Անցե՛ք առաջ, եթե լսում եք…
Primary tabs
Էջմիածին՝ ոտքով, առաջիկայում, ինչպես և հեծանվով կարո՞ղ ենք գնալ… Ծովակալ Իսակովով մշտական հեծանվորդիս աչքի առաջ է Երևան մտնող մեքենաների ճնշող երթը ամեն առավոտ ու ելքը Երևանից իրիկունով… Տրոլեյբուսային գծված-պաշտպանված, ինչպես և հեծանվային, քայլքային ուղիների գոյությունն անհրաժեշտություն է վաղուց: Մինչ այդ մնում է ավտոտրանսպորտը՝ երթուղայինն ու տաքսին, որով Բանգլադեշից՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մինչ Հռիփսիմեի տաճար կազմում է 1700 դրամ։ Ճիշտը Հռիփսիմեի մոտ իջնելն է, այնտեղ մեքենան թողնելը անգամ, մինչև հարմար ավտոկայանատեղիների կառուցումը…
Այսպիսով հասա՞նք Էջմիածին… Հասա՞նք, հարցնում եմ, Էջմիածին… Փորձե՞լ եք, փորձեք ոտքով, քայլքով, Արգավանդի խաչմերուկից, գյուղերի միջով, թե խճուղու մայթեզրով… Կփոշմանեք… Իսկ մտածվա՞ծ է Էջմիածին՝ որպես ուխտ, քայլքի ճամփա, հետիոտն-քայլքով-մի խմբով, առանց փողոցը փակելու, երթևեկությունը խանգարելու… Արժանապատիվ… Զուգարանի-ջրի-հիգիենայի պահանջի բավարարմամբ, էսթետիկ-անվտանգ…
Իսկ հեծանվո՞վ… սովորողների, ընկերների, ընտանեկան մի խմբով… պատմել եմ, Էջմիածին չմտանք, այլ Մարգարայի ճանապարհով, Երասխահունում բուռն ընդունելությամբ-դադարով, հասանք Մարգարայի կամուրջ… միամիտ-միամիտ հատելու էինք հայ-թուրքականը…
Հիմա՝ ճամբարային այս օրերին, մնում է միկրոավտոբուսը՝ որպես «Ուսումնական Էջմիածին» հունվարյան նախագծով ճամփորդության միջոց… Սկսեք, ճամբարային հայտից… Իսկ ես հաջորդ գրով կշարունակեմ, ձեզ չեմ թողնի Հռիփսիմե տաճարի մատույցներում… սեբաստացիներ, անծանոթ-ծանոթ երևանցի… Մեր ուսումնական ամենամյա ճամբարները՝ հունվարյան, ինչպես են հունիսյան, եղել են և կան բաց…
Կարմիր խնձոր, լալ ու մարջան…
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան։
Ես միշտ այսպես եմ տեսնում Հռիփսիմե տաճարը՝ Էջմիածնի մուտքին երևանյան (շշմելու է, ինչպես Կարմրավորը Աշտարակի), առանց բարձր-խուլ պատերի, անվտանգության ցածր պարսպով, որ չի խանգարում բարձունքի վրա տեղավորված գեղեցկուհուն վայելես, թափանցիկ-տեսանելի է դարձնում որպես խորոտիկ հարս, որ եկեղեցու բարձունքից տեսնես քո դեմ փռված նշանավոր, իր պաշտպանած, իրենց սրբացնող քաղաքը… Դադար առեք, սկսեք ընթերցումը իմ երեկվա գրից՝ «Քեզի մեռնեմ Էջմիածին» շարքի մուտքից…
Ես կխիզախեի, կազատագրեի Հռիփսիմե կույսին պարսպե շղթաներից՝ արևելքից, հյուսիսից, հարավից ամբողջությամբ, թողնելով միայն արևմուտքի հուշարձան-հողաշենը… Գո՜րծ է՝ միջնադարից եկող… Որ նայեք այսպես քաղաքից, փողոցներից շուրջ բոլոր Հռիփսիմեին՝ առանց խուլ, բարձր պատերի, կտեսնեք կգնահատեք այն հնարավորությունը, որ որպես հարստություն-առավելություն պահպանում է Հռիփսիմեն իր արևելյան, հարավային, արևմտյան ուղղություններով… անմշակ… Ես տեսնում եմ խաղողի կոլեկցիոն այգիներ իրենց՝ հնձաններով, Էջմիածնի բարիքների՝ գինիների, խաղողների… բացօթյա համտեսարանով, ձիթենիներ… մի բացօթյա այգեգործական ցուցադրություն, որով սկսվի, որպես Հռիփսիմեի հետ մի ամբողջություն, քայլքը Վաղարշապատով… Երբ դու կենդանի կատարմամբ որևէ երգչախմբի կարգավորված ժամերգություն-երգեցողություններ կլսես, գրաբարյան ընթերցումներ Կտակարանի, քարոզներ, աղոթք… Ի՜նչ պատվիրատու կարող է լինել ազգագրական-հոգևոր ամենատարբեր մատուցումների համար Հռիփսիմեն՝ իր շրջակայքով, մուտքով Էջմիածնի…
Հա, ես կուզեմ մենթոր-օգնական աշխատել Էջմիածին քաղաքի համար. վարձեք-հրավիրեք ինձ էջմիածինցիներ, քաղաքապետ-ավագանի, ես սիրով տարբեր խմբերի հետ՝ էջմիածինցիների ու Էջմիածնով, իմ պատումով-զարգացումով հետաքրքրվածների, քանի անգամ կուզեք՝ ուղեկցեմ ձեզ իմ Էջմիածնով… Պայմանով, որ ողջ քաղաքով, հայաստանյան՝ հայոց մտավոր-նյութական աջակցությամբ, սկսում ենք որպես ստեղծարար-համախմբող աշխատանք, Էջմիածնի որպես իրական ուխտավայր հայոց, ներկայացումը՝ որպես մի ամբողջական, տևական-շարունակական նախագիծ, որի համակարգման համար ես ինձ պատրաստ եմ զգում։
Ինչպես եմ անցնո՜ւմ… Այսպես՝ ծիսական-բաց հարսանիքների, կնունքների, ազգագրական փառատոների, հավաքների, ոտքի, հեծանվի փողոցների, թառմաներով մայթերի, այգեգործական ցուցադրական հյուրասիրության, ժողովրդական տների ու բակերի, մառանների, տնայագործների, Հռիփսիմե-Շողակաթ-Մայր տաճար-Ճեմարանի եկեղեցի-Աստվածածին-Գայանե տաճարների՝ որպես հոգևոր-եկեղեցական միասնական համալիր՝ իր թանգարաններով-բաց-բացօթյա հոգևոր ուսուցման միջավայրով, Գևորգյան ճեմարանի, «Էօռնեկյան» դպրոցի սաների, վանքերի կամավորների անընդհատ խաղաղություն և օրհնություն պարգևող Աստվածատուր քաղաքամայրս…
Եկանք հասանք հանրային ուրախության կազմակերպմանը, ուրախության հանրայնացմանը… ծեսին, հայոց հանրային կյանքում սրա անտեսմանը։ Պահո՜, խնդիրը մեր բարդացավ, թե պարզունակացավ՝ սկսած մի հացի-սեղանի իրավունքից, այդ թվում՝ նաև խաշի, քաբաբ-խորովածի, կոնծելու, վերջացրած մնացածով՝ ազատ ընտրած աղմուկի տակ պարելը… ձեռքերը թափահարել-մարմինը կարեցած ձևով շարժելը… քծնելը… իրար մոտիկ լինելը՝ պաշտոնակցի, առաջնորդի հետ… առաջնորդի կողքին հավասար լինելու զգացումը… բաժակ-բաժակին զարնելը… Հարսանիք, կնունք-ծնունդ, քեֆ-ուրախություն՝ ողջը անծես-հակաճաշակ…
Քանդակագործ, պոետ, լրագրող, պրոֆեսոր, գրող, ուսուցիչ, չորս երեխաների հայր Մասիմո Լիպիին՝ Ֆլորենցիայի հետ հայտնագործած ու ինձ էլ պարգև դարձրած Վիգեն Ավետիսի հետ նամակ-զրույցը՝ նամակագիրը մտքումս, թողեցի Երևանը մեր Մեդիակենտրոնում, ու սեբաստացի ընկերների մի խմբով Էջմիածնով-Աշտարակ-Ամբերդ, Էջմիածնի տարածքի, Այգեշատ, Ոսկեհատ կանգառներով, Աշտարակով երեկոյան մտանք Երևան։ Հայրենագիտությունն է Կյանքի դպրոցի։ Էջմիածնում քայլեցինք Աստվածամոր եկեղեցուց, որտեղ կանգ էինք առել վերջին անգամ, պատմել եմ, խոստում է՝ անկատար-դրժած էլ չեմ թողնում, Էջմիածնի հայտնի նկարիչներ-քաղաքացիներ, ընկեր դարձած Հարություն Հարությունյանի ու Ղազար Միրզոյանի ուղեկցությամբ մտանք Ռոմանոս Մելիքյանի փողոց, որտեղ ապրել են՝ բնակվել Ռոմանոսը, Եղիշե Թադևոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մակար Եկմալյանը, Գուսան Շիրինը… Լրացրեք, Վաղարշապատի գիտակներ։ Անհավատալի է թվարկումն այս, փողոցի այսօրվա տեսքը, ոնց որ երեսուն տարում մեր կենցաղ, ուրախություն դարձած աղմուկը՝ այսօրվա երաժշտություն կոչվող հորինվածքը․․․ Վաղարշապատից ո՞ւր հասանք…
Ես Վիգենի հետ հրապարակում էի այն օրերին, որոնք թերթերը միտումնավոր ու «Թավշյա հեղափոխություն» են անվանում։ Հեղափոխությունները երբեք թավշյա չեն լինում։ Այս բառը ելևէջորեն արտահայտիչ է, բայց․․․ հապճեպ։ Այդպես ասողները չեն սիրում իրենց իրական ճակատագիրը և Հայաստանի Սուրբ հողն արևի տակ։ Կարևոր է ոչ թե հնի վերակենդանացումը, այլ ճակատագրի իրականացումը։
Մասիմո Լիպի
Հարությունն ու Ղազարը ցույց էին տալիս երեսուն տարվա՝ հեղափոխությամբ, շինարարության «բում»-ներդրումներ դարձած ցուցանիշներով բուսած լպստան-կեղծ-հակաճաշակ ամեն մի տան տեղում նախկինում եղածը՝ ինչ է քանդվել, ժողովրդական տունը-պատմական մասունքը, մշակութային արժեքը ու տեղը ահա․․․ հեղափոխության ոչնչացրած Վաղարշապատ․․․ Քանի՞սն են միայն էջմիածնում․․․ տասնյակ ու տասնյակները․․․ թվարկում են.
– Բոլոր նկարները, չափագրումները, երկար շրջան բանկիր աշխատած հանգուցյալ Ստեփանի գեղանկարները կգտնեք էջմիածնի երկրագիտական թանգարանում․․․
Մենք խոսում ենք Եղիշե Թադևոսյանի դատապարտված, զարմանալի՝ իր ստեղծագործությունների, կյանքի նման տան առաջ, մաքրելով սանդուղքների աղբը․․․ Սեփականատեր ունի, որ ինչ ուզի՝ կանի․․․ Սպառնում է․․․ Հարցնում եմ.
– Էս երեսուն տարում քանդված-կորցրածը, ոտի տակ տվածը թվարկեցիք, կարո՞ղ եք ասել, երեսուն տարում ի՞նչ հիշատակի արժանի բան է կառուցվել Վաղարշապատում։
Մարդիկ, որ փետրվարի 16-ին ցուցահանդես են բացում Երևանի նկարիչների տանը, որ ամիսներ առաջ ազատ Էջմիածնի քաղաքապետ են ընտրել, որ մեզ հետ միացել են ժամանակակից արվեստի թանգարան ունենալու ծրագրով, որ քաղաքային բազում խնդիրների մեջ են… հանձնված են բոլորը․․․ Ի՞նչ, ժողովրդական բոլորը տները հերթով քանդվելո՞ւ են․․․ 1988-ի հեղափոխությունը՝ այն ժամանակ ազգային վերածնունդ կոչվող, հիմա, 2018-ից՝ թավշյա, մեր մասնակցությամբ շարունակվո՞ւմ է Հին Երևանում, Էջմիածնում, Ոսկեհատում․․․ Սա՞ է հեղափոխության բերած թավիշը…
Ես այս մոլոր-կործանում տանող ճանապարհով չեմ գնացել, չեմ գնա, իմը չէ։ Տիրոջ ծառաները «կփոխվեն» այսպիսով, երեկ՝ Հանրապետականը ծառա, դրանից առաջ՝ ՀՀՇ-ն, այսօր՝ Քաղաքացիական պայմանագիրը… Ես եղել ու մնում եմ Նոր ուղի, մասնակցային կառավարման ջատագովը… Ահա ինչու, հիմա իմ գրում ասում եմ՝ Վիգեն Ավետիսի և այլ արվեստի պատվիրատուների հետ սկսում եմ այցելել Էջմիածին. կմտնեմ գործող նկարիչների արվեստանոցներ, կներկայացնենք մեր առաջարկը։ Զանգե՛ք կամ գրե՛ք, եթե գործընկեր եք, հրավիրե՛ք… Իրար ճանաչելու ընթացքում կձևակերպենք նախագիծը՝ Ժամանակակից արվեստի ցուցասրահ Էջմիածնում… Կորոշենք տեղը, ձևը… հնարավորություն կտանք յուրաքանչյուրին՝ Էջմիածնում, նրանից դուրս, որ Երևանից՝ հյուրանոցից, կամ օդանավակայանից ուղիղ մտնում է Մայր Աթոռ, քաղաքին-քաղաքացիներին՝ մասնակիցը դառնալու կարևոր նախագծի իրագործմանը…
- Բացվել է 796 անգամ