Հոբելյանական հավաքին ընդառաջ՝ երկամսյա գործունեություն Քոլեջում
Primary tabs
Սիրում եմ մեր մայիսյան հավանքները։ Այս օրերին խենթացնող ծառ ու ծաղկունքի հետ միշտ մի ուրիշ աշխուժություն ու ոգևորություն էր տիրում, մի ուրիշ եռանդ մեր առօրյայում։ Կրթահամալիրի բոլոր օղակներում սկսվում էր ամենահետաքրքիր նախաձեռնությունների հաղթաշավը․հավաքների, նորամուտների, հանդիպումների ու կլոր սեղան-քննարկումների պակաս գրեթե չէր զգացվում։
Եվ ահա 2020 թվական, հոբելյանական հավաքի տարի, տասնհինգամյակ։ Թվում է՝ այսօր, թագավարակի գոյությամբ պայմանավորված, մենք զրկված ենք սիրելի հավաքը ֆիզիկական միջավայրում նույն ոգևորությամբ իրականացնելու հնարավորությունից։ Բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ, տրտնջալու կարիք՝ չիք, չէ՞ որ տեխնոլոգիական մեր դարում ամեն ինչի ելքը միշտ էլ կարելի է գտնել։ Ավելի ճիշտ՝ արդեն գտնվել է․ դրա վառ ապացույցը կրթահամալիրի հեռավար առցանց ընտանեկան դպրոցն է, որն ամեն օր հաստատուն քայլերով առաջ է գնում։
Հեռավար առցանց ընտանեկան դպրոց, խնդիրներ, ձեռքբերումներ
Սկսենք նրանից, որ թագավարակով պայմանավորված՝ հեռավար առցանց երկամսյա դպրոցը իրապես դարձավ ընտանեկան դպրոց։ Դպրոց, որի ֆիզիկական միջավայրը ամեն մի ընտանիքի տունն է, ամառանոցը կամ բնակարանը, իսկ այդ «դպրոցում» մի ընտանիքի տարատարիք անդամներ մեծով ու փոքրով «ակամա» դարձան սովորողներ և ուսուցիչներ, իսկ բոլորը միասին՝ սեբաստացիներ։ Կամաց-կամաց ընտանիքն իր զբաղմունքի ձևերը մշակեց՝ առօրյան լցնելով տան տարբեր տարիքի դպրոցահասակ երեխաների համատեղ նախագծերով, միասնական կատարումներով։ Այսկերպ ծնողները, ապա նաև ընտանիքի ավագ անդամները՝ տատիկ, պապիկ, ներառվեցին ուսումնական գործընթացի մեջ՝ իրենց վրա վերցնելով նաև ուսուցչի աշխատանքը։ Այսօր նրանք միասին կարդում են, միասին խաղեր խաղում, քննարկումներ անում, միասին մարզվելու իրենց որոշակի ժամն ունեն և էլի շատ-շատ գործեր։ Ընտանիքը նախագծեր է իրականացնում և բավական լավ է իրականացնում, ամեն ինչ սահուն է ընթանում։
Սակայն սովորողների ընտանեկան դպրոցի գործունեության հետ մեկտեղ հընթացս երևան եկան մի շարք խնդիրներ, որոնք արագ լուծում էին պահանջում։ Անհրաժեշտություն առաջացավ, որ Քոլեջի մեր սովորողների ծնողները ուսումնական գործընթացներում հնարավորինս հիմնարար ներառվեն։ Ճիշտ ժամանակն էր բարձրացնել նրանց մեդիագրագիտության աստիճանը, որպեսզի նրանք էլ, իրենց հերթին, առավել պատրաստված սատարեին իրենց երեխաներին։ Հարկավոր էր, որ մեր ծնողները ծնող-ուսուցիչ, ծնող-տնօրեն կապը մշտապես պահելու համար հասանելի լինեն սոցիալական կայքերից գոնե մեկում, ինչպես նաև կարողանան օգտվել էլեկտրոնային հասցեներից։ Այսօր արդեն «Ծնողները մեդիահարթակում» նախագծի արդյունքում (համակարգող՝ Մարիամ Մխիթարյան) Քոլեջի շատ ծնողներ ոչ միայն ունեն իրենց էլեկտրոնային փոստերը, այլև ազատ օգտվում են դրանցից՝ ամեն պահի հնարավորություն ունենալով անձնական կապի մեջ լինել իրենց երեխայի դպրոցի, տնօրենի ու կազմակերպչի հետ։ Ավելին՝ Քոլեջի ընտանեկան դպրոցի ընթացիկ առցանց քննարկումներին, հաճախ նաև դասերին նրանք ոչ միայն հյուր են ներկայանում, այլև իրենց հարցադրումներով, արտահայտած կարծիքներով դառնում են ակտիվ մասնակից։ Այս ամենի արդյունքում կրթահամալիրի Քոլեջ և ծնողական համայնք կապը, խարսխվելով փոխադարձ հարգանքի ու վստահության վրա, ավելի հաստատուն դարձավ։
Ուզում եմ խոսել Քոլեջի ընտանեկան դպրոցի մի կարևոր ձեռքբերման մասին ևս։ Իմ գործընկերները աներկբայորեն կհաստատեն, որ առցանց ընտանեկան դպրոցի երկամսյա այս ժամանակահատվածում «առարկայական ուսուցում» հասկացությունը մի տեսակ ընդարձակել է իր սահմանները, իսկ ավելի ճիշտ՝ սահմանները ջնջվել են։ Աշխատանքներն արագ վերակազմակերպվելու արդյունքում փոխվել են սովորողների ուսումնասիրության ու հետաքրքրության թեմաները, ուսումնական նյութերը, ավելին՝ մարդկության՝ բոլոր ժամանակներում ստեղծած հոգևոր արժեքները՝ ամենատարբեր ֆիլմեր՝ գեղարվեստական ու փաստագրական, մուլտֆիլմեր, համաշխարհային թանգարաններ, երաժշտական գլուխգործոցներ, ազգային, համաշխարհային խոհանոց, լուսանկարչություն, գրականություն և այլ ոլորտներ (շարքն անվերջ կարելի է շարունակել) այսօր ուսումնական նյութեր են դարձել, ներառվել ուսումնական գործընթացի մեջ ու դարձել «ուսումնասիրության առարկա»։ Հաճախ ամենատարբեր ոլորտներին վերաբերող այդ նախագծերը խաչվում են իրար, դառնում միաժամանակ մի քանի ուսուցչի համագործակցային նախագիծ։ Այսպիսի փորձ, իհարկե, քոլեջում կար և հեռավար ուսուցման այս շրջանում էլ եղավ։ Այսպես՝ «Սեբաստացիները խոհանոցում» (համակարգող՝ Կարինե Պետրոսյան) և «Ընտանեկան խոհանոց» (համակարգող՝ Մարիամ Մխիթարյան) նախագծերի արդյունքում համով-հոտով տեսանյութեր ստեղծվեցին ոչ միայն մայրենի լեզվով (Անի Բարսեղյան – Գավառի գաթա, Լիլիա Ղուլյան — փոխինձ), այլև օտար լեզուներով՝ Անի Պետրոսյան-զատկական փլավ, Մարիամ Գալստյան-տոլմա, Մերի Պետրոսյան-բիսկվիթ, Մարիամ Շախվերդյան- ժանգյալով հաց։ Արդեն սկսված նախագծի շարունակականությունը ապահովեց մայիսյան «Ազգագրական խոհանոց» հերթական նախագիծը (համակարգող՝ Սամվել Թամազյան), որն արդեն նպատակ ունի սովորողների միջոցով հավաքել ազգագրական մշակույթի անբաժանելի մաս կազմող հայկական խոհանոցի տարատեսակ ուտեստների տարածքային դրսևորումները՝ Տավուշ աշխարհից մինչև Շիրակ, Սյունիք և Արցախ։
Խոհանոցային այս նախագիծը Նելլի Գեղամյանի շնորհիվ էկոլոգիական զարգացումներ էլ ունեցավ, երբ սովորողները սկսեցին ուսումնասիրել հայկական լեռնաշխարհի տարատեսակ կանաչիները, ապա դեղաբույսերը, իսկ Տաթև Հովսեփյանը և նրա մայրիկը տնային պայմաններում էկոլոգիապես մաքուր ձցումի կարագ, տնական մածուն պատրաստեցին։
Հեռավար համագործակցային նախագծի հաջորդ օրինակը իմ և Նելլի Գեղամյանի «Էկոլոգիապես վնասակար կոսմետիկ միջոցներ» ու «Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագծերն էին, որոնց շրջանակում Քոլեջի սովորողները հետազոտում էին իրենց օգտագործած կոսմետիկ միջոցները, ուսումնասիրում դրանց բաղադրությունը, օգտակար դիտարկումներ անում, խորհուրդներ տալիս։ Համատեղ նախագծի արդյունքում հաջողված աշխատանքները որոշակի շտկումներով ու խմբագրմամբ տեղ գտան «Արհեստագործ» ամսագրում։
Հետաքրքիր շարունակություն ունեցավ նաև «Իմ գերդաստանը» նախագիծը (համակարգող՝ Թամար Ղահրամանյան)։ Տեսնել էր պետք, թե Քոլեջի մի մեծ խումբ սովորողներ ի՜նչ ոգևորությամբ ու հավեսով սկսեցին աշխատել այս նախագծի վրա՝ տեղեկատվության աղբյուր օգտագործելով հատկապես ընտանիքի ավագների՝ տատիկների ու պապիկների հիշողությունները։ Նախագիծը սովորողներին հնարավորություն ընձեռեց ճանաչելու սեփական գերդաստանի ակունքները, հետաքրքիր ու կարևոր բացահայտումներ անելու, ինչո՞ւ չէ՝ հուզվելու, հպարտանալու սեփական արմատներով։ Քոլեջի հեռավար հարթակներում ու ենթակայքում նախագծի նկատմամբ ոգևորությունն այնքան մեծ էր, որ սովորողների մի մասը նույն նախագիծն իրագործեց նաև օտար լեզուներով (համակարգող՝ Լիլիթ Սարգսյան)՝ փախադրելով, թարգմանելով կամ պարզապես արդեն օտար լեզվով շարադրելով այն։ Այսօր՝ մայիսյան հավաքի օրերին, նախագիծը նոր զարգացումներ է ունենում․ սովորողները փորձելու են ավելի խորը ճանաչել, բացահայտել իրենց արմատների հայրենիքը՝ գյուղը, քաղաքը, բնակավայրը՝ իր աշխարհագրական կորդինատներով, պատմական անցյալով, ազգային խոհանոցով, տարազով և այլն։
Աշխատանքային այլ նախաձեռնություններ ու ձեռնարկումներ Քոլեջում
Ուզում եմ անդրադառնալ նաև Քոլեջում այս օրերին իրականացված մի քանի հաջողված այլ նախաձեռնությունների ևս։
Այսպես՝ «Պատմական ֆիլմերի շարք» նախագիծը (հեղինակ՝ Սամվել Թամազյան), նպատակ ուներ իր առաջադրանքերի փաթեթով փաստագրական, գեղարվեստական ֆիլմերի միջոցով Քոլեջի հեռավար առցանց ընտանեկան դպրոցի սովորողների շրջանում կազմակերպել «պատմություն» առարկայի ոչ դասարանային ուսուցում։ Ֆիլմերը դասավորված էին՝ ըստ պատամական ժամանակաշրջանների հաջորդականության և օգնում էին սովորողին հայոց պատմությունը դիտարկել համաշխարհային պատմության համատեքստում։
«Առցանց թանգարաններ» և համաշխարհային արվեստի մեծագույն դեմքերի մասին պատմող «Ֆիլմեր նկարիչների ու քանդակագործների մասին» նախագծերը (հեղինակ՝ Թերեզա Թումանյան) Քոլեջի՝ արվեստը սիրող ու կարևորող սովորողների համար իսկական նվեր էին՝ «պարապ վախտի խաղալիք»՝ միտված սովորողի ինքնկրթությանը, ինքնուսուցմանն ու գեղագիտական ճաշակի հղկմանը։ Դե իսկ տեխնոլոգիայի մեր ուսուցչի մյուս նախագիծը՝ Քոլեջի ենթակայքում պարբերաբար հրապարակվող ամենատարբեր մուլտֆիլմերի հղումները՝ «Թիթեռնիկ», «Ոզնուկը մշուշում», իսկական ընկերության, մարդկային բարության ու հոգատարության մասին պատմող իսկական առցանց դասեր են։ Էլ չեմ ասում, որ դրանք նաև սպասված զբաղմունք էին մեր՝ դասավանդողներիս երեկոն կամ անքուն գիշերները հաղթահարելու համար։
Երեկոյան զբաղմունքի նույնատիպ մի նախագիծ էր նաև «Ընտանեկան խաղեր» -ը (համակարգող՝ Մարիամ Մխիթարյան)։ Սովորողների ընտանեկան երեկոները հաճելի զբաղվածությամբ լցնելու, ընտանիքի տարատարիք բոլոր անդամներին խաղով ներգրավելու, շփվելու, հաղորդակցվելու հրաշալի միջոց լինելուց բացի՝ դրանք նաև մարդկային համակեցության նորմերի յուրացման լավագույն «դպրոց» են թագավարակի պայմաններում։
Դե էլ չասեմ, որ Քոլեջի մի խումբ շրջանավարտների դիպլոմային աշխատանքների հետ կապված՝ կիրառվող սահմանափակումների պայմաններում մեր որոշ դասավանդողների ու սովորողների հաջողվում է աշխատել անգամ ֆիզիկական միջավայրում (Մերի Խնջյան և ընկերներ, Արտակ Ռշտունի և ընկերներ, Մարիամ Մխիթարյան և ընկերներ)՝ իհարկե պահպանելով անվտանգության սահմանված կանոնները։ Չէ՞ որ կարի արտադրության արհեստանոցում պետք է ավարտին հասցնել կիսատ աշխատանքները, խնամել Քոլեջի ներքին բակն ու այգին, ծաղկատունկ ու խաղողատունկ իրականացնել կրթական պարտեզի տարբեր գոտիներում և Սարալանջում։
Ամփոփելով երկամսյա այս ժամկետում Քոլեջում իրականացված հետաքրքիր, տարաբնույթ նախաձեռնությունները, նախագծերն ու ձեռքբերումները՝ պիտի հաստատեմ, որ դրանք թե՛ սովորողին և թե՛ դասավանդողին հագեցած աշխատանքային առօրյա ապահովեցին, եղան ինքնուսուցման ու ինքնակրթության իսկական դպրոց։ Ասել է թե ձանձրանալու առիթ՝ չիք, քանզի «հունձքն» առատ է ու բեղուն։
- Բացվել է 955 անգամ