Երբ պատժում ենք սովորողին, պատժում ենք նաև ինքներս մեզ
Primary tabs
Այլոց փորձի ուսումնասիրություն
Մարմնական պատիժը
Աշխարհի 100 երկրներում արգելված է մարմնական պատիժը հանրակրթական դպրոցներում:
1979 թվականին Շվեդիան առաջին երկիրն էր, որ արգելեց մարմնական պատիժը: Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում մարմնական պատիժը «ձևականորեն» արգելվել է 1917 թվականին, և ըստ աշխատանքային օրենսգրքի, ուսուցչին ազատում են աշխատանքից, եթե նա ձեռք է բարձրացնում սովորողի վրա:
Մեծ Բրիտանիայում մարմնական պատիժն արգելվել է 1986 թվականին:
Ներկայումս տնտեսապես զարգացած երկրներից միայն Սինգապուրի դպրոցներում սովորող տղաների համար է մարմնական պատիժը օրինական:
Ֆինլանդիայում արգելվել է մարմնական պատիժը դպրոցներում 1914 թվականին, իսկ 1984 թվականից ծնողներին նույնպես արգելվում է ծեծելով պատժել իրենց երեխաներին: Այդուհանդերձ, ըստ Ֆինլանդիայում անցկացված 2010 թվականի հարցման՝ երկրի դպրոցականների մեծամասնությունը կողմ է, որպեսզի մարմնական պատիժ սահմանվի իրենց համար:
ԱՄՆ-ի 19 նահանգներում, հիմնականում հարավային, մարմնական պատիժ են կիրառում հանրակրթական դպրոցներում:
1977 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատեց, որ մարմնական պատիժը հակասահմանադրական չէ, և յուրաքանչյուր նահանգ ինքն է որոշում՝ կիրառե՞լ այն, թե՞ ոչ: Այդ օրենքը դեռևս ուժի մեջ է, և մոտ 160000 աշակերտ իր մարմնի վրա զգում է այդ օրենքի ուժը: Օրինակ, Ալաբամա նահանգում հատուկ կարգով որոշված է, թե ինչ երկարություն և հաստություն պետք է ունենա երեխաներին ծեծելու ճիպոտը (24 դյույմ երկարություն, 3 դյույմ լայնություն և կես դյույմ հաստություն): Խփում են հիմնականում հետույքին: Մարմնական պատիժ են կիրառում նույնիսկ տարրական դպրոցում:
Իսկ ո՞ր դեպքերում է օգտագործվում մարմնական պատիժը:
Օրինակ, Հյուսիսային Կարոլինայում երեխաներին թույլատրվում է ծեծել հետևյալ դեպքերում.
- Երբ սովորողը կռվել է իր դասընկերոջ հետ:
- Երբ սովորողը ուսճամփորդության ժամանակ ոգելից խմիչք է օգտագործել և հարբել է:
- Երբ սովորողը դպրոցում հրավառություն է արել:
2013-2014 ուսումնական տարվա ընթացքում Հյուսիսային Կարոլինայում մարմնական պատիժների 63%-ը կիրառվել է կռվելու, ագրեսիվ պահվածք ցուցաբերելու, թույլերին նեղացնելու պատճառներով, իսկ 37%-ը՝ դպրոցական ավտոբուսի մեջ վատ վարքի, ուսուցչական անձնակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դասի ընթացքում բջջային հեռախոս օգտագործելու, անպարկեշտ բառեր (հայհոյանք) օգտագործելու համար:
Այնուամենայնիվ, բոլոր դպրոցներում վերջին տարիներին մարմնական պատժին դիմելու դեպքերը քչացել են: Եթե նախկինում՝ 70-ականներին, բոլոր սովորողների 4%-ին գոնե մեկ անգամ ծեծում էին, այժմ այդ տոկոսային թիվը դարձել է 0,4: Շատ դպրոցներ սկսել են արգելել մարմնական պատիժները: Մարմնական պատիժը պահպանվել է հիմնականում այն դպրոցներում, որոնք տեղակայված են համեմատաբար աղքատ համայնքներում:
Դպրոցից հեռացնելը
Ուշագրավ է Learning English ամերիկյան ամսագրում հրապարակված Ջոն Քինգի հոդվածը՝ «Ինչպե՞ս պետք է դպրոցները վարվեն վատ վարք ունեցող սովորողների հետ (How should schools deal with misbehaving students?)» վերնագրով:
Ջոն Քինգը գրում է, որ ուսումնասիրությունից պարզվել է, որ միայն 2013-2014 ուստարվա ընթացքում մոտ 2,8 մլն ամերիկացի դպրոցականի առնվազն մեկ անգամ ասվել է, որ իրեն կհեռացնեն դպրոցից վատ վարքի համար: ԱՄՆ-ի հանրակրթական դպրոցներում մինչև 8 տարեկան դառնալը չի թույլատրվում վատ վարքի պատճառով նախակրթարանի և կրտսեր դպրոցի երեխային հեռացնել ուսումնական հաստատությունից: Իսկ ո՞ր դեպքերում են ԱՄՆ-ի դպրոցներում 8 տարեկանից բարձր երեխաներին հեռացնում ուսումնական հաստատությունից: Մանկավարժների մեծամասնությունն այն կարծիքին է, որ հեռացնել կարելի է միայն այն դեպքում, երբ սովորողը բռնություն է գործադրում մեկ այլ սովորողի կամ ուսուցչի նկատմամբ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ անհեռանկարային է սովորողին դպրոցից հեռացնելը: Դպրոցներից հեռացվելով՝ երեխաները հայտնվում են փողոցում, և կտրուկ մեծանում է դեռահասների կատարմամբ հանցագործությունների թիվը: Մյուս կողմից էլ՝ եթե ընդհանրապես չի կիրառվում դպրոցներից հեռացնելու պատիժը, մեծապես տուժում են այն սովորողները, որ ուզում են սովորել, և իրենց դասաժամին հատկացված ժամանակը վատնվում է կարգապահական հարցեր լուծելու վրա:
Մնացած այլ դեպքերում, երբ սովորողը բարձրաձայն խոսում և խանգարում է դասը, մի որևէ իր է նետում մեկ այլ սովորողի վրա, ուշանում է դասերից, անընդհատ քննարկումներ են ընթանում, և պատժի առաջարկություններ են լինում, որոնք տարբերվում են դպրոցից դպրոց, նահանգից նահանգ, բայց մեծամասնության միակ ընդհանուր կարծիքն այն է, որ սովորողը պետք է պատասխանատվություն կրի իր վատ վարքի համար:
Հոգեբանորեն հաստատված է, որ դեռահասներն ավելի ականջալուր են իրենց հասակակիցների ընկերական խորհուրդ-հորդորներին, քան մեծահասակների բարոյական խրատներին: Միգուցե սա է պատճառը, որ Նյու Յորքի 40 դպրոցներում գործում է սովորողների վարքի լավացմանն ուղղված ծրագիր, որում ընդգրկված են հոգեբաններ, փորձառու մանկավարժներ և նաև սովորողներ: Սովորողները հաճախ շատ ավելի լավ լուծումներ են առաջարկում, քանի որ ավելի լավ են ճանաչում իրենց ընկերների բնավորությունը, տարբեր հակումները:
Ավելի լավ է կանխարգելել վատ արարքը, քան պատժելու ուղիներ փնտրել արդեն արածի համար
Արդյո՞ք արդյունավետ է տարբեր արարքների համար պատիժների տարբեր ձևեր մշակելը: Ծնողների և մանկավարժների մի մեծ խումբ էլ այն կարծիքին է, որ ավելի ճիշտ է կանխարգելել վատ վարքը՝ տեղին և ճիշտ ժամանակին ավելի մեծ ուշադրություն դարձնելով երեխային: Երեխաները, դեռահասները վատ արարք են ցուցաբերում հիմնականում այն դեպքերում, երբ անտեսվում է ուշադրության կենտրոնում լինելու նրանց պահանջմունքը: Այս կարծիքին է, օրինակ, northsouthblonde.com կայքով բլոգերը: Ամեն անգամ, երբ մենք մի որևէ վատ արարքի դեպքում խոժոռ հայացքով գոռում ենք երեխայի վրա, նրան հրահրում ենք նույնկերպ պատասխանելու մեզ, հրահրում ենք ավելի վատ արարքների, որոնք անխուսափելիորեն կհետևեն՝ վաղ թե ուշ: Գոռալով, արգելելով՝ կրակի վրա յուղ ենք լցնում միայն: Ահա այդ բլոգերի մի քանի խորհուրդների համառոտ միտքը` ուղղված ծնողներին և կրտսեր դպրոցում դասավանդողներին։
- Երեխայի վրա ձայնը բարձրացնելու փոխարեն մոտեցեք նրան և հանգիստ տոնով խոսեք նրա հետ: Այդ դեպքում նա իրեն կարևորված կզգա և կգիտակցի, որ հասկանում եք իրեն: Նույնն են անում նաև կրտսեր դպրոցի ուսուցիչները: Նրանք հանգիստ են մնում ցանկացած իրավիճակում և այդ հանգստությունը փոխանցվում է երեխային:
- Երբ երեխան հանգստանա, հանգիստ և կարեկցող տոնով այնպիսի հարց եք տալիս, որը լսելով՝ երեխան կգիտակցի, որ հասկանում եք իր այդ պահի զգացողությունները: Այդ ժամանակ նա էլ նույն հանգիստ ձևով կպատասխանի և կասի իր վատ վարքի իրական ու ճիշտ պատճառը. «Ես հոգնել եմ…, ուզում եմ ուրիշ բան անել…, ուզում եմ, որ խաղաս իմ հետ…, ես քաղցած եմ…, ուզում եմ…»: Ճիշտ հաղորդակցումը կայացավ ու կանխարգելվեց երեխայի էլ ավելի վատ արարքը:
- Այդ պահին բավարարում եք երեխայի պահանջը, բայց և պայման եք դնում նրա առջև. «Հավաքիր խաղալիքներդ, կամ ես դրանք կպահեմ…, կթույլատրեմ համակարգիչով շարունակել քո խաղը այս կամ այն բանը անելուց հետո…»։
- Մի որևէ բան անելը արգելելու փոխարեն ասեք ձեր երեխային, թե ինչ է թույլատրվում անել: Օրինակ, «Չտեսնեմ քո խաղալիքները հյուրասենյակում»-ի փոխարեն ասեք. «Կարող ես քո խաղալիքներով խաղալ ննջասենյակում»:
- Գովեք դրական վարքագիծը: Երբ տեսնում եք, որ ձեր երեխան մի լավ բան է արել, ցույց տվեք, թե որքան ուրախ ու երջանիկ եք դրա համար: Նա անպայման կուզենա, որ դուք միշտ այդպիսին լինեք իր դրական վարքի շնորհիվ:
Միացյալ Նահանգները մեծ երկիր է, և այնտեղ, անշուշտ, կան առաջադեմ մանկավարժությամբ դպրոցներ՝ իրենց մանկավարժներով: Այս առումով հետաքրքիր է չորս երեխայի մայր և ուսուցիչ Ստեֆանի Բըրն-Բիանկարդիի (Stephanie Byrne-Biancardi)՝ երեխաների նկատմամբ ընդհանրապես որևէ տեսակի պատիժ չկիրառելու կենսափորձը: Նա նույնպես հարցի լուծումը տեսնում է երեխաների կարգապահությունը բարձրացնող աշխատանքի կիրառմամբ:
Նույն կարծիքին է նաև Ինդիանայի համալսարանի դպրոցական վարչարարության գծով դոկտորանտ Գրեգ Բրաունը: Մարդու բազմակողմանի դաստիարակությանը վերաբերող սոցիալական Quora կայքում 2018-ի փետրվարին նա մի գրառում է կատարել՝ պատասխանելով «Որո՞նք են պատժի լավագույն մեթոդները դպրոցում (What are the best punishment methods in schools?)» հարցին: Նա գրում է, որ լավագույն մեթոդն այն է, երբ կարգապահություն ենք սերմանում մեր աշխատանքով, և վերանում է պատժելու կարիքը: Բարձր դասարաններում, քոլեջում և բարձրագույն ուսումնական հաստատություններում կարգապահությունը դառնում է անձի ներքին վերահսկողական պահանջը, երբ անձը սկսում է անտեսել այն ամենը ինչը խանգարում է իր սիրելի զբաղմունքը դարձած ուսումնական առարկայի ուսումնասիրմանը: Պատահական չէ, որ «дисциплина-discipline» բառը ռուսերենում, անգլերենում և այլ եվրոպական լեզուներում, բացի «կարգապահություն» իմաստից, ունի նաև «ուսումնական առարկա» նշանակությունը: Ընտրվող ու սիրվող ուսումնական առարկան և դրանից բխող ներքին կարգապահությունը դրական երևույթներ են, իսկ պատիժը՝ բացասական: Պատժի կարիք է առաջանում, երբ ուսումնական հաստատությունում կրթության կազմակերպման գործում և ուսուցիչների աշխատանքում թերացումներ են եղել: Այլ կերպ ասած՝ կրթության ճիշտ կազմակերպման և ուսուցիչների ճիշտ աշխատանքի շնորհիվ նվազագույնի է հասցվում պատժի անհրաժեշտությունը: Պատժին դիմելու անհրաժեշտությունը հասունանում է, երբ դասավանդողը ճիշտ չի պլանավորում իր աշխատանքը, երբ նա չի կարողանում ներգրավել բոլոր սովորողներին ուսումնական պարապմունքի մեջ՝ ըստ յուրաքանչյուր սովորողի ընդունակությունների ու կարողությունների, երբ ներգրավվում են փոքրամասնություն կազմող ամենաընդունակները, իսկ մնացածներն էլ ստիպված են լինում իրենք իրենց զբաղեցնելու ճանապարհներ փնտրել, կամ էլ՝ ստիպողաբար անում են այն, ինչը չեն սիրում անել: Իսկ որոշ ժամանակ հետո գալիս է դասավանդողի և սովորողների մեծամասնության փրկության զանգը՝ դասի ավարտը:
Այնուամենայնիվ, երբ պատժի կարիք է լինում, պետք է պատժել սովորողին՝ որքան հնարավոր է պահպանելով նրա արժանապատվությունը: Կարգապահական կանոններն էլ պետք է հաշվի առնեն սովորողի արժանապատվությունը:
Պատժին և դաստիարակությանը վերաբերող իր ընդհանրական մտքերին Գրեգ Բրաունը ավելացնում է նաև մի օրինակ, որն իրենց այլընտրանքային դպրոցի աշխատելաոճին է վերաբերում: Նա գրում է, որ իրենց դպրոցի սովորողները հիմնականում այլ դպրոցներից հեռացված պատանիներն են, որոնք չեն ցանկացել ենթարկվել իրենց դպրոցներում հաստատված կարգ ու կանոնին, սովորել այն, ինչը պարտադրվում էր: Այլընտրանքային այս նոր դպրոցում պատասխանատվությունը դրվում է սովորողների ուսերին, քանի որ այստեղ հաճախելը կամավոր հիմունքներով է: Նրանք արդեն հեռացված են այլ դպրոցներից և կարող են տանը մնալ: Յուրաքանչյուր սովորող իր հետ բերում է ծնողների հետ համաձայնեցված այդ օրվա ուսումնական պլանը, որտեղ նշվում է այդ օրվա դասաժամերի քանակը, ուսումնական առարկան և ցանկալի մակարդակը՝ ըստ իր կարողությունների: Եթե սովորողի այդ օրվա ուսպլանը նախատեսում է միայն ուսճամփորդություն, ապա նա միանում է այն խմբին, որն այդ օրը գնալու է ուսճամփորդության: Այդպիսով ամեն օր սովորողն է պատասխանատու իր գործունեության համար, կարգ չի խախտվում, և պատժի կարիք էլ չի լինում նույնիսկ ամենաանկարգապահ և ըմբոստ երեխաների դեպքում:
Խրախուսանքն ընդդեմ պատժի
Գայանան պետություն է Հարավային Ամերիկայում, որի կրթության նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկրի դպրոցներում գործող «Խրախուսանք և պատիժ» ծրագրին, որը երկրի մանկավարժների համար վերլուծության չընդհատվող գործընթաց է: Ծրագիրն ուսուցիչների ձեռքին մի լծակ է, որից նրանք օգտվում են, երբ գործ ունեն ուսումնական գործընթացը խանգարող կամ էլ ուսումնատենչ աշակերտների հետ: Նախքան այդ լծակները գործադրելը նրանք պետք է ուսումնասիրեն այդ երկու լծակների դրական և բացասական կողմերը:
Խրախուսման դրական կողմերը
Ուսուցիչները միշտ էլ ուզում են դրական մթնոլորտ ստեղծել դասարանում, իսկ դրական մթնոլորտ ստեղծելու ճանապարհը սովորողներին պարգևատրումներով դրդելն է, որպեսզի նրանք ավելի լավ սովորեն: Օրինակ, առաջադրանքը ժամանակից շուտ վերջացնելու համար սովորողը համեղ ուտեստով է պարգևատրվում, կամ էլ հանգստի լրացուցիչ ժամանակ է տրվում: Պարգևները լավ են ազդում և՛ դրանք ստացողների, և՛ չստացողների վրա: Առաջինները ոգևորվում են, իսկ վերջինները ստանալու ձգտում են ունենում:
Պատժի դրական կողմերը
Մանկավարժները բավականին հաճախ ընտրում են պատժի լծակը, երբ սովորողները խախտում են կանոնակարգը: Ուստարվա սկզբին նրանք ծանոթացնում են սովորողներին պատժացանկի բոլոր կետերին, որտեղ գրված է, թե ինչ պատժի են արժանանալու այս կամ այն կանոնը խախտելու դեպքում: Պատիժները որոշ ժամանակով սովորողներին զրկում են այն բաներից, որոնք հաճելի են նրանց: Օրինակ, կարգազանց սովորողին կարող է թույլ չտան դասամիջոցից օգտվել, կամ էլ դասերից հետո պահեն դպրոցում: Այս պատիժներից խուսափելու համար սովորողը չի ուզում այլևս որևէ կանոն խախտի:
Խրախուսանքի բացասական կողմերը
Պարգևը սկսում է հակամանկավարժական լինել, երբ սովորողի սովորելու շարժառիթը միայն պարգև ստանալն է դառնում, իսկ որոշ սովորողների համար էլ ուսուցչին գոհացնելն իրենց գլխավոր նպատակն է դառնում:
Պատժի բացասական կողմերը
Պատժի նկատմամբ վախը կարող է սովորողին զրկել նախաձեռնողականությունից, ստեղծականությունից: Սովորողի համար առանցքային է դառնում միայն պատժից խուսափելու գործելակերպը: Նա բավարարվում է աննկատ մնալով:
Ամփոփիչ խոսք՝ ուղղված կրթական բոլոր աստիճաններում զբաղված մանկավարժական աշխատողներին
Անհիմն և անհույս է փնտրել ու գտնել մի որևէ երկրի հանրակրթական համակարգում կիրառվող պատժի ձևեր, որոնք կարող են ընդունելի համարվել մի այլ երկրում: Ժողովուրդները, ազգային ավանդույթները, առանձին անհատներն այնքա՜ն տարբեր են: Օրինակ՝ մեծահարուստների, ծառայողական մեծ անձնակազմով էլիտար դպրոցներում միջավայրի մաքրության աշխատանքը կարող է պատիժ համարվել, բայց մեր սովորական հանրակրթական դպրոցների սովորողների համար՝ պարտականություն, իսկ որոշ երեխաների համար՝ նույնիսկ հաճելի:
Դարեր շարունակ մարմնական պատիժ է կիրառվել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, բայց դրանց իրագործման ձևերը տարբերվել են երկրից երկիր, դպրոցից դպրոց և նույնիսկ՝ ուսուցչից ուսուցիչ: Օրինակ՝ որքան որ նվաստացնող են եղել ճապոնական դպրոցի պատժամիջոցները, նույնքան էլ ցավոտ՝ եվրոպական դպրոցի ճիպոտահարումները: Միանշանակ չի էլ կարելի պնդել, որ այդ մարմնական պատիժները միայն բացասական ազդեցություն են ունեցել մարդկության զարգացման վրա: Մեծ Բրիտանիայում դարեր շարունակ՝ մինչև 1986 թվականը, ճիպոտահարել են երեխաներին, բայց Անգլիան է մարդկության պատմության ընթացքում ամենակարևոր հայտնագործությունների բնօրրանը, և առաջինն այնտեղ է իրականացվել արդյունաբերական հեղաշրջումը: Այժմ արդեն տարբեր երկրներում աստիճանաբար քչանում են դպրոցից հեռացնելու դեպքերը, քանի որ բոլոր երկրներում էլ սկսել են գիտակցել, որ դպրոցից հեռացված դեռահասը այնքան հեշտությամբ է տրվում տարբեր հանցագործություններ անելու գայթակղությանը: Այդուհանդերձ, դրա առնվազն մի դեպք էլ այնքա՛ն արգասաբեր է եղել տեխնիկայի առաջընթացի համար: Խոսքս Թոմաս Ալվա Էդիսոնի մասին է, որին վատ առաջադիմության համար 8 տարեկանում հեռացրել են դպրոցից, և որը հետագայում աշխարհահռչակ գյուտարար է դարձել: Նա արժանիորեն դարձավ նաև ամերիկացի հանրահայտ մանկավարժ-հրապարակախոս Քեն Ռոբինսոնի «Ինչպես է դպրոցը սպանում երեխայի ստեղծականությունը» դիտարկման ամենափայլուն օրինակը:
Այժմ արդեն 21-րդ դարն է, և ուսուցիչն այլևս գիտելիքի միակ աղբյուրը չէ միջին դպրոցի ավագ դասարաններում և ավագ դպրոցում: Ուսման մեջ շատ ավելի մեծ հաջողություններ են ունենում այն սովորողները, որ համացանցի միջոցով ինքնակրթությամբ են զբաղվում, և ժամանակակից առումով շատ ավելի լավ ուսուցիչ է համարվում նա, ով իր սովորողների հետ մենթորական աշխատանք է տանում, սովորեցնում է սովորել, ինքնակրթության է մղում նրանց: Ժամանակակից դպրոցի ամենակարևոր առաքելությունը դարձել է սովորող անհատի ձևավորումը, որը հիմնված է մարդկային ճիշտ փոխհարաբերությունների վրա:
Ըստ ամերիկացի հոգեբան Աբրահամ Մասլոուի «A Theory of Human Motivation-մարդկային պատճառաբանության(շարժառիթների) տեսության», յուրաքանչյուր անձ ներդաշնակ և հավասարակշռված հոգեվիճակում է ապրում, եթե իր ամբողջ կյանքի ընթացքում, յուրաքանչյուր տարիքային խմբում բավարարվում են իր մարդկային պահանջմունքները: Մարդը (մեր դեպքում՝ սովորողը ) սկսում է տարբեր սահմանված կանոններ խախտել, երբ նրա պահանջմունքները հաշվի չեն առնվում:
Ինչո՞ւ են այդքան սիրված ու գնահատված մեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզները, և երեխային պատժելու կարիք էլ չի լինում: Պատասխանն այն է, որ այստեղ լիովին բավարարվում են երեխայի տարիքին բնորոշ մարդկային պահանջմունքները։
- Ֆիզիոլոգիական պահանջմունքները. հենց ընդարձակ խաղասենյակ-դասասենյակի մի անկյունում հասանելի ջրի ծորակն է, և իրենց լեզվով ասած՝ պետքարանը: Երեխան և՛ սնունդ է ընդունում, և՛ խաղում է, նախակրթարանի սաները նաև քնում են:
- Անվտանգ գործունեության պահանջմունքը. երկաթյա սուր անկյուններով մահճակալների փոխարեն փափուկ ու հաստ ներքնակներ են, որոնք դրված են հատակին, և որևէ վտանգ չկա նույնիսկ երկու տարեկանի համար: Լողավազանների առկայությունը. լողուսուցումն ամրապնդում է առողջությունը, և երեխայի հետագա կյանքն անվտանգ դարձնելու առաջին քայլերն է ապահովում:
- Սիրո և պատկանելիության պահանջմունքը. երեխան ընդհանուր պարապմունքի ոգով, դասվարների ու դաստիարակների անմիջականությամբ ընտանեկան սիրո ջերմություն է զգում վաղ առավոտյան, երբ դպրոց-պարտեզ է ոտք դնում: Այդ սերը պահպանվում է նաև ուսումնական պարապմունքների ընթացքում: Ոչ ոք չի գոռում երեխայի վրա այն բանի համար, որ տառերը ծուռ է գրել իր տետրում: Համակարգչային մուտքագրումը համահարթեցրել է ամեն ինչ:
Մարդկային պահանջմունքների բուրգի վերին շերտերը ավելի համապատասխան են միջին և ավագ դպրոցների սովորողների պահանջմունքներին՝ ներառելով նաև ստորին շերտերը:
Պահանջմունքների բավարարումը միջին և ավագ դպրոցներում.
- Ֆիզիոլոգիական պահանջմունքներ. սովորողներին չի բավարարում սննդի կազմակերպումը, որի հետևանքով մեծ դասամիջոցին հարյուրավոր սովորողներ վազում են դեպի մոտակա խանութները, երբեմն ուշացած են ներկայանում հինգերորդ դասաժամին և անարդարացի պատժի կարիք է զգացվում: Լավ է, որ հասանելի ջրի ծորակներ կան առաջին հարկում:
- Անվտանգության պահանջմունքը. Մայր դպրոցը մի նոր անուն է ստացել՝ «Խառնարան»: Ուրբաթօրյա համերգներին, ստուգատեսային հավաքներին կրթահամալիրում սովորող բոլոր տարիքային խմբերի երեխաները Մարմարյա սրահում սկսում են ճանաչել իրար դրական հույզերով՝ միասին երգելով, պարելով, իսկ Միջին և Ավագ դպրոցների սովորողները միասին են անցկացնում առավոտյան ընդհանուր պարապմունքները: Այս պահանջմունքի բավարարման համար դրական ազդեցություն ունի սովորողներին հատկացվող պահարանները անձնական իրերի համար: Կրթահամալիրում գործող տարաբնույթ սպորտային ակումբները (ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, հեծանվային, նետաձգության, հրաձգային, մարմնամարզության, տրիաթլոնի) նպաստում են սովորողների առողջության ամրապնդմանը, օրը ավելի հագեցած դարձնելուն, ինչը էապես նվազեցնում է կանոնազանցությունը և պատժի կիրառման կարիքը:
Այնուամենայնիվ, ռիսկային են 6-րդ և 10-րդ դասարանները, որտեղ ամենաշատն են նորեկներ լինում և նոր միջանձնային հարաբերություններ են սկսվում: Հնարավոր հակադրությունները մեղմելու, հանդուրժողականություն սերմանելու գործում մեծ է կազմակերպիչների և դասավանդողների դերը:
Այս տարիքային խմբում հասունանում է նաև մարդու աշխատանքի պահանջմունքը: Կրթահամալիրի միջավայրի բարեկարգման, կանաչ գոտիները խնամելու շատ աշխատանք կա: Այնուամենայնիվ, այս հասունացող պահանջմունքին խանգարում է 12-ամյա պարտադիր կրթության օրենքը: Սովորողներ կան, ում համար (ընտանիքների համար նույնպես) աշխատելն ավելի նպատակահարմար և օգտակար կլիներ, քան 17-18 տարեկանում աննպատակ նստել դասերի, խանգարել ուսումնական գործընթացը և անարդարացի պատժի արժանանալ: Պատժի ամենակարևոր պայմանը դրա արդարացիությունն է:
- Սիրո և պատկանելիության պահանջմունքը. Սիրո և ամուր ընկերական հարաբերությունների ստեղծմանը դրականորեն են նպաստում հաճախակի կազմակերպվող եռօրյա ուսճամփորդությունները: Հեռավար ուսուցման կազմակերպմամբ սովորողը հնարավորություն է ունենում չկտրվել և՛ իր ընտանիքից, և՛ ուսումից, երբ ընտանիքը որոշ ժամանակով հարկադրված է լինում ապրել մեկ այլ երկրում:
- Պատվի (հարգանքի) և ինքնաիրականացման պահանջմունքները. Մարդու պահանջմունքների բուրգի ամենավերին երկու շերտերը միացրեցի, որովհետև դրանք այնքան շատ են փոխկապակցված՝ հատկապես Ավագ դպրոցում: Սովորողն ինքն է կազմում իր անհատական ուսումնական պլանը, ինչը նպաստում է մասնագիտական կողմնորոշմանը: Ուսումնական առարկաների, ակումբների ընտրությունը թույլ է տալիս ուսումնառությանը հատկացված ժամանակի մեծ մասը սիրով օգտագործել, ինչը մեծացնում է ինքնավստահությունը, հարգված լինելու հնարավորությունը, սեփական անձի կարևորության գիտակցումը: Այսուհանդերձ, երբ դասավանդողը սկսում է աշխատել միայն ամենաընդունակների և ամենաաշխատասերների հետ. երբ հաշվի չեն առնվում յուրաքանչյուր սովորողի նյութն ընկալելու արագությունը, մտավոր կարողությունները. երբ անհատականացված չեն առաջադրանքները. երբ հանդուրժվում է անհատական համակարգչով դպրոց չգալը, ամեն ինչ հակադարձվում է: Այս ամենը անտեսած դասավանդողը սկսում է ինքնակամ պատիժների դիմել, ինչը խաթարում է և՛ դասավանդողի, և՛ սովորողի սիրո, հարգանքի պահանջմունքների, ինչպես նաև բուրգի ամենավերին շերտի՝ ինքնաիրականացման պահանջմունքի բավարարումը:
Օգտագործված աղբյուրներ
- John King - How should students deal with misbehaving students?
- northsouthblonde.com – Ten ways to discipline your child without yelling
- Blogger Calley - www.backtocalley.com -20 Creative discipline & punishment ideas
- Erin Kurt - www.lifehack.org/articles/featured- 8 Reasons why children misbehave with solutions
- Ministry of Education, Guyana- Rewards and Punishments
- Greg Brown - What are the best punishment methods in schools?
- Stephanie Byrne-Biancardi - lifehacker.com – Six tips on disciplining children from an experienced teacher
- https://en.wikipedia.org/wiki/School_corporal_punishment
- Elizabeth T. Gershoff and Sarah A. Font – Corporal Punishment in US public Schools
- Laws on Corporal Punishment Around the World
- Խրախուսանք և պատիժ
- Կոնվենցիա երեխաների իրավունքների մասին
- Բացվել է 1584 անգամ