Անընդհատ զարգացող ուսումնական միջավայր՝ բաց ու համագործակցային

Հեղինակ: 

Կրթահամալիրը իր հիմնադրումից մինչև օրս շարժման մեջ է, զարգանում, բարեփոխվում, ավելի ու ավելի հարմար է դառնում սովորողին: Կրթահամալիրի դպրոցներից յուրաքանչյուրն ունի իր զարգացման ծրագիրը: Արևմտյան դպրոց-պարտեզի 2019-2020 ուսումնական տարվա միջավայրի բարեփոխումները, զարգացումները կներկայացնեմ ստորև:

Մեր խնամված պարտեզը, առանց սահմանների կանաչապատ լանջերը, խնամված  պտղատու և դեկորատիվ ծառերը, որոնց  թիվը գնալով աճում է, սովորողների, դասավանդողների ամենօրյա բարեխիղճ աշխատանքի արդյունք են: Դպրոցին հարակից տարածքները սովորողների միջոցով ամեն օր մաքրվում են աղբից, և սովորողներն էլ բնակիչներին կոչ են անում, որ միանան իրենց այդ աշխատանքները կատարելիս: Մեր ձեռքբերումներից է նոր ֆուտբոլի դաշտը: Սովորողների, դասավանդողների  ակտիվ մասնակցությամբ և  տիար Բլեյանի օգնությամբ ունեցանք նոր ֆուտբոլի դաշտ: Աշխատանքներին ցանկացան միանալ նաև երրորդ դասարանցիները՝ Դավիթ Բլեյանը իր ընկերների հետ: Աշխատանքը նրանց համար դարձավ և՛ խաղ, և՛ նոր հմտությունների ձեռքբերում՝ օգնեցին վարպետ Արմանին հարթեցնել դաշտը, լաքապատել ցանկապատը, ընթացքում էլ նոր հմտությունների յուրացմանն ուղղված այնքա՜ն հարցեր տվեցին: Երբ ավարտեցին, շտապեցին փորձարկել նոր դաշտը: Ոգևորությունը աննկարագրելի էր. ամեն օր դաշտը լի է փոքրիկ ֆուտբոլիստներով, տղաները խաղում են, իսկ աղջիկները ոգևորում իրենց ընկերներին: Նորաբաց ֆուտբոլի դաշտում ունեցանք երկու ֆուտբոլային հանդիպում, մեկը՝ Հյուսիային դպրոցի ֆուտբոլիստների հետ, մյուսը՝ վրացիների հետ:
 
Ձեռքբերում է նաև մեր քարափ –բարձունքը, որն Արևմտյան դպրոցի հարևանությամբ է գտնվում և արդեն երրորդ տարին է մեր ուշադրության կենտրոնում է: Տարածքն անմխիթար վիճակում էր՝ քարքարոտ, աղբանոցի վերածված: Այս տարածքը դասավանդողների, սովորողների ջանքերով մաքրվել, բարեկարգվել է, ծառեր են տնկվել, մեծ քարերը, որոնք դժվար էր տեղափոխել,  տեխնոլոգիական լուծումներ են ստացել՝ նոր կյանք ու գործառույթ ձեռք բերելով: Քարափում դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն: Քարափի հյուսիսային մասին հարակից տարածքը նախատեսվել  է ճիմապատել, խաղողի տնկիներ տնկել, կանաչապատել, քարափից դեպի Ագարակ անցումը  դարձնել ամբողջական կանաչ տարածք: Քարափի հյուսիսային մասում կան հին խաղողի թարմաներ, որոնք անխնամ են՝ ցանկապատված ժանգոտված երկաթով: Առանց բնակիչների գործուն աջակցության դրանք տեսքի բերել հնարավոր չէ:
Բնակիչների հետ  համագործակցությունը անհրաժեշտություն է դառնում: Փորձեցինք գտնել այն մարդուն, ով մի տարածք ժամանակին վերցրել, մշակել էր: Գտանք՝ դիմացի շենքի բնակիչ էր: Ծանոթացանք, պատմեց, թե ինչպես է այս ամայի  աղբանոցը մաքրել, ինքն ու հայրն իրենց ձեռքերով քարերից պարիսպ էին կառուցել, որն իր հնությամբ մի այլ հմայք էր հաղորդում այդ վայրին: Խոստացանք  օգնել մաքրել ու խնամել տարածքը, խաղողի նոր որթեր տնկել: Այդպես էլ արեցինք. կազմակերպիչ Սոնա Փափազյանը և սովորողների տարբեր խմբեր մաքրեցին տարածքը, նոր ցանկապատ և դուռ դրեցին, տարածքը էլ ավելի գողտրիկ դարձավ: Վայրի քարափը իսկական նստոտելու, միասին քննարկումներ կազմակերպելու, պլեներներին հարմար ուսումնական հարթակ դարձավ:

Մյուսը մեր ջերմոց-ջերմատունն է: Արևմտյան դպրոցի հարավային մասում սկսվել են  ջերմոց-ջերմատան ստեղծման աշխատանքները: Նախագիծը սկսել է կյանքի կոչել Կարապետ Ռուբինյանը, իսկ Շուշան Ալեքսանյանը և սովորողներն օգնում են ջերմոցային աշխատանքներում: Ջերմոցն  ունի 30 քմ մակերես՝ պոլիէթիլենային թաղանթով ծածկված, որը ամբողջությամբ ուսումնական կլինի:

Այս նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սովորողները կկարողանան գործնական աշխատանքներ իրականացնել ամբողջ տարի, որի ընթացքում կտեսնեն սերմից մինչև բերք դառնալու ընթացքը, ինչպես նաև՝ լույսի և ջերմության ազդեցությունը բույսի վրա, կհամտեսեն իրենց ձեռքով ստացած բանջարաբոստանային կուլտուրաների բերքը: Ջերմոցի աշխատանքերը շարունակվում  են. դրվել են դռները, ջերմոցի ոռոգման ջրի խողովակներն արդեն կան, առանձնացվել են մարգն ու ճանապարհը, հողը պարարտանյութով հարստացված է: Սովորողներն ամենօրյա աշխատանքնային խմբերով, Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ, աշխատում են, ձեռք են բերում նոր հմտություններ: Աշխատանքային  խմբերը աշխատում են բնագիտության, տեխնոլոգիայի դասաժամերին: Տարբեր խմբեր են մասնակցում աշխատանքներին, այսպիսով՝ բոլոր սովորողները կարողանում են մասնակցել նախագծի իրականացմանը:

Աշխատանքները զարգացման ծրագրով շարունակվում են,  նորանոր ուսումնական հարթակներ կստեղծվեն՝ նոր, հետաքրքիր լուծումներով:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский