Վերադարձ-մուտք կրթահամալիր
Primary tabs
Երբ 2020-ի օգոստոսին ֆիզիոլոգիական արձակուրդից հետո վերադարձա հարազատ կրթահամալիր, պարզվեց, որ նոր ընդունվող մանկավարժների հետ պետք է մասնակցեմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական քառօրյա դասընթացին: Սկզբում անակնկալի եկա. կրթահամալիրում 13 տարվա աշխատանքային փորձ ունեի: Այնուամենայնիվ, երբ սկսվեց դասընթացը, հասկացա, որ ամեն ինչ ճիշտ է արվում: Մեր կրթահամալիրը անշարժ ճահիճ չէ. այն նման է անընդհատ փոփոխվող լեռնային արագահոս գետի, ու պետք է միշտ պատրաստ լինել այդ փոփոխություններին: Փոխվել էին սովորողի և դասավանդողի ուսումնական բլոգներին ներկայացվող պահանջները, նոր ուսումնական ակումբներ էին կազմավորվել և ամենակարևորը՝ պետք էր հեռավար-առցանց ուսուցման նոր հմտություններ ձեռք բերել: Սովորեցի ու պահանջվող նոր հմտություններն էլ ձեռք բերեցի: Սկսվեց 2020-2021 ուսումնական տարին, որն ամենաբեղմնավորը եղավ կրթահամալիրում իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ երեք նշանակալից ձեռքբերումներով.
- Աշխատանքային աուդիո գիրք-տետր-դասագիրք՝ նախատեսված 2-րդ դասարանի սովորողների համար`«My First Steps in English»
- Ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծի իրականացում՝ «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը»
- Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծեր՝ կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում
Երկրորդ դասարանի անգլերենի աուդիո գիրք-տետր-դասագրքի ստեղծման շարժառիթը
Ըստ անգլերենի դասավանդման ընդունված մեթոդաբանության՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի, ընդհանուր դասընթացը պետք է սկսվի բանավոր ներածական դասընթացով, որը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում տարիներ շարունակ իրականացրել և իրականացնում ենք առաջին դասարանում: Աշխույժ և ուրախ երկխոսություններով ու երգերով, բնագիր ձայնագրություններ լսելով սովորեցնում ենք հաղորդակցական առաջին արտահայտությունները, կենցաղում և ուսումնական գործընթացում հանդիպող առարկաների անունները, գույները, 1-10 թվերը, որոշ ընտանի և վայրի կենդանիների, մրգերի և բանջարեղենների անունները: Երկրորդ դասարանում, երբ սկսվում էր տառուսուցումը, մաքուր օդ շնչելու անհրաժեշտության նման պահանջ էր դառնում տառերը, կարդալն ու գրելը սովորեցնելը՝ հիմնվելով առաջին դասարանի բանավոր ներածական դասընթացի լեզվական կարողությունների վրա:
Մի ժողովրդական ասացվածք կա՝ «Չկա չարիք՝ առանց բարիքի»: 2020-ի գարնանային և ամառային համատարած ինքնամեկուսացումը լավ պայմաններ ստեղծեց ստեղծագործական աշխատանքի համար: Օգոստոսի 12-ին արդեն հրապարակեցի դասագիրքը իր բոլոր դասերի ձայնագրություններով: Այս դասագրքով ես միշտ իմ սովորողի հետ եմ: Բոլորովին անպայման չէ, որ երկրորդ դասարանի սովորողի ծնողը անգլերեն իմանա, առավել ևս՝ ճիշտ արտասանությամբ: Դասագրքի թվային տարբերակը հասանելի է մեր մյուս դպրոց-պարտեզների սովորողների և անգլերեն դասավանդողների համար:
Մանկական մեդիահանրագիտարանի ստեղծումը
2020-2021 ուսումնական տարին Հարավային դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիների և ինձ համար նշանավորվեց մի հետաքրքիր ու երկարատև ուսումնական հետազոտական-թարգմանական նախագծով, որի վերջնարդյունքի՝ ուսումնական բլոգի անունն է «My Info Planet – Իմ տեղեկատվական մոլորակը», ինչն ինքնին մի մանկական մեդիահանրագիտարան է: Այս նախագծի իրականացմամբ սովորողները ձեռք են բերում համացանցի հետ ինքնուրույն աշխատելու, իրենց համար հետաքրքիր նյութ փնտրելու և գտնելու, երկար տեքստերի միտքը հակիրճ ներկայացնելու և թարգմանելու կարողություններ:
Նախագծի շարժառիթն ու դրանով ստեղծվող նյութերը
Մեր դպրոց-պարտեզների 5-րդ դասարանցիները 10-11 տարեկան են: 5-րդ դասարանում են սովորողները սկսում ուսումնասիրել «Բնագիտություն» ուսումնական առարկան: Ճիշտ է ընտրված այդ տարիքը: Այդ տարիքում սովորաբար երեխաները սկսում են շրջակա միջավայրի, բնության երևույթների, բուսական ու կենդանական աշխարհի մասին այնպիսի հարցեր տալ, որ ծնողները և նույնիսկ իրենց դասավանդողները դժվարանում են պատասխանել: Բնագիտության դասագիրքը շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները չկան դասագրքում: Իսկ ինչու՞ պետք է 5-րդ դասարանցին հարց տա ծնողներին ու դասավանդողներին այն բաների մասին, որոնք հետաքրքրում են իրեն: Նա կարող է իմանալ դրանք կարդալով, ուսումնական ֆիլմեր դիտելով: Սա արդեն 21-րդ դարի առաջընթացն է: Առաջադեմ կրթական համակարգեր ունեցող երկրներում արդեն հասկացել են, որ չկա այլևս ուսուցչի՝ գիտելիքի միակ աղբյուրը լինելու մենաշնորհը: Կարելի է հարցը գրել Google հարթակի որոնման պատուհանում և կստանաս պատասխանը: Հնարավոր պատասխանների շրջանակը շատ ավելի մեծ կլինի, եթե կարողանաս հարցը անգլերեն ձևակերպել:
Իսկ ինչպե՞ս օգնել, ուղղորդել սովորողին, որպեսզի նա կարողանա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները: Իմ որոնումները տվեցին ցանկալի արդյունքը: Գտա երեխաների համար նախատեսված ուսումնական տեսաֆիլմերի կայքեր, որոնք բավարարում են նրանց հետաքրքրությունները՝ «All Things Animal TV», «Kids Learning Videos», «Animal Fun-facts», «Free School»: Դրանից հետո սկսվեց նախագծի իրականացումը: Սա իրականում ընտանեկան նախագիծ է: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում իրեն հետաքրքրող թեման և իր ծնողի հետ սկսում աշխատել:
Օրինակ՝ բնագիտության դասագրքում գրված է, որ Արեգակի շուրջը պտտվում է 8 երկնային մարմին՝ 8 մոլորակ: Տրվում են այդ 8 մոլորակների անունները, բայց դրանցից միայն Երկրի մասին է առանձին դաս առաջարկվում: Իսկ ինչպիսի՞ն են Վեներան և Մերկուրին: Այս հարցերն են հետաքրքրել իր հայուհի մոր և արաբ հոր հետ Բեյրութից Հայաստան ներգաղթած 5-րդ դասարանի սովորող Յազան Ալաբդալլային: Երկու տեսաֆիլմերի թարգմանություններով ստեղծվեցին մեր մանկական հանրագիտարանի «Գիտություն» բաժնի առաջին նյութերը՝ Վեներա և Մերկուրի մոլորակների մասին:
Հատկանշականն այն է, որ այդ տարիքի սովորողներին հատկապես հետաքրքրում են ամենա-ամենաները: Եթե որևէ մեկը որոշում է թռչնի մասին գրել, ապա գրում է աշխարհի ամենափոքր թռչնի՝ կոլիբրիի մասին, եթե ծառի մասին, ապա ընտրվում է աշխարհի ամենամեծ ծառը՝ բաոբաբը, եթե պարի մասին, ապա ամենաշարժուն Բրեյք դանսը:
Փաստորեն սովորողների հետաքրքրությունների շրջանակով ստեղծվեցին նաև մեր հանրագիտարանի բաժինները՝ «Գիտություն», «Կենդանիներ», «Թռչուններ» «Միջատներ», «Բույսեր», «Մշակույթ»:
Երկրորդ ուսումնական շրջանի ձմեռային ճամբարի ընթացքում այս նախագծով փորձի փոխանակման պարապմունքներ անցկացրեցի Արևմտյան դպրոցում անգլերեն դասավանդող Հայկուհի Հովհաննիսյանի և իր 5-րդ դասարանցիների խմբի հետ: Արդյունքը եղավ այն, որ Հայկուհի Հովհաննիսյանը և իր սաները նույնպես սկսեցին իրականացնել այս նախագիծը:
Մայիսի սկզբում նամակագրական կապ հաստատեցի Արարատի մարզի Արբաթ գյուղի միջնակարգ դպրոցի անգլերեն դասավանդող Սյուզաննա Մկրոյանի հետ, առաջարկեցի համագործակցել այս նույն նախագծով, իսկ բոլորովին վերջերս՝ մայիսի 17-ին, Արբաթ գյուղի միջնակարգ գյուղում ամփոփեցինք մեր կրթական փոխանակումների նախագծի արդյունքները:
Անգլերենի հաղորդակցական և ընտանեկան նախագծերը կրտսեր դպրոցի 1-5-րդ դասարաններում.
Հաղորդակցական ընտանեկան նախագծեր 4-րդ դասարանցիների հետ.
1.«Հարցազրույց հայտնի մարդկանց հետ»
3.Հագուստի գնումներ և ուտելիք պատվիրելը սրճարանում
Հաղորդակցական ընտանեկան նախագիծ 5-րդ դասարանցիների հետ՝ «Սուրբ Զատիկը իմ ընտանիքում»
3-րդ դասարնցիների հետ իրականացրած ուսումնական նախագծեր.
Առաջին դասարանցիների հաղորդակցական նախագիծը՝ «Անգլերենը մեր տանը»
5-րդ դասարանցիները Հովհաննես Թումանյանի հեքիաթները ներկայացնում են անգլերեն:
4-րդ դասարանցիները ներկայացնում են «Ընտանեկան հեքիաթապատումներ»:
- Բացվել է 955 անգամ