Հեռավար (դիստանցիոն) ուսուցման մեթոդներ և տեխնոլոգիաներ
Primary tabs
Հեռավար (դիստանցիոն) ուսուցումը կրթություն ստանալու որակապես նոր ձև է, որն առաջացել է 20-րդ դարի վերջում՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների շնորհիվ: Համացանցի և համակարգիչների մատչելիության շնորհիվ հեռավար ուսուցումը մեծ տարածում է գտնում:
Մասնագետների կարծիքով, աշխարհում հեռավար ուսուցման առաջին փորձը կապվում է 1969 թվականին բացված՝ աշխարհում առաջին հեռավար ուսուցման համալսարանի՝ Մեծ Բրիտանիայի Բաց համալսարանի հետ: Համալսարանի անվանումը բացատրվում էր նրա մատչելիությամբ, ինչը պայմանավորված էր ոչ բարձր գնով և լսարանային պարապմունքներին ոչ այնքան հաճախ այցելելու հնարավորությամբ: Մեծ Բրիտանիայում Բաց համալսարանի հիմնադրվելուց հետո ամբողջ աշխարհում նկատվեց ոչ ավանդական համալսարանների թվի կտրուկ աճ. ստեղծվեցին մոտ 200 ոչ ավանդական համալսարաններ: Այսօր Մեծ Բրիտանիայում հեռավար ուսուցմամբ սովորողների թվի միջին տարեկան աճը կազմում է 10,8%, իսկ առկա ուսուցմամբ սովորողներինը` ընդամենը 2,3%:
Աշխարհում բրիտանականից բացի` հայտնի է նաև ԱՄՆ-ի հեռավար ուսուցման զարգացման ռազմավարության «ամերիկյան» կամ «հեռարձակման» մոդելը: Իսկ Եվրոպայում նշանավոր է համարվում Հեռավար ուսուցման ֆրանսիական ազգային կենտրոնը:
Աշխարհի շատ բուհեր առաջարկում են հեռավար ուսուցման առնվազն մեկ դասընթաց` հեռավար ուսուցումը համարելով զարգացման ռազմավարական կարևոր ուղղություններից մեկը: Այսօր աշխարհում հեռավար ուսուցման ծրագրերում ընդգրկված է ավելի քան 100 միլիոն մարդ:
Հեռավար ուսուցման զարգացումը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական կրթական ծրագրերի առանցքային ուղղություն: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանխատեսումների` 21-րդ դարում սովորողները լսարանում անցկացնելու են ուսումնառության համար հատկացված ժամանակի ընդամենը 30-40%-ը: Մյուս 40%-ը ծախսելու են հեռավար ուսուցման վրա` ժամանակակից հաղորդակցական միջոցների կիրառմամբ, իսկ մնացած ժամանակը տրամադրելու են ինքնակրթությանը: Դա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցների կիրառումը կմեծանա հեռավար ուսուցման գործընթացում և՛ դպրոցական, և՛ համալսարանական, և՛ որակավորման բարձրացման ոլորտներում, այսինքն՝ անընդհատ ուսուցման բոլոր օղակներում: Ինչո ՞ւ: Դե՛, որովհետև համակարգչային մեթոդները շատ արդյունավետ միջոցներ են: Դրանք արագացնում են նյութի յուրացումը, դրական տրամադրվածություն են ստեղծում առարկայի և ուսուցման գործընթացի նկատմամբ, ուսուցման համար առավել հարմարավետ միջավայր են ապահովում, ուսուցումն անհատականացնելու հնարավորությունն է մեծանում և այլն: Բացի դրանից, առցանց ռեժիմով հասանելի ուսումնական նյութն ավելի մատչելի է, քան ավանդական դասախոսությունները լսարանում կամ ուսումնական նյութերի հետ տարվող աշխատանքները ընթերցասրահում:
Աշխարհում այսօր գոյություն ունեն հեռավար ուսուցման տեխնոլոգիաների հետևյալ տեսակները`
1.Քեյսային (պորտֆելային) տեխնոլոգիա. սովորողներին ուղարկվում են թղթային և խտասկավառակային կրիչներով ուսումնամեթոդական նյութերի հավաքածուներ՝ ինքնուրույն ուսուցման համար:
- Հեռուստատեսային տեխնոլոգիա. հիմնված է ուսուցման գործընթացում հեռուստատեսային միջոցների կիրառման վրա:
- Համացանցային տեխնոլոգիա. հիմնված է համացանցի կիրառման վրա՝ սովորողներին ուսումնամեթոդական նյութերով ապահովելու և ուսուցանելու համար:
- Լոկալ–ցանցային տեխնոլոգիա. հիմնված է լոկալ ցանցերի կիրառման վրա՝ սովորողներին ուսումնամեթոդական նյութերով ապահովելու և ուսուցանելու համար:
- Տեղեկատվական—արբանյակային ցանցային տեխնոլոգիա. արբանյակային կապի միջոցով իրականացվում է հեռուստատեսային ուսուցում, ինչպես նաև տեղեկատվությունը լոկալ ցանցերում լրացվում և թարմացվում է:
- Ուսումնահերթափոխային տեխնոլոգիա. պարապմունքներ անցկացնելու համար դասախոսներն այցելում են ուսումնական կենտրոններ:
- Ատեստավորման հերթափոխային տեխնոլոգիա. ատեստավորող հանձնաժողովը սովորողների գնահատումն անցկացնում է ուսումնական կենտրոններում:
Աշխարհում հեռավար ուսուցում իրականացնում են հիմնականում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունները:
Հեռավար ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. առանձնահատկություններ
Թեև ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 124-Ն որոշմամբ հաստատվել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կարգը», ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 27-ի հրամանով հաստատվել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների հեռավար (դիստանցիոն) ձևով ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը», ցավոք, հեռավար ուսուցումը Հայաստանում հեռու է բավարար լիելուց: Այդուհանդերձ, հեռավար ուսուցումը նորություն չէ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այստեղ կա կուտակված տարիների մանկավարժական փորձ, որը, կարծում ենք, կարող է օգտակար լինել հայաստանյան կրթական այլ հաստատությունների համար: Տարբեր տարիներին, ժամանակ առ ժամանակ, կրթահամալիրում իրականացվել է հեռավար-առցանց ուսուցում: Ընդ որում, նման ուսուցումը եղել է և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ: Օրինակ` 2016 թ. հունվարին, Հայաստանում գրիպի համաճարակով պայմանավորված, կրթահամալիրը հաջողությամբ իրականացվել է երեքշաբաթյա հեռավար ուսուցում: Ամփոփվել են նաև մարտի 2-ից 6-ը հեռավար ուսուցման արդյունքները:
Կրթահամալիրում, հեռավար ուսուցման ընթացքում սովորողի և ուսուցչի կապն իրականացվում է հեռահաղորդակցության միջոցով` համացանցային տեխնոլոգիա (մասնավորապես` բլոգներ), իսկ գործնականում, ըստ էության, միաժամանակ կիրառվում են համաժամանակյա (սինխրոն ) և տարժամանակյա (ասինխրոն) ուսուցման մեթոդները:
Ուսուցման համաժամանակյա մեթոդը նախատեսում է սովորողի և ուսուցչի շփումը օնլայն (առցանց) ռեժիմով, իսկ տարժամանակյա մեթոդը` օֆլայն (ցանցից դուրս) ռեժիմով, երբ այդ շփումը հնարավոր չէ իրականացնել օնլայն ռեժիմով: Այս մեթոդները տարբերվում են սովորողի և ուսուցչի հաղորդակցման բնույթով: Համաժամանակյա ուսուցման մեթոդի դեպքում ուսուցչի և սովորողի փոխգործակցությունն ավելի ակտիվ է, ինչի պատճառով մեծ է ինչպես սովորողի, այնպես էլ ուսուցչի ծանրաբեռնվածությունը: Առաջին պլանում ուսուցիչն է, ով իր հետևից տանում է սովորողներին:
Տարժամանակյա ուսուցման մեթոդի դեպքում մեծ է սովորողի պատասխանատվությունը և ինքնուրույնության աստիճանը: Այստեղ կարևորվում են ինքնակրթությունը, ուսուցման անհատական տեմպը և այդ տեմպի կարգավորումը: Տարժամանակյա ուսուցման առանձնահատկությունն այն է, որ ուսուցիչը հանդես է գալիս որպես խորհրդատու, սակայն ավելի քիչ, քան համաժամանակյայի դեպքում:
Ըստ մեր դիտարկումների` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է հեռավար ուսուցման «խառը մեթոդը», որը ուսուցման համաժամանակյա և տարժամանակյա մեթոդների զուգակցումն է: Ընդ որում, հեռավար ուսուցման ժամանակ համաժամանակյա մեթոդը մեզանում գործում է հանրակրթական ինչ-ինչ առաջադրանքների կատարման դեպքում, իսկ տարժամանակյա ուսուցման մեթոդը` սովորողների նախասիրությամբ կատարվող անհատական և խմբային նախագծերը իրականացնելիս:
Կարծում ենք` առցանց ուսուցման արդյունավետությունը կրթահամալիրում էլ ավելի կբարձրանա, եթե
- կիրառվեն հեռավար ուսուցման տեխնոլոգիաների այլ տեսակներ և հարթակներ
- հեռավար ուսուցման անցնելուց առաջ, սովորողների շրջանում տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով, նախապատրաստական որոշակի քայլեր արվեն
- հեռավար ուսուցումը սովորողների կողմից ընկալվի ոչ թե նոր բնույթի գործունեության սկիզբ, այլ բնականորեն շարունակվի նախորդ շաբաթների ուսումնական գործունեությունը
Ինչ խոսք` կրթություն ստանալու հեռավար ուսուցումը մեծ հնարավորություններ է ընձեռում, անընդհատ ուսուցման իրականացման առումով էլ հեռանկարային է:
Օգտագործված էլեկտրոնային ռեսուրսներ`
Հեռավար ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող իրավական ակտեր
Հեռավար ուսուցման կազմակերպումը և իրականացումը կանոնակարգող փաստաթղթերի ժողովածու
- Բացվել է 1039 անգամ