Բլոգավարությունը՝ չերևացող դիտանկյունից
Primary tabs
«Հայկական կակաչը» հատեց մեկ միլիոնի սահմանը, ասել է թե՝ արդեն մի միլիոն մարդ այցելել է բլոգ։
«Հայկական կակաչը» «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի որդեգրած մեդիակրթության ծնունդ է, ուստի այն պատկանում է կրթահամալիրին: Ասել կուզի` կայքը որքան իմն է, երկու էդքան կրթահամալիրինն է: Սա առաջին բանն էր, որ ուզեցա ասել:
Երկրորդ բանը, որ ուզում եմ՝ բլոգավարությունը ներկայացնել մինչ այժմ չուսումնասիրված տեսանկյունից՝ բացահայտելով կատարված այն աշխատանքը, որը չի երևում կայքի այցելուին: Ո՞վ իմանա, մեկ էլ տեսար` այն օգտակար եղավ ուրիշի համար․․․
Նախ՝ մի փոքր բլոգի մասին: Բլոգում առաջին նյութերը սկսել են թողարկվել 2011թ.-ի օգոստոսից։ 2012 թ.-ին բլոգը ձեռք բերեց դոմեյն` դառնալով կայք։ Անցնող տարիները հաստատեցին՝ դոմեյն, ասել է թե՝ սեփական հասցե ունենալը ճիշտ որոշում էր։ Այն մի շարք առավելություններ ունի։ Փորձեմ թվարկել առավել կարևորները։
Առաջին՝ հուսալի պաշտպանություն։ Բլոգը հաջողությամբ պաշտպանված է տարատեսակ վիրուսներից, կիբեր սպառնալիքներից և հաքերային հարձակումներից։ Այդպիսի հարձակումներ եղել են, հավանաբար էլի կլինեն։ Տարիներ շարունակ բլոգն անխափան աշխատել է՝ անկախ ամեն ինչից։
Երկրորդ՝ տալիս է ավելի շատ մեդիատիրույթ ունենալու հնարավորություն։ Բանն այն է, որ բլոգները տարիների ընթացքում սպառում են իրենց հասանելիք մեդիատարածքը։ Եվ ստիպված կամ պետք է հին նյութերը ջնջել՝ նորերի համար տեղ բացելու համար, կամ նոր բլոգ բացել։ Այդ խնդրին բախվում են նաև նրանք, ովքեր մեծ քանակությամբ լուսանկարներ են ներբեռնում բլոգ։ Դոմեյն ունենալու դեպքում այս հարցը լուծվում է։
Երրորդ՝ դոմեյն ունենալը լուծում է մեկ այլ խնդիր՝ ապահովում է բլոգի առաջխաղացումը, ասել է թե՝ որոնողական համակարգերում և սոցիալական ցանցերում բլոգն առավել տեսանելի է դարձնում։ Իսկ որպեսզի բլոգը տեսանելի դառնա, այն, առաջին հերթին, պետք է հեշտ նավարկելի լինի։ Այսինքն՝ ունենա
- հղումներ այլ կայքերում
- լավ կառուցված մենյու
- բլոգի նյութերը հնարավորինս միմյանց հետ կապված լինեն հղումներով։
Սա թույլ է տալիս, որպեսզի google-ը արագ ինդեքսավորի բլոգը՝ մղելով առաջ։
Եվ ընդհանրապես՝ մեդիատիրույթներն ունեն իրենց գործիքները, որոնց միջոցով միանգամայն չափելի է դառնում իրականացրած աշխատանքը, կատարած աշխատանքի արդյունավետությունն ու որակը:
Խոսքն առաջին հերթին բլոգի հաշվիչի մասին է, որը շատ հաճախ անտեսում ենք: Հաշվիչը պարզապես գործիք չէ, որ ցույց է տալիս այցելուների թիվը: Այն ճիշտ օգտագործելու դեպքում կարող է դառնալ բլոգը վարող օգտատիրոջ թիվ մեկ օգնականն ու խորհրդատուն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բլոգի վիճակագրությանը ակտիվ հետևելուն:
Տարիների ընթացքում, ժամանակ առ ժամանակ ոչ թե թռուցիկ նայել, այլև պարբերաբար ուսումնասիրել եմ`ամսվա ընթացքում ո՞ր բաժինը կամ բաժիններն են ամենաշատը բացվում, հատկապես ո՞ր նյութը կամ նյութերն են ամենաշատը ընթերցվում, հատկապես ո՞ր երկրներից են այցելում, ո՞ր կայքերից են մուտք գործում, ո՞ր հեղինակի կամ հեղինակների նյութերն են ամենաշատը հավանումների (like) արժանանում, կիսում գրանցում (share) կամ ռեբլոգ (reblog) արվում (reblogged բառի հայերեն համարժեքը հնարավոր չեղավ գտնել): Եվ, եթե տարիներ շարունակ այս ամենին հետևելն ու եզրահանգումներն անելը բավական ժամանակատար ու աշխատատար էր, ապա այսօր այդ գործընթացն անհամեմատ հեշտացել է․ հիմա դա արվում է ավտոմատ կերպով` ինքնաբերաբար: Վիճակագրության հետ կապված ցանկացած փաստ կամ թիվ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում:
Վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո փորձել եմ անպայման հասկանալ, թե ինչո՞վ կարող էին ընթերցողին հետաքրքել այդ նյութերը կամ նյութերի հեղինակները: Մոտավոր պատկերացում կազմելուց հետո՝ հետագայում հնարավորինս հաշվի եմ առել կայքի ծառայություններից օգտվող ընթերցողի պահանջը: Այլ կերպ ասած` ընթերցողն ինքն է դարձել պատվիրատու և թելադրել կայքի հնարավոր զարգացման ուղղությունները: Իսկ այն բաժինը և այն նյութերը, որոնք հաճախակի են բացվում, որպես կանոն, ժամանակի ընթացքում պարբերաբար լրացվում-մշակվում են և ներկայանալի տեսքի բերվում:
Իհարկե, շատ կարևոր է նաև այցելող ընթերցողի հետ անմիջական կապի մեջ լինելու հանգամանքը և նրանց թողած մեկնաբանություններին ժամանակին արձագանքելը: Կայքը մինչ այժմ գրանցել է 8 000-ից ավել կարծիք-մեկնաբանություն, որի կեսից ավելին տեղեկացնում է կայքից նյութեր տեղափոխելու մասին: Միայն այն, որ հենց օգտվող ընթերցողի խորհուրդ-առաջարկով են բացվել գլխավոր մենյուի բոլոր չորս՝ «Ծիսական տոնացույց», «Ծիսական օրացույց», «Ուսուցչի մեդիադարակ» և «Հոգևոր գրադարակ» բաժինները, կարծում եմ՝ վկայում է այդ համագործակցության օգտակարության մասին:
Եվ ընդհանրապես, միշտ պետք է հիշել հետևյալը` բլոգը ոչ միայն գրելու, այլև շփվելու հարթակ է: Ընդ որում, հարթակն այդ պահանջում է հնարավորինս անկեղծ և անմիջական լինել: Բլոգավարը ընթերցողի վրա առաջին հերթին ազդում է ոչ թե պաշտոնական տեղեկատվություն սփռելով կամ չոր ու ցամաք փաստեր ներկայացնելով, այլ իրենից ընթերցող ձգվող հուզական թելերով: Այդ առումով բացառիկ և առավել հաջողված, ավելին` երևույթ եմ համարում տիար Բլեյանի բլոգը:
Մի փոքր էլ խոսեմ՝ ինչպես են ընտրվում բլոգում թողարկվող նյութերը։ Ասեմ, որ նյութերի ընտրությունը շատ ավելի ժամանակատար է, քան, ասենք, թարգմանական աշխատանք կատարելը և թարգմանությունները խմբագրել-սրբագրելը։ Որպես կանոն, ընտրվում են այնպիսի հեղինակներ, որոնք աշխարհում հայտնի են, բայց, ցավոք, ներկայացված չեն հայալեզու համացանցում։ Որևէ տեքստ թարգմանելուց առաջ անպայման փորձում եմ պարզել՝ տվյալ տեքստը հայերեն թարգմանված ունե՞նք, թե ոչ: Եթե հանդիպում եմ հաջող թարգմանության, մտովի իմ գոհունակությունն եմ հայտնում թարգմանող հեղինակին՝ հոժարությամբ հրաժարվելով նույն բանը թարգմանելու իմ մտադրությունից: Ընտրածս նյութը թարգմանում եմ այն բանից հետո, երբ պարզում եմ, որ հայալեզու կայքերում տվյալ նյութը բացակայում է կամ էլ, իմ կարծիքով, վատ է թարգմանված` հայեցի չէ, անկենդան է, կամ էլ թափթփված ու փնթի աշխատանք է արված:
Սիրում եմ թարգմանել: Նկատել եմ՝ թարգմանել եմ ուզում, երբ ներսս կարգավորելու խնդիր եմ ունենում կամ միտքս մարզելու պահանջ եմ զգում: Նախընտրում եմ աշխատել ոչ ծավալուն տեքստերի հետ: Միևնույն նյութը չեմ զլանում խմբագրել-սրբագրել տասնյակ անգամներ: Շատ հաճախ այս կամ այն բառը փնտրում եմ ժամեր, օրեր, եղել են դեպքեր՝ շաբաթներ: Նույն տեքստին նորից ու նորից եմ անդրադառնում ու ձեռ չեմ քաշում այնքան ժամանակ, քանի դեռ այն չի սկսում կենդանության նշաններ ցույց տալ ու լիաթոք շնչել:
Ինչևէ, այսօր «Հայկական կակաչ» հոգևոր-մշակութային կայքն ունի իր ձեռագիրն ու ոճը, իր հավատարիմ ընթերցողն ու օգտվողը: Եվ դա, ինչ խոսք, տարիների շարունակական աշխատանքի արդյունք է և հետևանք:
Վերջում ուզում եմ անպայման ասել նաև հետևյալը՝ ինչ արել եմ, արել-անում եմ սիրով ու հավեսով։ Երբեք և ոչ մի դեպքում մրցավազքի կամ պայքարի մեջ չեմ մտնել՝ ինչ է թե այցելուների կամ հետևորդների թիվը շատանա։ Միայն այն հանգամանքը, որ «Հայկական կակաչը» բացվել-բացվում է՝ օգտակար լինելով շատերին, արդեն իսկ բավական է, որպեսզի ես ինձ լիուլի լավ զգամ։ Հա՛, մեկ էլ, երբ Ձմեռ պապի ուշադրությանն եմ արժանանում։ Շնորհակալ եմ։
- Բացվել է 1045 անգամ