Հեքիաթների ֆլեշմոբը 5-6 տարեկանների խմբում
Primary tabs
Երեխայի կյանքում հեքիաթի կարևորության մասին գիտեն բոլորը. մեծ է հեքիաթի դերը երեխայի երևակայության զարգացման, խոսքի ձևավորման գործում:
5 տարեկանների խմբում հեքիաթներ շատ ենք ընթերցում, սովորողները ժամանակի ընթացքում բերանացի իմանում են այդ հեքիաթները, բեմադրում ենք, փոփոխում սկիզբն ու ավարտը, 2 և ավել հեքիաթներ խառնում իրար՝ դարձնելով հեքիաթների շիլաշփոթ: «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատեսի շրջանակում որոշեցինք մշակել մի նախագիծ, որտեղ կամփոփվեին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում սովորողներին արդեն իսկ ծանոթ հեքիաթները՝
- «Ծիտը»
- «Պոչատ աղվեսը»
- «Ով աշխատի, նա կուտի»
- «Գնդիկ բոքոնիկը»:
Սա, կարելի է ասել, սովորող-ընտանիք-դասվար եռակողմ համագործակցման փոքրիկ «քննություն» էր: Նախագիծն անվանեցինք «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ: Մնացած ամենշաբաթյա ստուգատեսերից այս մեկը տարբերվում էր նրանով, որ, եթե նախորդներն անցկացվել էին դպրոցում, ապա հեքիաթների ֆլեշմոբին սովորողները պետք է մասնակցեին տանից:
Սովորողների էլեկտրոնային հասցեներին նախապես ուղարկեցի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում մեր անցած հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից պետք է ընտրեր իր նախընտրելի հեքիաթը, ստեղծեր հարմար միջավայր և պատմեր այն: Սովորողը կարող էր նաև փոփոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանելու էր ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո պատրաստի տեսանյութը տեղադրելու էր YouTube-յան իր էջում և հղումն ուղարկեր ինձ: Ժամը 20:00-ին տրվեց «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբի մեկնարկը:
Առաջինն արձագանքեց Մարիետա Ահարոնյանը՝ ներկայացնելով «Գնդիկ բոքոնիկը» հեքիաթը: Մարիետին նկարահանել էր Լիլիթ մայրիկը, պատրաստել տեսանյութը՝ լրացնելով երաժշտական և մեդիա լուծումներով:
Գնալով մասնակիցները շատացան՝ հասնելով 20-ի: Պատրաստի տեսանյութերը տեղադրեցի մեր դասարանական բլոգում, իսկ հղումով թե՛ ես, թե՛ ծնողները կիսվեցինք Facebook սոցիալական ցանցում:
Այս ֆլեշմոբի շնորհիվ ես լուծեցի իմ առջև դրված մի շարք խնդիրներ:
- Սովորողը յուրացրածը փոխանցում է ընտանիք։ Դասարանում մենք միասին պատմում ենք հեքիաթը, բեմադրում, խաղում: Բայց շատ հաճախ ծնողներից լսում եմ, որ տանը, առհասարակ, ոչինչ չեն պատմում՝ ինչպե՞ս է անցել իրենց օրը, ի՞նչ են կերել, ի՞նչ նոր երգ կամ բանաստեղծություն են սովորել(չնայած օրվա գործունեությունն ամփոփվում է դասարանական բլոգում, այնուամենայնիվ, ծնողը ցանկանում է երեխայի գործունեությունը տեսնել կենդանի շփման մեջ): Ֆլեշմոբը հնարավորություն տվեց սովորողին ներկայացնելու յուրացրածը, թե ինքը որքան շատ հեքիաթներ բերանացի գիտի , նույնիսկ կարող է շտկել մայրիկի կամ տատիկի պատմածը:
- Ծնողը մասնակից է սովորողի ուսումնական առօրյային։ Աշխատանքային լարված առօրյան հաճախ խանգարում է, որ ծնողները սովորողների հետ շատ ժամանակ անցկացնեն: Ֆլեշմոբը ևս մեկ հնարավորություն էր միասին ժամանակ անցկացնելու, մասնակցելու սովորողի ուսումնական առօրյային, նրան նորովի ճանաչելու և խրախուսելու համար, ինչու չէ, նաև սեփական մեդիահմտությունները ցուցադրելու:
Սովորողների և ծնողների ոգևորությունն այնքան մեծ էր, որ նախաձեռնություն եղավ ֆլեշմոբային գործունեությունը շարունակելու, այս անգամ՝ «Իմ ինքնաշեն ձեռնոցե տիկնիկները» նախագծով, ըստ որի սովորողները ծնողների հետ պետք է ձեռնոցե տիկնիկներ պատրաստեին, հետո պատրաստի տիկնիկներով փոքրիկ բեմադրություն անեին: Այս անգամ նախագիծն ամբողջական-ընտանեկան ստացվեց, քանի որ բեմադրություններին մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները:
Հեքիաթների ֆլեշմոբերը սիրվեցին թե՛ սովորողների, թե՛ նրանց ծնողների կողմից: Այդ մասին են խոսում մասնակիցների ակտիվությունը, դասարանում օրեցօր ավելացող տիկնիկների քանակը՝ գեղեցիկ, կոկիկ, ինքնատիպ ու ճաշակով։
Նախագիծն ինձ հնարավորություն տվեց ճանաչել սովորողներիս այլ միջավայրում, նրանց պատրաստակամությունը, ստեղծագործելու, միասնական աշխատելու հնարավորությունները: Իսկ ծնողական առողջ մրցակցությունը, թերևս, ամենահաճելին էր:
- Բացվել է 942 անգամ