Իմ մուտքը նախակրթարան
Primary tabs
Իմ մուտքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր սկսվեց քառօրյա վերապատրաստումից, որը համակարգում էր կրթահամալիրի դասվար Անահիտ Հարությունյանը: Շատ հետաքրքիր, ուսուցանող օրեր անցկացրեցի, որտեղ էլ սովորեցի նաև բլոգավարում:
05.03.2019թ. սկսեցի աշխատել Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանում՝ որպես՝ դաստիարակ:
Պարտեզում ամեն ինչ ինձ հոգեհարազատ էին՝ երեխայի ազատությունը, բաց միջավայրը, կազմակերպվող ակտիվ խաղերը, ստեղծագործող փոքրիկները: Սաների հետ իմ աշխատանքը ջերմության, սիրո, վստահության ուժի ներքո եղավ, որն էլ ավելի ինքնավստահ դարձրեց ինձ: Ամեն օր սիրով, կարոտով, նորանոր մտահղացումներով շտապում էի սաներիս մոտ՝ նախակրթարան: Աշխատելով երեխաների հետ՝ չես կարող բավարարվել ունեցած գիտելիքներով: Ամեն օր, ամեն ժամ ինքնակրթությամբ եմ զբաղվում, պրպտում, գտնում նոր նյութեր ու խաղեր: Շատ կարևոր եմ համարում նաև փորձի փոխանակումը: Աշխատանքային միջավայրն այնքան ազատ, պարզ ու անկեղծ է՝ օգնում են ամեն հարցում, միշտ կանգնած են իմ կողքին, որի համար շատ շնորհակալ եմ: Նախակրթարանում աշխատանքի անբաժան մասնիկը դարձավ իմ բլոգը, որը կարող եմ համարել նոր ձեռքբերում: Այնտեղ են զետեղվում իմ աշխատանքն ու փորձը, երեխաների արկածները: Որպես ստեղծագործ մարդ՝ ձգտում եմ, որ իմ սաներն էլ ստեղծագործ մեծանան, լինեն միշտ յուրօրինակ, տարբերվող: Փորձում եմ զարգացնել մտածելու, հորինելու, միմյանց հետ համագործակցելու ունակությունները: Մանկության ամենամեծ ու անբաժանելի մասն են կազմում՝ խաղը, որով էլ պետք է մեծանա երեխան: Հենց այս մեծ հնարավորությունների ընձեռնման համար էլ սիրում ու համարում եմ իմը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Նախակրթարանում երգում ու մարզվում ենք խաղալով, նկարում ու սովորում ենք խաղալով, խնամում ենք բույսեր, ինքնուրույն խաղի ձևով սպասքադրում ենք կատարում, պատրաստվում ենք քնելուն նույնպես խաղով: Նաև դառնում ենք ռոդարիական հմուտ խոհարարներ, տեխնոլոգներ: Սաները անհամբերությամբ սպասում են իրենց ծննդյան օրվան, քանի որ մենք ամեն կերպ փորձում ենք ծեսը անմոռանալի և հիշվող դարձնել: Ամեն ծես՝ թե՛ ծննդյան, թե՛ տոնական, թե՛ զատկական, նշում ենք խաղերով, համապատասխան երգերով: Երեխաները, հաճախելով պարտեզ,սովորում են ինքնուրույնություն: Այստեղից շարունակվում է նրանց ԵՍ-ի հաստատումը, ինքնավստահությունը՝ ե՛ս կարող եմ, ե՛ս բացահայտեցի, ինձ մոտ ստացվեց: Նրանք ինքնուրույն խնդիրներ են հաղթահարում: Պարտեզ հաճախող յուրաքանչյուր սան շարունակում է իր պրպտելու, ստեղծագործելու, ինքնատիպության, հետաքրքրասիրության, հնարամտության, բացահայտելու որակները զարգացնել, որակներ,որոնք կյանքում կօգնեն նրան հաղթահարելու դժվարությունները, առավել ստեղծագործ, նախաձեռնող և գործուն լինելու։
Մեր նախագծերը․
Երեխայի հետ իրականցրած ցանկացած աշխատանք, նախագիծ էլ ավելի հաջողված են լինում, երբ ներգրավվում են ընտանիքի անդամները: Հասկացա, որ ծնողներն էլ են ոգևորվում:
Ընտանեկան նախագծեր․
- Մարզական ընտանիքը
- Իմ թաղարը Իմ ամենասիրելի նախագծերից մեկն է:Շատ եմ սիրում բնությունը,խնամված,մաքուր շրջակայքը :
- Տեխնոլոգիա
- Զատկական օրեր
- Փոքրիկ խոհարարները
- Հարավում փոքրիկների մարզատոն
- Բացվել է 1054 անգամ