Պարսկերենը միջոց է...

Հեղինակ: 

Երրորդ օտար լեզուն կրթահամալիրում ոչ միայն պարտադիր չէ, այլև սովորողը ազատ ընտրում է կամ չի ընտրում, փոխում է, ոչ միայն մեր առաջարկած փնջից՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն (հարևան ժողովուրդների լեզու որպես), ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն (ամենատարածված եվրոպական լեզուներ որպես)...

Կրթահամալիրի տնօրենի օրագրից

Ի՞նչ էր ուզում տեսնել, ի՞նչ էր փնտրում կրթահամալիրում աղա Սեյեդ Մոհամադ Ռեզա Հեյդարին՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի ղեկավարը,  որի այցը երկու ամիս շարունակ հետաձգվում էր: Եկավ վերջապես… ու խոսքով-շարժուձևով դիվանագետ, զուսպ, իրանցի պաշտոնյան չէր ուզում հեռանալ. ընդունելության ծրագրով նախատեսվածից հետո սկսեց շրջել կրթահամալիրի մայր դպրոցով, մտավ դասարաններ, մասնակցեց Նունե Մովսիսյանի մայրենիի պարապմունքին՝ մեր մեդիակրթությանը, բնագիտության լաբորատոր պարապմունքների, սննդի կազմակերպմանը, ծանոթացավ իմ ու սովորողների շփմանը, մարզական պարապմունքների պայմաններին… Ես, մի խումբ ինձ ընթացքում-վերջում գրկած սովորողներով-հեծանվով, նրան տնավարի ճանապարհեցի…

Երեք օտար լեզվի իմացության մասին տարբեր առիթներով, նախընտրական շրջանի հարթակներից անգամ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսում է, այլև իր օրինակով, ազատ վարվելով պաշտոնական արարողակարգերի հետ, անգլերեն-ֆրանսերեն-ռուսերեն ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս… Ենթադրում եմ, խոսքը պարտադիր ռուսերենի-անգլերենի, որ նախատեսում են սկսել առաջին դասարանից, ինչպես կրթահամալիրի մեր դպրոցներում, և մի երրորդ օտար լեզվի մասին է… Սրա մասին չի՞ խոսվում, թե՞ ինձ չի հանդիպել, ԿԳ նախարարության, նախարարության մաս կազմող մարմինների կայքերը համառորեն աղքատ են նաև այսպիսի, թվում է, հանրային հետաքրքրություն ներկայացնող բովանդակությունից. նախարարության կայքում «Հանրային քննարկումներ» բաժնում բովանդակային նախագծեր ենք փնտրում…

Դժվար է ենթադրել, թե երրորդ օտար լեզուն ինչպես են մտածում ներմուծել՝ ինչ կարգով, որ օտար լեզուն, ում ընտրությամբ, որ դասարանից, ինչ ժամանակով… Աղա Սեյեդի այցը մի հնարավորություն էր ինձ համար՝ նայելու մեր արածին՝ այս անգամ պարսկերենի օրինակով, արևելագետ-հասարակագետ-պարսկերենի մասնագետ երիտասարդ-արևոտ Դիանա Նազարյանի՝ մեկ տարին բոլորող գործունեությանը նայել կողքից, օտարի հետ, օտարի հայացքով, որպես անաչառ փորձագետ կրթության… Ստացվեց երևի, այնպես, որ ուզում եմ պատմել…

Մեր սովորողին մենք երրորդ օտար լեզուն չենք պարտադրել-չենք պարտադրում, ինչի՞ համար։ Երկու օտար լեզվով պարտադիր հանրակրթության, մեր հեղինակած մանկավարժական կազմակերպման փորձը, որքան էլ մենք, ես չպակասող վերապահումներ, անհամաձայնություններ ունենք ռուսերենի, անգլերենի ուսուցիչների հետ՝ պայմանավորված հասարարակական-պետական պահանջների-վերաբերմունքի, մանկավարժության անտեսման իներցիայով, ուրույն է, եզակի, տարիներով ամբարված, սովորական ուսուցիչների ու սովորողների ամբողջական ներառականության (հանրակրթություն) բաղկացուցիչ, արժանի ոչ թռուցիկ, առանձի՛ն անդրադարձի… 

Երրորդ օտար լեզուն կրթահամալիրում ոչ միայն պարտադիր չէ, այլև սովորողը ազատ ընտրում է կամ չի ընտրում, փոխում է, ոչ միայն մեր առաջարկած փնջից՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն (հարևան ժողովուրդների լեզու որպես), ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն (ամենատարածված եվրոպական լեզուներ որպես), այլև աննկատ, որպես նախաձեռնություն այս տարի առաջացավ իտալերենը, ինչպես եղել են հունարենի, ճապոներենի, չինարենի, արաբերենի փորձեր, որ ընդատվել են…

Պարսկերենն էլ ունեցել է ընդհատումներ, բայց ուրախությամբ արձանագրում եմ, շնորհիվ Դիանայի, մեր հետևողականության, երրորդ օտար լեզվի ուսուցման-ներմուծման հեղինակային սկզբունքներին հավատարիմ մանկավարժության, կայացավ-զարգանում է: Այդ մասին գիտեր արդեն Իրանի մշակութային կենտրոնը, ու պատշաճ կազմով-ժամանակով եկել են համոզվելու-հասկանալու: Ահա սրա մասին հանկարծ իմ խոսելը եկավ…

Կրթահամալիրի 6-12-րդ դասարանցի շուրջ երեսուն սովորողները պարսկերեն սովորում են ակումբային, տարատարիք խմբերով, ընթերցարանային-անկաշկանդ միջավայրում, երբ ուսուցիչն ունի սովորողի հետաքրքրությունը մշտապես վառ պահելու թելադրանքով պայմանվորված մանկավարժական ազատություն։ Դիանան մասնագետ ուսուցիչ է, միակը, վարչարարությունը չի փրկի, եթե չի սպասարկում մասնագետին, որ պիտի իմանա-որոշի-կարողանա կապը ակումբային զորացնել, նոր կապեր հաստատել, միջավայրը ուսուցման ընդարձակել-հարստացնել, սովորողի հետաքրքրությունը պահել… Ցուցանիշը հենց պարսկերենն ընտրածների աճն է ամսեամիս…

Պարսկերենը միջոց է այսօրվա մեր հզոր հարևանին, Իրանի հասարակությանը, ժողովրդին, նրա խնդիրներին, ձեռքբերումներին ծանոթանալու, որպես հնարավոր աշխատաշուկա դիտարկելու… մշտապես ավելին իմանալու, հետաքրքրված լինելու ու հետաքրքրությունը բավարարելու… Այստեղից առաջացավ և հասարակագետների կազմը  նշված օտար լեզուների ուսուցիչներով, հասարակագիտության դասընթացը այս բովանդակությամբ լրացնելու պահանջը… Նկատեց աղան այս ուղղությունը. սովորողները և ուսուցիչը համոզիչ ներկայացրին… Պատմությունից պատմություն չսարքենք, մի առարկա, որ մոռանում է ապրող մարդուն՝ սովորողին, հասարակական կյանքը, անհատի պահանջմունքները…

Պարսկական հարուստ գրականությունը, կինոն, երաժշտությունը հայտնվեցին նույն սովորողի արվեստի դասընթացում, մեր ընդհանուր պարապմունքներին, մեր օրացույցով որոշված ուսումնական նախագծերում, նախաձեռնություններում… Այնքա՜ն սիրով-հեշտ պայմանավորվեցինք սկսել տրընդեզի միասնական նախագիծը… Այսպիսով մենք կբացահայտենք մեր պատմական-մշակութային ընդհանրությունը։ Սա էլ տեսավ աղան: Պարսկերենով ու Պարսկաստանով ոգևորված-հետաքրքրված, ազատ պատանի հայաստանցիներ տեսավ, նրանց մեջ՝ մեծ թվով իրանահայերի, որ պարսկերենը չեն ընտրել, Դիանայի սաները չեն, բայց Դիանայի գործընկերներն են, միջավայրի ու վերաբերմունքի ձևավորմանն են մասնակցում, սովորող-սովորեցնող մեթոդով գործուն աջակցում… Սա էլ տեսավ ընդունակ-փորձառու աղա Հեյդարին, գործընկերների հետ… Ծանոթացավ մեր կրթական փոխանակումների փորձին՝ Երևան-Ստամբուլ, հայ-վրացական հանրակրթական բանուկ կամուրջներով, ու մեր առաջարկը՝ հայ-իրանական փոխանակումները բերել 2019-ի օրացույց, լրացուցիչ հիմնավորում չէր պահանջում, հատկապես, որ իսպաներենի, վրացերենի, հայերենի ուսուցիչների մի խմբով սկսել են պարսկերեն սովորել՝ կազմակերպորեն պատրաստվելով այդպիսի փոխանակմանը…

Ի՛նչ գիտենք մենք, մեր պատանիները ժամանակակից Իրանի մասին… Որտեղից գիտենք… Փորձեցի առաջադրանք, նոր նախագիծ-խնդիր ստեղծել Դիանայի ակումբային գործունեության համար, հունվարյան նախագծային ճամբարին համար… Պետական կրթական ծրագրերից, դասագրքերից հանել-հավաքել պարսկերենին-Իրանին առնչվողը… Ինչպե՞ս է հզոր՝ պատմականորեն և ներկա, Պարսկաստանը ներկայացված… Հետո անցա մտովի Թուրքիային, Ադրբեջանից, Վրաստանին…

Համար: 
Բաժին: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский