Գնահատման այլընտրանք
Primary tabs
Թողնենք ընտրությունը սովորողին։
Գնահատումն ու գնահատման գործունեության խնդիրը մանկավարժական պրակտիկայում այսօր ամենահրատապ խնդիրներից են։ Դպրոցականների կրթության և դաստիարակության որակի չափումը, այդ չափումների արդյունքների արտահայտումը միշտ առաջացրել են ուսուցիչների հետաքրքրությունը:
Մանկավարժության մեջ գնահատումը վերաբերում է անձի կողմից իրականացվող գնահատման գործընթացին, գործունեությանը (կամ գործողությանը)։ Թվանշանը այս գործընթացի արդյունքն է:
Գիտելիքների ստուգում, 10 կամ 20 բալանոց սանդղակ։
Բոլոր դպրոցներում գործում է գնահատման այս սանդղակը․ ընթացիկ գնահատականներ՝ մինչև 10 միավոր, գիտելիքների ստուգում՝ մինչև 20 միավոր։ Մենք անկնկալում ենք սովորողի առաջընթացը, մտքի ու կամքի զարգացումը, իսկ գնահատման այսպիսի համակարգը բերում է ավելորդ լարվածություն, երբեմն՝ անառողջ մրցակցություն (ավելի հաճախ՝ ծնողների մոտ, կամ ծնողներից բխող)։ Հակված չեմ հակադրվելու մրցակցության գաղափարին, ավելին՝ մրցակցությունը լավ է, պայքարի ոգին է, ցուցանիշ է թիմային աշխատանքում, համագործակցային նախագծերում։ Մեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, գնահատման այլ չափիչներ կան, որոնք, հիրավի, ոգևորում են, խրախուսում սովորողին։
Ասելիքս այն է, որ լավ չէ, որ գնահատականը սովորողի գիտելիքը ներկայացնող միակ ցուցանիշն է դպրոցներում։ Միօրինակ ուսուցման գործընթացի արդյունքում սովորողը յուրացնում է միավոր ստանալու «հաշվարկը»․ այս թեմայի համար՝ այսքան միավոր, մյուսի համար՝ այսքան։ Բավարաված է, երբ իրեն հարկավոր միավորներն ապահովված են, ստացավ իր գնահատականն ու մոռացավ սովորածը։ Նման գնահատումը չի՞ խոչընդոտում սովորելու գործընթացի շարունակակությանը՝ ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք, ստեղծականություն։
Թվում է՝ գնահատման արդյունքների՝ թվանշանով ամրագրումը պարզ-անմեղ գործընթաց է, բայց գործնականում սովորողի համար այն դառնում է ուրախության կամ լուրջ ցնցումների աղբյուր: Չնկատել այս իրողությունը․․․ չենք կարող։ Նշանակում է կրթական համակարգը թերի է, որը վերլուծելու, փոփոխելու կարիք ունի:
Մայրենիի ուսուցչի տարիների իմ փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ սովորողներ ավելի լավ են հիշում առարկան, ընթերցածը, եթե դրա համար թվանշանով գնահատական չեն ստացել։ Եզրակացնում եմ, որ այստեղ հոգեբանական գործոնն է, որն էլ ձևավորում է ավելի կենսական, ճիշտ վարքագիծ՝ «կարգապահություն», «պատասխանատվություն»։
Փորձարկել եմ նաև ինքնագնահատման շատ ձևեր. որոշ սովորողներ բոլորովին չեն կարևորում գնահատականը, ոմանք էլ ինքնագնահատման արդյունքում ազնիվ են լինում, մտածում արած-չարածի մասին։ Ինքնագնահատումը կաևորում եմ, փոխում է սովորողի մտածելակերպը, գործելակերպը, մի տեսակ, ինքն իր ու իր խղճի առջև պատասխանատու է դառնում։
Գուցե արժե՞ փորձել գնահատման այլընտրանքը։ Գնահատումը սահմանվի տրամաբանական սկզբունքով՝ «այո-ոչ», «յուրացրել է-չի յուրացրել», «գիտի-չգիտի»։ Սա, կարծում եմ, կլինի առաջընթաց, ոչ թե կարծրացած, մեզ «հարմար» տարբերակ։
9-րդ դասարանցիներ, պատանիներ՝ ստեղծագործ, միասնական, աչքերում ու հոգիներում Նոր Հայաստանում երջանիկ ապրելու հույսով, հավատով, արարումով լի, նորարար մտքերով ու ձիրքով․․․ Բայց, արի ու տես, այդ բոլորը դիր մի կողմ ու սերտիր, սերտիր, որպեսզի քննություն տաս։ Ուսուցման այս համակարգը վաղուց արդեն հնացած է և միանշանակ մի նպատակ է հետապնդում՝ թեմաների-դասերի գիտակցված հուշում՝ հանուն քննությունների:
Քննությունը պարտադրանք է նաև հեղինակ-մանկավարժի համար։ Դասավանդողը պետք է կենտրոնանա՝ ապահովելու, որ սովորողը հնարավոր արագ պարզապես անգիր անի նյութերը, ոչ թե հասկանա, վերլուծի, ստեղծագործի: Այդ դեպքում սովորողը, որը չի կարողանում անգիր անել նյութը, դիմում է կեղծիքի՝ ծածկագրեր լինեն, միմյանցից արտագրել կամ այլ․․․․ (պատանիներն ուղղակի հանճարեղ են միջոցը գտնելու)։ Վատ է․ մի՞թե դա ենք ուզում սովորեցնել։
Իսկ գուցե մյուս փորձն էլ լինի՝ «առանց քննության»։ Մի՞թե պատանիներն ամեն օր քննություն չեն տալիս․ գոնե կրթահամալիրում ամենօրյա ամենատարբեր նախագծերն այդ մասին չե՞ն խոսում։ Ճամփորդում են, քննարկում, գրում ու պատմում են, նկարում ու տեսանկարում, նորից պատմում են, խոսում, ներկայանում, ու այս բոլորը սովորելով, հետազոտելով, ուսումնասիրելով։
Իհարկե, լավ է, երբ սովորողը գրագետ է ներկայանում, հարուստ է լեզուն, երևակայությունը, մտածելակերպն ազատ է ու անկաշկանդ, ճկուն է հարազատ լեզուն, իր լեզուն, որը սովորում է անընդհատ։ Բայց դա քննության արդյունք չես համարի։
Անդրադառնամ գրականության թեստերին։ Քննական թեստերում տեղ են գտել միայն հայ գրողները, դրանք կարդացել ու անգիր են արել իրենց ծնողները, պապերն ու տատերը ու․․․․մոռացել են։ Հիմա էլ իրենք։ Կրթահամալիրում ուսուցման ձևը նախագծային է, և նախագիծը մշակելիս առաջնորդվում ենք կրթահամալիրի օրացույցով, սովորողների առաջարկով-նախաձեռնությամբ, քննարկումներով։ Գրականության ուսուցումը միայն հայ գրականություն կարդալն ու պարտադրանքով սովորելը չեն կարող լինել։ Այսօրվա սովորողները հաճախ նախընտրում են արտասահմանյան գրականություն, ժամանակակից գրողների ստեղծագործություններ, գտնում են ընթերցանության այլ նյութեր։
Ինչո՞ւ սովորողին զրկենք ազատ ընտրության իրավունքից, ինչո՞ւ պարտադրենք հիշել գրողի ծննդյան ճշգրիտ թվականը, օրն ու ամիսը, որը սթրեսային քննությունից հետո, միևնույն է, մոռանալու է։ Սթրեսային եմ ասում, որովհետև սխալ թվական ասելու դեպքում միավորն իջնելու է․․․ Ինչո՞ւ սովորողին չտալ ազատ արտահայտվելու, իր ընթերցածի մասին պատմելու, իր հերոսին ոգևորված ներկայացնելու, բնութագրելու, իր նախընտրած գրողի ստեղծագործությունները հետազոտելու, ուսումնասիրելու հնարավորությունը։ Այսպես պարտավորված չի լինելու կարդալ ու անգիր իմանալ այսինչ վեպի բոլոր կերպարների անունները։ Թող կարդան հայ գրողներին, իրենց պատմիչներին էլ, բայց ոչ պարտադրանքով, քննության համար։
Մեկ օրինակ․ թեստերում ներառված է Սունդուկյանի «Պեպո»-ն։ Երբ դասարանում հարցրի՝ ո՞վ է կարդացել, լռություն տիրեց, հաջորդ հարցիս՝ ֆիլմը դիտե՞լ եք, մեկն ասաց․ «Հետաքրքիր չէ, դրա փոխարեն ուրիշ ֆիլմ կնայեմ», թվարկեցի հայկական այլ ֆիմեր, որոնք հայտնի հայ գրողների ստեղծագործությունների սցենարներն են, մեկ-երկու հոգի էին դիտել, բայց կայծ չտեսա աչքերում։ Ընդ որում, նման հարցադրում արել եմ այլ դասարաններում՝ 11-րդ, 12-րդ, բայց նրանց ևս չի հետաքրքրել այդ ստեղծագործությունը։ Գուցե և հայ գրականությանն ուզենան անդրադառնալ ուսումնական նախագծով, կոնկրետ թեմայի շրջանակում, ուզենան ծանոթանալ ավելի ուշ՝ որպես հանրային, քաղաքական գործիչ, որպես ազգագրագետ, այլ նպատակով։
Հիմա կարդում են իրենց ուզածը, թող պատմեն իրենց ուզածը, գրեն այդ մասին ամեն կարդալիս, թե չէ՝ քննություն․․․․ Քննության հետ էլ կեղծիք, խաբեություն, իսկ եթե սովորողը ստիպված չլինի միավոր «փախցնելու» համար պարտադրանքով կարդալ, անգիր անել, կեղծիքն էլ տեղ չի ունենա, նա ազատ կներկայացնի այն, ինչն իր հետաքրքրությունն է, ինչը սիրում է, հասկանում, ինչը երբեք չի մոռանա։
Գոնե բովանդակությունը փոխվի․․․
Դե, եկեք ու քննություն վերցրեք արվեստից, երաժշտությունից, բույսի ու ծառի խնամքից, շրջապատի մաքրությունից, ընկերությունից ու ազնվությունից, ստեղծելու ու ստեղծագործելու կարողությունից.․․
Ճամփորդության էինք։ Եկեղեցիներց մեկի ճակատին գրությունն առաջարկեցի կարդալ։ Գրաբար էր, դժվարացան. մեկը միայն համարձակվեց։ Որոշ ժամանակ անց՝ գրաբարյան նախագիծն անելիս այդ սովորողների մեծ մասն ընդգրկվեց նախագծում, նույնիսկ հիշեցին, որ չէին կարողանում կարդալ, ուզում են սովորել։
Եվ վերջում՝ կյանքը անընդհատ իր քննությունն անում է։ Տեսեք՝ իրական քննություն հանձնում են երկիրը կառավարող բոլոր օղակները՝ ոչ միայն օրենքների իմացության, այլ նաև ազնվության, իրատեսության, անաչառության, ստեղծականության, արարելու ու շենացման․․․ Յուրաքանչյուրը՝ իր գործում, իր ընտանիքում հաջողելու, նպատակներն իրականության վերածելու քննության առաջ է։ Ու դպրոցական ավարտական այս քննությունները կյանքի քննությանը բոլորովին չեն պատրաստում, կյանքի խնդիրները լուծելու ավելի կարող չեն դարձնում։ Էլ ինչի՞ համար են։
- Բացվել է 981 անգամ