«Թագավարակային» գարուն
Primary tabs
21-րդ դարը մարտահրավերների դար է, մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար մարդկությունն իր «զինանոցում» հարկադրված է նոր «զինատեսակներ» առանձնացնել՝ բազմապատիկ սեր, հազարապատիկ բարություն, հանդուրժողականություն, կարեկցանք ու պատրաստակամություն։
ՏՏ նորագույն տեխնոլոգիաների, համացանցի, իսկ այսօր նաև հեռավար կամ առցանց ուսուցման գոյությունը մեր կյանքում շրջադարձային փոփոխություններ է պահանջում։ Եվ պահանջվող փոփոխություններն անհապաղ իրագործելու փոխարեն ջայլամի քաղաքականություն վարելը կամ դրանք շրջանցելը մեզ չի փրկի։ Իսկ այսօր արդեն դարիս նորագույն մարտահրավերներից մեկի՝ թագավարակի թելադրանքով արտակարգ իրավիճակի պայմաններում գուցե թե աշխարհում ու նաև մեր հանրապետությունում հեռավար կամ առցանց ուսուցումը օրվա հիմնախնդիրներից մեկն է դառնում թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի համար։
Հեռավար ուսուցման խնդիրները կրթահամալիրի տեսադաշտում եղել են դեռևս 2014 թվականից։ Հենց այդ թվականից են սկսվում Քոլեջի «Նախադպրոցական ուսուցում» մասնագիտության հեռավար ուսուցման ուսանողներին պարբերաբար առաջադրանքներ ու հանձնարարություններ ուղարկելու իմ առաջին քայլերը, որոնք ինքնին ոգևորող էին, արդյունքները՝ խոստումնալից։ Այդ օրերի իմ աշխատանքի յուրատեսակ ամփոփումը դարձավ ՝ «Հեռավար ուսուցման գործընթացը մանկավարժական քոլեջում» հոդվածը։ Էլեկտրոնային փոստի, բլոգի, մեդիայի առաջին քայլերի կիրառումը ուսումնական գործընթացում լրացուցիչ ջանքեր էին պահանջում թե՛ մեզանից, թե՛ մեր ուսանողներից, ջանքեր, որոնք այսօր հիմնականում արդեն ետևում են մնացել։
2020 թվականի մարտ ամիսն իրեն բնորոշ գարնանային խենթություններով այս տարի էլ էր «յուրահատուկ»՝ կորոնավիրուսային։ Մեր կյանքի բոլոր ոլորտները կանգնած են մեծ անխուսափելի փոփոխությունների առաջ։ Կարծում եմ՝ կյանքն ու ժամանակը մեզ՝ որպես մարդու, քաղաքացու ու մանկավարժի, դեռ հնարավորություն կտան ամփոփելու այս օրերի աշխատանքը, հնարավորություն կտա վերլուծությունների, եզրահանգումների, ուստի հիմա փորձեմ միայն հընթացս ներկայացնել մարտյան առցանց ուսուցման մի քանի փուլերի իմ համեստ փորձն ու ոչ այնքան համեստ (ասել կուզի՝ խրախուսող) արդյունքները։
Առաջին շաբաթ. առկա ուսուցման շարունակություն`առցանց ռեժիմով
Մարտի 2-8-ի առցանց պարապմունքներին իմ մոտեցումը հստակ էր․ հավանաբար ամենօրյա ռիթմով առկա ուսուցում ու պարապմունքներ վաղող ուսուցչի կերպարը դեռ այնքան ուժեղ էր մեջս, որ առաջնորդվեցի դասացուցակային ընթացակարգով և կազմեցի յուրաքանչյուր օրվա առաջադրանքը, ըստ դասավանդածս առարկաների՝ հայոց լեզու, գրականություն, խոսքի մշակույթի հիմունքներ, ինչպես նաև հայ ժողովրդական բանահյուսություն և մանկական գրականություն։ Սովորողների կողմից ամեն օրվա աշխատանքի բլոգային հղումները էլեկտրոնային փոստով ուղարկելը հեշտացնում էր արագ ու օպերատիվ ստուգելու և արդյունքները ամփոփելու աշխատանքը։
Բնականաբար, առավելությունների կողքին կային նաև դժվարություններ. եթե կենդանի շփման դեպքում սովորողին դեմ առ դեմ կարող ես փոխանցել ասելիքդ, դիտողությունդ կամ շտկումդ, ապա այսպես հարկ էր լինում մի քանի անգամ առանձին նամակներով զգուշացնել, տեղեկացնել նրան թյուրըմբռնումը, բացթողումն ու այլ կարգի վրիպումները, կամ պարզապես խրախուսել ու ոգևորել լավ աշխատանքի համար։ Իսկ սա նշանակում է նաև չընդմիջվող շարունակական աշխատանք, ուստի ճշմարտության դեմ մեղանչած չլինելու համար պիտի հավելեմ (և սա կհաստատեն նաև իմ բոլոր գործընկերները), որ ուսուցչի ութժամյա աշխատանքը վերածվել է ամբողջօրյա անընդհատական աշխատանքի։
Սակայն խնդիրները մի կողմ թողնելով՝ ավելացնեմ միայն, որ առաջին շաբաթվա աշխատանքները յուրատեսակ հնարավորություն դարձան «Կարդում ենք Թումանյան» նախագիծն ամփոփելու համար։
Մարտի 13-23-ի առացանց ուսուցմանն անցնելիս ստեղծված իրավիճակին ավելի սահուն և արագ հարմարվեցինք։
Շաբաթվա ընթացքում քոլեջի մայրենիի ուսուցիչներն ու սովորողները սիրով միացան «Չարենցյան ֆլեշմոբ»-ին։
Ընթացքի մեջ էին նաև այն նախագծերը, որոնք դեռ նախորդ՝ մարտի 2-8-ի առցանց ուսուցման ընթացքում կամ ավելի վաղ էինք սկսել,
- «Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում»,
- «Ստեղծագործում են քոլեջի սովորողները՝ Գոռ Չալվադարյան, Միլենա Գասպարյան, Ալեքս Սահակյան»,
Սրանց ավելացան նաև այս պահին քոլեջում ընթացող «Մշակութային, ընթերցողական նախագծերով շաբաթ»-ը և նաև մարտի 23-27-ի առացանց նախագծերը։
Առցանց առաջադրանքների առանձնահատկությունները
Առաջադրանքներ կազմելիս պիտի հաշվի առնել, որ գործ ունենք տարբեր նախասիրություններ ու մակարդակներ ունեցող սովորողների հետ։ Օրինակ, եթե ստեղծագործական, վերլուծական, անհատական մտահաղացումն իրագործելու առաջադրանքները ոգևորում են սովորողների մի մասին, մյուս մասը երբեմն ավելի պասիվ նախասիրությունների կրող է։
Ասել է թե՝ առացանց ուսուցման համար նախագծային առաջադրանքերի փաթեթում յուրաքանչյուր սովորող պիտի գտնի իրեն հասցեագրված առաջադրանքը։
Մարտյան առցանց առաջադրանքները կազմելիս ես ջանացել էի առաջնորդվել այդ սկզբունքով։ Չգիտեմ, թե որքանով էր դա ինձ հաջողվել, բայց նույն սկզբունքն եմ որդեգրել նաև ապրիլյան առցանց առաջադրանքներում՝ առանձնահատուկ տեղ հատկացնելով հատկապես ընտանեկան նախագծերին։
Հեռավար ուսուցման առավելություններն ու թերությունները՝ իմ տեսանկյունից
Քանի որ մարտ ամսվա ընթացքում չհասցրի առցանց հարթակում պարապմունքներ անել, ուստի դիտարկումներս հիմնված են սոսկ էլեկտրոնային հասցեներով ու բլոգներով ուսուցման վրա։ Առջևում է ապրիլյան առցանց ուսուցման գործընթացը, կարծում եմ՝ դեռ հնարավորություն կունենամ և դա իրագործելու։
Սկսենք առավելություններից․
- հեռավար ուսուցման առաջին փորձ սովորողի համար,
- առցանց անհատական ուսուցման հնարավորություն,
- օրեցօր սովորողների մասնակցության աճ,
- սովորողի համար հարամարավետ միջավայր,
- ժամանակի ազատ տնօրինում,
- ինքնակրթության իրագործում,
- բաց թողած առաջադրանքների վերանայում, կատարում, լրացում ու շտկում։
Թերությունների մեջ պիտի առանձնացնեմ
- ընկերների, դասավանդողների հետ կենդանի շփման բացակայություն,
- ինքնամեկուսացվածություն,
- պատասխանատվության դրսևորման թերացում,
- ինքնակազմակերպվելու պակաս։
Շարքը գուցե կարելի է շարունակել։
Ավելացնեմ նաև, որ մենք՝ դասավանդողներս էլ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ կապված արտակարգ իրավիճակի այս պայմաններում թե՛ մեր, թե՛ սովորողների ինքնակազմակերպվելու, ինքնուսուցման, ինքնահաղթահարելու, ինքներս մեզ լրացնելու, ստեղծագործական միտքը խթանելու և այդ ամենի արդյունքում՝ ուսումնական գործընթացն էլ ավելի արդյունավետ դարձնելու հետ։ Եվ որքան արագ ու օպերատիվ լուծենք այդ խնդիրները, այնքան հաստատապես պաշտպանած ու ապահոված կլինենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր սովորողի սովորելու իրավունքը։
- Բացվել է 1001 անգամ