Բնագիտությունը գործունեության մեջ

Ես բնագետ ուսուցիչ եմ։ Եվ որպես հետազոտող ուսուցիչ՝ ինձ միշտ հետաքրքում է այն հարցը՝ ինչպես առավել արդյունավետ կազմակերպել սովորողի գործունեությունը։ Այդ գործունեության կազմակերպման  ինչպիսի՞ կառուցվածք, ձև, մեթոդ օգտագործել առավելագույն արդյունքի, սովորողի հմտությունների առավել զարգացման հասնելու համար։ Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ մանկավարժության մեջ․ հնարավոր չէ կատարելության հասնել։ Կատարելությունը սահմաններ չունի, իսկ քո գործը՝ որպես պրպտող, հետազոտող մանկավարժ, առաջ շարժվելն է, անընդհատ աշխատելն ու գտնելն է, ճանապարհ անցնելը։ Կարևորը չճահճանալն է, տեղում չդոփելն է

Մեր կատարած աշխատանքի գնահատականը սովորողների ձեռք բերած հմտությունների ու գիտելիքների մակարդակն է, նրանց ինքնուրույնության դրսևորումն ու զարգացումը։ Գոհացնող արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել սովորողի հետաքրքրությունը տվյալ գործունեության նկատմամբ։ Այդ նպատակով բնագիտական գործունեության  ընթացքում օգտագործում ենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ռադիոնյութեր և տեսանյութեր։ Սովորողները նախ՝ ինքնուրույն ուսումնասիրում են նյութը, փորձում ներկայացնել՝ ինչ հասկացան, ի՞նչ հարցեր առաջացան, այնուհետև սկսում ենք ընդհանուր քննարկումը։ Վերջում՝ նյութը թարգմանում ենք։ Արդյունքում ունենում ենք բնագիտական հայալեզու ուսումնական նյութեր, որոնք հարստացնում են մեր էլեկտրոնային գրադարանը, համացանցը, դառնում են  նրանց կրտսեր ընկերների և հատուկ կարիքով սովորողների համար ուսումնական նյութեր։

Բերեմ մի քանի օրինակ․

Կարևոր է նաև սովորող-սովորեցնող նախագիծը, որի  ընթացքում ավագ դպրոցի սովորողները,  կրտսեր սովորողների հետ տնկելով տարբեր բույսերի կտրոններ, բացատրում են դրանց տնկման, պահպանման, խնամքի տեխնոլոգիան։ Այս նախագծի իրականացման ընթացքում ավագ դպրոցի սովորողի պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ գործ ունի կրտսեր դպրոցի սովորողների հետ։ Նրանք միանգամից իրենց մեծ, հասուն, փորձառու են զգում, կարևորում են իրենց՝ սովորեցնողի, կարևոր գործ անողի դերը։ Նրանք շատ լրջորեն իրենց իմացածը փոխանցում են կրտսեր ընկերներին։  Ավագները  սովորեցնողի կարգավիճակում ասես միանգամից հասունանում են, լրջանում։ Իսկ փոքրերը աշխույժ, ոգևորված մեծերի ներկայությունից, այս ու այն կողմ են վազվզում՝ փորձելով ընտրել ամենալավ բույսն ու հարցուփորձ անել ավագ ընկերոջը։ Գիտակցելով իրենց վրա դրված պատասխանատվության չափը ՝ սովորողները փորձում են հնարավորինս լիարժեք տիրապետել անհրաժեշտ մատուցվող նյութին, կարողություններին։ Այդ ընթացքում ձեռք են բերում նոր հմտություններ և, ամենակարևորը, նրանք այդ ամենը անում են առանց պարտադրանքի և մեծ սիրով։

Չեմ կարող չնշել ուսումնական ճամփորդություների անփոխարինելի դերը ուսուցման գործընթացում։ Դպրոց-դասարանական պատերից դուրս կազմակերպվում է ուսուցման հետաքրքիր գործընթաց։

Տարվա ընթացքում համագործակցել ենք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնական Աստղիկ Հակոբյանի հետ։ Կազմակերպել ենք հանդիպումներ, զեկույցներ, արդյունքում՝ սովորողները ստացել են համապատասխան գիտելիքներ վիրուսների կառուցվածքի, կենսագործունեության վերաբերյա։ Ինստիտուտ կատարած այցի ժամանակ յուրաքանչյուր սովորողը կարողացել է ստանալ և տեսնել իր սեփական ԴՆԹ-ն։ Սովորողները ծանոթացել են գիտության ժամանակակից ոլորտներին, լաբորատորիաներին, զրուցել համապատասխան մասնագետների հետ։ Երբ քաղաքային երթուղով վերադառնում էինք կրթահամալիր, սովորողները, գրավելով երթուղու վերջին հատվածը, բուռն քննարկում սկսեցին կենսաբանության վերաբերյալ, տասնմեկ-տասներկուերորդ  դասարանցիները հարցեր էին տալիս տասներորդցիներին, նրանց սխալները ուղղում, բացատրում, քննարկում, իրար ուղղում։ Երթուղայինը դարձել էր ինքնաբուխ քննարկման տարածք, որտեղ մասնակից դարձա նաև երթուղայինի երթևեկողները։

Արդյունքների ամփոփում 1,2, 3։

 

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский