Պատիժ

Արդյո՞ք վերացրել ենք  դասարանից պատիժը (Ուսուցչի բլոգից, Իսպանիա)

Հեղինակ՝ Մակարենա Գոնսալես /մանկավարժ-հասարակագետ, կրթական ոլորտին առնչվող բլոգերի խմբագիր/
Աղբյուրը` ¿Eliminamos los castigos de las aulas? – Macarena González

Այս հոդվածում խոսելու ենք երեխաների կրած պատիժների մասին`​ խոսելով ոչ թե ծնողների կողմից վարքի շտկումների, այլ դպրոցական միջավայրի մասին:  Եվ բանն այն է, որ թեև թվում է,​ թե «որպես պատիժ դասամիջոցից զրկվելը» մնացել է անցյալում, այնուամենայնիվ, իրականում ավելի քան առկա է մեր ներկա իրականության մեջ, զուգակցված այլ` ավելի ժամանակակից պատժի ձևերի հետ, ինչպիսին է «մտածելու աթոռը»: Եվ այստեղ, ի դեպ, ուզում եմ ուշադրությունը հրավիրել այդ աթոռի վրա, որովհետև մի՞թե չպետք է մտածելը լիներ ազատ և հաճելի: Եվ ուրեմն, ինչպե՞ս է ասոցացվում այն պատժի հետ:

Բնականաբար ավելորդ է ասել, որ դասավանդոողները յուրաքանչյուր օր ստիպված են տարբեր մարտահրավերների առաջ կանգնել. ամեն աշխատանքային օր մտնում են դասարան, շփվում տարաբնույթ սովորողների  հետ, հանդիպում են հաճախ նաև տարբեր պատճառներով հիասթափված և անաշխատունակ սովորողների և գիտեն, որ դասարանից դուրս իրականությունը շատ տարբեր է մեր ներկա կրթական համակարգից: Բայց դա էլ ամենը չէ, քանի որ այդ երեխաների ընտանիքներն իրենց հերթին ուշադրության իրենց բաժինն են պահանջում. ևս մի բարդ գործ` եթե նկատի ունենանք  աշխատանքային և անձնական կյանքի համատեղելիության խնդիրները մեր երկրում: Պատժել երեխային որոշակի պահվածքի համար, կամ որովհետև տնային աշխատանքները չի կատարել, ամենահեշտ և արագ լուծումն է… Բայց դրանով ո՛չ հնարավոր է հասնել ցանկալի նպատակի, ո՛չ էլ այդ պատիժները բարենպաստ են ազդում երեխայի վրա (հարկ է հիշել, որ նրանք զարգացման շրջանում են, և որոշ միջամտություններ կարող են հետք թողնել նրանց վրա): Պատիժը մեթոդ է, որն օգտագործվում է վարքը փոփոխելու համար: Եթե տարբեր կողմերից դիտարկենք երեխաներին տրված պատիժը, կտեսնենք, որ պատժն ունի մի կարևոր բաղադրիչ` չափահասը, որը դատում է երեխայի պահվածքը`համարելով այն անպատեհ, այսինքն՝ դա միակողմանի գործընթաց է: Բացի այդ՝ դա հոգեբանական  մանիպուլյացիայի մի տեսակ է: Պատիժները, որոնք կիրառվում են շարունակաբար, կորցնում են իրենց արդյունավետությունը, քանի որ դրանց մեծ մասը մի իրավիճակ են ներկայացնում, որը երեխան ի վիճակի չէ գիտակցել և իմաստավորել, ինչի արդյունքում ցանկալի արդյունքը չենք ունենում,  և չի փոխվում երեխայի պահվածքը, ում վրա փորձ էր արվում ազդել:

Անարդյունավետ են և վնասակար

Գուցե ձեզ ծանոթ հնչի «ձեռքբերովի անօգնականություն» հասկացությունը` մշակված հոգեբան Մարտին Սելիգմանի կողմից, ով  իր տեսակետերը փորձերի միջոցով ապացուցեց:

Այն արտահայտվում է անձին (երեխային կամ չափահասին) ակնհայտ  անարդար, ցավալի կամ ծանր իրավիճակներում դնելով: Բայց նման իրավիճակ ի հայտ է գալիս, երբ անձի գործածած ստրատեգիաները այդ իրավիճակից խուսափելու համար անարդյունավետ են: Վերադառնալով աշակերտների հանդեպ պատիժներին` բերեմ մի օրինակ:

Պատկերացրեք, որ չորրորդ դասարանի երեխային պատժում են բայի խոնարհումը չիմանալու կամ տնային աշխատանքը չկատարելու համար: Առաջին անգամ, երբ ուսուցիչը ուղղիչ միջոցներ է կիրառում` զրկելով երեխային որևէ  արտոնությունից (օրինակ` ընդմիջումից), հնարավոր է, որ երեխան ընդվզի, փորձի վիճել, բարկանա… Բայց ժամանակի ընթացքում կհամակերպվի իր անձի հետ կապված որևէ լավ սպասում ունենալուց, ի վերջո կհրաժարվի իր իրավունքի համար պայքարելուց և ակամայից ինքը կնպաստի այդ իրավիճակի  ձևավորմանը: Չի ընդունի, բայց և չի բողոքի և ոչ էլ կառաջադիմի դպրոցում:

Վերջ ի վերջո, ինչպես են դրանք կապվում մեկը մյուսի հետ: Ի դեպ,  աշխատանքի ոլորտում, երբ աշխատակցի կատարողունակությունն ընկնում է, ամենաբնական և առողջ վերաբերմունքը լինում է այն, որ փորձում ենք հասկանալ, թե ինչ է պատահել աշխատակցի հետ և հնարավոր լուծումներ ենք փնտրում նրան ավելի մոտիվացնելու համար: Այդպես անում ենք չափահասների հետ, բայց ոչ երեխաների, և դա ավելի քան զարմանալի է: Իսկ մոտիվացիայի պակասը հենց  ձեռքբերովի անօգնականության ցուցիչներից մեկն է: Դրան հաջորդում են էմոցիոնալ և կոգնիտիվ դեֆիցիտը:

Ինչպե՞ս ենք լուծում դասարանում առաջ եկած կոնֆլիկտները:

Կոնֆլիկտ բառի բացատրություններից մեկը, ըստ Իսպանիայի Ռեալ Ակադեմիայի, հետևյալն է` խնդիր,  հարց, վիճարկման առարկա… Մեր ժամանակներում մարդիկ բազմաթիվ միջանձնային և այլ տիպի  կոնֆլիկտների հետ են բախվում, բայց ինչպես նշում է այս փիլիսոփայությանը նվիրված ամսագիրը , դեստրուկտիվիզմը միակ տարբերակը չէ դրանք լուծելու համար: Գիտեմ, որ դեստրուկտիվիզմը կոշտ է հնչում, երբ խոսում ենք պատիժների մասին, բայց ինչ-որ իմաստով պատիժը ոչնչացնում է այն մարդուն, ում հանդեպ կիրառվում է:

Գոյություն ունեն  պատժի տարբեր այլընտրանքներ, որոնց մի մասը ծանոթ կլինեն ձեզ, մյուսները`ոչ: Եվ միակ տարբերակը իմանալու, թե արդյո՞ք դրանք գործում են, թե ոչ, վախը մի կողմ դնելը և դրանք փորձարկելն է.

  • փոխարինել ավանդական մեթոդները ավելի ակտիվ ուսուցման մեթոդներով. սա լավ տարբերակ է խուսափելու համար որոշ խնդիրներից՝ կապված նորմերի կամ հանձնարարությունների կատարման հետ,
  • կարևորել բոլոր աշակերտների անհատականությունն ու մասնակցությունը ուսումնական գործում (ոչ թե միայն առավել ակտիվ, խելացի կամ առաջատար սովորողների),
  • բացատրել երեխաներին արարքների թույլատրելի սահմանները և համբերատարությամբ կրկնել դրանք մի քանի անգամ ուսումնական շրջանի ընթացքում (մեկ անգամը բավական չէ, եթե գիտեք` ինչպես է գործում երեխաների ուղեղը, կհասկանաք ինձ),
  • խուսափել սպառնալիքներից և վիրավորական խոսելաձևից, 
  • հաշվի առնել երեխաների զգացմունքները և անձնական հանգամանքները,
  • դրական օրինակ ծառայել. երբ գոռում կամ վիրավորում եք երեխային, մեծ է հավանականությունը, որ այդ երեխան նույնը կկրկնի իրենից ավելի փոքրերի հանդեպ,
  • հետաքրքրվել, թե ինչ է անհրաժեշտ երեխային, որպեսզի կարողանա ավելի լավ սովորել,
  • միջին դպրոցներում կիրառել flipped classroom (շրջված դասարան),
  • ստեղծել դասարանական խորհուրդներ/ժողովներ` սովորողների իրական մասնակցությամբ. կարելի է շատ օգտակար մտքեր գտնել, որոնք կօգնեն նվազեցնել կոնֆլիկտների ազդեցությունը սովորողների վրա և նույնիսկ հասկանալ, թե ինչպես պակասեցնել դրանք:
  • թույլ տալ, որ երեխաները որոշակի շարժունակություն ունենան դասի ընթացքում. սովորականից ակտիվ երեխայի համար (եթե 12-13 տարեկանից փոքր է) սարսափելի մեծ ջանք է հարկավոր դպրոցական ողջ օրվա ընթացքում նստած մնալու համար,
  • համբերատար լինել (շատ համբերատար),
  • հասկանալ երեխայի զարգացման հոգեբանությունը և ունենալ համապատասխան գիտելիքներ և պատրաստվածություն այդ ոլորտում. յուրաքանչյուր ուսուցիչ պետք է պատկերացում ունենա, թե ինչպես է աշխատում երեխայի ուղեղը:

Ինչպե՞ս թե... Լուծումներ չե՞մ տվել, միայն կանխարգելող միջոցնե՞ր եմ առաջարկել: Ճիշտ է, բայց… հիանալի կլիներ, եթե նայեինք այս հարցին այսպիսի դրական և այսպիսի մոտեցումները հարստացնող հայացքով:

Մյուս կողմից, չնայած ոչ այնքան շատ, ինչքան ցանկալի կլիներ, բայց ներկայումս կան արդեն ծանր կոնֆլիկտների լուծման օրինակներ (ինչպիսին է bullying-ը)` համապարփակ մոտեցմամբ, որոնք թույլ են տալիս խորքային լուծում տալ որոշ խնդիրների և ոչ թե միայն պատժել մեղավորներին:

Իսկ լսե՞լ եք mindfulness-ի մասին: Անկասկած լսել եք Բալթիմուրի այն դպրոցի մասին, որտեղ պատիժը փոխարինում են  mindfulness–ի կիրառմամբ, և դա լավ արդյունքներ է տալիս: Ի թիվս այլ բաների՝ հնարավոր է դառնում նվազեցնել սթրեսը և լարվածությունը, դաստիարակել առանց վախի, խուսափել աշակերտների մեջ ընկճվածություն առաջացնելուց: Եվ ավելին, զարգանում է կարեկցելու ունակությունը, բարելավվում է խմբային աշխատանքը և դրանում յուրաքանչյուր աշակերտի ներգրավվածությունը, դրական արժեքների փոխանցումը...

Ամփոփելով` խնդրում եմ մի քիչ ավելի շատ մոտիվացիա:

Մոտիվացիան շարժիչ ուժն է: Ներկայումս կանգնած ենք հասարակական և կրթական փոփոխությունների առջև, ինչն իրենից ենթադրում է բավական մեծ մարտահրավեր մեզ համար: Բայց ապացուցված  փաստ է, որ մոտիվացիայի առկայության դեպքում դասապրոցեսը ավելի դյուրին է: Ինչու՞ է այդպես: Մտածեք մի պահ. պատիժը կամ պարգևը արտաքին ազդակներ են, մոտիվացիան` ներքին: Այդ պատճառով էլ այն պահպանվում է ավելի երկար ժամանակ: Սովորողը, ում թույլ են տալիս լինել ստեղծագործ, հասկանալ կրթության նպատակը և իր վրա վերցնել իր սեփական զարգացման գործը, անկասկած կլինի ավելի մոտիվացված:

Ինչպես կարողացաք տեսնել, պատիժներն անօգուտ են, վնասակար և հնաոճ: Անե՞նք մի մեծ քայլ կրթության մեջ և վերացնենք դրանք:

Դպրոցում կիրառվող պատիժներ. սխալ և ճիշտ կողմեր
Ինչպիսի՞ն պետք է լինի պատիժը դպրոցում

Հեղինակ՝ Մարիա Խոսե Ռոլդան, ուսուցիչ և հոգեբան-մանկավարժ

Աղբյուրը` Errores y aciertos de los castigos en la escuela
Cómo deberían ser los castigos a los niños en la escuela
María José Roldán  – Maestra y Psicopedagoga

Հեշտ չէ դաս վարել 20-30 երեխա ունեցող դասարանում և պահպանել հավասարակշռություն և ներդաշնակություն, այնպես անել, որ բոլոր երեխաները ուշադիր լինեն և սովորեն: Սա կարող է երբեմն շատ բարդ լինել:

Ամեն աշակերտ իր յուրահատուկ արձագանքն ունի երևույթներին, և ճիշտ չէ, որ ուսուցիչը փորձի պարտադրել բոլոր երեխաներին հարմարվել իր աշխատելաձևին: Լավագույն տարբերակը կլիներ, որ ուսուցիչը ժամանակ տրամադրեր իր սովորողներին ճանաչելուն և դասերը պլանավորեր` հաշվի առնելով տվյալ դասարանում եղած երեխաների հետաքրքություններն ու կարիքները:

6 սխալ, որ գործում են դպրոցում՝ երեխաներին պատժելիս

Հաճախ, երբ ուսուցիչներն առնչվում են վարքի հետ կապված խնդիրներով կամ սովորել չցանկացող սովորողներին  երբեմն կիրառում են պատիժներ` դասարանում հավասարակշռությունը ապահովելու նպատակով: Բայց սա երբեմն սխալ, երբեմն էլ ճիշտ կողմեր ունի, որոնց մասին արժե հիշել` այդ ստրատեգիան ճիշտ օգտագործելու համար:

Պատիժը դպրոցում կարող է սխալ ձևով կիրառվել, երբ ուսուցիչը հաշվի չի առնում սովորողին և միմիայն ցանկանում է վերականգնել դասարանի ներդաշնակությունը` վերացնելով հենց այդ պահի վատ վարքագիծը: Այս դեպքում խնդիրը նորից կծագի և լուծումը տևական կլինի, քանի որ թեև վատ պահվածքը այդ պահին վերացվում է, սակայն վարքագծի բուն պատճառները չեն ընկալվում և այդ ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, հետևաբար պատիժները միայն դաստիարակչական կարկատաններ են դառնում:

Պատիժը սխալ է, երբ.

  1. Նպատակը միայն վատ վարքը վերացնելն է` դասը շարունակելու նպատակով:
  2. Երբ աշակերտին հաշվի չեն առնում:
  3. Եթե պատժից հետո աշակերտի կամ աշակերտների խմբի հետ  չի խոսվում պատժի պատճառների մասին:
  4. Եթե պատիժը կիրառվում է անխտիր կերպով, միայն այն պատճառով, որ ուսուցիչը իրեն անկարող է զգում տվյալ իրավիճակում:
  5. Երբ խնդրի իրական պատճառը չի փնտրվում:
  6. Երբ երկարաժամկետ լուծումներ չեն կիրառվում:

6  տարբերակ, երբ դպրոցում կիրառվող պատիժը օգտակար է

Պատիժը կդառնա  օգտակար, եթե.

պատիժը երեխայի համար լինի առանց առանց խտրականության, չլինի անիմաստ, այդ դրա փոխարեն պատիժը լինի  ուսուցչի և աշակերտի կողմից ընդունված կոնկրետ արարքի հետևանք, և երեխան նախօրոք իմանա, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր այս կամ այն պահվածքը: Միայն այս կերպ աշակերտը կարող է կանխել իր վատ արարքը և բավարար պատասխանատվություն զգալ իր իսկ հանդեպ, որպեսզի կարողանա համապատասխան վարքագիծ դրևորել խուսափելու համար հետևանքներից, որոնք հենց ինքը համաձայնեցրել/պայմանավորվել/սահմանել է ուսուցչի հետ ամեն կոնկրետ պահվածքի համար: 

Պատիժը օգտակար կլինի, եթե.

  • պատժի փոխարեն լինեն փոխհամաձայնեցված այնպիսի հետևանքեր, որոնք ուսուցիչը նախօրոք քննարկում է սովորողի հետ,
  • երբ սովորողը համագործակցում է իր վարքի  հետևանքները սահմանելու հարցում,
  • երբ լինեն նաև փոխհատուցումներ լավ վարքը խթանելու համար,
  • երբ էմոցիոնալ աջակցություն լինի հետևանքների կիրառումից հետո, և ուսուցիչը խոսի պատահածի մասին սովորողի հետ` նոր համաձայնությունների գալու համար,
  • երբ սովորողը գիտակցում է, որ տեղի ունեցածը ունի իր պատճառները և ձգտի գտնել այդ բացասական պահվածքը վերացնելու միջոցներ:

Պատիժը երբեք չպետք է լինի ո՛չ ֆիզիկական և ո՛չ էլ արհամարհական, չպետք է սովորողին  նվաստացնող բնույթ ունենա: Դրամք կարող են  ուղղված լինել որոշակի արտոնություններ տալուն կամ դրանցից զրկելուն:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский