանումը։
Այժմ աշխատում եմ մի նախագծի վրա, որն անվանվում է ինքնակարգավորվող ուսումնական տիրույթ։ Կահույքն այնպես է դասավորված, որ երեխաները կարող են խմբերով նստել՝ ինտերնետին միացված մեծ համակարգիչների առաջ։ Եթե անհրաժեշտ է, ուզում են, կարող են կանչել ամպերում գտնվող տատիկներից մեկին։
Իսպանախոս սովորողներին սկսեցի անգլերեն հարցեր տալ. սկզբում մի հարցին պատասխանելը խլեց տասնհինգ րոպե, հետո ժամանակը կրճատվեց։ Երեխաները սկսեցին արագ կողմնորոշվել ու օգտվել որոնողական համակարգերից։
Կարծում եմ՝ հասել եմ ինքնակազմավորվող համակարգի, որը կարգավորվում է առանց տեսանելի արտաքին միջամտության։ Ինքնակարգավորվող համակարգերն անկանխատեսելի են՝ կարող են աշխատել ոչ այնպես, ինչպես ծրագրավորված էին։ Հենց դրա համար ենք նման կերպ արձագանքում՝ այս ամենը մեզ անհնարին է թվում։
Կարող եմ այսպիսի թեզ առաջ քաշել․ կրթությունը ինքնակարգավորվող համակարգ է, որտեղ ուսուցման գործընթացը տարերային ֆենոմեն է։ Անհրաժեշտ կլինի մի քանի տարի, որպեսզի փորձերով ապացուցեմ այս ամենը։ Մենք կարող ենք ամեն ինչ փոխել։
Օգտագործված աղբյուրներ
- Վիքիպեդիա
- «Ամպային դպրոց» կառուցենք
- Երեխային համակարգիչ տուր, և նա կես ժամում գլուխ կհանի հարաբերականության տեսությունից
- Վաղվա սերունդ
- Երեխային մի՛ սովորեցրեք. օգնեք՝ ինքը սովորի
Փոխադրություն ռուսերենից
- Բացվել է 1016 անգամ