Սինգապուրում երեխաներն այլևս քննության արդյունքներով չեն գնահատվի

Սինգապուրը երկար ժամանակ համարվել է կրթական բարձր ձեռքբերումներ ունեցող երկիր՝ հաստատելով, որ հաջողության ճանապարհը գիտելիքի մտապահումն է և երեխաներին ինտենսիվ վարժեցնելը քննություններ հանձնելուն: Բայց մոտալուտ փոփոխություն է սպասվում, քանի որ կղզում վերանայվում է կրթության նկատմամբ պետական մտածողությունը:

Տարրական դպրոցի սովորողների առաջադիմության մասին տեղեկատվություն տվող քննական թվանշանները փոխարինվելու են քննարկումներով, տնային աշխատանքով և հարցազրույցներով: 2019-ից վերացվելու են առաջին և երկրորդ դասարանցիների քննությունները:

Տարրական դպրոցի ավելի բարձր դասարանների և միջնակարգ դպրոցի սովորողները նույնպես ավելի մեղմ ուսումնական մրցակցային միջավայրում են հայտնվելու: Յուրաքանչյուր ուսումնական առարկայի գնահատականը կլորացվելու է ամբողջական թվի տեսքով՝ վերացնելով տասնորդական կոտորակային գնահատականներով սովորողների դասակարգումը, որպեսզի նվազեցվի դրա դերը ակադեմիական հաջողությունը գնահատելու ժամանակ:

«Սովորելը մրցակցություն չէ»,- պնդում է Սինգապուրի կրթության նախարար Օնգ Յե Քունգը: Կրթության նախարարությունը փոփոխությունների շարք է նախատեսում, որով չի խրախուսում սովորողների առաջադիմությունը միմյանց հետ համեմատելը և, ընդհակառակը, անհատապես խրախուսում է սովորողներին կենտրոնանալ իրենց ուսումնական աճի վրա:

Այս նպատակով, տարրական և միջնակարգ դպրոցների հաշվետվություններն այլևս չեն ընդգրկի առանձին սովորողների ամենացածր և ամենաբարձր գնահատականներով առաջադիմության ցուցակներ, այլ կնշվի միայն դասարանի, խմբի առարկայական միջին գնահատականը: Դպրոցները ուսումնական տարվա վերջին չեն նշի առանձին սովորողների քննական ձախողումները կամ հաջողությունները:

Սինգապուրը իր կրթական նոր մոտեցմամբ խիստ հակադրության մեջ է մտնում PISA-ի (Programme for International Students Assessment. սովորողների գնահատման միջազգային ծրագիր) վարկանիշային ցուցակում հարևան պետությունների հետ:

Յուրաքանչյուր երեք տարին մեկ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպությունը (OECD) գնահատում է երկրների կրթական համակարգերը՝ թեստային եղանակով ստուգելով երկրների 15 տարեկան սովորողների հմտությունները բնագիտությունից, ընթերցումից և մաթեմատիկայից:

2016 թվականի PISA-ի երեք ուսումնական առարկաներից երկժամյա քննության արդյունքներով Սինգապուրը քննությունը հաջողությամբ հանձնելու նոր ամենաբարձր չափանիշն է սահմանել՝ 1,655: Սինգապուրից հետո ասիական երեք երկրների կրթական համակարգերն են գլխավորում ցուցակը՝ Հոնգ Կոնգը, Ճապոնիան և Մակաուն: Համեմատաբար՝ Միացյալ Թագավորությունը վարկանիշային աղյուսակի 22-րդ տեղում է, Միացյալ Նահանգները 1,463 միավորով 30-րդ տեղում է, որը ավելի ցածր է, քան բոլոր երկրների միջին ցուցանիշը՝ 1,476:

Տնտեսությունը փոխելու համար համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ են պետք

Քննություն հանձնելու հմտությունների կատարելագործումից ուշադրության շեղումը դեպի բազմակողմանի զարգացած անհատների ձևավորումը Սինգապուրի կրթական համակարգի համար լուրջ փոփոխություն է: Նոր կրթական քաղաքականությունը, բացի ակադեմիական կատարողական հմտություններից, նպատակաուղղված է խթանելու սովորողների սոցիալական զարգացումը, որպեսզի բարձրացվի ինքնակառավարման իրազեկության աստիճանը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություններ ձևավորվեն:

Դասարանական գործունեությունը համապատասխանեցվում է տեղական աշխատաշուկայի պահանջներին, քանի որ կղզի պետությունը սովորողներին պատրաստում է աշխատելու անընդհատ աճող սպասարկման ոլորտում:

Մինչև 2023 թվականը նախատեսված է «կիրառական ուսումնական» ծրագրերի շարք իրականացնել՝ խթանելու համար անձի զարգացումը և օգնելու սովորողներին ձեռք բերել իրական կյանքի համար անհրաժեշտ հմտություններ: Այս ծրագրերը թույլ են տալիս դպրոցականներին խորամուխ լինելու այնպիսի թեմաների մեջ, ինչպիսիք են արվեստը և սպորտը, ինչպես նաև՝ համակարգիչների, ռոբոտիքսի, էլեկտրոնիկայի արդյունաբերական ոլորտներում:

Կրթության նախարարությունը մասնագիտական նոր կողմնորոշմանը նպաստող պաշտոնյաների մի թիմ է ստեղծել, որն աշխատելու է փոխել մասնագիտական կողնորոշման ներկայիս տիրապետող ընկալումները և սովորողների ձգտումները ավելի հեռուն տանել, քան բանկային, քաղաքացիական և բժշկական ծառայություններն են:

Սովորողների վերաբերմունքը փոխելն ավելի հեշտ կլինի, քան սինգապուրցի ծնողների աշխարհայացքը. նրանք հասակ են առել խիստ քննությունների սթրեսների ուղեկցությամբ: Այս փոփոխությանն ընդդիմանալու լուրը կողջունեն երկրում գործող մասնավոր կրկնուսույցները:

Չեն փոխվել միայն տարրական դպրոցի ավարտական քննությունն ու դրա արդյունքում ստացվող վկայականը: 11-12 տարեկանում են հանձնում այս սթրեսային և ճակատագիր որոշող քննությունը, որն ավանդաբար ճանապարհ է բացում դեպի բարձր կառավարական պաշտոններ:

Ապագայի աշխատատեղերը

Արագ են փոխվում աշխատանքի համար անհրաժեշտ պահանջները: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2018 թվականի զեկույցում ասվում է, որ աշխատողներին ներկայացվող պահանջները այժմյան համեմատությամբ միջինը 42%-ով կփոխվեն 2022-ին:

Շարունակ կմեծանա համակարգչային ծրագրերով, քննադատական մտածողությամբ աշխատելու, առաջնորդելու և խնդիրները համալիր կերպով լուծելու հմտությունների կարևորումը: Զեկույցը զգուշացնում է մեզ, որ եթե ուզում ենք հետ չմնալ, պետք է սովորենք մեր ողջ կյանքի ընթացքում, մեր աշխատողներն էլ պետք է 101-օրյա վերապատրաստում անցնեն մինչև 2022 թվականը: Սինգապուրի նման տնտեսություն ունեցող այլ երկրները նույնպես հարմարեցնում են իրենց կրթական համակարգերը, որպեսզի համահունչ լինեն այս փոփոխություններին:

Մենք ստիպված ենք լինելու սպասել մեր ապագա աշխատատեղերի աշխատողներին:

Աղբյուրը՝ Children in Singapore will no longer be ranked by exam results
Համաշխարհային տնտեսական ֆորումի կայք

Տեսանյութը՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի ՖԲ էջ։

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский