Երկարացված օրվա կազմակերպումը նախագծերով
Primary tabs
Նախագծային մեթոդը գործունեությունը մանրամասն մշակման, ծրագրավորման, քայլերի հերթագայության որոշման միջոցով նպատակին հասնելու մեթոդ է: Նախագիծը ենթադրում է շոշափելի արդյունք, դրա հրապարակայնացում: Դրա իրագործումը ենթադրում է կարողությունների, հմտությունների ձեռքբերում և զարգացում: Այն սովորողի որոշակի գործողությունների, հնարների համադրություն է, որոնք իրականացվում են տրված նախագիծն իրականացնելու նպատակով:
Նախագծային աշխատանքներ կատարելիս սովորողները ձեռք են բերում գիտելիքներ, դրանք գործունեության մեջ կիրառելու հմտություններ: Նախագծային մեթոդը ուսուցման արդյունավետ միջոց է:
Նախագծային մեթոդը համարվում է հետազոտական և ստեղծագործական գիտելիքների համադրություն: Դասավանդողը սովորողների հետ դառնում է նախագծի բաղկացուցիչների մշակող, նաև՝ համակարգողն ու խորհրդատուն:
Ցանկացած նախագիծ պետք է ունենա իր աշխատանքային ընթացքն արտացոլող կայքը, բլոգը, որտեղ պետք է լուսաբանվի նախագծի ողջ ընթացքը:
Նախագծերի հիմնական նպատակն է տարբեր կարողությունների ձևավորումը, հմտությունների զարգացումը, որոնք հետագայում սովորողները կկարողանան օգտագործել տարբեր իրավիճակներում:
Նախագծային աշխատանք կատարելիս առաջին հերթին ընտրում ենք թեման, որը քննարկում ենք սովորողների հետ: Երկրորդ քայլով ձևավորում ենք խումբը: Խմբում յուրաքանչյուր սովորող ունենում է իր անելիքը: Խմբային և անհատական աշխատանքների միջոցով ունենում ենք որոշակի արդյունք, որը վերջում հրապարակում ենք:
Նախագծերով աշխատելիս թե՛ ուսուցիչը, թե՛ սովորողները որոնողական և ստեղծագործական աշխատանք են կատարում: Ուսուցիչը ղեկավարում, համակարգում է սովորողների ստեղծագործական և հետազոտական աշխատանքները: Նախագծային ուսուցումն օգնում է ձեռք բերել որոնողական, հետազոտական, անհատական և համագործակցային աշխատանքի, նաև արավածը ներկայացնելու հմտություններ:
Նախագծի ընթացքում յուրաքանչյուր սովորող պատասխանատու է և՛ իր, և՛ խմբի աշխատանքի համար: Մեկ սովորողի թերացումը կարող է խաթարել ամբողջ խմբի աշխատանքը: Դա նպաստում է, որ սովորողը առավել պատասխանատվությամբ մոտենա իր աշխատանքին:
Նախագծի իրականացման համար կարևոր է հաշվի առնել սովորողների տարիքային առանձնահատկությունները: Քանի որ երկարացված օրվա խմբերը տարատարիք են, պետք է նախագիծը կազմել այնպես, որ խմբի բոլոր մասնակիցներն էլ նախագծում ունենան իրենց համապատասխան աշխատանքը: Նախագիծը պետք է այնպես կազմել, որ սովորողը կարողանա ինքնուրույն ստեղծագործել, կատարել հետազոտական աշխատանք, համակարգել, ի մի բերել ձեռք բերած գիտելիքները: Կազմակերպիչը պետք է միայն ուղղորդի, խորհուրդ տա և առավելագույն պայմաններ ստեղծի սովորողի ինքնուրույն աշխատանքի համար:
Ուսումնական նախագծի թեմաներն ընտրվում են նաև ըստ կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի:
Նախագիծը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ: Այն պետք ունենա հստակ ձևակերպված նպատակ և խնդիրներ: Ընթացքը կարելի է ներկայացնել նաև ֆիլմերի, ֆոտոշարերի միջոցով: Այնուհետև աշխատանքները համակարգվում և ներկայացվում են հաշվետվության տեսքով՝ շոշափելի արդյունքով:
Նախագծի իրականացման ժամանակ զարգանում են նաև սովորողների համակարգչային հմտությունները:
Ներկայացնեմ «Թումանյանական օրեր» նախագիծը, որն իրականացրել ենք փետրվարի 19-ից մարտի 7-ը: Նախագիծը դերային էր, թատերական, արդյունքում պետք է ներկայացում ունենայինք:
Սովորողների հետ քննարկեցինք նախագիծը, ընտրեցինք ընթերցանության նյութերը, բեմականացման նյութը՝ «Շունն ու կատուն», կատարեցինք դերային բաշխում, քննարկեցինք ներկայացման բոլոր հնարավոր եղանակները: Կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ պատրաստեցինք շան և կատվի կերպարների դեկորներ: Ներկայացումը պատրաստ էր:
Իսկ ովքե՞ր են մեր հանդիսատեսները: Որոշեցինք թատերական ներկայացումը ցույց տալ հինգ տարեկանների խմբում: Կազմվեց նոր նախագիծ. նկատի ունենալով հանդիսատեսին, ներկայացման վայրը՝ մտածեցինք նոր մոտեցումներ՝ նոր պատրաստություններով: Այս անգամ տեխնոլոգիական աշխատանքների համար անհրաժեշտ եղան նոր նյութեր: Սովորողները կատարեցին դերային փորձեր, պատրաստվեցին նախագծի ներկայացմանը: Իսկական թատրոն:
Վերջին փուլում ամփոփեցինք երկու փուլերի աշխատանքները միասին:
- Բացվել է 988 անգամ