Մուտք կրթահամալիր
Primary tabs
Որոշ ժամանակ մտորելուց հետո որոշեցի գրել և իմ տպավորություններն ու հույզերը փորձել փոխանցել ձեզ։ Կրթահամալիրում աշխատանքի ընդունվելուց առաջ քիչ պատկերացում ունեի նրա գործունեության մասին։ Կայքում տեղեկացել էի դպրոցում թափուր աշխատատեղերի ցանկին, լրացրել համապատասխան հայտը։ Չորս օր անց ինձ պատասխան նամակով հրավիրեցին մասնակցելու վերապատրաստման՝ սեփական թվային գործիքով։ Գնացի։ Բայց ինչպե՞ս։
Երբեք չեմ կարող մոռանալ այդ չորս օրերի իմ ապրումները։ Ես սովորական, պետական հանրակրթական դպրոցի չափած-ձևած,սահմանագծված աշխարհից տեղափոխվել էի բոլորովին այլ, նոր՝ իմ աշխարհ։ Իմ, որովհետև այստեղ ես կարող էի ես լինել, բացել իմ մտահորիզոնը, լիաթոք շնչել, ստեղծագործել, իմ սեփական դասը ստեղծել՝ իմ սովորողների հետ համագործակցելով,նրանց հետաքրքրություններին հագուրդ տալով։ Ինքս ,ստեղծագործող լինելով, թև էի առնում մի տեսակ,որ այլևս պարտադրանքը չի ինձ թելադրելու, այլ սեփական նախագիծն է ինձ առաջնորդելու։ Կարևոր է նաև այն փաստը,որ մինչև օրս ոգևորությունս չի մարել,այն գնալով ավելանում է։
Բլոգավարությունը մի ուրիշ բարդություն էր ինձ համար,որը սակայն հաղթահարեցի մի քանի օրում։
Իսկ այ, մասնախմբերով գործունեությունը տիկին Մարիետի մայրենիի խումբն էի ընտրել։ Նրա կողմից ձևավորած անկաշկանդ միջավայրում ազատորեն արտահայտվում էին և՛ նորաթուխ սեբաստացի ուսուցիչները,և՛ արդեն փորձառուները։ Ճիշտ և սխալ մեկնաբանություններ չկային։ Կար գրագետ քննարկում,որի արդյունքում մենք համատեղ վեր էինք հանում առանցքային խնդիրները և փորձում դրանց լուծման եզրեր գտնել։ Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ․ահա քննարկվող առակների շարքը։ Ամեն անգամ հեռանում էի բավարարվածության զգացումով։
Քառօրյա վերապատրաստմանը հաջորդեց մուտքի ճամբարը։
Զուգահեռներ Արմինե Աբրահամյանի և Կրակովսկու հետազոտությունների միջև
Ահա հղումները այն վերլուծական աշխատանքների,որ արել եմ մուտքի ճամբարի ժամանակ։ Գուցե լիարժեք չեն,սակայն սրանցով ես մուտք եմ գործել կրթահամալիր, և դրանք ինձ համար առանձնահատուկ են, կարևոր։ Ես սրանց վրա մեծ պատասխանատվորեն եմ աշխատել։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հավատացին և վստահեցին։ Այս դպրոցում պետք է անխոնջ ընթանաս և միայն առաջ։ Չկա կանգառ, չկա հոգնություն, չկա տեղում դոփել։ Կա ընթացք,որը քեզ մղում է ստեղծագործելու,արարելու,հավատալու, որ կարող ես, և կարող ես, որովհետև ուզում ես։
- Բացվել է 458 անգամ