Միասնական քննություն. հակասություններ, չլուծված հարցեր

Ամերիկացի նշանավոր փիլիսոփա-իդեալիստ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Սիդնի Հուքը այսպիսի մի միտք ունի. «Յուրաքանչյուր ոք, կրթության մասին խոսելիս, հիշում է իր ուսուցիչներին, ոչ թե մեթոդները և տեխնիկան: Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է»: Փիլիսոփայի խոսք է, կարծիք չեմ հայտնի, պարզապես մոտեցումներս կշարադրեմ դպրոցի, ուսուցչի, կրթության և աբսուրդի մասին:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օրեր առաջ «Արդի կրթական զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ասաց, որ պետք է դպրոցներում այնպիսի մթնոլոտ ստեղծվի, այնպիսի կրթական բարեփոխումներ պետք է արվեն, որ ունենանք անկախ մտածելակերպով, քննադատող, վերլուծող աշակերտ: Հրաշալի է: Եվ ԿԳՆ-ն ի՞նչ է անում այդպիսի աշակերտ ունենալու համար.

  • դե, դասագրքերը երկու հատորով են լինելու, որ պայուսակը ծանր չլինի.
  • պատմության դասագրքերում մարտի 1-ի իրադարձությունների ներկայացումը վերանայելու համար ստեղծվել է հանձնաժողով.
  • «Շախմատ» առարկայի դասավանդմանը նախարարը կողմանակից է.
  • նոր հրամանով կարգավորվել է, թե քանի բալ հավաքելու դեպքում աշակերտը կփոխադրվի հաջորդ դասարան.
  • 9-րդ դասարաններում հայոց լեզվի քննությունը կլինի կենտրոնացված։

Համոզո՞ւմ է։ Կրթության որակին ուղղված բարեփոխումների շարքը կարող եմ շարունակել, բայց կկանգնեմ վերջին երկուսի վրա:

Ինչո՞ւ հենց հայոց լեզուն, մյուս առարկաներն ինչո՞վ կարևոր չեն, կամ մյուս առարկաների քննությունների ժամանակ տնավարություն չկա՞, իրար չե՞ն օգնելու, կոռուպցիա չկա՞:

Ամեն ինչ արվում է, որ հայաստանցի աշակերտն ատի մայրենի լեզուն: Թեստերում, որոնցով փորձում են ստուգել գիտելիքը, ինչ որ չի երևում անկախ մտածելակերպով, քննադատող, վերլուծող աշակերտը:

Մի մեջբերում անեմ Արայիկ Հարությունյանի՝ «Քանի՞ բալ հավաքելու դեպքում աշակերտը կփոխադրվի հաջորդ դասարան նոր հրամանից. «2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան»: Ո՞վ է գնահատողը և փոխադրողը: Պարզ է՝ ուսուցիչը: Փաստորեն նշված դասարաններում ուսուցչի դրած գնահատականին չենք կասկածում, սովորողը կարող է փոխադրվել հաջորդ դասարան, բայց 9-րդ դասարանում կասկածում ենք. սա այն դեպքում, որ 12 ամյա կրթությունը պարտադիր է: Ու գիտե՞ք՝ ծիծաղելին որն է. քնության կարող են մասնակցել այն սովորողները, որ չունեն տարեկան անբավարար գնահատական տվյալ առարկայից: Իսկ այդ գնահատականը էլի ուսուցիչն է նշանակում: Մի դեպքում վստահում եք ուսուցչին, մյուս դեպքում՝ չէ: 

Շարունակելով հետևողական լինել՝ անցնենք առաջ: Քննությունը միասնական է, իսկ վերաքննությունը՝ ոչ: Ինչի՞ համար է դա արվում, որ դպրոցում դրական ստանան, հա՞: Ես այդպես չէի անի: Պատկերացրեք մի իրավիճակ. ուսուցիչները, լինելով խիստ հետևողական, անբավարար են նշանակում մեծ թվով սովորողների, նրանք էլ չեն փոխադրվում հաջորդ դասարան: Պետական բյուջեն քանի՞ տարի գումար կհատկացնի նույն մարդուն նույն դասարանում սովորելու համար, կամ քանի՞ մարդու համար է նախատեսում վճարել ոչ թե 12, այլ 13, 14, 15 տարի։

Ստացվում է՝ հենց 9-րդ դասարաններում դասավանդող ու հենց հայոց լեզվի ուսուցիչներն են կաշառակեր: Այնքան կոռումպացված են, որ նրանց պատժելու համար քննությունը կիրակի օրով է դրվել: Իսկ կիրակի աշխատանքային օրվա համար վճարելո՞ւ ենք ուսուցիչներին, կազմակերպիչներին ու տնօրեններին:

Անտրամաբանականի շարքում կանգ առնեմ նաև օրենքով որոշված համընդհանուր ներառականության վրա: Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննությունը կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների ընտրության, իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ: Հատուկ կարիքով սովորողների համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ կարիքին համապատասխան, բայց նա գրում է այն թեստը, ինչ մյուսնե՞րը: Եվ ի՞նչ ներառականություն, եթե անբավարար ստացածները դուրս են մնում, կարիքովները ընտրելու իրավունք են ունենում, մյուսները՝ ոչ, քննությունը միասնական է, վերաքննությունը՝ տեղային…

Սփյուռքահայ սովորողների մասին տառ անգամ չկա աշխատակարգում, կարծես նրանք գոյություն էլ չունեն: Իսկ հիշու՞մ եք ներգաղթյալների երեխաներին ընդառաջելու հայտնի կոչը: Նախկինում էլ եմ ասել, կոչեր անելը հեշտ է, բայց ո՞ւր են այդ կոչի շահագրգիռ իրագործողները: Արևելահայերեն ինչպե՞ս են քննություն հանձնելու լիբանանահայերը, իրանահայերը, Արաբական Էմիրություններից, ԱՄՆ-ից եկած հայ սովորողները: Հավատացեք՝ դժվար է լինելու մի քանի ամսում այլ կրթական ու լեզվական համակարգից տեղափոխված սովորողներին հասցնել միասնական քննություն հանձնելու:

Ստացվում է, որ միասնական քննությունն իրեն վերապահված խնդիրները չի լուծում։ Կրթական բարեփոխումներ անելու, «քննական կոռուպցիայից» խուսափելու ձևերից մեկը քննությունները հանելն է: Քննությունը ավելորդ լարում է, ռեսուրսների աննատակ վատնում. չէ՞ որ ի վերջո գնահատողը մնում են ուսուցիչն ու դպրոցը: 

Իսկ հեղինակային կրթական ծրագրի սովորողին պետք չէ թեստավորել, որպեսզի բացահայտենք նրա մտածելակերպը: Ինչո՞ւ պիտի բլոգավար սովորողը թեստով քննություն հանձնի. մի՞թե ամեն օր իր բլոգով նա հանրային քննություն չի հանձնում։ Խոսքս ավելի համոզիչ դարձնելու համար կցեմ սովորողներիս ճամփորդական վերջին պատումները: Ա՛յ, ճամփորդությունն իրական ուսուցում է. նախապատրաստում, ուսումնասիրություններ մինչև ճամփա ընկնելը, ուսուցում՝ ճանապարհին ու վերլուծություններ, մտքեր արդեն վերադարձից հետո:

  • «Սկզբում մեր նշանակետը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն էր: Ապա անվերջանալի թվացող ճանապարհը տարավ մեզ դեպի Ախթալայի վանք: Ուղղակի տեսնել է պետք: Վանքը ներսից ամբողջությամբ պատված էր մանրանկարներով: Ասում են, որ Հայաստանում միակն է: Իսկապես, որ գեղեցիկ էր, յուրահատուկ ու ներսի սառնությունը նույնիսկ չէինք զգում, այնքան հմայված էինք: Վանքը բազմած էր Դեբետի կիրճի վերևում, որտեղից հրաշք տեսարան էր բացվում: Օրեր առաջ նյութ էի հրապարակել, որտեղ խոսել եմ Դեբետի մասին»: Ալլա Բարսեղյան (10-րդ դասարան)
  • «Տեսարանները քննարկելով՝ ուղևորվեցինք դեպի Նահատակ պոչամբարը։
    Մինչ այդ մենք ուսումնասիրել էինք հանքարդյունաբերության ոլորտը և պոչամբարների մասին լավ տեղեկացված ենք։ Տեսնելով պոչամբարը, պոչամբարի կողքին գտնվող տունը, պոչամբարի մեջ ինչ-որ գործ անող մարդուն՝ մենք տխրեցինք»
    Անուշ Թադևոսյան (10-րդ դասարան)

Թեստի միջոցով քանի՞ քննադատող սովորող կբացահայտեք: Տեսեք՝ ավագ դպրոցի սովորողը ուսումնական նախագծով ուսումնասիրում է կառավարության ծրագիրը, այդ մասին գրում, քննադատում, առաջարկներ անում. մի՞թե սա այն չէ, ինչ հանրակրթության չափորոշիչը պահանջում է՝ ազատ, մտածող քաղաքացի:

  • Թե կառավարության ծրագրում, թե «Իմ քայլը» դաշինքի ծրագրում ակտիվորեն նշվում է ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ կառավարման մասին։ Կառավարությունը սա համարում է իր գլխավոր խնդիրներից մեկը, իսկ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նախատեսված էր ջուրը դարձնել Հայաստանի այցեքարտը միջազգային ասպարեզում։ Կարդալով այս կետերը՝ նույնիսկ չես էլ կասկածի, որ այս ոլորտը կարող է վտանգի տակ լինել, բայց երբ կարդում եմ բնապահպանության տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի հանրային հաշվետվությունը պաշտոնից ազատվելուց հետո, տեսնում եմ, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել ջրախնայման ոլորտում, հասկանում եմ, որ նշված կետը իրագործելու համար իսկապես կախարդական փայտիկ է հարկավոր։ Ֆելիքս Եղիազարյան (11-րդ դասարան)
  • Նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ապահովող ճյուղն է, և դրանից խուսափելու դեպքում մարզերում ապրող մարդկանց կեսը դառնում է գործազուրկ:
    Կառավարության ծրագրի հաջորդ կետում նշվում է, որ պետք է բացահայտվեն ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերը:
    Եվա Սարգսյան (11-րդ դասարան)

Եկեք հիմա էլ մի էքսկուրս կատարենք սոցցանցերում, պաշտոնական կայքէջերում, լսենք լրագրողների, պաշտոնատար անձանց, պատգամավորների, դերասանների և այլն: Կտեսնեք բազմաթիվ վրիպումներ, ոչ ճիշտ ձևակերպված մտքեր, տառասխալներ: Ստացվում է, որ լեզվական սխալներ անող պաշտոնյաներ, գործիչներ, մասնագետներ կարող են լինել, 9-րդ դասարանցիներ՝ ո՞չ։ Գուցե ԳԹԿ թեստերով քննություն լինի նախ՝ ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների համար, հետո՝ ամենատարբեր այլ պաշտոնյաների, լրագրողների, գործիչների, այլ առարկաների ուսուցիչների համար... Հանկարծ չպարզվի՞, որ մեր ժողովուրդը մայրենիի խնդիր ունի։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский