Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ
Primary tabs
«Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը կրթահամալիրյան ուսումնական նախագիծ է, որի նպատակն է, որպես ուսումնական գործունեություն, սովորողների մեջ արթնացնել սեր բնության, երկրագործության, շրջակա միջավայրի նկատմամբ։ Կրթահամալիրում այն միշտ էլ եղել է ուսումնական ամենակարևոր ու հետաքրքիր նախագծերից մեկը, միշտ շարունակելի՝ նորանոր լուծումներով, նորանոր ուղղություններով և համագործակցություններով: Նախագիծն իրականացվում է բնագիտության, սովորողի ընտրությամբ գործունեության, տեխնոլոգիայի, «Ես և շրջակա աշխարհը» դասաժամերի ընթացքում՝ ուսումնական գործունեության տարբեր ձևերով, եղանակներով։
Բնագիտության ուսուցումը (շաբաթական 2 ժամ) կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի խնամքի նախագծերի ձևով, սովորողի ընտրությամբ գործունեությունը (շաբաթական 4 ժամ)՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեության խմբերով։
Երկրագործությունը՝ որպես կրթահամալիրյան լայն ու բազմաբովանդակ նախագիծ, իր մեջ ներառում է միջավայրի խնամք, հողի փորում, փոցխում, բույսերի տնկում, ջրում, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնացան, սերմնահավաք և այլն: Այժմ կներկայացնեմ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» նախագծի 2020-2021-ի աշխատանքները, արդյունքները։
Երբ համավարակն սկսվեց, ավելի ընդարձակեցինք մեր աշխատանքային ուղղությունները․ այն մեզ չխանգարեց զբաղվել մեր աշխատանքով։ 2020 թվականի գարունն իր հետ բերեց ջերմ ու բարենպաստ պայմաններ. Հյուսիսային դպրոց-պարտեզում 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ սկսեցինք փոքրաթիվ խմբերով աշխատել կրթական պարտեզում: Հասցրել ենք ծառերն էտել, խուրձ կապել, ծառերը կրապատել և այլ այդպիսի աշխատանքներ: 2020 թվականի ապրիլ ամսից սկսեցինք ծաղկանոցների ստեղծման աշխատանքները: Տարբեր տեղերում պետք է ստեղծեինք ծաղկանոցներ: Մեկնարկը տվեցինք ապրիլի քսանչորսին, որը կրթահամալիրի բոլոր դպրոցներում համարվում է կանաչ խոնարհումի օր, որին մասնակից եղան ծնողներ, սովորողներ, դասավանդողներ: Միասնական ստեղծեցինք մեր կանաչ անկյունը:
Ծառատունկ-ծաղկատունկին հաջորդեցին տնկարանի ստեղծման, համալրման աշխատանքները: Մեր աշխատանքներն անսպառ էին, ամեն օր հերթապահությամբ աշխատում էինք Հյուսիսում՝ անընդհատ տնկելով, համալրելով նոր բույսերով: Սկսեցինք ծաղկանոցներ ստեղծել, և տնկարանը համալրեցինք։ Տնկարանում մի քանի տեսակի բույսեր տնկեցինք՝ քրիզանթեմ, վայրի խաղող, բարբարիս: Սիենայի պուրակում ծաղիկներ տնկեցինք չորս բլրակների վրա․ ունեցանք ծաղկառատ Հյուսիս: Հյուսիսի ծաղկանոցների բազմամյա բույսերը մինչև աշնան վերջ ծաղկեցին:
Երկրագործությունը շարունակական եղավ 2020 թվականի սեպտեմբեր ամսին էլ (այդ աշխատանքները երբեք չեն սպառվում), և սկսեցինք նոր երկրագործական նախագծեր մտածել-իրականացնել: Ունեցանք կրթական շքերթ, ծաղկատունկ Հյուսիսային դպրոցում: Սեպտեմբերի 4-ը կրթահամալիրում տոն էր։ Տոնում էինք 5-6 տարեկանների մուտքը կրթահամալիր։ Օրն սկսեցինք տոնական ծաղկատունկով։ Հյուսիսային դպրոցի առաջին դասարանցիները ծնողների հետ տնկեցին իրենց առաջին ծաղիկները և ունեցան իրենց կանաչ անկյունը դպրոցի տարածքում։
Շարունակաբար սկսեցինք իրականացնել տարբեր աշխատանքներ՝ Խնամում ենք միջավայրը, Սերմնահավաք ենք իրականացնում, Բաղեղի կտրոնի տնկում: Այդ աշխատանքներին հաջորդեց քայլքը տիար Բլեյանի հետ հոկտեմբեր ամսին, որի ժամանակ տիար Բլեյանը մեզ օգնեց իր դիտարկումներով, նոր լուծումներ առաջարկեց, մենք էլ սկսեցինք աշխատանքներն իրականացնել: Միջին դպրոցի սովորողների և դասավանդողների հետ իրականացրինք հողի տեղափոխում Մայր դպրոցից Հյուսիսային դպրոց, որպեսզի սիզախոտի սերմնացան սկսենք:
Նոյեմբեր ամիսն էլ նախորդ ամիսներին չէր զիջում իր աշխատանքներով․ չնայած նոյեմբերի 2-6-ը սովորողներն աշնանային արձակուրդում էին, Հյուսիսում գործում էր աշնանային ճամբարը, և 4-րդ ու 5-րդ դասարանի սովորողները սիրով գալիս էին դպրոց, մասնակցում բակային աշխատանքներին: Իրականացրել ենք մի շարք աշխատանքներ՝ ճիմապատում, որպեսզի ունենանք կանաչապատ տարածք, էտած ծառերի ճյուղերի տեսակավորում սովորողների հետ՝ հաստերը՝ որպես վառելափայտ, բարակները՝ ճյուղաղացով մանրացնելու, սիրիական վարդերը տնկարանից տեղափոխեցինք արևելյան լանջ, որպեսզի տնկարանն ընդարձակենք, և վերջում իրականացրինք ծառատունկ: Ներկայացնում եմ նոյեմբերի 2-6-ի ընթացքում կատարած երկրագործական աշխատանքները, լուսաբանումներն ըստ օրերի․
- Ճիմապատման աշխատանքներ
- Էտած ծառերի ճյուղերի տեսակավորում
- Փոքրիկ երկրագործները
- Աշխատասեր երկրագործներ
- Ճյուղաղացով մանրացում
- Սիրիական վարդերի տեղափոխություն
- Սիենայի պուրակի բույսերի տեղափոխում
- Ծառատունկ
Այդ աշխատանքներն ավարտելուն պես՝ նոյեմբերի 24-ին, ունեցանք երկրորդ երկրագործական ստուգատեսային քայլքը տիար Բլեյանի հետ Հյուսիսային դպրոցում: Անցանք տարբեր հարթակներով՝ երաժշտական ընդմիջումներով: Այնուհետև կլոր սեղան-ներկայացում ունեցանք: Շարունակեցինք աշխատանքները նախակրթարանի սաների և ծնողների հետ՝ կտրոններ թաղարների համար, վարդատունկ Հյուսիսում:
Երկրագործական աշխատանքները համագործակցային են լինում: Համատեղ իրականացնում ենք աշխատանքներ տարատարիք սովորողների հետ, ինչպես նաև դասավանդողների հետ: Թվարկեմ մի քանիսը։ Համագործակցեցինք Արտակ Ռշտունու հետ, ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ (Գինեգործ. մաթեմատիկ- բնագետները) այցելեցինք խաղողի և գինու դպրոց: Շողիկ Պողոսյանի հետ Սիենայի պուրակի բույսերի տեղափոխում իրականացրինք և փրկեցինք նրանց ձմռան ցրտահարումից: Կարճ դադար ունեցանք երկրագործական աշխատանքների, իսկ 2021 թվականի փետրվար ամսին բույսերի ուսումնասիրում, ծնողական համայնքի հետ հանդիպում իրականացրինք բուսաբուծության լաբորատորիայում:
Մարտ ամիսը կարևորվեց իր «Ծառզարդար, ծաղկազարդ» նախագծով։ Իրականացրինք մի շարք աշխատանքներ`
- Գարնանային աշխատանքներ
- Գարնանային աշխատանքներ Հյուսիսում
- Կրթական պարտեզի խնամք
- Հյուսիսի երկրագործական աշխատանքներից
- Գարնանային պարտիզապուրակային աշխատանքներ
- Բուսաբուծության լաբորատորիայում
Ծառզարդարը կրթական պարտեզում նշեցինք մարտի 27-ին․ նախ տնկիների օրհնություն եղավ Սուրբ Երրորդություն եկեղեցում, ապա շարունակեցինք երկրագործական աշխատանքները՝ ծառատունկ (բալենիներ), կուսախաղողի տնկում՝ երաժշտական ընդմիջումներով (ծաղկազարդի, բնության, ծառ-ծաղկունքի գովքի երգեր, պարերգեր): Այսպիսի գարնանային տոն ունեցանք սովորողների, ծնողների, գործընկերների մասնակցությամբ` Ծառզարդարը Հյուսիսում: Այդ աշխատանքները նպաստեցին նրան, որ սովորողները կարողացան ծառերի խուրձ կապել, բույսեր տնկել, խնամել, ջրել, սերմնացան իրականացնել: Նաև նպաստեց նրան, որ իրենց տանը կարող են ծնողներին, տատիկներին և պապիկներին օգնել իրենց փոքրիկ ներդրումով: Ապրիլից սկսել ենք ծաղկանոցների համալրման նոր փուլ, նոր լուծումներ:
Անժելա Բլեյան
- Բացվել է 1710 անգամ