Մանկավարժական աշխատողի մասնագիտական զարգացման բաց համակարգ

Մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը կարևորվել և շարունակում է առանցքային լինել ՀՀ կրթական  համակարգում: Սովորողների կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորման համար ուսուցիչը պետք է.

  • ունենա մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն և բարոյական որակներ,
  • գիտակցի բարեփոխումների անհրաժեշտությունն ու դրանցում իր մասնակցության կարևորությունը,
  • հրաժարվի ժամանակավրեպ գործելակերպից,
  • կարևորի սովորելու և սովորեցնելու ժամանակակից մեթոդները,
  • մշտապես կատարելագործի մասնագիտական կարողությունները, մասնակցի վերապատրաստման դասընթացների, զբաղվի ինքնակրթությամբ:

Սակայն շատ քիչ կրթական հաստատություններ են կարևորում և կազմակերպում մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղված միջոցառումներ, սեմինարներ, վերապատրաստումներ:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժական աշխատողի զարգացումը առանցքային նշանակություն  ու  մեծ դեր ունի: Կրթահամալիրում յուրաքանչյուր մանակավարժական աշխատողի մասնագիտական զարգացմանն են նպաստում հաճախակի կազմակերպվող վերապատրաստումները, սեմինարնները, տարբեր բնույթի հավաքներ, այդ թվում նաև՝ Մանկավարժության կենտրոնը,  «Դպիր» ամսագիրը,  Ուսուցչի լաբորատորիանԳրական ակումբը, «Սեբաստացիներ» երգչախումբը, տարբեր նախագծեր, ինչպես կրթական փոխանակումների նախագիծն է:  Կրթահամալիրում յուրաքանչյուր մանավարժական աշխատող աշխատանքի է ընդունվում՝ անցնելով  վերապատրաստում և մասնակցելով «Մուտք կրթահամալիր»  ճամբարին: 

Իմ մուտքը կրթահամալիր՝ որպես մանկավարժական աշխատող,  ևս սկսվել է այդ ճանապարհով: Վերապատրաստման ընթացքում, ծանոթանալով այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին, նախագծային բլոգային ուսուցմանը, այդ ամենը գործնականում կիրառելով, մասնակցելով կրթահամալիրում իրականացվող ուսումնական պարապմունքներին՝ սկսած ընդհանուր պարապմունքից, մինչև Մեդիաուրբաթ, ուսումնական ժամերգություն՝ հասկացա, որ կրթահամալիրն ինքնին՝ իր ծրագրով, նախագծերով, կազմակերպած ուսումնական պարապմունքներով, կազմակերպման ձևով, արդեն  իսկ մեծ ձեռքբերում է, հնարավորությունների բաց դաշտ՝ ինքնակրթությամբ զբաղվելու, մասնագիտորեն զարգանալու, առաջ շարժվելու համար, և կրթահամալիրում անցկացրած ամեն  ուսումնական շաբաթներից հետո ես ավելի էի համոզվում դրանում: Ոչ բոլոր կրթական հաստատություններին է հաջողվում իր սովորողներին,մանկավարժական աշխատողներին համախմբել Ազգային երգ ու պարով, ուսումնական օրն սկսել՝ նրանց մասնակից դարձնելով մեր մշակույթի տարածմանը, պահպանմանը: Պետք է խոստովանեմ, որ ընդհանուր պարապմունք անցկացնելու փորձերին ես մասնակից եմ եղել նաև իմ դպրոցում ուսանելու տարիներին, բայց, ցավոք, պետք է նշեմ, որ մի քանի շաբաթ փորձելուց հետո այն շարունակություն չունեցավ: Իսկ այդ  հաջողությանը կրթահամալիրը  հասել է՝ ընդհանուր պրապմունքը դարձնելով ուսումնական պարապմունքի բաղկացուցիչ մաս:  «Մուտք» կրթահամալիր ճամբարի և վերապատրաստման  ընթացքում սովորում ենք   բլոգավարություն, ստանում ենք ՏՀՏ հմտություններ, մշակում ենք նախագծեր, ինչը առաջին, բայց շատ կարևոր  քայլ է:  Հատկանշական է նաև կրթահամալիրում գործող  Մանկավարժության կենտրոնը, որի գործունեության հիմնական առարկան մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումն է,  մանկավարժական նորարարության տարածումը:

Ինձ համար առանձնակի ուշագրավ է մենթոր ուսուցիչի դերը կրթահամալիրում: Մինչ կրթահամալիրում աշխատալը, պետք է խոստովանեմ ՝ չէի լսել և ոչ էլ  գիտեի առհասարակ՝ ինչ է իրենից ներկայացնում մենթոր ուսուցիչը:  Մենթոր (խորհրդատու) լինում է կրթահամալիրի այն մանկավարժական աշխատողը, ով ունի կրթահամալիրում բլոգային-նախագծային ուսուցում իրականացնելու արդյունավետ փորձ, վայելում է գործընկերների վստահությունը, ցանկություն ունի փոխանցելու իր փորձը և նպաստելու գործընկերոջ՝ մանկավարժական գործունեության մեջ ինքնահաստատմանը: Մենթոր ուսուցիչն ուսուցման գործում նոր նյութի, մեթոդների, կազմակերպման ձևերի ստեղծող-տարածողն է: Նա իր խորհրդատվությունն իրականացնում է.

  • վիրտուալ միջավայրում՝իր ուսումնական բլոգի, էլեկտրոնային կապի, սոցցանցերի միջոցով.
  • ֆիզիկական միջավայրում պարապմունքների, խորհրդատվությունների միջոցով՝ մենթորի և (կամ) խորհրդատվություն ստացող ուսուցչի կաբինետում (դասարանում):

Եվ իսկապես, մասնագիտական ամենամեծ ձեռքբերումը փորձառու մանկավարժական աշխատողի, գործընկերոջ փորձի փոխանցումն է, մասնագիտական այն խորհուրդները, որոնք ունեն տարիների փորձ, ունեն  գործնական արդյունավետ կիրառություն:

Եվ այս ամենը կատարվում է բաց համակարգով, հասանելի բոլորին, անգամ այն մանկավարժական աշխատողների համար, ովքեր այլ ուսումնական հաստատությունում են աշխատում:

Այսինքն՝ կրթահամալիրը հնարավորություն է տալիս մենթոր ուսուցչի գործառույթներից, դերից օգտվել ոչ միայն կրթահամալիրում աշխատող մանկավարժական աշխատողներին, այլև բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:Եվ այս ամենը կատարվում է բաց համակարգով, հասանելի և տեսանելի բոլորին:

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողների զարգացմանն են նպաստում նաև մանկավարժական գրական ակումբը, Ուսուցչի լաբորատորիան: Գրական ակումբում ոչ միայն հնարավորություն ես ստանում արտահայտելու մտքերդ, զարգացնելու գրական ստեղծագործություն վերլուծելու հմտություններդ, այլև փորձառու մանկավարժական աշխատողներից սովորում ես՝ ինչպես վերլուծել, լսում ես տարբեր տեսակետներ և, ի վերջո, սովորում ես, մտածում այդ տեսակետների շուրջ, նոր բացահայտումներ անում այս կամ այն ստեղծագործության վերաբերյալ:

Կրթահամալիրում չկա որևէ նախագիծ, ծրագիր, ընդհանրապես գործունեություն, որ ուղղված չլինի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը: Հենց միայն հեղինակային կրթական բաց ծրագիրն ամեն ինչ ասում է: Միակ կրթական հաստատությունը, ծրագիրը, որ հնարավորություն է տալիս թե՛ սովորողին, թե՛ մանակավարժական աշխատողին ինքնարտահայտվելու, ներկայանալու, ստեղծելու, զարգանալու, անընդհատ լինելու ստեղծագործական, մասնագիտական ակտիվ գործունեության մեջ:  Եվ այս ամբողջը՝ այդ թվում մանկավարժական աշխատողների զարգացումը, բաց համակարգով է:  Մանակավարժական աշխատողների զարգացման մի քանի փուլով ես արդեն հասցրել եմ անցել և մինչև այսօր դեռ շարունակում եմ ՝ ամեն օր բացահայտելով և ներգրավվելով մանկավարժական աշխատողների զարգացման ուղղված նախագծերին, միջոցառումներին:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский