Ինքնակրթության կարևորումը հեռավար ուսուցման ընթացքում

Հեռավար-առցանց ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործունեության ձևերից մեկն է։
Այն լայն հնարավորություն է տալիս ստեղծել ուսման շարունակական հարթակներ, տեղեկատվության ընդհանուր փոխանակում՝ անկախ ժամանակից և տարածությունից։
Հարկադրված տանը մնալու առաջին շաբաթ․ առաջադրանքների փաթեթն ուղարկեցի, սովորողները հեռավար կատարեցին, ուղարկեցին ինձ։ Ահա արդյունքները։
Դպրոց գալուն պես քննարկումներ արեցինք հեռավար-առցանց կրթության վերաբերյալ։ Ներկայացնեմ սովորողների տեսակետներից․ «Ժամանակը մենք ենք տնօրինում, հարմար է ցանկացած պահին կատարել առաջադրանքը»։ «Հարցերի դեպքում ուսուցչին դիմելու համար պարտադիր չէ լինել դպրոցում»։ «Վատ է, քանի որ միջանձնային շփումը պակասել է»։ «Ինքնակրթության կարևորումը առաջին շարք է գալիս»։ «Ժամանակս ավելի ճիշտ եմ օգտագործում»։
Նորից դադար ֆիզիկական միջավայրում․․․

Մարտի 16-23- արդյունքներ․այս հղումով կարող եք տեսնել այն առաջադրանքներն ու արդյունքները, որոնք հանձնարարել էի այդ շաբաթվա համար։
Այս ընթացքում սովորողներն աշխատեցին, կարդացին, հասցրին իրար կարոտել։
Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված «Չարենցյան օրեր» նախագծի շրջանակում մենք սկսել էինք «Կարդում եմ Չարենց» նախագիծը, սովորողներն աշխատել էին, այդ պատճառով ես նախագծերի շարքում ավելացրի այլ՝ «Կարդում եմ տանը», «Շրջում եմ աշխարհի թանգարաններում» նախագծերը։ Ստացա բազմաթիվ աշխատանքներ, վերլուծություններ, ստեղծագործական աշխատանքներ, ձայնագրություններ, պատումներ։ Սովորողները շարունակում են արձագանքել։
Անդրադարձ սովորողների ընթերցումներին
Այո, կարևորում եմ ընթերցանությունը, ինքս էլ սիրում եմ կարդալ։ Վերջերս նկատեցի, որ համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելու պատճառներից  մեկն էլ հենց ընթերցանությունն է, ավելի շատ եմ կարդալու նյութեր, գրքեր գտնում։

Առցանց դպրոցի կարևոր բաղկացուցիչ են ընթերցողական նախագծերը։ «Տիգրան Հայրապետյան» գրադարանն էլ շարունակում է գրքերի թվայնացումը, ուսուցիչներն էլ իրենց հեթին են օգնում, ավելացնում ցուցակը, այնպես որ շուտով էլեկտրոնային որևէ գրքի, ուսումնական ձեռնարկի պակաս չենք զգա։
Ուրախությամբ նշեմ, որ այսօրվա սովորողը կարդում է, վերլուծում է, քննարկումներ է անում։ Գիտե՞ք, դա մի տեսակ, վարակի նման է, տեսնում ես՝ մեկ ուրիշ սովորողի էլ հետաքրքրեց։ Հատկապես, երբ որևէ գրքի կամ ստեղծագործության քննարկում է, անպայման մի քանիսը կկարդան այն։ Ես էլ որոշեցի առցանց հարթակում էլ շարունակել։ Ահա, իմ փորձից․
Գտանք միասնական աշխատելու ձևերը․ օգնության եկան նոր գործիքներ՝ Zoom, Teams (ի դեպ, մանկավարժական առցանց սեմինարն էլ անցկացրինք Teams ծրագրով): Մինչ այսօր այս գործիքներով աշխատելու անհրաժեշտություն չէր եղել։ Համատեղ առաջին առցանց դասը 9-րդ դասարանում էր։ Մինչ այդ գրավոր առաջարկեցի կարդալ Հեմինգուեյ, ապա առցանց քննարկում կազմակերպել։ Խոսեցի 9-րդ դասարանի սովորող Արմեն Մալյանցի հետ (գիտեի, որ նա համակարգչային ծրագրերով է զբաղվում), խնդրեցի կազմակերպել առցանց հանդիպումը։ Տղան սիրալիր համաձայնեց, բոլորիս ուղարկեց Zoom ծրագիրը, որը ներբեռնեցինք։ Հենց հաջորդ օրը սովորողներն ինձ հայտնեցին, որ պատրաստ են։ Դե ինչ, հանդիպեցինք առցանց հարթակում, խոսեցինք, կատակեցինք, քննարկեցինք․․․ն ույնիսկ տեսագրել են և շուտով կներկայացնեն։
Այդ մասին այսպես է գրում Իլոնա Սահակյանը․ «Առցանց ուսուցման ամենահաճելի և արդյունավետ ձևը տեսազանգն է»։
Դրանից հետո որոշեցինք ռադիոընթերցումների շարք սկսել։ Նախագիծը ընթացքում է, առաջին եթերը՝ շուտով։
Նոր գործիքներին տիրապետելու հետ նոր մտքեր են առաջանում սովորողների հետ իրագործելու, առցանց նախագծեր անելու համար։
Անպայման ուզում եմ գրել այն սովորողների անունները, որոնք շատ են ընթերցում, վերլուծում են կարդացածը, մեկնաբանություններ անում․

Լիզա Ծատուրյան-10-րդ դաս․
Նարեկ Խաչատրյան 11-րդ դաս․
Վարդուհի Սուլթանյան 11-րդ դաս․
Էլեն Մկրտչյան  9-րդ դաս․

Իմ կարծիքով, առցանց դպրոցը ապագայում շատ ավելի մեծ տեղ է գրավելու մարդկանց կյանքում, նոր գործիքներն այնքան արագ են մտնում մեր կենցաղ, որ անընդհատ սովորելու անհրաժեշտություն կա։ Այս մի քանի շաբաթվա ընթացքում մենք՝ ուսուցիչներս էլ սովորեցինք աշխատել նոր գործիքներով և դեռ շարունակում ենք սովորել։
Առցանց ուսուցման ընթացքում ուսուցչի աշխատանքը չթեթևացավ․ լինելով դպրոցում՝ ֆիզիկական միջավայրում, նույնիսկ մեկ ազատ դասաժամ ունենալը նպաստում է աշխատանքը շարունակելուն, հաջորդ օրվա անելիքը պլանավորելուն, նախագիծ կազմելուն և այլն։ Այս օրերին, իմ կարծիքով, ավելի շատ ենք համակարգչի առջև նստում։ Թվարկեմ՝ ինչու։
Սովորողներն իրենց աշխատանքներն ուղարկում են իրենց հարմար ժամանակ։ Լինում են սովորողներ, որոնք խնդրում են շտապ ստուգել իրենց աշխատանքը, դիտողությունները գրել, որովհետև ինքը հենց այդ պահին պիտի իր բլոգում հրապարակի։
Մի այլ դեպքում սովորողը խնդրում է բացատրել առաջադրանքը։ Եթե դպրոցում հնարավոր է մի ամբողջ խմբի հետ աշխատել միաժամանակ, հեռավար ուսուցման դեպքում այն անհատական է։
Կան խնդիրներ․
Աշակերտը, որը դպրոցում չի աշխատել, այժմ էլ ցանկություն չունի առցանց աշխատելու։
Համացանցի խնդիր է առաջանում, օրինակ՝ ինձ մոտ հանկարծակի անջատվեց ծրագիրը և չմիացավ։
Սովորողների հետ հարկավոր է փոքր խմբերով պարապել, իսկ դա ժամանակատար է։
Գնահատման գործիքներ
Յուրաքանչյուր օրվա վերջում էլ․մատյանում նշում եմ կատարում այն սովորողների անունների դիմաց, ովքեր աշխատել են։ Հետո առանձին-առանձին սովորողներին ուղարկում եմ իմ դիտարկումները, դիտողությունները։ Արտատպված աշխատանքները գովասանքի չեն արժանանում։

Եվ վերջում՝ 
ինքնամեկուսացման շաբաթները հաջորդում են իրար:
Ուսումնասիրությունները, տեղեկատվությունը, որոնք նախկինում անցնում էին թղթերի և գրքերի կույտերի, գրադարաններում անցկացրած ժամանակի ընթացքում, այժմ կարող են իրականացվել րոպեների ընթացքում։ Համացանցը երկնքից մանանա է, իսկ հեռավար ուսուցումը ապագայինն է։
Նոր պայմաններում աշխատելը խլում է սովորականից կրկնակի շատ ժամանակ, երբեմն հաճելի է, երբեմն՝ հոգնեցուցիչ: Առօրյա խնդիրները և ամենօրյա լուծումները հաջորդում են միմյանց:
Դեռևս նորության և անհայտի մի զգացողություն կա, և ավելի ու ավելի հաճախ է միտք առաջանում՝ «Ջինն ազատվեց շշից»:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский