Կրտսեր սեբաստացիները՝ կրթական փոխանակումներ իրականացնողներ
Primary tabs
«Այն, ինչ պետք է երեխաներին, նոր և ավելի լավ ուսումնական ծրագիրը չէ, այլ իրական աշխարհի ավելի ու ավելի հասանելիությունը։ Մենք պետք է շատ սովորենք, թե ինչպես դարձնենք այն ավելի հասանելի նրանց համար, և այն ուսումնասիրելու ճանապարհին ինչպես նրանց ավելի շատ ազատություն ու հմտություն տանք»: Ջոն Հոլթ
Իսկ սովորողներին այդ իրական աշխարհի հասանելիության հնարավորությունը տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Կրթահամալիր-հիմնադրամի նպատակներից մեկը հեղինակային կրթական ծրագրի ստեղծումն է և տարածումը կրթական փոխանակումների միջոցով։ Կրթական փոխանակումների միջոցով սեբաստացի դասավանդողները կարողանում են իրենց փորձը, ուսուցման կազմակերպման նոր մեդոթները փոխանցել հանրակրթական դպրոցներում աշխատող մանկավարժական աշխատողներին, սովորողները միաժամանակ ցուցադրում են իրենց կարողությունները, հմտությունները, դրանք սովորեցնում հանրակրթական դպրոցի սովորողներին, դառնում ուսումնական պարպմունքի կազմակերպիչներ։
Կրթահամալիր մուտք գործելով որպես մանկավարժական աշխատող՝ ես չէի կարող հայացք չգցել դպրոցում իմ ուսումնառության տարիներին, չէի կարող չհամեմատել , չտեսնել, չզարմանալ, չոգևորվել։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ կրթահամալիրը հնարավորություն է տալիս մանկավարժական աշխատողներին շարունակել սովորել, ինքնակրթվել, որի համար շատ հարթակներ կան կրթահամալիրում՝ Գրական ակումբը, հաճախ կազմակերպվող վեբինարները, սեմինարները, Մանկավարժական ակումբի սեմինար-պարապմունքները։ «Սովորող-սովորեցնող», «Կրթական փոխանակումներ» ուսումնական նախագծերին սովորողների մասնակցությունը հաստատում է այն միտքը, որ սովորողը կարող է սովորեցնել դասավանդողին, դասավանդողը կարող է սովորել սովորողից, ավելին՝ սովորողը կարող է սովորեցնել սովորողին։
«Կրթական փոխանակումներ» ուսումնական նախագծերով ճամփորդություններ կրթահամալիրում հաճախ ենք կազմակերպում , այցելում տարբեր մարզեր, հանրակրթական դպրոցներ։ Ինձ համար բացահայտում էր կրտսեր սեբաստացիներին՝ երկրորդ դասարանի սովորողներին, տեսնել կրթական փոխանակումներ իրականցնողների դերում։ Թվում է, թե սովորողները դեռ փոքր են, գուցե կրթական փոխանակումներին դեռ պատրաստ չեն, բայց պատրաստակամությունը, օգնելու, նոր բան սովորեցնելու ցանկությունը իրենց դարձնում էր կազմակերպված, պատրաստ։ Սովորողները գիտակցում էին, որ շատ կարևոր գործ են անում իրենց ընկերների համար։ ճամփորդությունից առաջ ոգևորված քննարկում էին ՝ ի՞նչ են սովորեցնելու, ինչպե՞ս են անելու, որ մյուս դպրոցի սովորողների համար հետաքրքիր լինի, հեշտ սովորեն։
Այս ոգևորությամբ էլ 2021 ուստարում իրականացրինք մեր կրթական առաջին փոխանակումը Մայիսյան հավաքին՝ այցելելով Լուսագյուղի միջնակարգ դպրոց՝ Կրթական փոխանակումներ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում։ Լուսագյուղի միջնակարգ դպրոցի սովորողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Ջ․ Ռոդարիին, նրա ստեղծագործություններին սեբաստացիների շնորհիվ։ Քանի որ ըստ Օրացույցի, մեզ մոտ Ռոդարի + աղայանական օրեր էին, սովորողների հետ որոշեցինք Լուսագյուղի միջնակարգ դպրոցի սովորողներին ծանոթացնել Ռոդարիի հեքիաթներին, հնարքներին։ Հետո սովորողները սկսեցին միմյանց հետ քննարկել, ինձ հարցնել՝ արդյոք Լուսագյուղում սովորողները համակարգիչներ ունեն։ Իմ պատասխանից հետո սովորողները զարմացան, մռայլվեցին․ « Եթե այդ գյուղում սովորողները համակարգիչ չունեն, ինչպե՞ս են կարդալու Ռոդարիի հեքիաթները, որ կարողանան կիրառել հնարքները»։
Այսպես որոշեցինք անակնկալ անել և Լուսագյուղի երկրորդ դասարանի սովորողներին նվիրել Ջ․ Ռոդարիի հեքիաթների գիրքը։ Լուսագյուղում էլ սեբաստացիները ուրախությամբ պատմում էին Ռոդարիի մասին, հնարքների մասին, սովորեցնում կիրառել այդ հնարքները։ Ճամփորդությունից հետո, երբ քննարկում էինք մեր օրը, սեբաստացիները զարմացել էին, թե որքան արագ կարողացան Լուսագյուղի սովորողներին սովորեցնել ռոդարիական հնարքներ կիրառել, իրենք էլ որքան շուտ կարողացան սովորել։ Ճամփորդությունից հետո էլ հաճախ էին անդրադառնում դպրոցին, փորձում էին համեմատել, գտնել տարբերությունները՝ Ճամփորդապատում։
Կրթական փոխանակումների, ճամփորդությունների շնորհիվ է, որ սովորողները կարողանում են ավելի շատ ինքնարտահայտվել, ցուցադրել իրենց կարողություննեը, ամեն մեկը փորձում է սովորեցնել , ցույց տալ այն ամենը, ինչ գիտի։ Սովորողների ոգևորությունը, ինքնակազմակերպումը, ինքնադրսևորումն էլ ինձ էրոգևորում և չէր կաշկանդում նմանատիպ ճամփորդությունները, հանդիպումները շարունակել։ Ես տեսնում էի , որ սովորողները չեն լարվում, չեն նեղվում, հենց իրենք են իրականացնում կրթական փոխանակումները, ես միայն ուղեկցում էի իրենց։
Սեբաստացիները կրթական փոխանակումներ իրականցրին նաև Արզական գյուղի Խ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցում՝ Արզականի Ս․ Նեղուցի բարձունքը հաղթահարելով տեղի սովորողների հետ՝ «Երկիր, որտեղ ամեն ինչ կանաչ է և լեռնոտ»։ Սեբաստացիները այս անգամ Արզականի միջնակարգ դպրոցի սովորողների համար՝ որպես ծանոթության, հետագա ընկերական հարաբերությունների հաստատման խորհրդանիշ, նվիրեցին մեր շշլացրած գինին, որը շշլացրել էինք Խաղողի և գինու դպրոցում։ Սեբաստացիները ոգևորված պատմում էին՝ ինչպես են շշլացրել Խաղողի և գինու դպրոցում, տեսել են , թե ինչպես են հնեցնում գինին։ Սուրբ Նեղուցի ճանապարհին սեբաստացիները պատմում էին իրենց ուսումնական առօրյայի մասին․ «Իսկ դուք գիտեք, որ մենք հեծանիվ էլ ենք վարում մարմնակրթության պարապմունքին, ինքնագլորներ, մեր Ագարակում կան ձիեր, պոնիներ, այլ կենդանիներ։ Մենք նաև ձիավարում ենք, լողում ենք մեծ լողավազանում»։ Պատմեցին նաև ամառային ճամբարի մասին։ Արզականի միջնակարգ դպրոցի սովորողները լսում էին, զարմանում․ «Մենք էլ կուզեինք տեսնել, երևի մենք մի օր այցելենք ձեզ , ի՜նչ հավես է»։ Սեբաստացիներն էլ ուրախությամբ իրենց հրավիրում էին մասնակցելու ամառային ամենահավես ճամբարին։ Արզական գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներն էլ պատմում էին իրենց գյուղի , եկեղեցու առասպելի մասին , սեբաստացիներին օգնում էին, բացատրում ՝ ինչպես ըստ առասպելի, երազանք պահել, ինչպես անցնել ճանապարհը։ Բարձունքը հաղթահարելուց հետո միասին Դալար գետի ափին իրականացրինք նաև Համբարձման ծեսը։ Սովորողները ասացին, որ այս տարի չեն խաղացել Ջանգյուլում, այս տարի Ջանգյուլումը՝ Համբարձումը, տոնեցին սեբաստացիների հետ՝ Համբարձման ծեսը Սուրբ Նեղուցի վանքում՝ Դալար գետի ափին։
Ամեն ճամփորդություն, կրթական փոխանակում սովորողների մի նոր հմտության և կարողության բացահայտում է։ 2020-2021 ուստարում մենք հնարավորություն ունեցանք նաև այցելելու Գևորգյան հոգևոր ճեմարան, ծանոթանալու սաների հետ, ճեմարանում իրականացվող կրթական ծրագրերին։ Երկրորդ դասարանի սեբաստացիները իրենց այցը Էջմիածնում կատարեցին քայլքով`ազատ ուսումնասիրելով տեղանքը, խոսելով, հարցազրույց վերցնելով բնակիչներից։ Իրենք ավելի ազատ էին, խոսքը՝ հստակ, գիտեին՝ ինչ են ուզում։ Հետաքրքրությամբ նայում էին սաներին, զարմանում, որ այդքան շատ բան գիտեն, իրենք էլ պատմում էին իրենց իմացածը, տալիս էին ռոդարիական հարցեր։
Կրթական փոխանաումներ իրկանացնելու հմտությունները կրտսեր սեբաստացիները ձեռք են բերել դեռևս 2019 ուստարում՝ համագործակցելով Արմավիրի մարզի երկու տարբեր գյուղերի դպրոցների սովորողների հետ՝
- Ծաղկալանջյան բարձունքը հաղթահարած ճամփորդ սեբաստացիները
- Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի սովորողների այցը կրթահամալիր
- Խաղողաքաղ Արագածում
Միշտ հետաքրքիր է սովորողների համար մի նոր գյուղ բացահայտել, դպրոց տեսնել, համեմատել, սովորել ու սովորեցնել։ Գյուղում հանդիպել, խոսել գյուղացիների հետ, մեծահասակների նման պատմել՝ որտեղից են եկել, ինչ են անելու։ Մեծ հպարտությամբ են պատմում իրենց դպրոցի՝ «Մխիթար Սբաստացի» կրթահամալիրի մասին, հատկապես այն ամենի մասին, ինչի հնարավորությունները չունեն մյուս դպրոցների սովորողները ։ Խոսում են համակարգչային ծրագրերի, Ագարակի, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի, Խաղողի և գինու դպրոցի մասին, հեծանվավարությամբ և լողով զբաղվելու մասին, ճամփորդությունների մասին։ Իրենց ընկերներին առաջարկում են գալ, մասնակցել, տեսնել , մեկ օր անցակացնել կրթահամալիրում։ Ամենակարևորը սովորողներն այս ամենը անում են հաճույքով, մեծ սիրով ու ոգևորությամբ։
Այսպես սովորողները, դառնալով կրթական փոխանակումներ իրականացնողներ, մասնակցում են ճամփորդության, բացահայտում են իրենց հայրենիքը, սովորում ճամփորդական կանոնները, մասնակցում են «Ես կարողանում եմ» ուսումնական նախագծին՝ ցուցադրելով իրենց կարողությունները, հմտությունները։ Բացի այդ իրենք նաև իրենց կարողությունները, սովորածը փոխանցում են, սովորեցնում են մյուս դպրոցի սովորողներին։
- Բացվել է 777 անգամ