Առանց մահանայի, անընդհատ ուսուցում

Մարտի 1

Ինչ եղավ, երբ գարունն ու կորոնավիրուսը հանդիպեցին ու հանկարծ հայտնվեցին Հայաստանում

Հանրապետությունով մեկ մարտի 2-ից ուսումնական պարապմունքները դադարեցվեցին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մենք ապրում ենք, գործում ենք, սովորում ենք արտակարգ իրավիճակում։ Մեր հեղինակային մանկավարժությունը, մեր ինքնավարությունը, անընդհատ ուսուցման մեր կարողությունները մեզ՝ բոլոր տարիքների և կարգերի սեբաստացիներիս, որտեղ էլ լինենք հիմա, թույլ են տալիս խոսելու ոչ թե գարնանային արձակուրդների տեղափոխման, այլ մարտի 2-6-ը ուսուցման առցանց կազմակերպման մասին։ Հետոյի մասին հետո կխոսենք։

Պարապմունքները, մեր անվտանգությունից ելնելով, դադարեցվել են ֆիզիկական միջավայրում։ Մենք ունենք ուսուցման առցանց կազմակերպման տարիների փորձ, դրա համար մեր կողմից մշակված, փորձարկված միջավայր, համապատասխան գործիքներ, միջոցներ։ Ելնելով իրավիճակից՝ սկսում ենք բլոգուսուցման ստուգատես, մեր բնականոն պարապմունքները, պարտեզի, դպրոցի, քոլեջի ուսումնական շաբաթվա  գործունեությունը տեղափոխում ենք մեդիատիրույթ։  Հրապարակում սեբաստացի անհատն է՝ երկու տարեկանից սկսած՝ իր հմտություններով, կարողություններով, իր անհատական ուսումնական պլանով, իր ընտանեկան միջավայրով, իր ուսուցչի, mskh.am-ի, մեդիագրադարանի, ուսումնական կենտրոնների մշտական աջակցությամբ։ Վստահ եմ, որ ականատես կլինենք գտնված նոր լուծումների, հետաքրքիր հաղորդումների՝ առցանց ուսումնական հանդիպումներից,  հիգիենայի պահպանման, մարզական, բացօթյա ընտանեկան պարապմունքներից։ Չմոռանանք մշտապես օդափոխվող բնակարանների ու գարունը դիմավորած պատշգամբներով շարունակական ելումուտի մասին։ 

Բոլորին բարի ուսումնական շաբաթ՝ մայրենիի, ընթերցողական նախագծերի ստուգատեսով, հանրակրթական գարնանային «Ձոն» տեխնոլոգիական, հասարակագիտական-լրագրողական նախագծերի ստուգատեսների մեկնարկով... 

Մարտի 13

Առանց մահանայի ուսուցման շրջան

Քանի որ հանրապետությունով մեկ ուսումնական հաստատությունները նորից փակվում են մի անորոշ շրջան՝ առնվազն մինչև մարտի 23-ը, մենք կրթահամալիրում՝ նախադպրոցական խմբերով, դպրոցներով, ուսումնական կենտրոններով, նորից անցնում ենք հեռավար ուսուցման։ Այսօր կրթահամալիրի մեդիակենտրոնում  ունեցանք  մասնագիտական քննարկում, արձանագրեցինք, որ ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև ուզում ենք, որ հանրապետության ուսուցիչները, սովորողները միանան սեբաստացիների առցանց ուսուցմանը, օգտվեն մեր ստեղծած բաց համակարգից, ստեղծեն իրենցը։

Դրա համար այսօր-վաղը ուսուցիչներով, սովորողներով, ընտանիքներով զբաղվում ենք մարտի 2-6-ի՝ իրականացված հեռավար ուսուցման շաբաթի անհատական փորձի ամփոփումով, դպրոցների ղեկավարներն էլ ի մի են բերում, ամբողջացնում դրանք։ Պետք է ավելի բարեխիղճ աշխատենք, որովհետև տարածում ենք մեր փորձը, օգնում մյուսներին։

Կրթահամալիրի մանկավարժական աշխատողներ, սաներ, սովորողներ, ուսանողներ,  ստուգեք ձեր ինտերնետը, առցանց աշխատանքի գործիքները։ Արձագանքեք՝ ինչ մասնագիտական-տեխնիկական  աջակցության կարիք կա։

Անհոգնել հիշեցնում եմ, որ չմոռանաք մշտապես օդափոխել բնակարանը։ Կորոնովիրուսը գարունը չի տեղափոխում, ձեր պատշգամբներն ու այգիները խնամեք, անընդհատ դուրս եկեք պատշգամբ ու բակ՝ որպես ուսումնական, մարզական պարապմունքների ամենահարմար «մեկուսարանը»։

Մնացածը տեսեք կրթահամալիրի տնօրենի հրամանում, դպրոցների ղեկավարների, գրասենյակի ղեկավարների, կազմակերպիչների կարգավորումներում։

Մի բաց նամակ ամենքին

Նոր կորոնավիրուս-թագավարակի պատճառով հանրապետությունում սկսվեց ուսումնական հաստատությունների դադարի երկրորդ շրջանը՝  այսօրվանից մինչև առնվազն մարտի 23-ը։ Ու չգիտենք՝ ինչքան կարող է տևել դա։ Այս անորոշության մեջ պահել հասարակությունը, այն էլ, իր հանրակրթությամբ, նշանակում է խոցելի դարձնել նրան։

Ելնելով մեր մանկավարժության փորձից, իմ անձնական կենսափորձից՝ առաջարկում եմ։

  • Քանի որ 12-րդ դասարանցիների միայն փոքր մասը չի հանձնել պետական ավարտական քննությունները, թող հանձնի, որպեսզի այս ուսումնական տարվա շրջանավարտների համար պայմանները հավասար լինեն։ Իսկ 9-րդ դասարանցիների հունիսի քննաշրջանից պետք է հիմա հրաժարվել։ Դրա փոխարեն մայիս ամիսը լիարժեք, իսկ հունիսը գոնե երկու շաբաթ դարձնել ուսումնական, ինչպես մենք ենք անում արդեն քանի՜ տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ 1-11-րդ դասարանցիների համար։ Սրանով հասարակություն-իշխանություն կազատվենք մեղքի զգացումից, որ սովորողները բաց են թողել ուսումնական մի մեծ շրջան. և՛ ուսուցումը սահմանված ժամանակը կպահի, և՛ արտակարգ իրավիճակում սովորող անհատը պաշտպանված կլինի։
  • Ուսուցիչները, դպրոցները պետք է առցանց պարապմունքի հմտություններ ձեռք բերեն, որով ոչ միայն կապահովեն հանրակրթության մասին ՀՀ օրենք մտնող հեռավար ուսուցման կազմակերպումը՝ որպես ուսուցման եղանակ, այլ կօգտագործեն այդ հմտությունները առկա ուսուցման մեջ, նաև այսպիսի ակամա արձակուրդների շրջանում։ Սա առաջինն է, բայց ո՞վ է երաշխավորը, որ վերջինն է։

Մենք ունենք այդպիսի փորձ, որ սիրով կարող ենք փոխանցել։

Փոխանցման մի հարթակը։ Դիմում ենք այսօր հարկադիր պարապուրդի մեջ գտնվող սովորողներին, ընտանիքներին, հանրապետության ուսուցիչներին. միացեք մեր հեռավար ուսուցման կազմակերպմանը՝ օգտվելով կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների հեռավար ուսուցման հարթակներից, ուսւոցիչների ուսումնական բլոգներից՝ որպես լրացուցիչ կրթություն։ Ոչինչ չեք վճարում. ստանում եք։

Փոխանցման երկրորդ հարթակը։ Դիմում ենք հեռուստաընկերություններին. պատրաստ ենք հեղինակային մանկավարժության առցանց պարապմունքներ ներկայացնել տարբեր դասընթացների, ուսումնական գործունեության։

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский