Նախագծային ուսուցման խութերը
Primary tabs
«Նախագիծ» հասկացությունը տարաբնույթ սահմանումների և տարամակարդակ մեկնաբանությունների «զոհ» է: Այս տեքստում այդ լաբիրինթոսից որպես ելք ներկայացնում ենք երկու նախագիծ` հասուն «Բռնադատվածներ»-ը և մանուկ «Կրթական ինքնավարոթյուն»-ը: Շահագրգիռ ընթերցողն ինքն այդ նախագծերի ձևակերպումներից կարող է ածանցել մեր պատկերացումը նախագծի և նրա իրականացման կենսոլորտի մասին:
Վերադառնանք սույն տեքստի վերնագրին: Նախագծային ուսուցման խութերը երկու մեծ խմբի են բաժանվում` առարկայական և ենթակայական: Վերջիններիս հաղթահարումն անհամեմատ բարդ է, քանզի արմատներն անհատի (ծնող, սովորող, դասավանդող, բնակիչ) սոցիալ և էթնոհոգեբանական կաղապարների հանգուցակետում են: Ծնողը, որպես կանոն, իր դպրոցական իրականության պատանդն է, նաև` իր չիրականացրած երազանքները երեխայի վրա պրոյեկտողը: Սովորողը խուսափում է «լրացուցիչ ծանրաբեռնվածությունից» (եթե ավագ դպրոցում է գրանցված) կամ մասնակցում է՝ թվանշանի բարձրացման ակնկալիքով (եթե միջին դպրոցի սովորող է): Դասավանդողը «ճղվում է» հանրակրթական առարկայի նվազագույն անհրաժեշտ բովանդակության և նախագծային հեղեղի միջև: ՀՀ տարածքում բնակվողը, որը որևէ նախագծի ենթադրյալ շահառու է, կա´մ «լռակյաց մեծամասնության» (Երրորդ ուժի) ներկայացուցիչ է, կա´մ սոցիալական պայքարի մարտիկ: Ատելության թույնով ինքնասպանվողները հաշիվ չեն:
Մինչև այստեղ դիմացած ընթերցողը կբացականչի. «Դու քեզ իրատես ես համարում, բայց քո վերոշարադրանքը սև ակնոցների արգասիք է»: Եվ նա մասամբ իրավացի կլինի:
Այո´, կան ծնողներ, որոնք հարգում են իրենց երեխաների անհատականությունը և ոչ միայն չեն վախենում նորարարություններից, այլև աջակցում են նրանց կենսագործմանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան սովորողներ, որոնք հենց այսօր են ցանկանում (և լինում) օգտակար ազգին, պետությանը և հասարակությանը: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, կան դասավանդողներ (ավելի ճիշտ` ուսուցիչներ), որոնց գործունեության առանցքը սովորողի (ավելի ճիշտ` աշակերտի) եռամիասնական` մտավոր, հոգևոր և կազմախոսական զարգացումն է, իսկ մնացածը` հանրակրթական առարկա, նախագիծ, սոցիալական շփում, իրավունքներ, պարտականություններ և այլք, սոսկ արժեհամակարգի ձևավորման և ամրակայման գործիքակազմի բաղկացուցիչներ են: Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում: Այո´, Հայաստանի Հանրապետությունում կան բնակիչներ, որոնք «Քաղաքացի» պատվանունը կրելու բարոյական իրավունք ունեն: Նրանք իրականացրեցին Հայկական երկրորդ հեղափոխությունը (որն, ի դեպ, արդեն վտանգված է): Նրանք քիչ չեն, բայց ընդունեք, որ մեծամասնություն չեն, նույնիսկ` մեր կրթահամալիրում:
Մենք ցույց տվեցինք ենթակայական թիրախները, որոնք պետք է խոցվեն հատ-հատ:
Իսկ առարկայական խութերը` նախարարություն, կազմակերպչական խնդիրներ, ֆինանսական հիմնախնդիր, կդառնան ընդամենը մի ցատկով հաղթահարվող ջրափոս, եթե վերը հիշատակված որակը քանակական առավելության հասնի:
Մինչև այստեղ հասած ընթերցողը կզարմանա. «Հիմա էլ գունավոր ակնոց դրեցիր»: Իմ համբերատար ընթերցողի այս հարցադրմանը կպատասխանեմ Անանուն Իմաստասերի մի ասույթով. «Ձնծաղիկը շտապել է, թե ուշացել, որոշում է բնությունը»:
- Բացվել է 874 անգամ