Ռեչիտատիվ: Մի՛ վախեցեք բախումներից
Primary tabs
Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Ո՞վ է ասում, թե պատիժը դաստիարակության՝ դարերով փորձարկված, կյանքով հաստատված լավագույն մեթոդն է: Նա, ով չի հավատում Երեխայի բարի բնույթին, այլ հավատում է չարին: Նա, որ մեծացել է ավտորիտարզմի ոգով, դա իր մանկավարժական սկզբունքն է դարձրել: 1679 թվականին հրատարակված «Այբբենարանում» գտնում ենք մի երկար բանաստեղծություն, որ գովերգում է ոչ թե Երեխային, այլ նրան պատժող գործիքները: Բանաստեղծության մեջ Երեխան ի սկզբանե մեղավոր է. նա չի ուզում սովորել ու դաստիարակվել, եթե չպարտադրես: Հետևաբար՝ կեցցե պատիժը, դա նրան խելք է սովորեցնում[1]:
Ինչ-որ մեկը մեզ կասի. «Սա չափից դուրս է: Այսօր խոսքը նման պատիժների մասին չէ»:
Իսկ ուրիշ ո՞ր պատիժների մասին է:
Ընտանիքներում երեխաների ֆիզիկական պատիժներն այսօր էլ կան:
Վիրավորանք, նվաստացում, արգելքներ, սպառնլիքներ, բղավոցներ, զայրույթ, վախ, զրկանքներ… Այս բոլորը շատ ծնողների դաստիարակչական «գործունեության» ընթացքում կատարելագործվում են: Պատիժների ավելի ստորացուցիչ միջոցներ կան, որոնք այլ կերպ չես անվանի, քան սեփական երեխայի հանդեպ ծնողական չարությունն է:
Իսկ ո՞րն է այդպիսի պատիժների արդյունքը:
Այդտեղ դաստիարակչական ոչ մի արդյունք չես գտնի: Այդ հետամնաց մեթոդը միայն Երեխային մեր դեմ է տրամադրում: Այն մղում է Երեխային փնտրելու ինքնապաշտպանության միջոցներ, իսկ այդպիսին կարող են դառնալ սուտն ու խաբեությունը, օտարումը, ներամփոփությունն ու իր մեջ փակվելը: Բայց ոչ միայն դա:
Դեռ ոչ ոք դաստիարակության անբախում գործընթաց չի ստեղծել: Մարդասիրական մանկավարժության պայմաններում անգամ տարբեր բնույթի ու դժվարության հակամարտություններ են առաջանում, որոնք լուծում են պահանջում: Խնդիրն այն չէ, որ մեր Երեխայի դաստիարակության ընթացքում նրա հետ բախումներ չառաջանան: Թող լինեն դրանք: Սակայն խնդիրն այն է, թե ինչպես և ում օգտին պետք է դրանք լուծենք: Չէ՞ որ մեզ համար կարևորն այն է, որ Երեխայի հանդեպ մեր ցանկացած գործունեության դեպքում իրականանա նրա հոգևոր աշխարհի սնուցումը: Եվ այդ սնուցումն ի՞նչ կլինի, եթե Երեխայի վրա թափվում են մեր ամբողջ զայրույթը, մեր գրգռվածությունը: Ի՞նչ միջոց կփնտրենք մեր զայրույթի պահին: Այնպիսի՞ք, որոնք Երեխային ցույց կտան, թե ով է տանտերը, և թե ում ձեռքին է իշխանությունը, ում ձեռքին է հենց ինքը:
Այսպիսով՝ բախումներ կլինեն, բայց դրանք պետք է լուծենք Երեխայի օգտին: Երեխայի օգտին, ոչ այն իմաստով, որ նա հաղթեց մեզ, այլ այն իմաստով, որ նրա հոգևոր աշխարհը ուղղություն ստանա դեպի խելամտությունն ու արժանավորությունը:
Ի՞նչ կանենք:
Մենք ծնողներ ենք, այսինքն՝ ուզում ենք դաստիարակել մեր Երեխային: Քանի որ մենք հասկանում ենք, որ անկախ նրանից, թե ով է ում հետ հակամարտում. մենք՝ Երեխայի, թե նա՝ մեզ հետ, Երեխայի հետ բախումի լուծումը արդար կլինի ոչ թե այն դեպքում, երբ հասնենք մեր ուզածին կամ հաշտության ու համաձայնության գանք, այլ միայն այն դեպքում, երբ մեր Երեխան ինքն իրենից բարձրանա:
Երեխային առաջադրում ենք միայն այնպիսի պահանջներ ու արգելքներ, որոնք մոտ են նրա կամային ջանքերին և գոնե մասամբ նրա կենսական շահերն են շոշափում:
Բախումնային իրողության մեջ գտնվելով՝ մենք ինքներս մեզ արգելում ենք.
- խորացնել, սրել բախումը,
- մեղադրել Երեխային, դատավոր լինել նրան,
- Երեխայից բարձր կանգնել, ակնարկել նրա վրա մեր իշխանության մասին,
- ամոթանք տալ, սուտը բռնել, սպառնալ-կոպտել և ձայնը բարձրացնել։
Բախումնային իրողության ընթացքում՝
- դրսևորում ենք ստեղծագործ համբերատարություն,
- ջանում ենք Երեխային հակել փոխըմբռնման,
- վերաբերվում ենք նրան որպես մեծի և իրավահավասարի,
- նրան լսում ենք ուշադիր,
- պահպանում ենք բարեկամական տոնը:
Բախումնային իրողության դեպքում, կախված նրանից, թե մեր իրավիճակում հատկապես ինչ է պետք, որ բախումը կասեցվի, ավարտվի, լուծվի, հետաձգվի կամ սպառվի, մենք ընտրողաբար օգտվում ենք հետևյալ ներգործող մեթոդ- ձևերից.
- խնդրանք,
- հիշեցում,
- պատկերի ավարտում,
- վստահություն,
- հույս,
- ափսոսանք,
- տխրություն,
- արցունքներ,
- վիրավորվածություն,
- անկեղծություն,
- բացատրություն,
- հաշտություն,
- ներում,
- ներողություն,
- զղջում,
- ոգու ալեկոծում։
Այսպիսով՝ Երեխան խախտում է ընտանեկան հրահանգը՝ կյանքի կարգն ու կանոնը, փոխհարաբերությունը, բարոյական արժեքները, իրերի, բնության, կենդանիների հանդեպ վերաբերմունքը: Ընդհանուր առմամբ՝ անում է բաներ, որ թույլ տալ չենք կարող, չենք ուզում, որովհետև դրա մեջ տեսնում ենք վտանգ հենց իր համար, էթիկայի խախտում, հեռացում մեր կամքից, շեղում դեպի վատ սովորությունները: Պատճառները շատ կարող են լինել:
Երեխան մեր փոքրիկն է։
Նա գիտի՝ չի կարելի ձեռք տալ հայրիկի գրասեղանի իրերին: Բայց նրան գրավում է սեղանի ժամացույցը. այն յուրահատուկ ձև ու զանգ ունի: Երեխան բարձրանում է սեղանին և պտտում ժամացույցի սլաքները: Սլաքները ջադվում են, բայց նա շարունակում է ուսումնասիրել ժամացույցը: Մենք նրան բռնացնում ենք այդ զբաղմունքի վրա:
Մենք զայրանում ենք. ժամացույցը փչացել է: Մենք հիասթափված ենք. քանի անգամ ասացինք՝ չմոտենա հայրիկի սեղանին, ձեռք չտա իրերին: Իսկ նա խախտել է մեր արգելքը:
Մեզ տեսնելով՝ Երեխան, արագ իջնում է սեղանից: Շտապելուց շուռ է տալիս սեղանի լուսամփոփը և վայր գցում: Նա գիտի, որ մեղավոր է և, վախենալով պատժից, փախչում է մեզանից:
Բախումի և պատժի պատճառը պատրաստ է:
Բայց մենք չենք վազի Երեխայի հետևից, չենք զայրանա, առավել ևս՝ մտադիր չենք ապտակել կամ հայրիկով վախեցնել: Բայց և ձևացնել, թե ոչինչ չի պատահել, նույնպես չի կարելի:
Մենք հավաքում ենք սեղանի լամպի մնացորդները, նայում ենք ժամացույցին և տխրությամբ ասում. «Վա՜յ, սլաքները ջարդվել են, ժամացույցն արդեն չի աշխատում: Իսկ հայրիկը ո՛նց էր սիրում այս ժամացույցը… Որ տեսնի՝ ջարդված է, կտխրի: Իսկ մենք չենք ուզում նրան նեղացնել: Արի այստեղ, արի՝ փորձենք նորոգել, գուցե ստացվի՞: Ասա՝ ինչ ես արել սլաքները, ո՞ւր ես պտտել… Սլաքներն ո՞ւր կարող են ընկած լինել»:
Երեխան վերադառնում է սեղանի մոտ, փնտրում կորած սլաքը: Իսկ մենք շարունակում ենք. «Սիրում ես, չէ՞ հայրիկին: Սիրում ես, իհարկե: Ո՞նց նեղացնենք հայրիկին, նա լավն է… Իսկ սլաքներն ամրացնել չի հաջողվում: Ժամացույցը փչացել է: Պետք է ժամագործի մոտ տանել… Ո՞նց անենք, որ հայրիկը չնեղանա: Լավ կլինի՝ դու ինքդ նրան ասես, թե ինչ է պատահել, լա՞վ»:
Հայրիկը չի բարդացնի բախումը: Երեխայից իմանալով, թե նա ինչ է արել, լսելով նրա ներողությունը՝ տխրությամբ կասի. «Ժամացույցը կոտրվե՜՞լ է: Իմ սիրելի ժամացույցը: Այն ընկերներս էին նվիրել ծննդյանս օրվա առթիվ: Արի գնանք, տեսնենք՝ ինչ է եղել… Ցավալի է… Ի՞նչ արած, դու հո դիտմամբ չե՞ս արել, այդպես է ստացվել… Շաբաթ օրը կգնանք ժամագործի մոտ, կնորոգենք»:
Մեր Երեխան արդեն կրտսեր դպրոցական է։
Նա հեռուստացույց է նայում, բայց հարկավոր է դասերը սովորել: Հիշեցնում ենք նրան: «Հետո,- ասում է նա,- կհասցնեմ»: Բայց մենք փորձից գիտենք. հետո ուշ կլինի: «Խնդրում եմ՝ գործդ արա»,- հանգիստ ասում ենք: «Սա էլ է գործ»,- համարձակ ասում է նա:
Բախումը հասունանում է: Եթե շարունակենք պնդել կամ վերցնենք ու անջատենք հեռուստացույցը, Երեխայի համարձակությունը բարդ ձևեր կստանա. նա կսկսի պահանջել, որ թույլ տանք ֆիլմը մինչև վերջ դիտել, կբղավի, լաց կլինի, կամ էլ որպես բողոքի նշան՝ չի անի տնային առաջադրանքները: Եվ բախումը կսկսի ավելի խորանալ. մենք էլ մեր կողմից նույնպես հարկադրված կլինենք դիմելու ոչ դաստիարակչական միջոցների: Մեր խոսքում կսկսեն հնչել հրամաններ ու սպառնալիք՝ «անհապաղ», «ո՞նց ես համարձակվում», «արա՝ ինչ քեզ ասում են», և այլն:
Բայց մեր բախումը ուրիշ ձև կընդունի: Եթե նա՝ մայրիկը, նեղանա ու թողնի Երեխային: Թող ֆիլմը մինչև վերջ դիտի, բայց թող նաև զգա, որ իր չլսելով մայրիկին ցավ պատճառեց, վիրավորեց նրան: Ֆիլմից հետո Երեխան կմոտենա մայրիկին և կասի. «Գնում եմ դասերս անելու»: Կուզենա հարթել ստեղծված իրավիճակը: Մայրիկը չի արձագանքի: Որոշ ժամանակ անց Երեխան նորից կդիմի մորը. «Դու չե՞ս հուշի՝ ոնց լուծեմ առաջադրանքը»: Մայրիկը դարձյալ չի արձագանքի: Երեխան համոզվում է, որ մայրիկը վիրավորված է: Նրա ապրումները խորանում են: Նորից ու նորից դիմում է մայրիկին: Մայրիկը կոպտորեն չի պատասխանում, վրեժ չի լուծում: Բայց և խոսելու ցանկություն չունի: Երեխան սկսում է գիտակցել, թե որքան թանկ են իր համար մոր հետ հարաբերությունները, որքան ցավալի է, որ նեղացրել է մայրիկին: Այս ապրումները, այս հոգևոր տառապանքները ազնվացնում են Երեխային, սովորեցնում նրան լինել զգայուն և ուշադիր:
Այս բախումի հանգուցալուծումը պետք է ամրապնդի Երեխայի հոգևոր աշխարհի այն առաջխաղացումը, որ ապրումների և վերաիմաստավորման արդյունքը կլինի: Դա այսպես կարող է լինել. հերթական համառ փորձից հետո Երեխան հաշտվում է մոր հետ. մայրն ամենայն լրջությամբ կասի. «Արի պայմանավորվենք. ես կջանամ հասկանալ քեզ, իսկ դու պատրաստակամ եղիր իմ խնդրանքների հանդեպ: Համաձա՞յն ես»: Մայրը կգրկի Երեխային, կհամբուրի, կնայի աչքերին, և կեզրափակի. «Ո՜նց ես օր օրի խելոքանում: Ես հպարտանում եմ քեզնով»:
Երեխան դեռահաս է դառնում։
Նա խաղում է համակարգչով: Մայրը խնդրում է օգնել իրեն վարագույրները կախելու:
- Սպասիր…,- ասում է նա:
Որոշ ժամանակ անց մայրիկն ասում է.
- Կտրվիր համակարգչից, խնդրում եմ: Հետո ես ժամանակ չեմ ունենա վարագույրների համար:
Բայց Երեխան, մոլեխաղերով տարված, կոպտորեն ասում է.
- Ի՞նչ ես կպել ինձ: Ո՞ւմ են պետք քո վարագույրները:
Այդ դեպքում մայրիկը ցուցադրաբար թողնում է Երեխային:
Եվ երբ Երեխան վերջապես պոկվում է համակարգչից ու գնում մոր մոտ՝ «Արի կախենք վարագույրները» ասելով, տեսնում է, որ մայրիկը լալիս է, իսկ վարագույրները կախված են:
Երեխան զգում է, թե ինչպես է վիրավորել մայրիկին: Փորձում է հանգստացնել նրան:
- Կարող էիր սպասել,- ամաչելով ասում է նա:
Մայրը չի նախատում, չի կշտամբում, խույս չի տալիս նրա շոյանքից: Ողջ տեսքով ցուցադրում է, թե որքան վիրավորված է իր Երեխայի անուշադրությունից ու կոպտությունից: Նա պարզապես որպես պատասխան ասում է.
- Մի՞թե խնդիրը միայն վարագույրն է:
Եվ երբ նա սկսում է ներողություն խնդրել, մայրն ասում է.
- Ես քեզ ներում եմ, բայց դու քեզ կներե՞ս:
Իսկ հաջորդ անգամ մայրը կարող է ասել Երեխային մի փոքր վարանումով.
- Չգիտեմ՝ կարո՞ղ եմ արդյոք քեզ խնդրել, որ օգնես ինձ:
Երեխան մեծանում է։
Պատանին տուն եկավ ուշ ու մի փոքր խմած:
Մենք անհանգստանում էինք՝ նրան սպասելով: Նա չէր զգուշացրել, որ պիտի ուշանա, չգիտեինք՝ որտեղ է և ում հետ:
Ինչպե՞ս ենք նրան դիմավորում:
Ո՛չ, մենք հենց շեմքից չենք քննարկի նրա արարքը: Չենք վիճի և չենք մեղադրի: Բայց թող զգա, որ ինքը մեզ ցավ է պատճառել:
Հաջորդ օրը հայրը ժամանակ է գտնում՝ որդու հետ առանձնանալու (տանը, փողոցում) և նրա հետ տղամարդավարի զրույց է սկսում: Դա չի նշանակում, թե մենք նրա գլխին քարոզ ենք կարդում, ուղեղը լվանում, մեր ողջ իշխանությունը ցուցադրում, արգելքներ դնում: Տղամարդկային զրույցը մեր կայացրած վճռի հրապարակումը չէ:
Պատանի որդու հետ տղամարդկային զրույցը վարում ենք որպես հավասարը հավասարի հետ:
Եթե ինչ-որ բանում զգում ենք մեր մեղքը, ներողություն ենք խնդրում, բացատրում ենք անկեղծորեն, ազնվորեն, մեր ճակատագիրը նրա ձեռքն ենք տալիս: Նրան այնպես ենք տրամադրում, որ ինքն էլ մեզ հետ ազնիվ և բացսիրտ լինի: Նրան ըմբռնումով ենք լսում: Եվ ինչ էլ որ նա ասելու լինի, չենք զայրանում, չենք վիճում, այլ նրա ուշադրությունը հրավիրում ենք կատարվածի վերլուծության վրա ամենատարբեր տեսանկյուններից՝ ծնողական զգացմունքների տեսանկյունից, պատանեկան ձգտումների տեսանկյունից և նաև ապագայի տեսանկյունից:
Տղամարդկային զրույցը զրույց է «փակ դռների հետևում», չի հրապարակվում, դրանից հետո պատժամիջոցներ չեն կիրառվում: Այն լույս է սփռում մեր հարաբերությունների վրա, վանում խոչընդոտները, որոնք խանգարում են անկեղծ լինելուն: Տղամարդկային զրույցը ամրապնդում է մեր վստահությունը, իրար հասկանալու և սատարելու մեր պատրաստակամությունը:
Ի՞նչ է անում հայրը, եթե որդին խոստովանում է, որ վատ միջավայր է ընկել, ներքաշվել վատ գործերի մեջ:
Ո՛չ, մենք չենք զայրանա ու նրան մենակ չենք թողնի իր դժբախտության հետ: Մենք նրա ամենահավատարիմ ընկերն ու օգնականն ենք և մենք ձևեր կգտնենք՝ վտանգավոր ուղուց նրան ազատելու համար:
Տղամարդկային զրույցը թե՛ մեզ և թե՛ Երեխայի համար հնարավորություն է հոգևոր ընդհանրությունն ամրապնդելու և իրար մեջ թափանցելու համար:
Աղջիկը մոր հետ:
Մայրիկին դպրոցից տեղեկացրել են, որ իր աղջիկը առավոտյան դասի չի եկել: Բայց չէ՞ որ նա առավոտ վաղ դպրոց է գնացել: Ո՞ւր կարող է գնացած լինել: Գուցե նրա հետ ինչ-որ բա՞ն է պատահել: Եվ մոր սիրտը կորցնում է անդորրը: Նա չգիտի՝ որտեղ փնտրի աղջկան, ումից օգնություն խնդրի: Բայց ահա դպրոցական ժամից հետո աղջիկը սովորականի նման տուն է գալիս: Մոր հարցին՝«Դասերդ ինչպե՞ս անցան», պատասխանում է՝ «Նորմալ»: Նշանակում է՝ խաբում է մորը:
Ո՛չ, մայրը նրան հանցանքի մեջ չի բռնի, չի ասի, որ ինքն ամեն ինչ գիտի: Ամոթալի հարցաքննություն չի սարքի՝ որտեղ և ում հետ է «թրև եկել», ոնց է համարձակվել, ա՛յ, հայրը կիմանա… և այլն: Եթե այդ ճանապարհով գնանք, ապա նա նույնպես կպայթի, կասի, որ արդեն մեծ է, ու ինքն է որոշում՝ երբ, ում հետ և ուր է գնում: Բախումը կխորանա. այն մեր Երեխային օգուտ չի բերի:
Ուրեմն՝ ինչպե՞ս վարվի մայրիկը:
Նա կընդունի աղջկա պատասխանը: Բայց և օրվա ընթացքում այնպիսի դիրք կբռնի, որ վերջինս նկատի. մայրիկը գուցե գիտի՞ ճշմարտությունը: Ապրումները նրան կստիպեն առանց պատճառի մոտենալ մորը՝ իբր ինչ-որ բան հարցնելու, օգնություն առաջարկելու համար: Զուսպ պատասխաններն ու պահվածքը կխորացնեն նրա ապրումները: Եվ այդ դեպքում աղջիկը կգտնի մորը տխուր, առանձնացած, կհարցնի նրան, թե ինչու է անհանգիստ, իսկ մայրը կպատասխանի. «Վախենում եմ, որ իմ լավ ընկերուհին ինձնից հեռանանում է», ու նույնիսկ կհուզվի: Այդ ժամանակ աղջիկը կպատմի ողջ ճշմարտությունը, ներողություն կխնդրի իր ստի համար: Ու եթե մայրիկը նրան ըմբռնումով վերաբերվի, չկշտամբի, չմեղադրի, ապա աղջիկը կբացի սիրտը մոր առաջ:
Եթե բախումը Երեխայի հետ հասունանում է, և այլ ելք չկա, պետք չէ դրանից վախենալ: Երբեմն, երբ բախումն անցնում է, գալիս է ժամանակի մի բարակ շերտ, որը ճշմարտության պահերով է շնչում: Դրանք այնպիսի ժամանակահատվածներ են, երբեմն՝ ակնթարթներ, երբ ստեղծվում են մեր ճշմարտությունը հասկանալու համար Երեխային օգնող լավագույն պայմանները, իսկ մենք էլ ընդունակ ենք լինում նրա ճշմարտությունը հասկանալու: Մենք բոլորս՝ և՛ ծնողները, և՛ Երեխան, բաց ենք ու ընկալունակ, ուշադիր ու զիջող: Այդ ժամանակահատվածում Երեխան պատրաստ է յուրացնելու այն լավագույն կերպարները, որոնք ազնվացնում են նրա հոգևոր աշխարհը:
Ռեչիտատիվ. ոչ թե իշխանություն, այլ իմաստնություն
Սինտիի հարցը։
Բախումների լուծման Ձեր մոտեցումը ծնողին օգնում է իր Երեխային ավելի խորը հասկանալուն, նրա հետ բարեկամություն հաստատելուն: Բայց ես փորձեցի օգտվել ամերիկացի մի հեղինակի խորհուրդներից՝ ծնողական իշխանությունը հաստատելու համար: Իշխանությունս հաստատեցի իմ Երեխայի առջև, բայց, որպես կանոն, դրան հաջորդեցին Երեխայի գրգռվածությունն և կոպտությունը: Դուք, հուսով եմ, գիտեք այդ գիրքը: Կարո՞ղ եք արտահայտել Ձեր կարծիքը այդ նոր մեթոդների մասին:
Ես գիտեմ այդ գիրքը, որը ռուսական հրատարակչությունը «համաշխարհային լավագույն բեստսելլեր» է համարում: Ես չեմ տա հեղինակի անունը, որ չգովազդեմ այն:
Այն ամենը, ինչ հեղինակը ներկայացնում է որպես դաստիարակության նոր մեթոդներ, բոլորովին էլ նոր չեն: Երեխայի վրա ազդելու այդ բոլոր մեթոդները մանկավարժության մեջ հայտնի են: Հեղինակն իր համակարգն անվանում է «պոզիտիվ դաստիարակություն», բայց իրականում դա ավտորիտար դաստիարակության տարբերակներից է. գուցե ավտորիտարիզմը մի փոքր մեղմացված է Երեխայի կամքը մեծերին ենթարկելու ավելի փափուկ ձևերի միջոցով: Հեղինակի ամբողջ համակարգը կառուցվում է նյութականացված գիտակցության վրա: Նրանում բացակայում է ոգեղենության, հոգևոր ընդհանրության, բարեկամության հասկացությունը. դրա փոխարեն առաջարկվում են «Դիմադրությունը հաղթահարելու նոր մեթոդներ», «Իրավիճակի վրա վերահսկողությունը պահպանելու նոր մեթոդներ», «Սեփական իշխանությունը հաստատելու նոր մեթոդներ» և այլն:
Որքան հասկանում եմ, դուք օգտվել եք «Սեփական իշխանությունը հաստատելու նոր մեթոդներից»: Հեղինակն առաջարկում է լիարժեք վստահությամբ կրկնել միևնույն կարգադրությունը, որ Երեխան ի վերջո ընկրկի. առանց զգացմունքների հրամայել. հրամայել առանց բացատրության: Իսկ ծնողական իշխանության ցուցադրման այսպիսի «նոր մեթոդների» վերջաբանը, որի արդյունքում որոշակի դաստիարակչական արդյունք պիտի լինի, հետևյալն է. «Երեխա. ես ատում եմ քեզ:
Ծնող (հինգերորդ անգամ կրկնում է իր հրամանը). ես ուզում եմ, որ դու քո իրերը տեղավորես պահարանում: Երեխա. ես ատում եմ քեզ: Ծնող (կրկնում է վեցերորդ անգամ). ես ուզում եմ, որ դու քո իրերը տեղավորես պահարանում: Երեխա (իրերը տեղավորելով պահարանում). ուղղակի հավատս չի գալիս, որ դու էսքան չար ես»:
Հեղինակը գովում է իրեն, որ ստիպեց Երեխային՝ ենթարկվելու ծնողի կամքին, և դա համարում է դաստիարակչական ազդեցության արդյունք: Բայց լռում է, թե ինչ զայրույթով է Երեխան վերաբերվում մեծերին, և որքանով էր դա դաստիարակչական. «Ես ատում եմ քեզ… դու այնքան չար ես»:
Կամ էլ՝ աղջկա՝ հեռուստացույցն անջատելուց համառորեն հրաժարվելուց հետո (նա «շատ լավ ֆիլմ» է դիտում Շերլոկ Հոլմսի մասին) մայրիկն անցնում է հրամաններ արձակելուն. «Ես ուզում եմ, որ դու անհապաղ անջատես հեռուստացույցը»: Ի՞նչ է անում աղջիկը: Նա ցատկում է բազմոցից, անջատում հեռուստացույցը և դուրս թռչում սենյակից՝ շրխկացնելով դուռը: Ո՞րն է մանկավարժական հաղթանակը: Այն, որ մայրն իր իշխանությամբ աղջկան թույլ չտվե՞ց մինչև վերջ դիտելու «շատ հետաքրքիր ֆիլմը»:
Այն մասին, որ աղջիկը դուռը շրխկացրեց (դա արդեն կոպտություն է և անհարգալից վերաբերմունք), հեղինակը ոչինչ չի ասում: Նա ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ հետո աղջիկը վերադառնում է և ներողություն չի խնդրում մայրիկից, այլ առաջարկում է թուղթ խաղալ, և մայրիկը սիրով համաձայնում է:
Համեմատեք խնդրեմ բարեկրթության աստիճանը՝ ֆիլմ դիտել Շերլոկ Հոլմսի մասին և թուղթ խաղալ:
Բոլոր այն մեթոդները, որոնք կիրառվում են ծնողական իշխանության հաստատման համար և մղում Երեխային կոպտության, խոսքային վատ արտահայտությունների, գրգռվածության, չի կարելի դաստիարակչական անվանել, առավել ևս՝ պոզիտիվ դաստիարակության նոր մեթոդներ:
Պետք է հաստատել ոչ թե ծնողական իշխանությունը, այլ ծնողական իմաստնությունն ու մեծահոգությունը:
Էլեգիա: Աշխարհով քայլում է իմաստունը
Իմաստունը տեսնում է՝ վաղ առավոտյան երկու տղամարդ ամեն մեկն իր բակում մահակով ծեծում է իր որդուն: Նա հարցնում է տղամարդկանց.
- Ի՞նչ մեղք են գործել նրանք:
Երկուսն էլ պատասխանում են.
- Ոչ մի։
- Ուրեմն ինչո՞ւ եք ծեծում:
- Օրը երկար է… Որ մեղք չգործեն:
- Դուք դա ամե՞ն առավոտ եք անում:
- Այո՛: Ընդ որում՝ ես հարվածում եմ նրան մահակի աջ ծայրով, որ նա ուժեղ դառնա:
- Իսկ ես հարվածում եմ մահակի ձախ ծայրով, որ նա բարի դառնա:
Իմաստունն ասաց նրանց.
-Այդպես դուք դաստիարակություն չեք տա: Քո որդուց մանր գործերի սպասավոր դուրս կգա, քանզի նրա միջից ծեծելով հանում ես ողջ կամքը: Իսկ քո որդուց չարագործ դուրս կգա, որովհետև նրա մեջ չարություն ես ներարկում: Ուստի պահպանեք մահակները. դրանք ձեզ պետք կգան, որ ինքներդ ձեզ ծեծեք:
Տղամարդիկ չլսեցին:
Բայց այնպես եղավ, ինչպես ասել էր Իմաստունը. մեկը դարձավ խաղալիք ուրիշների ձեռքում, քանի որ նրա հետ ոչ ոք հաշվի չէր նստում, մյուսը սարսափի մեջ էր պահում մարդկանց, քանզի ավազակ դարձավ:
Իսկ առավոտները տղամարդիկ բակ էին դուրս գալիս և նույն մահակներով իրենք իրենց ծեծում:
Իմաստունն այդ ժամանակ ասաց. «Երկու ծայրով մահակ, որ ծայրով էլ ծեծես Երեխային, դաստիարակության վերջը նույնը կլինի՝ դժբախտություն»:
Ինտերմեդիա. Երեխան երես է առնում
Սինտիի հարցը։
Եթե 4-6 տարեկան Երեխան, անմտորեն երես առնելով, ուր որ է իրեն վնաս է տալու կամ վնասելու է ուրիշներին, իսկ մեր դիտողություններին ու արգելքներին ուշադրություն չի դարձնում, ինչպե՞ս վարվել: Պե՞տք է արդյոք նրան համոզել:
Ասենք՝ Երեխան կանգնած է զառիթափին, խաղում է, չարաճճիություն անում, իսկ զառիթափը կտրուկ է, վտանգավոր, մի անզգույշ քայլ, և կարող է դժբախտություն պատահել: Մենք որոշակի հեռավորության վրա ենք նրանից, այնպես որ չենք կարողանա անմիջապես կանգնեցնել նրան, կանխարգելել վտանգավոր խաղը:
Եթե կանչենք՝ «Այդտեղ վտանգավոր է… Չփորձես գնալ… Անմիջապես այստեղ արի… Կընկնես, ասում եմ… Դու լսո՞ւմ ես ինձ, ես ականջներդ կքաշեմ», և այլն, և այլն, կտեսնենք, որ մեզ լսելու փոխարեն նա կսկսի ավելի հանդուգն գործել: Եվ այդ դեպքում հնարավոր է, որ մենք ինքներս դառնանք դժբախտության պատճառը, քանզի մեր խիստ նկատողություններով և հրամաններով պարզապես խրախուսում և սաստկացնում ենք նրա չարաճճիությունները:
Ի՞նչ անենք այդ դեպքում։
Կանչում ենք Երեխային մեզ մոտ ավելի հետաքրքիր զբաղմունքի համար (նրա համար, իհարկե). «Նայի՛ր, ինչ եմ գտել քեզ համար… Շո՛ւտ վազիր, թե չէ էլ չես տեսնի»: Կամ օգնության ենք կանչում. «Ա՜խ, ոտքս եմ ոլորել, օգնիր ինձ, խնդրում եմ» և այլն: Սովորաբար Երեխան արձագանքում է նման կանչին, դեն է նետում իր վտանգավոր զբաղմունքը և վազում դեպի մեզ: Բայց մենք իսկապես պետք է նրան ինչ-որ բան ցույց տանք կամ նստենք գետնին ու ցուցադրենք մեր «ոլորած» ոտքը: Բայց երբեք չենք ասի, որ մտածված շեղեցինք նրան զառիթափից, քանի որ վտանգավոր էր նրա համար: Դա միայն հետո, երբ բռնենք նրա ձեռքը և մոտենանք զառիթափին, կարելի է զարմանքով ասել. «Վա՜յ, ինչ վտանգավոր է…»:
Իսկ եթե Երեխան չի արձագանքում մեր կանչին, ապա գնում ենք նրա կողմը, բայց այնպես, որ նրա ուշադրությունը մեր կողմը չգրավենք, չմղենք նրան առավել հուսահատ և անխելամիտ գործողությունների. տեսնելով մեր զայրույթը, հասկանալով, որ մենք ուզում ենք իրեն հեռացնել՝ նա կարող է փախչել մեզանից, կամ ի հեճուկս մեզ ավելի շատ մոտենալ զառիթափին: Հարկավոր է մոտենալ այնպես, որ Երեխան գլխի չընկնի մեր մտադրությունների մասին: Կարելի է անգամ հարցնել, թե ինչ հետաքրքիր բան է գտել: Մոտենալով նրան՝ մենք բռնում ենք ձեռքը և ջանում հեռացնել զառիթափի եզրից: Կարելի է հանգիստ բացատրել, թե ինչու է վտանգավոր վազել և խաղալ եզրին, շատ մոտենալ զառիթափին:
Այսպես մենք կարող ենք հեռացնել Երեխային՝ առանց ավելորդ հրամանների և հրահանգների, նաև զգուշանալ հնարավոր բախումից:
Այնուամենայնիվ, բախումն ամեն դեպքում կարող է տեղի ունենալ, եթե Երեխան, որի ձեռքը հենց նոր բռնել ենք, չհամաձայնի մեզ հետ գալ, այլ շարունակի խաղալ իր խաղը, որում ինքը ոչ մի վտանգ չի տեսնում: Բայց մենք պիտի ամուր բռնենք նրա ձեռքը և հեռու տանենք: Թող որ նա ընդվզի, թող գոռա, լաց լինի: Բայց թող զգա նաև, որ մեր մտադրությունը վճռական է: Անվտանգ տեղ գալով՝ մենք համբերատար, առանց զայրույթի հանգստացնում ենք նրան, ուշադրությունը շեղում մի ուրիշ անսպասելի բանի վրա: Իսկ հետո բացատրում ենք, թե ինչու նրան թույլ չտվեցինք մնալու զառիթափի եզրին, ու խրատներ տալիս:
Դիտարկենք մի ուրիշ դեպք:
Երեխան, առանց մեր գիտության և թույլատվության վերցնելով սուր դանակը, «խաղում» է երեխաների հետ՝ թափահարելով ու վախեցնելով նրանց: Կարող է դժբախտություն պատահել:
Կանչել Երեխային, որ նա անհապաղ վերադարձնի դանակը, չթափահարի երեխաների վրա կամ վազել նրա հետևից, որպեսզի հետ պահենք և վերցնենք ձեռքից դանակը. այս ամենը նրա ձեռնարկումը կդարձնի ավելի վտանգավոր: Ավելի լավ կլինի ինքներս «մտնենք» խաղի մեջ («Ես էլ եմ ուզում խաղալ ձեզ հետ») և աննկատորեն կամ ինչ-որ պատրվակով մոտենալ նրան և վերցնել դանակը: Եթե նա ընդդիմանա, դանակը ետ պահանջի, ապա մեզանից վճռականորեն կլսի՝ ոչ: Բայց պետք չէ բարկանալ և ահաբեկել: Փոխարենը առաջարկում ենք ուրիշ մի խաղ կամ մի ուրիշ իր՝ բնականաբար անվնաս: Բացատրությունը սկսվում է ավելի ուշ, երբ նա կհանգստանա և ի վիճակի կլինի մեզ լսելու:
Երբ Երեխան կանգնած է անդունդի եզրին կամ վնասում է մեկ ուրիշին, հարկավոր է անհապաղ կանխել հնարավոր բարդացումը: Համոզելու և բացատրելու վրա ժամանակ չենք կորցնում, այլ ուզում է նա դա, թե չի ուզում, հեռու ենք տանում նրան անդունդից, հետ ենք պահում նրան, որ չնեղացնի և չվնասի մյուսներին և մի կողմ ենք տանում: Եվ հետո միայն լուծում ենք բախումը:
Երբ Երեխան գտնվում է աֆեկտի վիճակում, երբ բորբոքված է, որ մենք կանխեցինք իր անգիտակից գործողությունները, մեր բարոյախոսությունը նրա համար անընկալելի է: Դաստիարակել բորբոքված, լացող, գոռացող Երեխային, նույնն է, թե սիսեռով խփել պատին: Հարկավոր է, որ Երեխան հանգստանա, ու բախումը անցյալ դառնա, նոր միայն կարելի է բացատրություն տալ, խրատել և զգուշացնել:
Ինտերմեդիա. վիրավորվելու արվեստը
Նինցայի հարցը.
- Որոշ հնարներ, որոնք Դուք թվարկեցիք բախումը լուծելու համար, ծնողներից պահանջում է վարպետորեն կատարում: Ասենք՝ ցուցադրել Երեխային սեփական վիրավորանքը, արցունքոտել աչքերն ու լաց լինել: Արդյո՞ք դրանք անբնական չեն դարձնում դաստիարակության գործընթացը:
Դաստիարակությունը, ինչպես ասում էր Կոնստանտին Դմիտրևիչ Ուշինսկին, մարդկության իմացած բարձրագույն արվեստն է: Նա ընդգծում էր, որ մենք դեռ գտնվում ենք այդ արվեստի մատույցներում:
Խոսքն այն մասին չէ, որ մենք՝ ծնողներս, արտիստներ դառնանք, այլ այն, որ մենք և մեր Երեխայի հետ ապրած կյանքն ընկալենք ռոմանտիկորեն: Կյանքը նույնպես արվեստի կարիք ունի: Ապրելու արվեստը, կարելի է ենթադրել, բարձրագույն գեղեցկությունն է:
Ինչ վերաբերում է այն կոնկրետ դեպքերին, երբ մայրիկը դրսևորում է իր վիրավորվածությունը կամ լալիս է, որ Երեխան իրեն վիրավորել է, ապա դա դաստիարակչական գործընթացը չի զրկում բնականությունից: Որովհետև մայրիկն իսկապես կարող է վիրավորվել Երեխայի պահվածքից: Բայց իր վիրավորանքի ցուցադրման համար թող որ կարևորի նրա դաստիարակության մասին միտքը: Այդ դեպքում նրա վիավորվածությունը դաստիարակաչական և իմաստուն կդառնա:
Մենք կարող ենք նեղանալ մեր ընկերոջից՝ բոլորովին չմտածելով նրա վերադաստիարակման մասին, այլ մտածելով միայն այն մասին, թե ինչու մեր ընկերը մեզ հետ այդպես անհարգալից վարվեց:
Բայց նեղանում ենք մեր Երեխայից ոչ այնքան այն բանի համար, որ մեզ հետ վատ է վարվել, որքան ավելի նրա համար, որ նա լավը դառնա, որ գիտակցի, թե ինչպես պետք է պահի իրեն, և որ նրա մեջ զարգանա զղջման, ինչպես նաև պատասխանատվության զգացումը իր բառերի և արարաքների համար:
Իհարկե, այսպիսի վիրավորվածության ցուցադրումը վարպետություն է պահանջում, իմաստնություն է պահանջում:
Բայց եթե մենք մեր վիրավորվածությամբ բաց թողնենք Երեխային դաստիարակելու մեր նպատակաուղղվածությունը, ապա գուցեև ստանանք հակառակ արդյունքը: Երեխան կհարմարվի մեր վիրավորվելուն, և նրա համար խնդիր չի լինի մեզ նորից ու նորից նեղացնելը: Կարող է և այլ բան ստացվել. Երեխան էլ իր ներսում մեր հանդեպ վիրավորանքը պահի, և այդ փոխադարձ նեղացածությունը մի երկար ժամանակ փչացնի մեր հարաբերությունները և վերջիվերջո վերածվի թշնամության:
Նույնը կարելի է ասել նաև մայրական արցունքների ու տխրության մասին ու նաև զայրույթի, ուրախության, գովասանքի, պատկերն ավարտելու և ապաշխարության մասին:
Դաստիարակության արվեստը մեզ տանում է գեղեցիկի և նրբագեղության դաստիարակչական գործընթացի ճանապարհով, անկեղծության ու նպատակաուղղվածության ճանապարհով: Բայց այս գործընթացը շատ կոնկրետ է. այն ուղղված է ոչ թե ինչ-որ աբստրակտ Երեխայի, այլ մեր Երեխային, ով իրեն հատուկ խառնվածք ունի, իրեն հատուկ էությունը, իրեն հատուկ շրջապատը: Այս ամբողջ իրեն հատուկը պահանջում է իրեն հատուկ դաստիարակության գործընթաց:
Դաստիարակության ընթացքում մենք ոչ միայն մեր Երեխային պիտի սիրենք, այլև դաստիարակության գործընթացը: Բայց միայն մեր արարած դաստիարակչական գործընթացի գեղեցկության շնորհիվ է, որ կարող ենք հաստատել մեր սերը Երեխայի հանդեպ:
Ինտերմեդիա. մոր զոհողությունը
Սինտիի հարցը.
- Կարո՞ղ եք հիշել Ձեր և Ձեր ծնողների միջև որևէ բախման մասին:
Հորս հետ որևէ բախում չեմ հիշում, գուցեև չի եղել: Ես արդեն ասել եմ՝ նա զոհվել է Հայրենական մեծ պատերազմում, երբ ես տասներկու տարեկան էի:
Բայց մորս հետ հիշում եմ այդպիսի մի դեպք:
Զինվորական կոմիսարիատից դպրոց էին եկել՝ զինվորական օդաչուական ուսումնարանի համար դեռահասներ հավաքագրելու: Դա 1944 թվականի աշունն էր: Հայրենասիրության, իսկ գուցե նաև չգիտակցված մի այլ զգացմունք ինձ մղեց գրանցվելու ցանկացողների ցուցակում: Դպրոցում միայն ես գրանցվեցի:
Անցավ երկու շաբաթ, և ես զինվորական կոմիսարիատից ուսումնարան զորակոչվելու մասին ծանուցում ստացա: Միայն այդ ժամանակ մայրիկն իմացավ իմ մտադրության մասին: Նա զայրացավ, թե ինչպես եմ նման որոշում կայացրել, այն էլ՝ առանց իր գիտության: «Ոչ մի զինվորական ուսումնարան չեմ թողնի,- կտրուկ հայտարարեց նա ինձ,- հայրդ արդեն զոհվել է ռազմաճակատում: Չեմ ուզում, որ հիմա էլ որդիս զոհվի»… Ես իմն էի պնդում, որ ուզում եմ զինվորական օդաչու դառնալ: Եվ անհարմար էր դիմումս հետ վերցնելը: Մայրիկի հետ հարաբերությունները լարվեցին: Բախումն ավելի սրվեց, երբ իմացա, որ մայրս անձամբ է գնացել զինկոմիսարիատ և խնդրել, որ ինձ հանեն ցուցակից: Մայրիկի փաստարկներն արդարացի էին համարել այնտեղ (նա երկրորդ կարգի հաշմանդամ էր, առանց հոր դաստիարակում էր երկու երեխաների), և ինձ ազատեցին տված խոստումից: Սակայն այն, որ մայրս այդպիսի քայլ էր որոշել անել առանց իմ համաձայնության, ինձ կատաղության հասցրեց:
Բախումը շարունակվեց մի քանի օր: Ես չէի ուզում խոսել մայրիկի հետ: Նա մի քանի անգամ փորձեց ինձ բացատրել, թե ինչու համաձայն չէ իմ զինվորական կարիերային, բայց ես չէի ուզում լսել: Մի հանգամանք էլ կար, որ ինձ անզիջում էր դարձնում. դպրոցում բոլորը գիտեին, որ միայն ես էի ցուցակագրվել զինվորական օդաչուական ուսումնարանի համար, և ինձ հերոս էի երևակայում: Ծանոթ ու անծանոթ դպրոցականներն անընդհատ հարցնում էին, թե երբ են ինձ վերցնելու ուսումնարան: Իսկ համադասարանցիներս ոգևորությամբ քննարկում էին այդ հարցը: Եվ ես պատկերացնում էի, թե ինչպես է ամբողջ դպրոցը ծիծաղելու ինձ վրա, երբ իմանա, որ մայրիկս թույլ չի տվել, միևնույն է, թե ուր՝ պիոներական ճամբար, թե օդաչուական ուսումնարան: Դա ինձ համար պատվի խնդիր էր:
Մի անգամ՝ դպրոցից վերադառանալով, մայրիկին գտա լաց լինելիս: Ես ցավ ապրեցի: Բայց ինչպես լինում է լարված հարաբերությունների ժամանակ, կոպիտ տոնով հարցրի նրան, թե ինչ է պատահել, ինչու է լալիս:
Ահա թե ինչ ասաց նա ինձ. «Տղաս, գուցե դու ճիշտ ես, և զինվորական օդաչու լինելը քո կոչումն է: Դեռ ժամանակ կա ուսումնարան գնալու: Ահա իմ հայտարարությունը համաձայն լինելու մասին: Դու իմ արցունքներին մի՛ նայիր: Գնա՛ զինկոմիսարիատ: Մենք քրոջդ հետ մի կերպ կապրենք: Մեր մասին մի անհանգստացիր…»
Միայն այդ ժամանակ ես հասկացա, թե ընտանիքում միակ տղամարդու ինչ պարտականություն է դրված իմ ուսերին: Եվ գիտակցեցի նաև, որ զինվորական գործը՝ զինվորական օդաչուն, իմ կոչումը չէ: Հասկացա, որ ես լավ օդաչու չեմ կարող լինել, քանի որ ճշգրիտ գիտություններն ինձ հեշտ չէին տրվում: Բայց ես գիտակցեցի նաև ամենակարևորը՝ մոր զոհողությունը: Նա՝ իմ հիվանդ մայրը, տխուր ժպտում էր արցունքների միջից, ասես ինձնից ներողություն էր խնդրում իր մայրական խանդի համար:
Այդ գիշեր հոգիս տանջվում էր. ինձ հարկավոր էր հավաքել ողջ քաջությունս և հաղթահարել ինքս ինձ, իմ դեռահասական ինքնուրույնության խոցելի զգացումը, հպարտության զգացումը: Ես հաղթեցի ինձ. առավոտյան մայրիկից ներողություն խնդրեցի, գրկեցի նրան, համբուրեցի, ասացի, որ սիրում եմ իրեն ու չեմ գնա զինվորական ուսումնարան, չեմ լքի իրեն և փոքրիկ քրոջս:
Իսկ դպրոցում ասացի, որ ես ինքս եմ այդպես որոշել, մայրիկը կապ չունի… Ոմանք ծիծաղեցին ինձ վրա, ոմանք էլ ասացին, որ ճիշտ եմ վարվել:
Դրանից հետո տասնամյակներ են անցել:
Այն, որ ես զինվորական օդաչուական ուսումնարան չգնացի, իհարկե, ճիշտ որոշում էր: Ինչ զինվորական օդաչու կլինեի ես, երբ իմ ամբողջ էությունը, որը դեռ ինձ անհասկանալի էր այն ժամանակ, ուղղորդում էր ինձ դեպի մանակավարժական կյանք:
Բայց իմ չմտածված քայլից հրաժարվելուն օգնեցին ինձ մայրիկիս արցունքները: Բացառված չէ, որ դրանք ոչ միայն ցավի ու վիրավորանքի արցունքներ էին, այլև դաստիարակչական կանխամտածված նպատակ ունեին:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Սոնա Կարապետյանի
[1] Բնագրում բանաստեղծությունը բերված է հին ռուսերենով։ Այստեղ ոտանավորով ներկայացվում է, որ երեխան ի բնե չար է, նա չի ուզի սովորել ու դաստիարակվել, եթե չպարտադրես: Հետևաբար՝ կեցցե պատիժը, դա նրան խելք է սովորեցնում: Ահա այդ բանաստեղծությունը.
«Хочеши чадо благ разум стяжати,
Тщития во трудах сыну пребывати;
Временем раны нужда есть терпети,
Ибо тех кроме безчинуют дети.
Розга малому, бича большим требе,
А жезл подрастшим, при нескудном хлебе.
Та орудия глупых исправляют,
Плоти целости ничтоже вреж дают.
Розга ум острит, память возбуждает,
И волю злую в благу прелагает…
Целуйте розгу, бич и жезл лобзайте:
Та путь безвинна; тех не проклинайте,
И рук, яже вам язвы налагают,
Ибо не зла вам, а добра желают».
- Բացվել է 972 անգամ