Երկարացված օրվա կազմակերպումը՝ որպես ինքնուրույնության զարգացման գործընթաց
Primary tabs
Մարդը չի կարող ազատ լինել, եթե ինքնուրույն չէ։ Այդ պատճառով երեխայի անհատական ազատության առաջին դրսևորումները պետք է ուղղվեն նրան, որ այդ ակտիվությամբ նրա ինքնուրույնությունը մշակվի։
Մարիա Մոնթեսորի
Երկարացված օրվա ընթացքում իրականացվող գործունեության տեսակների դերը շատ կարևոր է սովորողների ինքնուրույնության և պատասխանատվության զարգացման համար, քանի որ ինքնուրույնությունն անձին ներհատուկ հատկություն է։ Ինքնուրույնություն ասելով նկատի ունենք, որ սովորողը գործունեության մեջ դրսևորում է նախաձեռնողականություն, ակտիվություն, ինքնավստահություն, նպատակասլացություն և պատասխանատվություն։ Ակտիվ մասնակից լինելով իրականացվող նախագծերին՝ սովորողները ձեռք են բերում հմտություններ և կարողություններ, որոնք նպաստում եմ շրջապատի հետ արդյունավետ հաղորդակցմանը։
Սովորողների ինքնուրույնության զարգացման համար շատ կարևոր են համակարգված և շարունակական բնույթ կրող նախագծերը։ Երկարացված օրվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր, սակայն իրենց կարևոր նշանակությամբ առանձնացրեցինք ջերմոց-լաբորատորիան՝ «Իմ թաղարը» նախագծով և ագարակը՝ «Ձիավարություն» նախագծով։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ունի մեծ ջերմոց-լաբորատորիա։ Այն կրթահամալիրի սովորողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հետաքրքիր բույսերին և կենդանիներին, օգտակար ու վնասակար հատկություններին, խնամքին, նրանց բնականոն աճին և զարգացմանը։ Այս ամենով հանդերձ, ջերմոց-լաբորատորիան գրավում է սովորողների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը, դառնում նրանց համար սիրելի վայր։ Դա էր պատճառը, որ որոշեցի նրանց համար ստեղծել հնարավորություն, որ կարողանան մասնակից դառնալ բույսերի «նոր կյանքեր» ստեղծելու գործին։ Այդ ամենի համար նախագիծ կազմեցի, որը անվանեցի «Իմ թաղարը»: Նախագիծը իրականացնելիս իմ առջև նպատակ էի դրել հնարավորություն ստեղծել երեխաների համար, որ կարողանան զարգացնել իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները բուսաբանությունից։ «Իմ թաղարը» նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլով: Նախագծի ստեղծման համար շատ կարևոր էին երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարները ջերմոց-լաբորատորիայում, տիկին Շողիկի ուղղորդումները: Սովորողներին միայն ասել, որ բույսերը մեր կյանքում կենսական մեծ նշանակություն ունեն, և մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերի նրանց նկատմամբ, շատ բան չի փոխանցի նրանց: Շատ ավելի կարևոր է սովորողների մոտ զարգացնել բույսերի նկատմամբ խնամքը, ուշադրությունը և պատասխանատվությունը։ Նախագծի իրականացմանը նախորդել էին բազմաթիվ այցեր ջերմոց-լաբորատորիա, որոնց շնորհիվ սովորողները իրենց տեսական գիտելիքները կարողացան օգտագործել պրակտիկ գործունեության մեջ։ Այցերի շնորհիվ սովորողները արդեն բավականին տեղեկություն ունեին բույսերի, նրանց խնամքի, տնկման, վերատնկման, օգտակար և վնասակար հատկությունների մասին։ «Իմ թաղարը» նախագծի առաջին փուլում այցելեցինք ջերմոց-լաբորատորիա և կտրոններ վերցրեցինք: Եվ այս փուլից էլ սկսվեց ձևավորվել պատասխանատվությունը սեփական բույսի նկատմամբ։ Նախագծի երկրորդ փուլում պատրաստեցինք թաղարներ։ Թաղարի գույնի և ձևի ընտրությունը եղել է սովորողինը։ Ամփոփիչ փուլում արմատակալած կտրոնները տեղափոխեցինք մեր պատրաստած թաղարների մեջ։ Սովորողները, բույսերի աճից ոգևորված, պարբերաբար խնամում էին և ջրում։ Բուսերի և միջավայրի նկատմամբ սերը դրսևորվում է մեր յուրաքանչյուր գործունեության մեջ և՛ դասարանական բույսերը, և՛ տնային բույսերը խնամելիս։ Երկարացված օրվա իմ խմբում կան սովորողներ, ովքեր առանձնահատւկ վերաբերմունք ունեն բույսերի նկատմամբ, օրինակ՝ Ակսել Մելքոնյանը այցելությունների ժամանակ իր մոտ գրանցում էր բույսերի անվանումները և կարևոր տեղեկատվությունները, ինչպես նաև Ալեքի՝ եղբոր հետ տանը խնամում են բույսեր և իրենց նախաձեռնությամբ աճեցնում ավոկադո։ Եղբայրները իրենց ստացած գիտելիքները օգտագործում են տանը բույսերը խնամելիս։
Սովորողներին «Այց ջերմոց-լաբորատորիա» նախագծի չափ հետաքրքրեց նաև «Ձիավարություն» նախագիծը, որը ևս իրականացնում ենք երկարացված օրվա ընթացքում։ Նախագծի նպատակն էր սովորողների մոտ հոգատար վերաբերմունք ձևավորել կենդանիների նկատմամբ, օգնել հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը, ձեռք բերել ինքնավստահություն և դրական հույզեր։ Սովորողները հաճախ են եղել ագարակում և նրանց հիացմունքը միշտ մեծ է եղել կենդանիներին, հատկապես ձիերին տեսնելիս` ու՜խ, տեսե՜ք, Մաշան է, Ջենին, մեր խիզախ Գեներալը։ Ամեն անգամ կենդանիների հետ «շփվելիս» արտահայտել են իրենց սերը, շոյել են, « խոսել» նրանց հետ։ Սկզբում մի փոքր դժվար էր, կային սովորողներ, որոնք վախենում էին ձիերից, անհարմարություն էր առաջանում կերակրելիս և խնամելիս։ Եվ այդ ժամանակ սովորողին պարզապես ասել, որ պետք է կերակրել կամ այդպես է անհրաժեշտ, միանշանակ չէր տա ցանկալի արդյունքը։ Ավելի հեշտ է սովորողին ցույց տալ, որ դա իր մոտ շատ լավ է ստացվում, և թե Մաշան որքա՜ն սիրով է ուտում հենց իր տվածը։ Նմանատիպ իրավիճակներում համարձակ սովորողները օգնում էին ընկերներին և միասին կերակրում էին։ Ասում են՝ ուսուցիչը օրինակ է ծառայում սովորողին, պետք է վստահ լինես սկսածդ աշխատանքի մեջ ու քո փորձով ցույց տաս, որ կենդանին չի կարող վնասել։ Այդ պատճառով հաճախ առաջինը ինքս էի մոտենում կենդանիներին, կերակրում, և դա վստահություն էր փոխանցում նրանց։ Երկարացված օրվա իմ խմբում, իհարկե, կային սովորողներ, ովքեր ոչ միայն չէին վախենում, այlև ձիավարել էին և շատ լավ տիրապետում էին անվտանգության կանոններին։ Կենդանիների հետ ավելի անմիջական կապ ստեղծելու համար սովորողները սկսեցին տանից սնունդ բերել։ Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս էին ուրախանում, երբ կենդանիները ուտում էին իրենց ձեռքից, երբեմն լսում էի նրանց խոսակցությունը։ Մեկը հարցնում էր՝ վախենու՞մ ես, իսկ մյուսը կողքից ասում էր, որ չի կծում, դե, տեսնում ենք, որ ընկերոջը քաջալերում էր։ Երկարացված օրվա իմ խմբի Սոֆյան, ով այս տարի էր եկել Հյուսիսային դպրոց-պարտեզ, վախենում էր ձիերին շոյել և կերակրել։ Փորձեցինք միասին փոքր քայլերով հաղթահարել վախը, մոտենալ կենդանիներին, շոյել և կերակրել։ Իսկ արդեն հաջորդ այցելությունների ժամանակ նկատում էի, որ փորձում էր մոտենալ ձիերին և մի փոքր վախով շոյել։ Մեծ էր սովորողների գոհունակությունը, երբ շոյում էին ձիերին և համոզվում, որ անվտանգ են և հաճելի։ Այցերի ժամանակ սովորողները տալիս էին իրենց մտահոգող հարցերը. Ակսելին հետաքրքրում էր, թե ի՞նչ կլինի չծնված ձագուկի հետ, եթե մայրիկ ձին պառկի մեջքի վրա, Անգելինային հետաքրքրում էր՝ արդյո՞ք ձին չի հոգնում այդքան վազելուց, իսկ Գեղամին հետաքրքիր էր, թե ինչպե՞ս է ձին մարդկանց էներգիա և ջերմություն փոխանցում։ Սովորողների հարցերին սիրով պատասխանում էին ընկեր Էդգարը և ընկեր Էդմոնը։ Սովորողներից Գոռը, ով շատ էր սիրում ձի, ուներ փոքրիկ երազանք՝ ձիավարել։ Նախագծի իրականացման ընթացքում սովորողների ինքնուրույնության դրսևորումը շատ անհատական էր՝ սկսած ձիերին մոտենալուց, մինչև ձիավարություն։
«Ձիավարություն» նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլերով։ Առաջին փուլում սովորողները կերակրեցին և ընկեր Էդգարի օգնությամբ խնամեցին կենդանիներին։ Երկրորդ փուլում ընկեր Էդգարը ներկայացրեց անվտանգության կանոնները, առանց որոնց անհնար էր իրականացնել ձիավարությունը, իսկ երրորդ փուլում ձիավարեցինք։ Չսահմանափակելով սովորողների ազատությունը և կամքի դրսևորումը՝ նրանք ինքնուրույն հաղթահարեցին իրենց վախերը և կարողացան ճիշտ կերակրել և շփվել ձիերի հետ։ Այսպիսով՝ այցելելով ագարակ և ջերմոց-լաբորատորիա՝ մենք հասցրել ենք հետևություններ անել և հասկանալ, որ յուրաքանչյուր կենդանու կամ բույսի հետ շփումը մեզ դարձնում է ավելի հոգատար, ուշադիր, բարի և պատասխանատու ինչպես կենդանիների, այնպես էլ միջավայրի նկատմամբ։ Ուսուցչի նպատակն է կրթել բնությունը սիրող և պահպանող անձ, անձ, որը միշտ կլինի հետաքրքրասեր, որոնող և ուսումնասիրող, հետազոտող, այդ փնտրտուքների մեջ էլ կգտնի ինքն իրեն։ Երկարացված օրում հեղինակային մանկավարժությունը իմ մատուցմամբ և կազմակերպմամբ այսպիսի շոշափելի արդյունք և մարմին ստացավ։ Ընթացքում, չեմ հերքի, ինքս ինքնակրթվեցի, ձեռք բերեցի նոր որակներ, դարձա ավելի ինքնաբավ, քանզի գործունեությունների կազմակերպման ազդեցությունը սովորողների վրա չափելի չէր։ Այսպիսինն է կրթահամալիրը իր մանկավարժական միջավայրով և ազդեցություններով, համաճարակից հետո մենք կշարունակենք ճանաչել, ստեղծել։
Հեղինակ՝ Նարինե Պողոսյան
- Բացվել է 803 անգամ