Նախասիրություններն ուշադրություն են սիրում

Երկու խոսք: Չեմ վերաբացահայտի հայտնին՝ խոսելով սովորողների նախասիրությունների՝ ուսումնական գործընթացում ունեցած կարևորության ու արդյունավետության մասին: Ընդամենը կներկայացնեմ վերջին ամիսներին այդ ուղղությամբ կատարած քայլերիցս օրինակներ՝ ինչ-որ տեղ նաև ցույց տալով նախասիրությունները նախագծերում ճկելու, վերարժևորելու հնարները:

Տարին տարբերվող էր: Ուսուցման ձևն ու բովանդակությունն էլ դարձան տարբերվող՝ իրավիճակին ներդաշնակ: Օրացուցային նախագծերի կողքին հայտնվեցին իրավիճակայինները՝ աղերսելով ուսումը իրականությանը: Սակայն պետք էին նաև լրացուցիչ ջանքեր, հնարներ՝ սովորողի ու դասավանդածդ առարկայի կապն էլ չթուլացնելու, ավելի ամրացնելու համար: Ինձ օգնության հասան կրտսեր ընկերներիս նախասիրությունները:

Մեր գունեղ զրույցները: Սովորողի հետ ընդամենը պետք է հնարավորինս հաճախ ու անկեղծ զրուցել: Եթե ուզում ես նրան բացահայտել, չպետք է վախենաս կամ խուսափես փոխադարձաբար նրա կողմից բացահայտվելուց, քո հայացքները ներկայացնելուց: Չէ՞ որ նրան էլ դու ես հետաքրքիր՝ քո՝ թեկուզ իր համար անհասկանալի կամ անծանոթ նախասիրություններով, առօրյայով: Զրույցները բացում են մեր հետաքրքրությունները միմյանց համար ու հաճախ զարմանալիորեն փաստում՝ տասնմեկ-տասներկու տարին տարիքային մեծ տարբերություն չէ. ընդհանուր նախասիրությունների շրջանակը մեծ է ու գնալով էլ մեծանում է՝ միմյանց տրվող խորհուրդների, ընկերական շփումների շնորհիվ: Գուցե դա է պատճառը, որ նրանց ուզածը ուսումնական դարձնելը միաժամանակ հեշտ, հետաքրքիր ու հաճելի է ինձ համար:

Նոր գաղափարներով լուսավորման ու դրանց իրագործման հարցում պակաս կարևոր չեն նաև գործընկերային շփումները, զրույցները աշխատանքային տարբեր հարցերի շուրջ և ոչ միայն: Դրա մասին արդեն հասցրել եմ նշել Մանկավարժական ակումբի առաջին առցանց հավաքի ժամանակ: Ավագ թե տարեկից գործընկերների հետ զրույցները փորձի փոխանակման ու ինքնակրթության յուրօրինակ ուղիներ են: Հատկապես ամռանը, հաճախ լինելով գրադարանում, զրուցելով տիկին Նոնայի հետ, եկա գաղափարին, որ կա կարիք սովորողների մոտ գրքերի հանդեպ որոշակի վերաբերմունք ու խնամքի նրբություններ սերմանելու: Զրուցեցի սովորողներիցս մեկի՝ ապագա գրականագետ (հստակ որոշված է) Դավիթ Սարգսյանի հետ, որ հանձն առավ հեղինակային՝ «Գրքաբույժներ» նախագծի ստեղծման գործը, որ դեռ նոր ենք սկսել, բայց արդեն շատերին է դարձել սիրելի՝ իր ձևաչափով: Դավիթն ու ընկերները պատրաստում են ուսուցողական հոլովակներ՝ գրքերի խնամքի ու գրադարանից օգտվելու նրբությունների մասին: Ընդ որում, հոլովակներից մեկին սիրով մասնակցեց նաև արցախցի սովորող Արտաշեսը: Դավիթը նախագիծը շարունակելու ու զարգացնելու գործում մարտական է տրամադրված: Զարգացումը կտեսնենք:

Ջոան Ռոուլինգն ու մենք: Ամանորյա տրամադրություն ապահովող ստեղծագործություններից ու նախագծային աշխատանքներից բացի՝ դեկտեմբերին իր կախարդական գույներն է բերում նաև Ջոան Ռոուլինգը: Հարրի Փոթերը Ամանորի մի սպասված մասնիկն է եղել ու կա: Անցած տարի սկսել էինք Ռոուլինգի ստեղծած հանրահայտ աշխարհի ուսումնասիրությունը: Սովորողները սիրում են այդ աշխարհը, ոգևորությամբ ուսումնասիրում նրա հետ կապված ամենատարբեր թեմաներ, քանի որ հասկանում են, որ գործ ունեն ոչ թե զուտ երևակայական տարրերի, պատմության, այլ կախարդականի շղարշի տակ թաքնված կենսական երևույթների, գաղափարների հետ: Սիրուն դասեր ունեցանք: Գալիս էին կաբինետ, բերում իրենց ունեցած իրերը փոթերյան հավաքածուից, միացնում երաժշտությունը ու սկսում քննարկումը: Բարդ Բիդլի հեքիաթները, որոնց դեռևս չթարգմանված մասը միասին թարգմանեցինք՝ պատրաստելով նաև ձայնային տարբերակ, թույլ էին տալիս հասնել մինչև իսկ խտրականության քննադատմանը, հայրական կտակի՝ սյուժեներում ունեցած կարևորությանը, հեքիաթներում հանդիպած հրաշագործությունների արգելքների դիցաբանական արմատներին ու խաբված արքաների կերպարներին: Բայց սովորողների համար կարծես սա էլ էր քիչ: Հոգվարթսը՝ Ռոուլինգի ստեղծած հրաշագործության դպրոցը, ցանկացան բերել Սեբաստացի: Բերեցինք: Թե ինչ նպատակով, կպատմեմ ստորև:

Քվեսթը՝ որպես ուսումնական գործիք: Սա ինձ համար շատ կարևոր ու սիրելի փորձություն էր, որին հատկապես հիմա եմ ուզում անդրադառնալ, քանի որ ճամբարային շրջանի առօրյան կարող է դարձնել կրկնակի կլանող ու հարազատ: Հունվարին սովորողների հետ տարբեր թեմաների շուրջ քննարկումները ինձ համար բացահայտեցին փաստը, որ քվեսթը հատկապես նոր սերնդի համար ամենասիրելի ինտելեկտուալ զբաղմունքներից մեկն է, որի մասնագիտացված սրահներ՝ քվեսթ-սենյակներ այցելությունը այնքան էլ մատչելի չէ: Նախ ասեմ, թե ինչ է քվեսթը: Քվեսթը (անգլ.՝ Quest) հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մասնակցին լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլև հրաշալի հնավորություն՝ լարելու տրամաբանությունը, զարգացնելու հատկապես դեդուկտիվ մտածողությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները: Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեսթ-սենյակները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների, հարազատների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց: 90-ականներին սկսել են առաջանալ քվեսթ-գլուխկոտրուկներ, որոնցում խաղացողը պետք է հավաքեր տարբեր առարկաներ, գտներ ուղերձներ, հավաքեր մեխանիզմներ և հասներ վերջնական լուծմանը: Իսկ արդեն 21-րդ դարի սկզբում քվեսթը բերվեց իրական կյանք: Առաջին իրական խաղերը ստեղծվեցին լեգենդար և առեղծվածային Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների հիման վրա ու միանգամից գրավեցին խաղացողներին, իսկ այսօր արդեն տարբեր տեսակի քվեսթ-սենյակներ են ստեղծվում ամբողջ աշխարհում: Խաղն ունի տարատեսակներ՝ ներկայացում, Escape room, քվեսթ իրական ժամանակում, քվեսթ մորֆեուս, խաղ action: Ինձ մնում էր միայն լրացուցիչ ջանքներ գործադրել ու ընտրելով հարմար տարատեսակը՝ կազմակերպել ամանորյա քվեսթային խաղ, որ կօգներ մի անգամ էլ անցածին անդրադառնալուն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն, դեդուկտիվը հաճույքով զարգացնելուն:

Ասացի չէ՞, որ Հոգվարթսը բերեցինք Սեբաստացի: Ամանորյա քվեսթը թիմային խաղ էր: Ինձ հետ աշխատող դասարանախմբերի թիվը հրաշքով կամ պատահականությամբ համապատասխանում էր Հոգվարթսի հայտնի ֆակուլտետների թվին: Սկսեցինք: Կազմակերպեցինք ֆակուլտետների վիճակահանություն քվեսթի համար: Ամեն դասարանախումբ ընտրեց իր ֆակուլտետը: Քվեսթի նպատակն էր լինելու գրականությունից ու տարբեր այլ առարկաներից վերցված հուշում-տեղեկությունների միջոցով գուշակել թաքնված թերթիկի տեղը դպրոցում կամ թերթիկի տիրոջը՝ գտնելով նաև նրանից թերթիկը ստանալու համար անհրաժեշտ կախարդական բառը՝ գաղտնաբառը: Հատուկ շնորհակալություն գործընկերներիս, որ ոչ միայն հավանեցին խենթ գաղափարը, այլև սիրով մասնակցեցին խաղին՝ թերթիկի տեր դառնալով ու սպասելով իրենց մասին հուշումներին: Ոգևորող էր նաև այն, որ քվեսթն իր փիլիսոփայությամբ մոտ էր իմացումի, բացահայտման հրճվանքի գաղափարին: Այս դեպքում բացահայտման հրճվանքը կրկնակի է. բացահայտում ես և´ մտքում, և´ ֆիզիկական միջավայրում գտնում բացահայտածդ: Սովորողների ոգևորությունը չեմ կարողանա նկարագրել: Որքան էլ ասվել էր, որ հեռավար-առցանց սովորողները կարող են հավասարապես մասնակցել ու օգնել ընկերներին, շատերը նախընտրել էին գալ՝ չդիմանալով գայթակղությանը:

Հուշումներն այնքան էլ հեշտ չէին, երբեմն պետք էր միաժամանակ մի քանի ստեղծագործություն ուսումնասիրել՝ գտնելով անտեսանելի կապերը, բայց չի եղել օր, երբ մնար չբացահայտված թերթիկ: Բերեմ քվեսթային օրերից մի քանիսի հուշումների օրինակներ՝ ցույց տալով գլուխկոտրուկի էությունը: Ամեն օրվա ավարտին հուշումների տակ հայտնվում էր պատասխանը՝ գլուխկոտրուկի լուծումը: Սա, օրինակ, չորրորդ օրվա քվեսթի պատասխանն է. «Գաղտնաբառը հայելին էր, թերթիկի տերը Միջին դպրոցի ղեկավարն էր՝ ընկեր Լուսինեն։ Գաղտնաբառի հուշումներում խոսվում էր արտացոլման մասին, որով հայտնի են հայելիները։ Վերջին հուշումը կախարդական հայելիների մասին էր։ Այժմ թերթիկի տիրոջ մասին։ Սելենեն լուսնի դիցուհին էր։ Անգլիական գրականության մասին խոսքը մեծ հուշում էր. ընկեր Լուսինեն անգլերեն է դասավանդում։ Երրորդ հուշումը հայտնի արտահայտություն է, որ ձեզ հայտնի վիպաշարում ասում է Դամբլդորը՝ դպրոցի ղեկավարը։ Թփերը կարևոր են. կհամոզվեք, եթե թուփ բառի անգլերեն համարժեքը գտնեք։ Հայրն ու որդին էլ ԱՄՆ հայր ու որդի նախագահներն են՝ Բուշերը»: Ասեմ, որ քվեսթին մասնակցում էին նաև շատ ծնողներ և ոչ միայն: Շատ սովորողներ այնքան մեծ ցանկություն ունեին թաքնված թերթիկը գտնելու, որ ամբողջ բարեկամությանն էին գործի դնում: Հաճելի էր:

Գաղտնի գործերն ու հորինուկները: Մի քանի խոսք էլ սրանց մասին: Կարծում եմ՝ գրեթե բոլորը գիտեն հայտնի «Մաֆիա» խաղի մասին: Մինչ աշխատելս կարծում էի, որ մեր սերնդով սահմանափակվել է հետաքրքրությունը խաղի հանդեպ, բայց նոր սերնդի հետ շփումը փաստեց, որ սխալվում էի: Այժմ անգամ հետաքրքությունն ավելի մեծ է: Շատ դասավանդողներ գիտեն, որ երբ դասարանը հավաքվում է ու ունենում ազատ ժամանակ, հիշում է խաղի մասին ու սկսում այն խաղալ: Դա խորապես արմատավորված ու իրենց սիրելի նախասիրություն է: Այն հիմք ընդունելով՝ խաղի երկու տարբերակ մշակեցի: Մեկը՝ գաղտնի գործերը, իրականացրինք հունիսյան առցանց ճամբարի շրջանում, երբ կարիք կար կարանտինային մեկուսացման ձեռքբերումներով կիսվելու: Յուրաքանչյուր սովորող ինձ գաղտնի ուղարկում էր այն, ինչով սկսել է զբաղվել կարանտինի շնորհիվ կամ պատճառով՝ուղարկելով ինձ նաև դա փաստող տեսանյութ: Խաղ-հանդիպմանը պետք էր գուշակել, օրինակ՝ ով է գաղտնի խոհարարը, գաղտնի ներկարարը կամ էլ օրիգամիի մասնագետը: Սա օգնեց միմյանց ավելի լավ ճանաչել ու շատերին էլ՝ ծանոթանալ: Հետաքրքիր էր հատկապես ընտրությունների անկանխատեսելիությունը: Նուրբ ու քնքուշ Անժելային կարանտինը ստեղծագործ ներկարար էր դարձրել, Տիգրանին համոզել էր պաղպաղակի փայտիկներից տարբեր իրեր պատրաստելԱրտյոմին՝ օրիգամի սովորել:

Խաղի մյուս տարբերակը՝ հորինուկները, նախատեսել եմ սպասվող ճամբարային շրջանի համար: Սա հենց հայտնի խաղի՝ գրականության ուղղվածությամբ տարբերակն է: Այստեղ սովորական բնակիչների ու հանցագործների դերերի փոխարեն կլինեն գրական կերպաների դերեր ու հորինուկներ, որոնք կլինեն մասնակիցների կողմից հորինված կերպարներ: Նպատակը կլինի գուշակել գրական կերպարներին ու բացահայտել հորինուկներին:

Հա, մի բան էլ: Այս ամբողջը ուսումնական ցանկալի միջավայր ձևավորող գործոնների խումբ է, որը ոչ մի ձևով չի խանգարում քերականությանն ու գրականության ոլորտում որոնողական ուսումնասիրություններին: Դասերը չեն տուժել, օրացուցային և մյուս նախագծերը չեն տուժել (կցում եմ ուսումնական շրջանի հաշվետվությունը). ավելի հետաքրքիր են դարձել: Թումանյան ու Չարենց էլ ենք ընթերցում, քննարկում, եթե ուզում են, ճապոնական անիմե էլ ենք վերլուծում՝ բացելով առասպելական և այլ ենթաշերտերը: Գիտելիքն ու զվարճանքը թշնամիներ չեն, ընկերներ են:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский