Միայն մի պայման

Երջանիկ լինել և աշխատանքից հաճույք ստանալ. այլ տարբերակ չկա

Հոկտեմբեր ամիս, առավոտյան ժամը 07:15… Կանգնած եմ մեր պատշգամբի պատուհանի մոտ, հայացքս՝ դեպի Արագած… Մտքումս՝ թե տեսնես այստեղից երևո՞ւմ է լեռան այն մասը, որտեղ ես կանգնած եմ եղել, արդեն իմը դարձած  հարավային գագաթը: Չգտա, բայց կարևորը՝ ես այնտեղ այս տարի երկու անգամ եղել եմ: Մի մարդ, որ տասը տարեկանից այդ լեռանը ամեն առավոտ նայել է: Հիմա հաստատ գիտեմ՝ եթե որևէ բան շատ ցանկանաս, անպայման կիրականանա:

Արագածից հետո Աժդահակ էլ բարձրացա և դեռ շատ բարձունքների մասին եմ երազում: Կարևորն այն է, որ սկսել եմ նորից երազել, և նույնիսկ երազներս են նորից գունավոր դարձել:

Միշտ մտածել եմ, թե կյանքում ամեն բան արդեն գիտեմ, տեսել եմ: Երբ աշխատում ես ֆինանսաբանկային համակարգում և ամեն օր շփվում ես տարբեր բնավորության և տեսակի գործարարների հետ, շատ բան ես տեսնում: Իմ 19 աշխատանքային տարիները բանկային համակարգում իմ հարստությունն են, իմ քրտնաջան աշխատանքը, իմ հիասթափությունները և հաջողությունները, բայց ոչ երջանկությունը և կատարված աշխատանքից ստացված բավականությունը: Ես բավականին գումար էի վաստակում, բայց այդ 19 տարվա ընթացքում դեռ չէր պատահել մի աշխատանքային պահ, որ ես զգայի ինձ իմ տեղում: Ճգնաժամը հասունացավ, դուրս եկա բանկից՝ առանց որևիցե հեռանկարի, հստակ համոզմունքով, որ այլևս չեմ  վերադառնա. շատ էի հոգնել:

Հինգ ամիս անց եկա կրթահամալիր, ցանկանում էի աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցիչ. սակայն երբեք չէի պատկերացնի, թե ինչ է նշանակում  կրթահամալիրի դասավանդող լինել: Ոչ, դա սովորական աշխատանք չէ, դա հոգեվիճակ է, որը պահանջում է ստեղծագործական մոտեցում: Դու ապրում ես կրթահամալիրի տարածական և ժամանակային իրականության մեջ՝ 24 ժամ: Միայն մի պայման կա՝ որ երջանիկ լինի, և աշխատանքից հաճույք ստանա. այլ տարբերակ չկա:

Սկզբում դժվար էր պատկերացնել, թե ո՛րն է նախագիծը, ինչպես է այն անհրաժեշտ գրել, ինչպես է այն իրականացվում: Խնդիրն ինձ համար այն էր, որ սովորողին անհրաժեշտ է սովորեցնել ինչ-որ բան՝ միաժամանակ հետաքրքրելով նրան: Այդ նպատակով անհրաժեշտ է նյութի գրեթե բացարձակ իմացություն և ստեղծագործական ջիղ:

Առաջին իմ ուսումնական նախագիծը տնտեսագիտական ուղղվածություն ուներ: Դեռ չի հաջողվել այն իրականացնել, սակայն մոտակա ժամանակներում ես պատրաստվում եմ այն իրականացնել: Նախագիծը կոչվում է Ֆինանսական գրագիտություն և նախատեսում է պարզաբանել բանկային տոկոսադրույքի և այլ ծախսերը, սովորեցնում է հաշվարկել իրական տոկոսադրույքը:

Մյուս նախագծերս հիմնականում բնագիտական և բնապահպանական բնույթ են կրում, և մի մասը արդեն իրագործված է: Այժմ աշխատում եմ նոր նախագծերի վրա, ի դեպ նկատեմ, որ մի քանի նախագծեր իրականացնելուց հետո ստանում ես դրանք գրելու հստակ պատկերացում: Ներկա պահին դեռ կան դժվարություններ սովորողին իմ նախագծի մեջ ներառելու հարցում. սովորողները հիմնականում ձգտում են զվարճանալ և ունենալ մաքսիմալ ազատ ժամանակ, երբ նրանց ներկայացնում ես ինչ-որ նախագիծ, նրանք առաջնահերթ փնտրում են հենց այդ խաղային պահերը, եթե չխաղացիր, ուրեմն հետաքրքիր չէ: Ուրեմն փորձում ես գտնել մի խաղ էլ, որը նաև սովորեցնում է: 

Կարևոր է նշել, որ նախագիծ ստեղծելու ընթացքում սկսում ես համագործակցել կրթահամալիրի տարբեր օղակների հետ՝ անմիջական ղեկավար, կազմակերպիչ, դասավանդող, կենտրոնի տնօրեն, հյուրատան աշխատակից, խոհարար, սեբաստացիների մեծ ընտանիքի այլ աշխատակիցներ:

Կրթահամալիրում իմ ներառման մեջ մեծ դեր խաղացին նաև իմ ճամփորդությունները: Ինչպես ասացի, արդեն երկու անգամ Արագածի գագաթն եմ բարձրացել, Նավասարդի տոնին նվաճել եմ Աժդահակը։ Ճանապարհը շատ բան է մարդուն սովորեցնում, նամանավանդ դժվար ճանապարհը: Քայլելով դեպի վեր՝ ակամա սկսում ես մտորել քո սեփական կյանքի դժվարությունների, վերելքների, վայրէջքների մասին, ևս մեկ անգամ, ֆիզիկական մակարդակի վրա բացահայտում ես քեզ համար համբերության և կամքի ուժի իմաստը: Ճամփորդության ժամանակ ճանաչում ես կողքինիդ, կողքինդ քեզ է ճանաչում: Ճամփորդությունը լավ հնարավորություն է ճանաչելու հարաբերությունները… Ճամփորդության ժամանակ նաև սկսում ես հասկանալ այն «սեբաստացիական ոգին» կամ «սեբաստացու նիստ ու կացը»… Մի խոսքով՝ ներառվում ես, գտնում նոր ընկերներ, դու էլ ընկեր ես դառնում՝ գործընկեր:

Կրթահամալիրի գործընկերները միշտ կողքիդ են: Քեզ ընդունում, աջակցում, սովորեցնում, բացատրում են, մի խոսքով՝ օգնում են: Ուշադիր են և աջակցող, համբերատար և մարդկային, լավ ուսուցչի պես պահանջկոտ, սակայն շատ բարի: Շնորհակալ եմ  իմ կողքին եղած առաջին սեբաստացի մարդկանց՝ սկսած «Մուտք կրթահամալիր» ճամբարի իմ լավ ընկերներ դարձած կազմակերպիչներից և դասավանդողներից մինչև իմ ներկա ղեկավարներն և ընկերները: Անընդհատ զարմանում եմ նրանց՝ շուրջօրյա աջակցելու պատրաստակամության վրա: Կրթահամալիր ներառման ամենակարևոր պայմանը՝ ստեղծագործեցիր, սովորողներին ոգևորեցիր՝ ուրեմն կարող ես:

Եվ վերջապես՝ ես արդեն հեծանիվ վարել գիտեմ և սկսել եմ զբաղվել սուսերամարտով:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский