Անգլերենի ուսուցումը անգլիայում որպես մայրենի լեզու. այլոց փորձի ուսումնասիրում
Primary tabs
Այլոց փորձի այս ուսումնասիրումն արվել է կրթահամալիրի մանկավարժական ակումբի ցուցումով, որի նպատակն է պարզել, թե ինչպես է իրականացվում անգլերենի ուսուցումը Անգլիայի հանրակրթական դպրոցներում՝ որպես մայրենի լեզու: Մասնավորապես, մեզ հետաքրքրում է, թե ինչ պետական և անգլերենի ուսուցման առարկայական չափորոշիչներով են առաջնորդվում, գիտելիքների և լեզվական կարողությունների գնահատման ի՞նչ չափանիշներ են ընդունված, լեզվական ի՞նչ քննություններ են կազմակերպվում սովորողների տարիքային այն խմբի համար, որը համապատասխանում է մեր հանրապետության միջին դպրոցի տարիքային խմբին՝ (11-14 տարեկաններ): Մանկավարժական ակումբին հետաքրքրում է նաև այն, թե որքանով են անգլերենի առարկայական չափորոշիչները համապատասխանում սովորողների գիտելիքները և կարողությունները ստուգող քննության պահանջներին:
Ընդհանուր տեղեկություններ Անգլիայի կրթական համակարգի մասին
Անգլիական պետության կողմից ֆինանսավորվող կրթական համակարգը մի քանի փուլերից է բաղկացած. նախակրթարանային փուլ (3-5 տարեկաններ), տարրական կրթություն, որն իր հերթին բաժանվում է երկու փուլի՝ (5-7 տարեկաններ) և (7-11 տարեկաններ), միջնակարգ կրթություն, որն իր հերթին բաժանվում է երկու փուլի KS 3 (11-14 տարեկաններ՝ ընդգրկելով ուսումնառության 7-րդ, 8-րդ և 9-րդ տարիները) և KS 4 (14-16 տարեկաններ`ընդգրկելով 10-րդ և 11-րդ տարիները), ավագ դպրոց KS 5 (16-18 տարեկաններ), բարձրագույն կրթություն (18 + տարեկաններ):
Միջնակարգ կրթություն ստանալը պարտադիր է Անգլիայում: Միջնակարգ կրթության վկայականը սովորողներն իրենց ուսումնառության 11-րդ տարվա վերջում ստանում են՝ հանձնելով միջնակարգ դպրոցի ավարտական քննության 0՝ (միջին մակարդակը): Այն սովորողները, ովքեր ուզում են հետագայում բարձրագույն կրթություն ստանալ, պետք է ևս երկու տարի սովորեն ավագ դպրոցում, որը նախապատրաստում է նրանց միջնակարգ կրթության ավարտական քննության A մակարդակին: Ավագ դպրոցի առաջին ուսումնական տարվա վերջում սովորողները պետք է հաղթահարեն ավարտական քննության AS մակարդակը (համահարթեցված բազմընտրական հարցաշարային քննություն է), իսկ երկրորդ տարվա վերջում՝ A2-ը (հարցերին պատասխանում են պատճառահետևանքային կապերով, տրամաբանորեն շարադրված տեքստերով): Սովորոը A մակարդակի միջնակարգ կրթության վկայական է ստանում, եթե այս երկու քննություններից ստացած ընդհանուր բալերի քանակը 90 և ավելին է:
Փաստորեն Հայաստանի կրթական համակարգը էականորեն տարբերվում է անգլիականից: Անգլիայում պարտադիր չէ ավագ դպրոցում սովորելը: Այնտեղ ավագ դպրոցում սովորում են միայն այն աշակերտները, ովքեր իրենց կրթությունը շարունակելու են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ինչու՞ է մեր հանրապետությունում 12-ամյա կրթությունը պարտադիր այն սովորողի համար, ով չի ուզում, կամ էլ անկարող է կրթությունը շարունակել համալսարանում: Սա մի հարց է, որը չունի տրամաբանորեն հիմնավորված պատասխան:
Անգլիայում և Ուելսում իրականացվող միջնակարգ կրթության KS 3 փուլը, որը համապատասխանում էուսումնառության 7-րդ, 8-րդ, 9-րդ տարիներին (11-14 տարեկաններ):
Անգլիայի և Ուելսի Կրթության ազգային ծրագիրը վերջին անգամ 2014-ին է հաստատվել:
Կրթական ծրագրի մի քանի հայեցակարգային դրույթներ
Պետության կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր դպրոց պետք է առաջարկի հավասարակշռված կրթական ծրագիր, որը՝
- ապահովում է աշակերտների հոգևոր, բարոյական, մշակութային, մտավոր և ֆիզիկական զարգացումը դպրոցում և հասարակության մեջ,
- աշակերտներին նախապատրաստում է հետագա կյանքի փորձություններին, պատասխանատվությանը և հնարավորություններին:
- կրթության ներառականությունը. կրթական հավասար իրավունքներ ունեն դպրոցական տարիքի բոլոր երեխաները անկախ կրոնական պատկանելիությունից, ազգությունից, սեռից, հաշմանդամությունից, մտավոր և ֆիզիկական կարողություններից: (Դպրոցների տնօրենների, ուսուցման բոլոր փուլերի ուսուցիչների, ծնողների և այլ հետաքրքրված անձերի համար մշակված է կրթական հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու գործողությունների ծավալուն ծրագրային փաստաթուղթ – 217 էջ):
Պետության կողմից ֆինանսավորվող, ինքնաֆինասավորվող և այլ աղբյուրներից ֆինանսավորվող բոլոր հանրակրթական և հատուկ դպրոցները ուղղորդվում են ազգային կրթական ծրագրով:
Ազգային կրթական ծրագրի հենքային ուսումնական պլանում առաջարկված պարտադիր ուսումնական առարկաներից բացի յուրաքանչյուր դպրոց ազատ է ներառելու նաև ուրիշ ուսումնական առարկաներ ու առարկայական ծրագրեր:
Պարտադիր ուսումնական առարկաները 7-8-9-րդ ուսումնական տարիների ընթացքում
- Անգլերեն
- Մաթեմատիկա
- Բնագիտություն (կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա)
- Գեղարվեստ և դիզայն
- Քաղաքացիություն
- Համակարգիչ
- Դիզայն և տեխնոլոգիա
- Այլ լեզուներ
- Երաժշտություն
- Մարմնակրթություն
- Կրոնական կրթություն
- Սեռական և միջանձնային հարաբերությունների կրթություն
Անգլերենի ուսուցումը
Կրթական ծրագրին համապատասխան ուսուցման նպատակև առարկայական չափորոշիչներ (համառոտ)
Անգլերենի ուսուցման ազգային ծրագրի իրագործմամբ սովորողները պետք է կարողանան՝
- կարդան առանց դժվարության, սահուն և հասկանալով կարդացածը
- զարգացնել հաճույք ստանալու կամ տեղեկատվություն ձեռք բերելու համար հաճախակի կարդալու սովորություն
- ձեռք բերել մեծ բառապաշար, քերականական և լեզվաբանական գիտելիքներ ու կարողություններ՝ ընթերցելով հասկանալու, ճիշտ գրելու և խոսելու համար
- գրել հստակ, ճշգրիտ ձևակերպումներով՝ հարմարեցնելով իրենց ոճը տարբեր համատեքստերին, նպատակներին և լսարաններին
- մասնակցել բանավոր քննարկումներին, բանավեճերին, հստակ արտահայտել սեփական տեսակետները, մտքերը
- հրապարակային ներկայացումներ անել, խոսելու և լսելու մշակույթի կրողը լինել:
Առարկայական չափորոշիչներին համապատասխանուսուցման բովանդակություն
Կարդալը
Ընթերցանության նկատմամբ սեր և գնահատամք զարգացնելու համար պետք է ինքնուրույն կարդալ ավելի ու ավելի դժվար նյութեր՝ ներառելով գեղարվեստական և ոչ գեղարվեստական տարբեր հեղինակների և ժանրերի գրքեր (վեպեր, պատմվածքներ, բանաստեղծություններ, պյեսներ):
- Անգլիական գրականությունը և՛ մինչև 1914 թվականը, և՛ ժամանակակիցը՝ ներառելով արձակը, չափածոն և դրաման:
- Շեքսպիրի երկու պյես (փաստորեն գրողներին դասավանդողներն են ընտրում: Պարտադիր ընթերցման են արժանանում միայն Շեքսպիրի գործերը):
- Համաշխարհային գրականության ինքնուրույն ընտրություն և ընթերցում՝ ընթերցանական դժվարություններ հաղթահարելու, հետաքրքրության և վայելքի համար (սովորողների ընտրությամբ):
- Ժամանակ առ ժամանակ վերընթերցել գրքերը, որպեսզի համեմատել և գնահատել տարբեր ժամանակներում սեփական ընկալումները և գիտակցել դրանց զարգացումը:
- Ուսումնական նյութ են դառնում ավելի ու ավելի դժվար տեքստերը, որոնց հասկանալու համար բառարաններ են օգտագործվում:
- Իրականացվում է ընթերցածի նկատմամբ քննադատական մոտեցում. ընթերցված վեպերից, պատմվածքներից, բանաստեղծություններից, պյեսներից, ոչ գեղարվեստական հոդվածներից, այլ տեքստերից հատվածներ են առանձնացվում որպես ուսումնական նյութեր իրենց հարցադրումներով: Սովորողները պետք է պատասխանեն, թե քերականական ինչ կառույցներով, լեզվաբանական ինչ երևույթներով, խոսքի կառուցման ինչ ձևերով են հեղինակները արտահայտել իրենց միտքը:
- Տարբեր բարբառներով, զանազան ոճերով (ժարգոն, հնացած, իդիոմներ-խոսվածքներ) գրված տեքստերը սովորողների համար ուսումնական նյութեր են ծառայում, որպեսզի նրանք կարողանան դրանք հեշտությամբ փոխարինել բոլորի կողմից ընդունված «Standard English»-ով:
Գրելը
Աշակերտներին սովորեցնում են գրել՝
- բացահայտող շարադրություններ, որոնք կարող են ներառել բացատրություններ, նկարագրումներ, պարզաբանումներ, գնահատումներ, հետազոտումներ, հիմնավորումներ,
- բնորոշ կառուցվածք ունեցող գրական շարադրանքներ, որոնք կարող են լինել պատմվածքներ, բանաստեղծություններ և այլ երևակայական պատկերավոր շարադրանքներ,
- անձնական և պաշտոնական նամակներ, ամփոփագրեր, կազմակերպչական գրություններ,
- շարադրանքի պլանը, սևագրություն, արդեն գրված տեքստի վերընթերցում և խմբագրում
Քերականություն
Որպես լեզվական բովանդակային միջուկ առարկայական ծրագրում տրված է անգլերենի գրեթե ամբողջ գործնական քերականությունը՝ օրինակներով լուսաբանված կարճ բացատրություններով: Բերենք մեկ օրինակ ծրագրից։
Երևույթի անունը – ապաթարց «′»։
Բացատրությունը – ապաթարցը երկու գործածում ունի. բաց թողնված տառի տեղը նշելը և պատկանելիություն ցույց տալը։
Օրինակներ՝
I’m going out and won’t be long. (բաց թողնված տառի տեղը)։
Hannah’s mother went to town in Justin’s car. (պատկանելիություն)։
Ապաթարցի մասին այլ գիտելիքներն ու կարողությունները տրվում են կրթական հաջորդ փուլում՝ KS 4-ում, ուսումնառության 10-րդ և 11-րդ տարիներին:
Լսելը և խոսելը
Աշակերտներին սովորեցնում են խոսել ոչ բարբառային, ոչ ժարգոնային, բոլորի կողմից ընդունելի «Standard English»-ով մտերմիկ և պաշտոնական համատեքստերով, որոնք ընդգրկում են՝
- դասարանական քննարկումները
- ինքնուրույն պատրաստած ներկայացումներ (պրեզենտացիաներ) անելը՝ արտահայտելով սեփական մտքերը և չշեղվելով հիմնական նյութից
- դասարանային, դպրոցական բանավեճերին մասնակցելը
- ընթերցած գրական գործերի բեմադրելը, բանաստեղծությունների բարձրաձայն ընթերցելը …
KS 3 կրթական փուլի (ուսումնառության 7-րդ, 8-րդ և 9-րդ տարիների) անգլերենի քննությունը, որը համապատասխանում է առարկայական ծրագրին, ինչը մշակված է չափորոշիչների հիման վրա, որոնք իրենց էությամբ համահունչ են կրթության ազգային ծրագրի հայեցակարգային դրույթներին:
Որպես օրինակ եմ վերցրել 2009 թվականի անգլերեն KS 3 կրթական փուլի անգլերենի քննությունը և Անգլիայի Ազգային գնահատման գործակալության (National Assessment Agency) պարզաբանումները գնահատման չափանիշների վերաբերյալ: (Կրթության ներառականությունը ապահովելու համար սովորողներիգնահատումը կատարվում է լեզվի իմացության տարբերմակարդակներին համապատասխան: Ստորև նշված քննությունըհամապատասխանում է 4-7-րդ մակարդակներին: )
Քննությունը բաղկացած է 3 հիմնական մասերից.
- Ընթերցելով հասկանալու կարողության ստուգումը
Տրված է երեք ոչ գեղարվեստական-հրապարակախոսական տեքստ «Ընտրության հարցը» ընդհանուր վերնագրով՝ յուրաքանչյուրը 450-500 բառով: Տեքստերը տարբեր ոճերի և ժանրերի են՝ գրական և ոչ գրական անգլերենով: Սովորողները կարդում են տեքստերը և սկսում պատասխանել հարցերին:
Տրվող հարցերի պատասխանները գնահատվում են 1-ից մինչև 5 միավոր: Գնահատելիս հաշվի են առնվում սովորողի հետևյալ կարողությունները՝
- Տեքստի հասկանալը, իրադարձությունների նկարագրելը, պահանջվող մտքի կամ տեղեկատվության ընտրելը և դուրս բերելը
- Տեքստում նկարագրված իրադարձություններից, մտքերից, տեղեկատվությունից եզրահանգումներ անելը
- Բացահայտել և մեկնաբանել տեքստի կառուցվածքը
- Բացատրել և մեկնաբանել հեղինակի լեզվի գործածումը՝ ներառելով ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները
- Բացահայտել և մեկնաբանել հեղինակի նպատակները, տեսակետները և այն ընդհանուր ազդեցությունը, որը թողնում է այդ տեքստը ընթերցողի վրա:
Հարցերը 17-ն են: Որոշ հարցեր բազմընտրական պատասխաններով են, բայց հարցերի մեծամասնությունը կարճ կամ երկար շարադրանքներ են պահանջում:
Հետաքրքիր է, որ գնահատման ժամանակ բացի միավորներից օգտագործում են նաև առանձնահատուկ նշաններ: Օրինակ՝ կետով նշում են ճիշտ պատասխանը, գծիկով նշում են ընդունելի պատասխանը, կոտորակի նշանով նշում են այլընտրանքային պատասխանները, փակագծով նշում են այն պատասխանները, որոնց համար միավորներ չեն տալիս:
Մեկ օրինակով կարելի է ցույց տալ, թե ինչպես են Ազգային գնահատման գործակալության փորձագետները պարզաբանում միևնույն հարցի տարբեր պատասխանների գնահատման չափանիշները:
Հարց. «Ընտրում եմ արդար առևտուրը» տեքստի 2-րդ, 3-րդ և 4-րդ պարբերություններում լեզվական ի՞նչ միջոցներով է հեղինակը կարողացել ցույց տալ, թե ինչ ազդեցություն է ունեցել արդար առևտրի ընտրությունը կակաոի աճեցմամբ և վաճառքով զբաղվողների վրա: Առավելագույն միավորը՝ 3:
0 միավոր է ստացել այս պատասխանը. «Երրորդ պարբերությունը պատմում է մեզ, թե ինչպիսին էր կյանքը նախքան արդար առևտուրը: Չորրորդ պարբերությունը պատմում է մեզ, թե որքան լավ է կյանքը դարձել արդար առևտրով»:
Գնահատող փորձագետի նկատառումները. չկան ընթերցողի վրա ազդելու լեզվական միջոցների գործածման օրինակներ:
1 միավոր է ստացել այս պատասխանը. «Արդար առևտուրը կակաոյի գործով զբաղվողների կյանքը լավացրել է։ Օրինակ՝ այդ կինը շատ քիչ գումար էր ստանում ծանր աշխատանքի դիմաց և բացի դրանից էլ իր երեխաներին էր խնամում»:
Գնահատող փորձագետի նկատառումները. պատասխանն ընդունում է, որ կակաոյի գործով զբաղվողները շահել են արդար առևտրի ներմուծումով, բայց լեզվական միջոցների ընտրության մասին հստակ պատկերացում չկա:
2 միավորով է գնահատվել այս պատասխանը. «Պայքարում էր բավականաչափ գումար վաստակելու համար»-ը ցույց է տալիս, թե որքան քիչ էր նա գումար ստանում, երբ կակաոյի բերքը վաճառում էր սովորական ընկերություններին: «Ծանր աշխատանքին արժանի»-ին ցույց է տալիս, որ հիմա նա վաճառում է իր կակաոյի բերքը «Արդար առևտուր» ընկերությանը, և նա ստանում է ավելի արդար գին իր վաճառածի դիմաց»:
Գնահատող փորձագետի նկատառումները. օրինակներով դիպուկ բացատրություն է տրված այն մասին, թե ինչ դժվարություններ ունեին տնտեսվարողները, ինչպես նաև՝ «Արդար առևտրի» գործունեությամբ իրականացված փոփոխությունները նրանց կյանքում:
3 միավոր է ստացել այս պատասխանը. «հյուծող», «անզոր», «հուսահատ» բառերը գործածելով՝ հեղինակը ցույց է տվել, թե ինչպես էր գործն արվում մինչև «Արդար առևտրի» գալը: Այս բառերը շեշտում են այն, թե որքան դժվար է եղել կակաոյի գործով զբաղվողների կյանքը և այն, որ նրանք չէին կարողանում վերահսկել իրադրությունը: «Արդա՞ր է» մի բառով հարց-նախադասությունը սևեռում է ընթերցողի ուշադրությունը նրանց վատ վիճակի վիճակի վրա: Չորրորդ պարբերության մեջ տրամադրությունը ավելի ուրախ տոնայնության է փոխվում այնպիսի բառերով, ինչպիսիք են «ամբողջությամբ վերափոխել, նոր, մաքուր»: Բառային տոնայնության այս փոփոխությունը ցույց է տալիս ապրելակերպի փոփոխությունը «Արդար առևտուր» ընկերության գործունեությամբ:
Փորձագետի նկատառումը թարգմանելու կարիքն էլ չկա:
- Քննության երկրորդ մասը։ Շեքսպիրի գործերի իմացության ստուգում
Հատկանշական է, որ Շեքսպիրի գործերի իմացությունը նշված է նույնիսկ պետական չափորոշիչներում: Անգլիական և համաշխարհային գրականության ոչ մի այլ հեղինակի անուն չի նշվում առարկայական հենքային ուսումնական ծրագրում և պարտադիր չի համարվում որևէ մի այլ հեղինակի գործերի իմացությունը: Ընտրությունը թողնված է ուսուցիչներին և սովորողներին: Կարևոր է համարվում միայն լեզվի իմացությունը: Ստուգվում է լեզվի արտահայտչամիջոցների իմացությունը, ճանաչումը և դրանց կիրառումը սեփական խոսքում, գրավոր շարադրանքում: Ստուգվում է սովորողի գործնական, պատկերավոր-ստեղծագործական և տրամաբանական-վերլուծական լեզվամտածողությունը: Պարզապես պետք է իմանալ, որ լեզվական այս բոլոր որակները ձեռք են բերվում շատ գրքեր կարդալով ու դրանք քննարկելով:
Շեքսպիրյան գործերի պարտադիր ընթերցումը և լեզվի քննության մի մասը կազմելը բացառություն է, քանի որ Շեքսպիրն ինքը անգլիական և համաշխարհային մշակույթի բացառիկ արժեք է: Շեքսպիրի մասին դիպուկ է արտահայտվել Հովհաննես Թումանյանը «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի՝ տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի՝ տկար է»:
Շեքսպիրյան քննությունը յուրաքանչյուր տարի այս չորս հարցադրումներից մեկին է ուղղված՝
- Կերպար և շարժառիթ
- Մտքեր, թեմաներ և հարցադրումներ
- Տեքստի լեզուն
- Գործողությունը տեքստում
2009 թվականի քննությունը նվիրված էր տեքստի լեզվին: Քննական հարցաթերթիկում տրված է եղել հատվածներ «Ռոմեո և Ջուլիետ» և «Փոթորիկ» ստեղծագործություններից:
Նշում հարցաթերթիկում
Ռոմեո և Ջուլիետ
Առաջարկվում է կարդալ առաջին գործողության, առաջին պատկերի 125-220 տողերը:
Բացատրություն. առաջին հատվածում Ռոմեոն բացատրում է Բենվոլիոյին, թե ինչու է նա այդքան տխուր: Երկրորդ հատվածում նա արտահայտում է իր զգացմունքները Ջուլիետին:
Հարց. Ինչպե՞ս է Ռոմեոյի լեզուն ցույց տալիս իր զգացմունքները: Հիմնավորեք ձեր մտքերը՝ վկայակոչելով այս երկու ընտրված հատվածները, որոնք տպված են քննաթերթիկի հաջորդ էջերում: Պատասխանի առավելագույն միավորը 18 է:
Ազգային գնահատման գործակալության փորձագետները մի շարք պատասխանների օրինակների վրա բացատրում են, թե ինչու է տվյալ պատասխանը գնահատվել 1, կամ 3, կամ էլ՝ 18: Ակնկալվում է ոչ երկար (մինչև 10 տող), բայց հիմնավորված շարադրանք:
Նմանատիպ հարցադրում է արված և հիմնավորված շարադրանք է պահանջվում նաև «Փոթորիկը» ստեղծագործության վերաբերյալ:
Բացատրություն. առաջին հատվածը Ֆերդինանդի և Միրանդայի հանդիպումն է, որտեղ ցույց է տրվում, թե ինչ բուռն զգացմունքներ են տածում միմյանց նկատմամբ: Երկրորդ տեսարանում Միրանդան ֆերդինանդին խնդրում է, որ նա որոշ ժամանակով թողնի իր աշխատանքը:
Հարց. Ինչպե՞ս է Ֆերդինանդի և Միրանդայի լեզուն արտահայտում իրենց զգացմունքները միմյանց հանդեպ:
- Քննության երրորդ մասը։ Երկար շարադրանքներ գրելու կարողությունների ստուգում
Ստուգվում են սովորողների հետևյալ կարողությունները.
- Երևակայական՝ ստեղծագործական, հետաքրքիր ու իմաստալից տեքստեր գրելը
- Տրված թեմայով, նպատակով և որոշակի ընթերցողին հասցեագրված տեքստեր գրելը
- Տեքստերի կառուցվածքի, տեղեկատվության, իրադարձությունների հաջորդականության արդյունավետ ու ճիշտ ընտրությունը
- Պարբերությունների ճիշտ համակցումը
- Շարահյուսական ճշգրտությամբ և ճիշտ կետադրությամբ գրելը
- Ճիշտ ու համապատասխան բառապաշարի ընտրությունը՝ հաշվի առնելով տեքստի նպատակը, հասցեագրումը և թեման
- Ուղղագրության պահպանումը
Շարադրանքի գնահատումը միավորներով
- Նախադասությունների կառուցվածքը և կետադրությունը՝ մինչև 8 միավոր
- Տեքստի կառուցվածքը և ընթացքը՝ մինչև 8 միավոր
- Շարադրանքի ազդեցությունը ընթերցողի վրա՝ մինչև 14 միավոր
Ազգային գնահատման գործակալության տեղեկանքում, որն ուղեցույց է լեզվի ուսուցիչների համար, մանրամասն նկարագրված են տարբեր քննական աշխատանքների գնահատման հիմնավորումները:
Որպես ամփոփում
Հոբոս Ապերի մանկական «Պապն ու շաղգամը» ոտանավորի գործող կերպարների նման փոխկապակցված, միևնույն նպատակին ձգտող են Անգլիայի կրթական համակարգի բոլոր օղակները. շաղգամը՝ ազգային կրթական ծրագիր, պապը՝ կրթական հայեցակարգ, տատը՝ չափորոշիչներ, թոռնիկը՝ առարկայական ծրագրեր, շունը, փիսոն ու մկնիկը՝ քննությունը իր գնահատման չափանիշներով:
Հայաստանի կրթական համակարգն էլ նմանվում է Իվան Կռիլովի «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» առակին, որպես անհամաձայնեցված գործողությունների ամբողջություն:
Ուսումնասիրության ընթացքում օգտագործված աղբյուրներ
- Education_in_England- Կրրթությունը Անգլիայում
- The National Curriculum in England – Անգլիայի կրթության ազգային ծրագիրը
- Religious Education in Primary and Secondary Education – Կրոնական կրթությունը տարրական և միջնակարգ դպրոցներում
- SEN – Code of Practice – Կրթական հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքի գործողությունների ծրագիր
- GCE_Ordinary_Level – Միջնակարգ կդպրոցի ավարտական քննության պահանջները. 0 (հասարակ) մակարդակ
- English Test – Mark Scheme – Միջին դպրոցում անգլերենի քննությունը և գնահատման համակարգը
- Assessing Reading – ընթերցանական կարողությունների ստուգում
- Shakespeare Paper – Շեքսպիրյան հարցաթերթիկ
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
- Բացվել է 1022 անգամ