Մաթեմատիկան գործնական դարձնելու փորձերը կրտսեր դպրոցում

Հեղինակ: 

Ինչպես անել, որ մաթեմատիկան չօտարվի սովորողից, չդառնա մի ծանր բեռ, որը դժվարացնում է առաջ շարժվելը։ Դրա պատճառը մաթեմատիկան կյանքից կտրելն ու ուսումնական գործընթացում այն ոչ կիրառական դարձնելն է։
Կրտսեր դպրոցում սովորողները հաճախ դժվարանում են իրենց մաթեմատիկական գիտելիքները կիրառել առօրյայում։ Դրա համար գործնական խնդիրների լուծման հետ մեկտեղ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ու սովորողներին հնարավորինս ցույց տալ նրա տեսանելի ու կիրառական լինելը։

Կրտսեր դպրոցում մաթեմատիկայի հանդեպ սեր ու հետաքրքրություն սերմանելու համար սովորողները պետք է համոզվեն, որ մաթեմատիկա առարկայից ստացած գիտելիքները կիրառելի են առօրյա խնդիրների լուծման ժամանակ, որն էլ, ըստ իս, կմեծացնի ուսուցման գործընթացի արդյունավետությունը կրտսեր դպրոցում։ Նմանատիպ խնդիրները հաղթահարելու համար որոշեցի իրականացնել մի քանի նախագծեր, որոնք  սովորողները, դիտարկելով դրանք որպես կյանքից վերցված որոշ առօրեական խնդիրներ, վերածում են հետաքրքրաշարժ մաթեմատիկական խնդիրների և լուծում՝ համապատասխան չափումների և հաշվարկների միջոցով։

Քանի որ մարդը առավել հաճախ հիշում ու մտապահում է այն ամենը, ինչն ավելի կիրառական է և այս կամ այն կերպ ազդում է նրա զգայարանների վրա՝ տեսողական, լսողական, շոշոփելիքի, ուստի գործնական մաթեմատիկան կնպաստի սովորողների մոտ կայուն մաթեմատիկական գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև գործնական, համագործակցային կարողությունների զարգացմանը։

Մի քանի օրինակով ցանկանում եմ ներկայացնել սովորողների կողմից առաջադրվող առօրեական խնդիրները և դրանց մաթեմատիկական ձևակերպումները ՝ ուսուցանող տեսաֆիլմերի տեսքով։

«Կենդանի մաթեմատիկա» նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները պարզեցին, թե որքան սալիկ է անհրաժեշտ իրենց դասասենյակի ուղղանկյան տեսք ունեցող հատակը սալիկապատելու համար։

Չափումների միջոցով սովորողները հաշվեցին իրենց մաթեմատիկայի դասասենյակի հատակի մակերեսը, այնուհետև քառակուսաձև սալիկի մակերեսը։ Դասասենյակի հատակի մակերեսը բաժանելով 1 սալիկի մակերեսի վրա՝ սովորողները պարզեցին, թե քանի սալիկ է անհրաժեշտ դասասենյակի հատակը սալիկապատելու համար։ 

Այսպիսով՝ սովորողները հնարավորություն ունեցան ուղղանկյան ու քառակուսու մակերեսի վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքները կիրառել առօրյայում, կազմել ու լուծել մակերեսի վերաբերյալ խնդիր։ «Մաթեմատիկական չափումներ ու ճիմերի հաշվում» փոքրիկ նախագծի շրջանակում 4-5-րդ դասարանի սովորողները մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամին Արևմտյան դպրոցի բակում և ագարակում ընտրեցին ուղղանկյան տեսք ունեցող մեկական լանջ, չափեցին յուրաքանչյուր լանջի լայնությունը և երկարությունը, որից հետո հաշվեցին յուրաքանչյուր լանջի մակերեսը։ Իմանալով, որ լանջի 1 մետր քառակուսու համար օգտագործվում է մոտավորապես16 ճիմ, սովորողները պարզեցին, թե քանի ճիմ է անհրաժեշտ յուրաքանչյուր լանջի համար։

Նախագիծը հնարավորություն տվեց սովորողներին ուղղանկյան մակերեսի վերաբերյալ գիտելիքները կիրառել առօրյայում, ամրապնդել չափման միավորների մասին իրենց ունեցած գիտելիքները, կազմել ու լուծել մակերեսի վերաբերյալ նոր ու հետաքրքիր խնդիրներ, մասնակցել մաթեմատիկայի բացօթյա դասին, որն էլ մեծացրեց սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ։ Նախագծի մասին ավելի մանրամասն պատմում են Նարեկ Սարգսյանը և Վռամ Միրզոյանը։

4-5-րդ դասարանի սովորողները իրենց ոտնաչափի և քանոնի միջոցով հաշվեցին Արևմտյան դպրոցի ուղղանկյունաձև լանջերից մեկի մակերեսը։
 

«Մաթեմատիկական չափումներ Արևմտյան դպրոցի բակում։ Հեռավորության վերաբերյալ խնդիրների կազմում» նախագծի շրջանակում 4-5-րդ դասարանի սովորողները Արևմտյան դպրոցի բակում վազքի և չափերիզի միջոցով կազմեցին ու լուծեցին հեռավորության վերաբերյալ խնդիրներ։

«Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը» փոքրիկ նախագծի շրջանակում Արևմտյան դպրոցի սովորողները մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամին ուղղանկյունանիստի ծավալի և մակերևույթի մակերեսների վերաբերյալ իրենց ձեռք բերած գիտելիքները կիրառեցին առօրյայում։

Սովորողները հաշվեցին Արևմտյան դպրոցի ուղղանկյունանիստի տեսք ունեցող առարկաների ծավալը և մակերևույթի մակերեսը։ Սովորողները կազմեցին ու լուծեցին ուղղանկյունանիստի ծավալի և մակերևույթի մակերեսի վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։

Սովորողները չափեցին՝

  • մաթեմատիկայի դասասենակի երկարությունը, լայնությունը և բարձրությունը, որի միջոցով պարզեցին, թե քանի խորանարդ մետր օդ է բաժին ընկնում մեկ սովորողին,
  • Արևմտյան դպրոցի մուտքի մոտ տեղադրված ակվարիումի երկարությունը, լայնությունը և բարձրությունը, որի միջոցով հաշվեցին, թե առավելագույնը որքան ջուր կարող են լցնել ակվարիումի մեջ։ Հհաշվեցին նաև, թե քանի քառակուսի մետր ապակի է անհրաժեշտ այդպիսի նոր ակվարիում պատրաստելու համար,
  • իրենց պահարանի երկարությունը, լայնությունը և բարձրությունը, որի միջոցով պարզեցին, թե այն որքան տարածք է զբաղեցնում։ Հաշվեցին նաև պահարանի մակերևույթի մակերեսը:

Սովորողները գունավոր ստվարաթղթերից պատրաստեցին ուղղանկյունանիստ ու խորանարդ։

Նախագծի ընթացքը իրենց բլոգներում ավելի մանրամասն ներկայացրել են Նարեկ Բունիաթյանը և Արտաշես Մեջլումյանը։

«Ագարակն ու մաթեմատիկան» փոքրիկ նախագծի շրջանակում 4-5-րդ դասարանի սովորողները չափեցին Արևմտյան դպրոցից մինչև ագարակ եղած հեռավորությունը՝ այն դիտարկելով որպես բեկյալի երկարություն։ Սովորողները կազմեցին նաև հետաքրքիր խնդիրներ ագարակի կենդանիների մասին։ Սովորողների հետ փաստորեն անցկացրեցինք մաթեմատիկայի բացօթյա դաս, որը սովորողներին բավականին հետաքրքրեց։ 

Նախագծի ընթացքը իրենց բլոգներում ավելի մանրամասն ներկայացրել են Դավիթ Բաբաջանյանը և Նարեկ Բունիաթյանը։
«Առօրեական մաթեմատիկան» նախագծի շրջանակում մաթեմատիկների ջոկատի սովորողները ճամբարային օրերի ընթացքում կատարած մի շարք գործունեություններ փորձեցին վերածել հետաքրքիր մաթեմատիկական խնդիրների։

Օրինակ՝ սովորողները շատ համեղ պիցա պատրաստեցին, կազմեցին ժամանակի և կոտորակների վերաբերյալ խնդիրներ։

Պատրաստեցին նաև շատ համեղ մրգային աղցան և կազմեցին զանգվածի վերաբերյալ խնդիր։

Քայլքով գնացել ենք Մայր դպրոց՝ թենիս խաղալու։ Խաղից հետո կազմեցին թենիսի մասին խնդիր։ Ճանապարհին կազմեցին նաև ժամանակի վերաբերյալ խնդիր։ Ավելի մանրամասն դիտեք այստեղ։

Շուրջտարյա նախագծերը նպաստում են․

  • սովորողների  գործնական կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը
  • սովորողների թիմային աշխատանքի հմտությունների ձևավորմանը
  • մաթեմատիկական գիտելիքների կիրառմանը առօրյա կյանքում·
  • նոր մաթեմատիկական խնդիրներ կազմելու հմտությունների զարգացմանը։

Շուրջտարյա նախագծերի միջոցով փորձեցի սովորողներին հնարավորինս ակնհայտ ցույց տալ մաթեմատիկայի գործնական ու կիրառելի լինելը։

Սովորողների միջոցով գործնականում մաթեմատիկական խնդիրներ կազմելու և լուծելու այս եղանակը միջոց է նրանց մոտ մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնելու։ Ըստ իս՝ այն էապես արդյունավետ է դարձնում մաթեմատիկայի ուսուցման գործընթացը։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский