Կրթահամալիրը՝ ուսուցիչների ատեստավորման համար վերապատրաստող կենտրոն
Primary tabs
2021 թվականի գարնանը, եռամյա դադարից հետո, ԿԳՄՍ նախարարությունը վերսկսեց ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումների գործընթացը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ԿԳՄՍ նախարարին դիմում-հայտ ներկայացրեց վերապատրաստող կազմակերպություն դառնալու համար՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերի փաթեթը, վերապատրաստման երեք բաղադրիչ դասընթացների ծրագրերը: Դիմումում նշվել էր, որ կրթահամալիրի նպատակը հեղինակային կրթական ծրագրի ներդրումն է ուսուցիչների կրթության բնագավառում:
Վերապատրաստման ծրագրերը կազմվել, լրացվել էին կրթահամալիրի հեղինակային մանկավարժության փորձով՝ «Դպիր» մանկավարժական հանդեսի՝ աշխարհի առաջատար մանկավարժական մոտեցումների հայերեն թարգմանությամբ ( կրթահամալիրի դասավանդողների կողմից) հոդվածաշարերով, դասավանդողների մեթոդական մշակումներով, «Տիգրան Հայրապետյան» մեդիագրադարանի՝ դասավանդողների կազմած-փորձարկած-հաջողած նախագծային փաթեթներով ,ուսումնական նյութերով, ուսումնաօժանդակ այլ ռեսուրսներով:
Ծրագրերի կազմման հիմքում ուսուցիչների գործնական աշխատանքների միջոցով սեփական աշխատանքային փորձը քննելն էր, նոր մանկավարժական մոտեցումներին ծանոթացնելը, կրթահամալիրում ստեղծված-փորձարկված ուսումնական գործընթացին ծանոթանալը, մանկավարժական-մեթոդական մոտեցումները հասկանալը, յուրացնելը:
«Հանրակրթական բնագավառի օրենսդրություն» բաժնի թեմաներն ուղղված էին նախևառաջ մարդուն, քաղաքացուն, երեխայի հետ աշխատող մարդուն, ուսուցչին:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» բաժնում առանձնակի տեղ էր հատկացված բլոգավարությանը: Մոտ մեկ տասնամյակ կրթահամալիրում բլոգավարությունն ուսուցիչների համար ամենօրյա աշխատանք է. անհատական բլոգում դասվանդողները հրապարակում են իրենց աշխատանքային նախագծերը (տարվա, ամսվա, շաբաթվա), դրանց արդյուքները, իրենց մեթոդական մշակումները, ինքնակրթությանն ուղղված նախագծերը: 21-րդ դարում, երբ համացանցը և մեդիատեխնոլոգիաներն ամենուր են, բլոգը ուսուցչի համար անհրաժեշտ գործիք է, աշխատանքային գործունեության նկարագիր, պահոց:
Մասնագիտական զարգացման բաժնում ընդգրկած թեմաները արտացոլում էին կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության բովանդակությունը: Վերապատրաստման դասընթացի այս բաժինը մենք բաժանեցինք երկու բաղադրիչի՝ ընդհանուր մանկավարժական, որում ընդգրկված թեմաները վերաբերում են բոլոր ուսուցիչներին: Օրինակ՝ ներառական կրթությունը, բլոգային աշխատանքը, ուսումնական ճամբարները: Եվ առարկայական բաղադրիչի, որի թեմաները յուրաքանչյուր առարկայի դեպքում ունեն առանձնահատկություններ: Օրինակ՝ ուսումնական նյութերի ստեղծում-մշակում, առարկայական ֆլեշմոբ, գնահատում:
Քանի որ վերապատրաստող կազմակերպություն ընտրելու իրավունքը վերապահված էր ոչ թե դպրոցին, դպրոցի ղեկավարին, այլ ուսուցչին, մենք կանխատեսելով, որ վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել նաև հանրակրթական դպրոցի ուսուցիչներ, ծրագրերում ներառեցինք կրթահամալիրի հեղինակային ծրագրի այն բաղադրիչները, որոնք ամբողջությամբ կամ մասնակի կարող են ներդրվել հանրակրթական դպրոցում:Ինչպես օրինակ՝ առարկայական ֆլեշմոբները, որոնց, ի դեպ, հենց վերապատրաստման ժամանակահատվածում սկսեցին մասնակցել վերապատարստվող ուսուցիչների սովորողները:
Վերապատրաստման դասընթացները կազմակերպվելու էին երեք՝ առկա, հեռավար, համակցված եղանակով: Գրանցաթերթը լրացնելու ընթացքում ուսուցիչների հարցադրումներից պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ լավ չեն պատկերացնում հեռավար կամ համակցված եղանակով ուսուցման կազմակերպումը:
Կրթահամալիրում հեռավար, համակցված ուսուցման փորձը տարիներ առաջ է ներդրվել, և թե՛ վերապատարստող մասնագետները, թե՛ վերապատրաստվող ուսուցիչները պատկերացնում էին իրենց անելիքը: Եվ պատրաստ էին սեփական փորձով կիսվել գործընկերների հետ:
Այսպիսով, նախարարություն ներկայացված վերապատրաստման ծրագրի, մոդուլի թեմաներից բացի, ևս մեկը՝ «Հեռավար, համակցված ուսուցման կազմակերպում» թեման, բնականորեն դարձավ յուրացման նյութ: Ուսուցիչները երկամսյա հեռավար, համակցված վերապատրաստման ընթացքում գործնականորեն ծանոթացան նաև հեռավար, համակցված ուսուցման գործիքներին, մեթոդներին, կազմակերպմանը:
Վերապատրաստման դասընթացները մեկնարկեցին օգոստոսի 23-ին: Առաջին հանդիպմանը ուսուցիչներին ներկայացվեցին վերապատրաստման դասընթացների ծրագրերը, մոդուլը, վերապատրաստող մասնագետներին, վերապատրաստման աշխատակարգը:
Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 11-ը ուսուցիչները մասնակցեցին «Հանրակրթական բնագավառի օրենսդրություն» և «Տեղեկատվական և հաղորդակցական տեխոնոլգիաների կիրառումն ուսումնական գործընթացում» դասընթացներին: Ձևավորվեցին առկա, հեռավար, համակցված ուսուցման խմբեր:
Սեպտեմբերի 13-ից սկսվեցին «Մասնագիտական զարգացում» բաժնի երկու բաղադրիչների դասընթացները: Մասնագիտական զարգացման ընդհանուր մանկավարժական խմբերը հիմնականում աշխատեցին հեռավար եղանակով: Աշխատանքի նյութը, ինչպես նշել էի, հիմնականում կրթահամալիրի հեղինակային մանկավարժության ծրագրերի, փորձի շուրջ էր: Առարկայական բաղադրիչի շուրջ աշխատանքների կազմակերպումն այնպես էր պլանավորված, որ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ուսուցիչը պիտի ստեղծի իր նախագիծը, փորձարկի այն իր դասարանում, անհրաժեշտության դեպքում համապատասխանեցնի իր դպրոցի, դասարանի պահանջներին:
Կրթահամալիրի հեղինակային ծրագրով ներկայացված վերապատրաստման դասընթացի առանձնահատկություններից մեկը նաև ուսուցիչների ավարտական հետազոտական աշխատանքին որպես այլընտրանք առաջարկվող ուսուցչի բլոգն էր, որտեղ ուսուցիչը պիտի հրապարակեր վերապատարստման դասընթացին կարդացածը, սովորածը, յուրացրածը:
Արդյունքում, այլ դպրոցներից վերապատրաստվող մեր 24 գործընկերները ունեցան նաև իրենց բլոգները՝ իրենց անհատական ձեռքբերումներով, արդյունքներով:
Այսպիսով, ուսուցիչների պարտադիր ատեստավորման դասընթացին (1-ին՝ 23.08-11.10) մասնակցեց 57 հոգի՝ կրթահամալիրից և 12 դպրոցներից:
|
Դպրոցը |
մասնակիցներ |
|
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր |
33 հոգի |
|
Երևանի հ. 105 ավագ դպրոց |
4 հոգի |
|
Ն․Խաչատրյանի անվան հ․113 միջնակարգ դպրոց |
4 հոգի |
|
Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոց |
4 հոգի |
|
Ս. Խանզադյանի անվ. համար 184 ավագ դպրոց |
3 հոգի |
|
160 հիմնական դպրոց |
1 հոգի |
|
Վ. Զատիկյանի անվան հ. 90 հիմն. դպրոց |
1 հոգի |
|
«Արգենտինյան հանրապետություն» Երևանի թիվ 76 հիմն. դպրոց |
1 հոգի |
|
Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոց |
1 հոգի |
|
ՀՀ Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոց |
1 հոգի |
|
Արարատի մարզ Արբաթի հ. Զաքարյանի անվ. միջն. դպրոց |
1 հոգի |
|
Արարատի մարզ, գ. Մրգավան, Մրգավանի միջն. դպրոց |
1 հոգի |
|
Արարատի մարզ, գ. Ազատավան |
1 հոգի |
|
Կամավոր |
1 հոգի |
Մանրամասն ցուցանիշներն՝ այստեղ:
Վերապատրաստման ամբողջական հաշվետվությունն՝ այստեղ: