Ճամփորդությամբ, առանց շահերի ոտնահարման ուսուցում
Primary tabs
Վերջին շրջանում քննարկման լայն տարածում ստացած թեման՝ «Հայոց եկեղեցու պատմության» առարկայի պարտադիր ուսուցումը դպրոցական ծրագրում, հասարակության մեջ տարբեր արձագանքներ ստացավ, եղան մեկը մյուսին հակասող, ծայրահեղական, հաճախ անհիմն կարծիքներ: Նկատվեց անհանդուրժողականություն երկու կողմերից էլ՝ և՛ առարկան պաշտպանողների, և՛ առարկային դեմ արտահայտվողների: Արդյո՞ք այս քաոսն էր մեզ պետք: Արդյո՞ք այդ դասընթացը մերժողները կրոնական ռասիստներ են, կամ պաշտպանողները՝ Աստծո պես սուրբ:
Ես մի մոտեցում ունեմ՝ լինել հանդուրժող բոլոր հարցերում, չբռնանալ ոչ մեկի կարծիքի ու ցանկության վրա:
Առաջին վտանգը, որ նշում են հայոց եկեղեցու պատմության դեմ արտահայտվողները, հոգեբանական ճնշումն է։ Այո, ցանկացած պարտադրանք ունի իր վատ հետևանքները, միշտ կգտնվի մարդկանց մի շերտ, որ կդառնա պարտադրանքի զոհը: Նույնը կարելի է ասել նաև ուսումնական մյուս առարկաների մասին. ո՞վ կարող է չափել՝ ինչ ավերածություն է գործում, ասենք, մաթեմատիկայով ճնշումը զգայուն դեռահասի հոգեբանության վրա։
Իսկ ո՞րն է լուծումը: Հնարավո՞ր է կազմակերպել ուսուցում՝ առանց շահերի բախման։ Կամ հենց հայոց եկեղեցու պատմության առարկայական ուսուցո՞ւմն է ծանոթացնում մարդուն հոգևոր արժեքներին։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով ուսուցումը, ուսումնական պարապմունքները կազմակերպվում են նախագծերով, ճամփորդություններով, մշակութային և կրթական փոխանակումներով, ծեսերով, ստուգատեսներով, որոնք արտացոլված են ուսումնական օրացույցում:
Այս նյութով կփորձեմ ներկայացնել ուսումնական պլանի մի բաղադրիչի՝ ճամփորդությամբ ուսուցման համադրումը այլ բաղադրիչների հետ։ Այստեղ, կարծում եմ, չկա շահերի բախում. կա ուսուցում, հանդուրժողականություն, հայրենագիտություն ու մշակույթ:
Ճամփորդություն նախագծել, կազմակերպելն այդքան էլ պարզ բան չէ. գործ ունենք սովորողների տարբեր խմբերի հետ, ովքեր միմյանցից տարբերվում են իրենց հետաքրքրություններով, տարիքով, հայացքներով, ցանկություններով: Պետք է բովանդակությունն այնպես ձևակերպել, որ ընթացքն ու արդյունքը հասցնեն նպատակին:
Որպես Էկոլոգիա դասավանդող՝ խոսեմ բնապահպանական բովանդակությամբ ճամփորդության կազմակերպման իմ փորձից:
Բնապահպանական նախագծով ճամփորդությունները ամբողջանում են այլ բաղադրիչներով՝ հայրենագիտական, մշակութային, այդ թվում՝ ճարտարապետական։ Դրանք, պարզ է, մեզ ուղղում են դեպի վանքերը, գործող և խոնարհված եկեղեցիները, տեսարժան վայրերի «դասական» ցանկը, ուր պարտադիր այցելում են հայաստանցի և Հայաստան այցելող զբոսաշրջիկները: Այսպիսով ճամփորդությունը դառնում է ավելի հագեցած ու բոլորի քիմքին հաճելի:
Բերեմ օրինակներ:
Հանքարդյունաբերությունը հյուսիսում նախագծով որպես նպատակ ձևակերպված էր տեսնել-ուսումնասիրել հանքարդյունաբերությունը և բնապահպանական աղետը հյուսիսային Հայաստանում: Բայց հասնեինք Լոռու մարզ ու սահմանափակվեինք միայն հանքարդյունաբերության թողած հետքո՞վ, չտեսնեի՞նք մշակութային ու ճարտարապետական արժեք ներկայացնող Հաղպատը, Սանահինը, Ախթալայի վանքն ու բերդը, Օձունի տաճարը... Էլ ի՞նչ ուսուցում։ Չէ՞ որ սովորող-ճամփորդները պետք է տեսնեն այն հիասքանչ որմնանկարները, որ պահպանվել են Ախթալայի եկեղեցում, պարիսպների վրայից պետք է հիանան Դեբեդի ձորով... այդ դեպքում նաև ավելի խորը կտեսնեն նաև այն բնապահպանական աղետը, որը կոչվում է թթվային դրենաժ: Ճամփորդությամբ ուսուցում է սա՝ պատմությունից բնապահպանություն, քաղաքականությունից՝ կենցաղ: Սովորողի ճամփորդական պատումից մի հատված մեջբերեմ. «Վստահաբար կարող եմ ասել՝ հանքարդյունաբերությունը դեմ է տուրիզմին: Եվ ոչ ոք դա չի նկատում: Եվ այսպես երկար-բարակ խոսելով՝ ես չեմ կարող հետ բերել Սանահինի, Հաղպատի, Լոռվա ու Ախթալայի վանքերի անգնահատելի գեղեցկությունը» (Մարգարիտ Կարախանյան):
Կամ մեկ այլ ուղղություն՝ Ամուլսարից դեպի քաջարան էկոհայրենագիտական ճամփորդությունը՝ իր հանքերով, պոչամբաներով ու դասական ուղղությունների ցանկով՝ Շաքիի ջրվեժը, Զորաց քարերը, Վահանավանքը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը, Տաթևի վանքն ու ճոպանուղին: Վայրեր, որտեղ ուզում է լինել Հայաստան ժամանած ցանկացած զբոսաշրջիկ: Չէ՞ որ երեք հազար տարուց էլ ավելի է, ինչ քանդակագործները քանդակներ են ստեղծում, նկարիչները՝ նկարներ, գրողները՝ գրքեր. պատմության պատառիկներ, որ ունենք ու պետք է ցույց տանք, ու պետք է հպարտությամբ ցույց տանք բազմադարյա այդ մշակույթը, ու մեր սովորողները, Հայաստանում ապրելով, պետք է տեսնեն ու սովորեն: Մեկ այլ սովորողի ճամփորդական նյութից. «Մեր բոլոր կանգառներում հանդիպել ենք զբոսաշրջիկների հսկա բանակների: Ու հետաքրքիրն այն է, որ հիմնականում արտասահմանցի տուրիստներ էին, ու դա ուրախացնող էր: Մենք ապրում ենք Հայաստանում ու չենք եղել այդ վայրերում, իսկ հեռավոր երկրներից գալիս են հատուկ Տաթևի, Խնձորեսկի, Քարահունջի համար» (Եվա Սարգսյան):
Եվ բնավ պարտադիր էլ չէ եկեղեցում անպայման աղոթել կամ ժամերգության ու պատարագի մասնակցել. հոգևոր առումով գուցե բավական է ծանոթանալ կառույցի ճարտարապետությանը, աշխարհագրական դիրքին, մշակութային նշանակությանը, գնահատելը, հիանալը, տպավորվելը: Իսկ եթե ուզում ես լռությունն ու դատարկությունը լցնել շարականով, դա քո սրտից եկող է, առանց պարտադրանքի կամ խրախուսանքի արա: Մյուսներին էլ գրավում է այդպիսի կատարումը. չէ՞ որ վանքին, թեկուզ ավերված, այնքա՜ն վայել է շարականը... Չենք կարող մեր ունեցած լավագույնը կորցնել բախումների հորձանուտում: Ճամփորդությունների ժամանակ շատ կարևոր է նաև սովորողների մեջ հանդուրժողականութան սերմանումը:
Բերեմ ճամփորդական մեկ այլ օրինակ: Ստամբուլում կրթական փոխանակման նախագծի շրջանակում այցելում ենք Պոլսո հայոց պատրիարքարան՝ Եպիսկոպոսական աթոռներից մեկը, հայկական եկեղեցիներ ու նաև թուրքական մզկիթներ ու պալատներ: Այստեղ երկու մշակույթ ենք ուսումնասիրում. մեկը հայկականն է, որը չի ասիմիլացվել ու պահպանել է իր դեմքը, մյուսը՝ թուրքականը: Սովորողներս ուսումնասիրող աչքերով նայում են, հարցեր տալիս: Տեսնում են Թուրքիայում հայկական եկեղեցի, հայերեն տառեր, տեսնում են եկեղեցու ճոխությունն ու շքեղությունը և համեմատում հայկական գողտրիկ եկեղեցիների ու վանքերի հետ: Ստամբուլի հայկական եկեղեցում ուսումնական ժամերգությունը իր գրաբարով, շարականով, ավելի է կապում-միավորում արդեն կրթական փոխանակմամբ բարեկամ երևանցիներին ու ստամբուլցիներին։ Եկեղեցուց անցում մզկիթի, քրիստոնեությունից մահմեդականություն. երկու համաշխարհային կրոններ, որոնք իրենց մոտեցումներով ու գաղափարներով շատ տարբեր են, բայց մի երկրում հանգրվան են գտել ու իրար չխանգարելով՝ շարունակում են իրենց գոյությունը: Մի՞թե այս ճամփորդական նախագծերի մեջ քարոզ կա, կամ ատելություն: Իհարկե, չկա: Բայց ինչպե՞ս պիտի շրջանցվեր եկեղեցին, որ արհեստական չլիներ։
Սա է մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ բաց ու ներառող, սովորող ու սովորեցնող, հանդուրժող…
Կրոնը, կրոնական մոտեցումները խիստ անձնային են: Ինքս սիրում եմ իմ խղճի ու մտքի հետ առանձնանալ, առանց ավելորդ բեմականացման ու ցուցադրության:
- Բացվել է 1636 անգամ