Թողնենք ընտրությունը սովորողին

Գնահատումն ու դրան ուղղված  հիմնահարցերը մանկավարժության մեջ ամենաշատ քննարկվող խնդիրներից են։ Սովորողների կրթության որակի չափումը, այդ չափումների արդյունքների գրանցումը միշտ եղել է կրթության գործով զբաղվողների ուշադրության կենտրոնում: Գնահատումը վերաբերում է անձի կողմից իրականացվող գնահատման գործընթացին, գործունեությանը (կամ գործողությանը)։ Թվանշանը այս գործընթացի արդյունքն է, քանի որ հանրակրթության մեջ, երկրորդ դասարանից սկսած, գործում է գնահատականի գնահատանիշային տարբերակը:  

Գիտելիքների գնահատումն այսօր 10 կամ 20 բալանոց սանդղակով է իրականացվում… Ընթացիկ գնահատականներ՝ մինչև 10 միավոր, գիտելիքների ստուգում՝ մինչև 20 միավոր գնահատանիշերով:
Բայց չէ՞ որ մենք անկնկալում ենք սովորողի առաջընթացը, մտքի ու կամքի զարգացումը։ Իսկ գնահատման այսպիսի համակարգը բերում է ավելորդ լարվածություն, երբեմն՝ անառողջ մրցակցություն (ավելի հաճախ՝ ծնողների մոտ, կամ ծնողներից բխող)։ Հակված չեմ հակադրվելու մրցակցության գաղափարին․ ավելին՝  մրցակցությունը լավ է, պայքարի ոգի է արթնացնում, ցուցանիշ է թիմային աշխատանքում, համագործակցային նախագծերում։ Բայց արդյո՞ք գնահատման այս համակարգը խրախուսում է սովորողին, արդյո՞ք այն բացահայտում է սովորողի իրական հմտություններն ու կարողությունները: Ի վերջո, այսպիսի գնահատումը դառնում է գիտելիքի ընդամենը մի փոքր մասի արդյունքի գրանցում:

Ասելիքս այն է, որ լավ չէ, որ գնահատանիշը սովորողի գիտելիքը ներկայացնող միակ ցուցանիշն է դարձել հանրակրթության մեջ։ Միօրինակ ուսուցման գործընթացի արդյունքում սովորողը յուրացնում է միավոր ստանալու «հաշվարկը»․ այս թեմայի համար՝ այսքան միավոր, մյուսի համար՝ այսքան։ Բավարարված է, երբ իրեն հարկավոր միավորներն ապահովված են։ Ստացավ իր գնահատականն ու մոռացավ սովորածը։ Նման գնահատումը չի՞ խոչընդոտում սովորելու գործընթացի շարունակականությանը, այն ինչո՞վ է խթանում սովորողի ուսումնասիրելու, հետազոտելու, ստեղծելու, երևակայությունը զարգացնելու  ցանկությունը:

Թվում է՝  ուսումնական արդյունքների թվանշանով ամրագրումը պարզ-անմեղ գործընթաց է: Բայց գործնականում սովորողի համար այն դառնում է ուրախության կամ լուրջ ցնցումների աղբյուր: Չնկատել այս իրողությունը չենք կարող։  Նշանակում է՝  գնահատման համակարգը թերի է, որը վերլուծելու, փոփոխելու կարիք ունի:

Մայրենիի ուսուցչի տարիների իմ փորձը ցույց է տվել, որ բազմաթիվ սովորողներ ավելի սիրով, հաճույքով  են աշխատում, եթե դրա համար գնահատանիշ չեն ստանում։ Եզրակացնում եմ, որ այստեղ հոգեբանական, աշխատանքից հաճույք ստանալու գործոնն է, որն էլ ձևավորում է ավելի կենսական, ճիշտ վարքագիծ՝  կարգապահություն, պատասխանատվութան զգացում։

Գնահատման ձևերից կարևորում եմ ինքնագնահատումը: Որոշ սովորողներ բոլորովին չեն կարևորում գնահատանիշն ընդհանրապես։ Ոմանք էլ ինքնագնահատման արդյունքում ազնիվ են լինում, մտածում արած-չարածի մասին։ Ինքնագնահատումը փոխում է սովորողի մտածելակերպը, գործելակերպը, մի տեսակ, ինքն իր ու իր խղճի առջև պատասխանատու է դարձնում նրան։

Գուցե արժե՞ փորձել գնահատման մեկ այլ սկզբունք։ Գնահատումը սահմանվի տրամաբանական սկզբունքով՝ «այո-ոչ», «յուրացրել է-չի յուրացրել», «գիտի-չգիտի»։ Սա, կարծում եմ, կլինի առաջընթաց, ոչ թե կարծրացած, մեզ «հարմար» տարբերակ։

9-րդ դասարանցիներ, պատանիներ՝ ստեղծագործ, միասնական, աչքերում ու հոգիներում Նոր Հայաստանում երջանիկ ապրելու հույսով, հավատով, արարումով լի, նորարար մտքերով ու ձիրքով․․․ Բայց, արի ու տես, այդ բոլորը դիր մի կողմ ու սերտիր, սերտիր, որպեսզի քննություն տաս։ Գնահատման այս կերպը վաղուց արդեն հնացած է և միանշանակ մի նպատակ է հետապնդում՝ թեմաների-դասերի պարտադրված սերտում՝ հանուն քննությունների:

Քննությունը պարտադրանք է նաև  ստեղծագործ մանկավարժի համար։ Դասավանդողը պետք է կենտրոնանա՝ ապահովելու, որ սովորողը հնարավոր արագ պարզապես անգիր անի նյութերը, ոչ թե հասկանա, վերլուծի, ստեղծագործի: Այդ դեպքում սովորողը, որը չի կարողանում անգիր անել նյութը, դիմում է կեղծիքի՝ ծածկագրերի գործածում, միմյանցից արտագրել կամ այլ․․․․ (պատանիներն ուղղակի հանճարեղ են միջոցը գտնելու)։ Վատ է․ ­­ինչո՞ւ ենք դա պարտադրում մեր պատանուն։

Իսկ գուցե մյուս փորձն էլ լինի՝ առանց քննության։ Մի՞թե պատանիների հմտությունների, կարողությունների ստուգման այլ միջոց չկա։ Գոնե կրթահամալիրում ամենօրյա ամենատարբեր նախագծերն դրանք չե՞ն բացահայտում։ Ճամփորդում են, քննարկում, գրում ու պատմում են, նկարում ու տեսանկարում, ­­նորից պատմում են, խոսում, ներկայանում, ու այս բոլորը սովորելով, հետազոտելով,  ուսումնասիրելով։

Իհարկե, լավ է, երբ սովորողը գրագետ է ներկայանում, հարուստ է բառապաշարը, երևակայությունը, մտածելակերպն ազատ է ու անկաշկանդ, ճկուն է մայրենին, իր լեզուն, որը զարգացնում է անընդհատ։ Բայց դա ամենօրյա աշխատանքի արդյունքում կարող է է լինել, ոչ քննության հեռանկարի։

Անդրադառնամ գրականության թեստերին։ Քննական թեստերում տեղ են գտել միայն հայ գրողները, դրանք կարդացել ու անգիր են արել նրանց ծնողները, պապերն ու տատերը։ Սերտել են ու․․․․մոռացել։ Հիմա էլ հերթը նրանց երեխաներինն է։ Կրթահամալիրում ուսուցման ձևը նախագծային է, և նախագիծը մշակելիս առաջնորդվում ենք կրթահամալիրի օրացույցով՝ նկատի ունենալով նաև սովորողների առաջարկ-նախաձեռնությունները, նախասիրությունները։ Գրականության ուսուցումը միայն հայ գրականություն կարդալն ու պարտադրանքով սովորելը չեն կարող լինել։ Այսօրվա սովորողները հաճախ նախընտրում են արտասահմանյան գրականություն, ժամանակակից գրողների ստեղծագործություններ, իրենց նախասիրությամբ՝ ընթերցանության այլ նյութեր։

Ինչո՞ւ սովորողին զրկենք ազատ ընտրության իրավունքից, ինչո՞ւ պարտադրենք հիշել գրողի ծննդյան ճշգրիտ թվականը, օրն ու ամիսը, որը սթրեսային քննությունից հետո, միևնույն է, մոռացվելու է։ Սթրեսային եմ ասում, որովհետև սխալ թվական ասելու դեպքում միավորն իջնելու է․․․ Ինչո՞ւ սովորողին չտալ ազատ արտահայտվելու, իր ընթերցածի մասին պատմելու, իր հերոսին ոգևորված ներկայացնելու, բնութագրելու, իր նախընտրած գրողի ստեղծագործությունները հետազոտելու, ուսումնասիրելու հնարավորություն։ Այսպիսով՝ պարտավորված չի լինելու կարդալ ու անգիր իմանալ այսինչ վեպի բոլոր հերոսների անունները։ Թող կարդան հայ գրողներին էլ, իրենց պատմիչներին էլ, բայց ոչ պարտադրանքով, քննության համար։

Մեկ օրինակ․ թեստերում ներառված է Սունդուկյանի «Պեպո»-ն։ Երբ դասարանում հարցրի՝ ո՞վ է կարդացել, լռություն տիրեց, հաջորդ հարցիս՝ ֆիլմը դիտե՞լ եք, մեկն ասաց․ «Հետաքրքիր չէ, դրա փոխարեն ուրիշ ֆիլմ կնայեմ»։ Թվարկեցի հայկական այլ ֆիմեր, որոնք հայտնի հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված սցենարներով են նկարահանվել․ մեկ-երկու հոգի էին դիտել, բայց նրանց աչքերում էլ ոգևորվածության կայծ չտեսա։ Ընդ որում՝ նման հարցադրում արել եմ մի քանի  դասարաններում՝ 11-րդ, 12-րդ․ նույն պատկերն է։ Հայ գրականության տարբեր հեղինակներ սովորողներն ուսումնասիրում են  տարբեր նախագծերով, նաև իրենց նախասիրությամբ։ Բայց գուցե մի մասին էլ առավել հիմնովին ծանոթանան ավելի ուշ՝ որպես հանրային, քաղաքական գործիչներ, որպես ազգագրագետներ, այլ նպատակով։

Իսկ եթե հիմա կարդում են իրենց հետաքրքրող գրականությունը, թող կարդան, թող պատմեն իրենց կարդացածը, գրեն, վերլուծեն կարդացածը, թե չէ՝ քննություն․․․․ Քննության հետ էլ՝ կեղծիք․․․ Իսկ եթե սովորողը ստիպված չլինի միավոր «փախցնելու» համար պարտադրանքով կարդալ, անգիր անել, կեղծիք էլ չի լինի։ Նա ազատ կներկայացնի այն, ինչն իր հետաքրքրությունների շրջանում է, ինչը սիրում է, հասկանում, ինչը երբեք չի մոռանա։
Գոնե բովանդակությունը փոխվի․․․
Դե, եկեք ու քննություն վերցրեք արվեստից, երաժշտությունից, բույսի ու ծառի խնամքից, շրջապատի մաքրությունից, արժեհամակարգից, ստեղծելու ու ստեղծագործելու կարողությունից.․․

Ճամփորդության էինք։ Եկեղեցիներց մեկի ճակատին գրությունն առաջարկեցի կարդալ։ Գրաբար էր, դժվարացան. մեկը միայն համարձակվեց։ Որոշ ժամանակ անց, գրաբարյան նախագիծ անելիս, այդ սովորողների մեծ մասն ընդգրկվեց նախագծում, նույնիսկ հիշեցին, որ չէին կարողանում կարդալ, ուզում են սովորել։

Եվ վերջում՝ կյանքն անընդհատ քննություն է։ Տեսեք՝ իրական քննություն հանձնում են երկիրը կառավարող բոլոր օղակները՝ ոչ միայն օրենքների իմացության, այլ նաև ազնվության, իրատեսության, անաչառության, ստեղծականության, արարելու ու շենացնելու․․ Յուրաքանչյուրը՝ իր գործում, իր ընտանիքում հաջողելու, նպատակներն իրականության վերածելու քննության առաջ է։  Ու դպրոցական ավարտական այս քննությունները կյանքի քննությանը բոլորովին չեն պատրաստում, կյանքի խնդիրները լուծելու ավելի կարող չեն դարձնում։ Էլ ինչի՞ համար են դրանք, այդ անիմաստ քննությունները։

 

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский