Արվեստի ճամբարում արվեստային հարմոնիա էր...
Primary tabs
Արվեստի ճամբարում մարդու և բնության հաշտեցումն էր. ներդաշնակ էին հարմոնիկ Արատեսի եդեմը ու նրանում տարածվող մեղեդիները, մեղուների բզզոցը և կավե արարումը՝ էսթետիկ, խաղաղ, ազատ սինթեզի ճանապարհով, գեղեցիկի ներկայությամբ, սպիտակ գիշերներով։
Գեղեցիկ, ոգեղեն երեք օր Արատեսի դպրական կենտրոնում արվեստ ստեղծեցինք։ «Հազարան հավք» փառատոնի ստեղծագործական հավաքների բացումը եղավ «Արցախիկներ» բենդի համերգով АrtաՍահման արվեստանոցում։ Բենդ, որի կազմում են արցախցի պատանիներ, ովքեր արցախյան վերջին պատերազմի ժամանակ պատսպարվել էին Երևանում, իսկ խմբի գեղարվեստական ղեկավարը՝ երաժիշտ, շեփորահար Տիգրան Սուչյանը, Քարվաճառի դիրքերից հետո հեղինակել էր խմբի ստեղծումը։
Կրթահամալիրում կայացած սիրուն համերգից հետո խմբի վոկալիստ Դարինե Մամունցը հանդես եկավ առաջարկով՝ երաժշտական ճամբար կազմակերպելու ցանկությամբ, դրան գումարեցինք նաև խեցեգործ Վահրամ Գալստյանի արատեսյան ավանդույթ դարձած Ռակու ճապոնական թրծումը, Գոգինյան Արմինեի մեղրաքամի ծեսը, և հրաշալին շտապեց Արատես։
Առաջին օրը Ուրցաձորի երթուղով ընկանք ճամփա, Ատաբույնքում կանգառելով՝ բարձրացանք Սմբատաբերդ։ Խմբի անդամներից ոչ ոք ոչ միայն չէր եղել բարձունքում, այլև սա իրենց առաջին արշավն էր։ Սկզբում դժվարությամբ, ապա՝ ադապտացիայից հետո, բարձունքը հաղթահարված էր։ Բարձունքում տոն էր, հիացմունք, հրճվանք՝ միախառնված մթամած ամպերին, ուժգին քամուն։ Վայրէջքը եղավ Եղեգիսով, իսկ երեկոն դպրական կենտրոնում՝ կիթառի,նվագի, բլյուզի, ջազի, ռոքի ուղեկցությամբ։
Արվեստի ճամբար Արատեսում. օր առաջին :
Ճամբարի երկրորդ օրը առավոտից փորձեր էին, ապա՝ քայլքով Խաչոց ձոր, Արատեսյան ջրեր։
Նելի Փիլոյանը ճամբարականների հետ մի կատարում պատրաստեց, այնուհետև տեղի ունեցավ բենդի համերգը։ Երկրորդ Սպիտակ գիշերը ևս ուղեկցվեց մեղեդիներով, խարույկի շուրջ, թեև Արատեսում էլի եղանակը տարերային էր։
Նելի Փիլոյան և Արցախիկներ․ Երեսդ կլոր:
Սիրո տնակը կահավորեցինք արվեստագետների օգնությամբ և միայն լուսաբացին ընդառաջ գիշերեցինք՝ տոնելով տնակի նորամուտը։
Հաջորդ առավոտյան արդեն Ռակուի նախապատրաստման աշխատանքներն էին, հատուկ ներկերով Արցախիկների ստեղծած խեցեղենի ներկումը, որի համակարգումը Վահրամ Գալստյանի, Անուշ Ղուկասյանի, Ալիս Գևորգյանի միջոցով կայացավ։ Ռակուին զուգահեռ Մարինե Մկրտչյանը սկսեց մեղրաքամի ծիսական բովանդակության աշխատանքները՝ երգերի, պարերգերի ուսուցանումը արցախիկներին։
Երեկոն Ռակուինն էր, վառարան, խարույկ, երաժշտություն, ծննդյան առիթ և աննման աստղազարդ երկնքով հիացում։ Վերջին Սպիտակ գիշերն էր․․․
Ծննդյան ծեսի պատրաստություն, երաժշտություն, խարույկ…
Վաղ առավոտյան դպրական կենտրոնը կարգի բերելուց, նախաճաշից հետո, ամփոփեցինք ճամբարը և շարժվեցինք դեպի Գողթանիկի ջրվեժ։ Լող, հրճվանք, հիացում, ապա Սելիմի քարավանատուն, Հայրավանք, կանգառներով Երևան։
Հորովել. Արցախիկ՝ Դարինե Մամունց
Արվեստի ճամբար. Հայրենագիտական, երաժշտական կանգառ Սելիմի քարավանատանը
Ֆանտաստիկ էր մեր Արվեստի ճամբարը, գեղեցիկ, լեցուն, ստեղծական․․․գեղեցիկի բոլոր երանգներն ու հնչյունները սինթեզած։ Բենդի անդամները լցված էին շնորհակալությամբ և հաջորդիվ համագործակցային նախագծերով միասին լինելու ցանկությամբ։
Թե՛ ճամբարի ամփոփման ընթացքում և թե՛ օրեր անց, երբ հավաքում եմ այս պատումը, ճամբարականները օր ու արև ինձ չեն տալիս՝ պնդելով նոր ճամբարի կազմակերպման անհրաժեշտության մասին։ Ճամբար, որը կլինի արվեստի մասին, նոր ուղղություններով, երանգներով, ձայնով։
Ճամբարի կազմակերպմանը աջակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, բրիտանացի վավերագրող ռեժիսոր Էմիլ Գհեսեն, ով 45 օր եղել է Արցախի պատերազմական թեժ կետերում և առաջիկայում լույս կտեսնի նրա «45 օր պայքար ազգի համար» ֆիլմը, և անհատ Արփի Ծատուրյանը։
- Բացվել է 1030 անգամ