Կրթահամալիրի ուսումնական ագարակում
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզում աշխատում եմ որպես երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչ։ Սիրում եմ իմ աշխատանքը, որը դպրոց-պարտեզում երևի ամենաուրախն ու հետաքրքիրն է։ «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցչի օգնականը, երկարացված օրվա ճամբարի կազմակերպիչը ի պաշտոնե ամենաշատն են աջակցում սովորողների և կենդանիների շփմանը, բակի-պարտեզի խնամքի նախագծերով ամենաշատն են լինում դպրոցի պարտեզում, դրսում, սովորողների մարզական նախագծեր են ղեկավարում, նրանց հետ հեծանիվ քշում ու լողում։
Ես փոքրուց եմ սեր ունեցել կենդանիների նկատմամբ, հատկապես շան և ձիու: Միշտ էլ եղել եմ այն կարծիքին, որ շունն ու ձին ամենահավատարիմ, բարի և հանդուրժող էակներն են: Տարիներն անցան, բայց իմ սերը երբեք չմարեց. ցավում եմ միայն, որ սկսեցի շներից ավելի շատ վախենալ։
Երկարացված օրվա ճամբարում աս ուսումնական տարին սկսեցինք կենդանիների ուսումնասիրության նախագծով։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ ճամբարականների մեծ մասը ճանաչում է կենդանիներին, բայց վախենում է, կենդանիների հետ շփման խնդիր ունի։ Ճիշտ ժամանակն էր այցելելու մեր դպրոցի հարևանությամբ գտնվող՝ կրթահամալիրի ուսումնական ագարակը:
Հիշում եմ, երբ առաջին անգամ ես և իմ տարատարիք ճամբարականները մտանք ագարակ, մեր աղմուկից ձիերը խրտնեցին, սկսեցին անհանգիստ ձայներ հանել, հարվածել դռներին: Երևի ավելի շատ ես վախեցա, քան իմ երեխաները: Ծիծաղելի վիճակում էի…. Բայց դա միայն ժամանակի խնդիր էր:
Մեր նախագիծը քննարկեցինք ագարակի ղեկավարի հետ, մեր խմբով ագարակ այցելելու ժամանակացույց հաստատեցինք, և յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին լինում էինք ագարակում:
Նախագծի նպատակն էր կենդանիների հետ շփման միջոցով հաղթահարել հոգեբանական խնդիրներ, ձեռք բերել հաղորդակցման և համագործակցման հմտություններ։ Նախագծի ընթացքում առաջադրել էինք լուծել հետևյալ խնդիրները.
- ծանոթանալ կենդանիների խնամքին վերաբերվող բոլոր գործիքներին.
- ճանաչել կենդանիներին.
- տեղեկանալ նրանց ծագման և կենսակերպի մասին։
Սկզբում իրականում ամեն ինչ դժվար էր. վախենալով սիրում էինք կենդանիներին, բայց դժգոհում էինք տհաճ հոտերից, ճանճերից: Իսկ մի քանի այցելությունից հետո կապվեցինք կենդանիների հետ, ու ագարակը դարձավ բոլորիս ամենազվարճալի, ուսումնական վայրը, իհարկե, ընկեր Խորենի հոգատար աջակցությամբ.
Օրեցօր հաղթահարվում էին մեր վախերը կենդանիների հանդեպ, ձեռք էինք բերերում ինքնավստահություն, դրական հույզեր:
Պարապմունքների ընթացքում մենք օգնում էինք կենդանիների խնամքի կազմակերպման հարցում, դպրոցից ավելացված սննդի ճիշտ և ժամանակին տեղափոխումով ագարակ։
Սովորում էինք, թե որ կենդանու բնին ինչ են ասում, ինչպես է կոչվում նրա ձագուկը, նրանց խմբերին ինչպես են անվանում, ունի՞ տվյալ կենդանին թշնամիներ կամ ընկերներ, արդյոք վտանգ կարող է սպասվել նրանցից, իսկ ինչով են օգտակար։
Մենք քիչ, թե շատ տեղյակ էինք այս կենդանիներց, բայց այս անգամները այլ էին, մեր հետքրքրությունները անսահման էին և գործնկան:
Մեր խիզախները հաղթահարում էին վախը շների հանդեպ։ Նրանք ընկեր Խորենի օգնությամբ փորձում էին Մայքիին կիսաշրջանով քայլեցնել։ Մեր երեխաները իրականում մեզանից խիզախ են և ավելի հեշտ են շփվում չորքոտանի սիրելիների հետ։
Ընկերացել ենք նաև Տարզանի հետ, գրեթե չենք վախենում: Սկզբում շոյում էինք, այնուհետև թողնում, որ մեզ հոտոտի՝ հիշի, որ ծանոթներ ենք, իսկ հետո փորձում ինքնուրույն զբոսնել նրա հետ:
Պարապմունքներն անցնում էին ծիծաղելի, երեխաներից յուրաքանչյուրը ուզում էր ցույց տալ, թե նա որքան խիզախ է, ընկերն է Տարզանի, իսկ ոմանք էլ դեռ մի փոքր վախենում էին, շփոթվում կենդանու ներկայությունից։
Մեր պարապմունքների ժամանակ բազմիցս խնամում և կերակրում էինք Մաշային և արդեն ընկերացել ենք նրա հետ: Կարծում եմ, ձիուկը անգամ հեռվից զգում է մեզ՝ աղմկոտ և անկանգ արևմտյան ճամբարականներին:
Աննկարագրելի են տպավորությունները, երբ երեխաները ձիու թամբին են: Նրանք իրենց զգում են շատ ինքնավստահ, հպարտ, համարձակ, բարի և մեղմ:
Նրանք այլևս չեն վախենում, վազվզում են Մաշայի շուրջը, շոյում և փաթաթվում նրան, անգամ խղճում, երբ ճանճերը պտտվում են նրա շուրջը:
Այսպես է սկսվում իրական ընկերությունը…
Ճամբարականները տանից միրգ կամ բանջարեղեն էին բերում մեր ձիերի համար, չէին ուտում իրենց նախաճաշից փոքրիկ բաժիններ, որպեսզի հյուրասիրեին իրենց չորքոտանի ընկերներին:
Հիշում եմ մի դեպք։ Մեր Ալեքս Ֆրանգյանի մայրիկը մրգեր էր կտրտել իր տղայի նախաճաշի համար, Ալեքսը չէր կերել ու պահել էր, որ տանի ագարակ, բայց ընկերներից մի քանիսը բացել և կերել էին առանց նրա։ Նա այնքան լաց եղավ, հուզվեց, ու չէր ուզում ներել իր ընկերներին:
Իսկ խոհանոց ավելացած սնունդն մեծ ճամբարականներս էին դույլերով տեղափոխում ագարակ:
Յուրաքանչյուրս ունեինք մեր բաժին անելիքը ագարակում, և ամենքս մեր գործը անում էինք իրական ընկերությունից ելնելով:
Մեր կենդանասերները ագարակ այցելում էին ոչ միայն կենդանիների խնամելու, այլ նաև ագարակի հարակից տարածքը մաքրելու համար:
Ճամբարականները օգնում էին ընկեր Խորենին՝ տարածքը ազատում էին մեծ քարերից, աղբից։
Ագարակը մեզ համար իսկապես ուսումնական վայր է, մենք այնտեղ այցելիս իրականացրել ենք նաև թումանյանական այլընտրանքային նկարչության նախագիծ: Երեխաները փայտիկներով նկարում էին թումանյանական հերոսներին՝ »Սուտասանի» թագավորին, «Ճամփորդներ» հեքիաթի շանը, աքաղաղին, սարն ու կտուրը, Պոչատ Աղվեսին։ Արդյունքում ունեցանք նախագծերի հատում՝ «Թումանյանական օրեր» և «Ուսումնական ագարակ» կամ Թումանյանական հերոսները ուսումնական Ագարակում:
Այցելելով ագարակ ՝ մենք լուծեցինք մեր առջև դրված նպատակը և խնդիրները։ Այսպիսով՝ ցանկացած երեխա, անկախ իր հույզերից, վախերից, հոգեբանական խնդիրներից, պետք է շփվի, ընկերանա կենդանիների հետ, հոգ տանի, սիրի ու պաշտպանի նրանց. և կենդանիների հետ շփվելիս երեխան դառնում է կարեկցող, կամեցող, բարի, ինքնավստահ ու լի դրական հույզերով:
Նախագիծը շարունակական է, քանզի օրեցօր մեր ագարակում ավելանում են կենդանիների, թռչունների թիվը, և մենք պատրաստ ենք սիրով խնամել նրանց, ընկերանալ, մաքրել նրանց կացարանները:
- Բացվել է 1068 անգամ