«Բարբառներ» ակումբի գործունեությունը՝ հեղինակային մանկավարժության բաղադրիչ
Primary tabs
Հեղինակային մանկավարժություն իրականացնող յուրաքանչյուր ուսուցիչ ունի իր նախասիրած դասընթացը, մանկավարժական մոտեցումը, աշխատանքի ձևերն ու ուղղությունները, նույնիսկ նախասիրած ուսումնական նյութերը, առաջադրանքների փաթեթը, որոնք նրա ամենօրյա, բազմակողմանի գործունեության շարունակականությունն ապահովող անհրաժեշտ գրավականն են։ Իբրև մայրենիի ուսուցիչ՝ գործունեությանս ընթացքում իմ «նախասիրություն-թուլությունն» են եղել ու մնում մեր բարբառները, ժողովրդական բանավոր խոսքի մեր հարուստ ժառանգությունը՝ դարձվածքներով, տարատեսակ ժանրերով, պատկերավորման միջոցներով, որոնք թումանյանական ձևակերպմամբ «էսօր արդեն ամենաթանկ զարդերն են մեր լեզվի»։ Ու երբ այս ուսումնական տարում իմ գործընկեր Վարդան Կարապետյանի համակարգմամբ մեկնարկեց «Բարբառներ» ակումբը, ոգևորությունս մեծ էր․ երկար էի սպասել այդ մեկնարկին։ Առաջին մի քանի հեռավար-առցանց պարապմունքներից հետո ակումբի մասնակիցներս մեր համատեղ զրույցների, քննարկումների արդյունքում հստակեցրինք անելիքների, աշխատանքների մի շարք ուղղություններ։ Ու եթե առաջին այդ հանդիպումներին բարբառակիր ուսուցիչներով բավարարվում էինք մենք մեզ համար բարբառային նյութեր ընթերցելով, մեկս մյուսին ցուցադրելով մեր տիրապետած այս կամ այն բարբառի հմայքն ու գեղեցկությունը, ապա հետո շատ արագ հասկացանք, որ իբրև ուսուցիչ՝ բարբառային այս աշխատանքը ոչ միայն դասարան, ընտանիք պիտի ուղղորդենք՝ սովորողներին խրախուսելով, այլև նման աշխատանքով կարելի է ուսումնական գործընթացի շատ խնդիրներ լուծել։ Այսպես՝
- հետաքրքրություն խթանել սովորողների մեջ դեպի բարբառները
- բարբառակիր սովորողին առաջին պլան մղել
- հաղթահարել սովորողի թե՛ տարիքային, թե՛ բարբառի գործածության հետ կապված բարդույթները
- խրախուսել, խթանել ընթերցողական, պատմողական, ասացողական հմտություններ
- «Սովորող-սովորեցնող» նախագծի միջոցով կրտսեր, ավագ տարատարիք սովորողներին համախմբել, միավորել մի թեմայի շուրջ։
Ֆիզիկական միջավայրում դասերը վերսկսելուց հետո՝ դեկտեմբերի սկզբներին, Քոլեջի 1-ին կուրսեցիների հետ նույն «Սովորող սովորեցնող» նախագծով նախաձեռնեցինք քոլեջի 5-6 տարեկան փոքրիկների համար բարբառով հեքիաթի ընթերցումներ։ Ոգևորությունս հատկապես բազմապատկվեց, երբ քոլեջի առաջին կուրսեցիների մեջ բարբառները սիրող ու գնահատող բարբառակիր ուսանողների մի պատրաստակամ խումբ առանձնացավ՝ իր մայրենի Տավուշի բարբառին «սիրահարված» Թերեզան, Մարտունու խոսվածքն ամենասիրուն բարբառը համարող Ռոզան, Լոռու բարբառի ծորուն խոսվածքն ընդօրինակող էլենը, Գավառի կոշտ բարբառը՝ ամոթխած ու համեստ Սիմոնի շուրթերին, Արցախի բարբառով հեքիաթներ կարդացող ու իր ընթերցանությամբ ոգևորված արցախցի Հայկը։ Էսպես էլ գործի անցանք։
Քոլեջիկների խմբում Հ․ Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը Տավուշի բարբառով պատմելու համար պատրաստվել էր 1-ին կուրսեցի Թերեզա Դավթյանը, դե իսկ նույն հեքիաթի «Ծիավ կըկյա» Գորիսի բարբառով տարբերակը պատմում էի ես։ Դասի նախապատրաստական աշխատանքների, ընթացքի և արդյունքերի ամփոփմանը կարող եք ծանոթանալ՝ «Գորիսի բարբառով հեքիաթի ընթերցում քոլեջիկների համար» հղումով և դիտել նաև մասնակից սովորողների պատրաստած տեսանյութը։
Սկսած գրավիչ ու ոգևորող աշխատանքի շարունակականությունն ապահովելու հաջորդ առիթը շատ չուշացավ։ Կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ձմեռային ճամբարի օրերին մեկնարկեց «Հանրակրթական ձմեռային ազգագրական փառատոնը», որն ամենամյա բաց ստուգատես է, և այս ուտարում այն մեզանում 3-րդ անգամն էր կազմակերպվում։ Ազգագրական փառատոնի շրջանակում որոշեցի շարունակել «Բարբառներ» ակումբի գործունեությունը՝ ընդարձակելով աշխատանքային ուղղությունները։ Նախապես բարբառներով աշխատելու ամենատարբեր ուղղություններ, ձևեր, առաջադրանքներ մշակելով ՝ գործընթացը բաժանեցի մի քանի փուլի։
Առաջին փուլով Քոլեջի սովորողները հեքիաթներ կարդացին տարբեր բարբառներով, դուրս գրեցին և կազմեցին բարբառային բառերի իրենց անհատական բառարանները, իրականացրին բարբառներով հեքիաթների, առակների ընթերցում-ձայնագրություններ, պատրաստեցին տեսաֆիլմեր, իբրև լեզվագործունեություն՝ բարբառային հեքիաթներից գրական հայերեն հատվածներ փոխադրեցին։
Մեր աշխատանքի հաջորդ փուլը վարպետության դասի նախապատրաստական աշխատանքներն էին «Սովորող-սովորեցնող» նախագծով, որն այս անգամ դարձյալ Քոլեջի սովորողների մասնակցությամբ իրականացրինք արդեն Արևելյան դպրոցի 2-րդ դասարանում (դասվար՝ Հռիփսիմե Առաքելյան)։ Այս անգամ 1-ին կուրսի ուսանող Էլեն Աբրահամյանը Լոռվա բարբառով պատմում էր «Թիթեռ մորաքույրը» հեքիաթը, որ թումանյանական «Անբան Հուռու» տարբերակն է, իսկ ես՝ Գորիսի բարբառով «Քաչալը» ժողովրդական հեքիաթը։ Նախապատրաստական աշխատանքներում թե՛ ես, թե՛ դասվար Հռիփսիմե Առաքելյանը շատ կարևորել էինք, որ բարբառային ընթերցումները ընկալելի և մատչելի լինեն 2-րդ դասարանցիներին։ Վարպետության դասից առաջ Հռիփսիմեն բարբառների վերաբերյալ զրույցներ էր վարել, պարզել բարբառախոս տատիկ-պապիկներին, իսկ մենք վարպետության դասը երեխաների հետ սկսեցինք իրենց իմացած բարաբառային բառերի, արտահայտությունների մասին զրույցով, դե իսկ քոլեջի մասնակից սովորողները հեքիաթների մատուցման ժամանակ օգնում, տեղում փոխադրում ու ընկալելի էին դարձնում այս կամ այն դժվարըմբռնելի բառն ու արտահայտությունը։
Վարպետության դասը լավագույնս խթանեց ճամաբարային այդ օրերին փոքրիկների ընտանեկան նախագծերը, որի արդյունքում ստեղծվեցին բարբառով ընթերցումների ձայնագրություներ ու տեսաֆիլմեր ծնողների ու փոքրիկների մասնակցությամբ։ Իսկ այդ ընթացքում, մինչ մենք կամփոփեինք վարպետության առաջին դասի արդյունքները, Արևելյան դպրոցից դարձյալ հրավեր ստացանք՝ բարբառով հերթական վարպետության բաց դաս անցկացնելու, այս անգամ՝ Նելլի Թովմասյանից և Արմինե Մովսիսյանից։ Ճամբարային օրերին մի քանի փուլերով իրականացրած աշխատանքների, ընթացքի և արդյունքների ամփոփմանը ծանոթացե՛ք «Բարբառներով հեքիաթների ընթերցում Արևելյան դպրոցում» նյութում։
Դիտեʹք վարպետության դասերի մասին պատմող տեսանյութերը․
Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում մի հրաշալի նախաձեռնությամբ ևս հնարավոր եղավ բարբառային կենդանի շփում ապահովել․ Քոլեջի մի մեծ խումբ սովորողների համար Քոլեջի ուսանող Ջեմմա Զարգարյանի ընտանիքում մեր ուսանողուհու բարբառախոս մայրը՝ Նելլի Եգորյանը, գաթա պատրաստելու վարպետության դաս անցկացրեց Աշտարակի բարբառով, որին անմիջականորեն մասնակցեցին ու օգնեցին Քոլեջի ուսանողուհիները, ահա տեսանյութը՝ «Ավանդական գաթաթխիկի արարողություն Կարբի գյուղում»։
Ամփոփելով հոդվածս՝ մի բանի մասին էլ եմ ուզում խոսել։ Ուրախությունս մեծ էր, երբ Ձմեռ պապի մրցանակակիրների մեջ իմ անունն էլ կարդացի՝ հենց «Բարբառներ» ակումբի գործունեության համար։ Մրցանակը, անշուշտ, պարտավորեցնող է։ Շնորհակալանքի խոսքս Ձմեռ պապին ուղղելով՝ ուզում եմ հավաստել նաև, որ «Բարբառաներ» ակումբի գործունեության նոր բացահայտումները դեռ առջևում են։
- Բացվել է 856 անգամ