Բուժենք վերքը

Կծկվել եմ բառերի մեջ ու չգիտեմ՝ ոնց փոխանցել…Երբ մեր դուռն է թակում սկիզբն ու վերջը, երբ ցավում են դատարկ տեղերը, հոգատարությունը քամու պես ճանապարհ է դառնում՝ քնքշության այս ձևով լցնելով մեր մանկավարժությունը։ Փորձեմ պատմել, պատումս էլ՝ առօրյային վիրակապ…

Դեկտեմբերի 4, ուրբաթ… Օրակարգում երկու առանցքային իրադարձություն, ներկայացում-հաշվետվություն նախորդ շաբաթվա հանգանակության աղբյուրների՝ Գեղարվեստի նախագծերի մասին, և «Love at last» համերգը՝ ջազային տրիո՝ Արփենիկ-վոկալ, թավջութակ, Դավիթ Թադևոսյան-շեփոր, Ռաֆայել Պետրոսյան-դաշնամուր։

Արփենիկն իմ կյանքում ներկա է դեռ թատերական ինստիտուտից, նույնիսկ մեզ ընդունելության քննության ժամանակ շփոթել էին…Արփենիկը մի քանի ամիս է, ինչ հայրենիքում է, ապրում և ստեղծագործում է արտերկրում, հիմա կանադական աշխարհահռչակ Cirque Du Soleil-ի սոլիստներից է: Քովիդով պայմանավորված՝ ժամանակավոր դադարի մեջ է, առաջիկայում նորից վերադառնալու է ետ՝ իր աշխատանքին։ Ինչ Հայաստանում է, Արփենիկի հետ պատերազմի օրերին և հետո կազմակերպել ենք թիկունքի տարբեր նախագծեր, իսկ օրվա համերգը ևս հումանիտար շարքից էր։ «Հոգատարություն» ուսումնական նախագծի շրջանակում «Love at last» համերգի տոմսերի համեստ հասույթը փոխանցվելու է Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված, տեսողությունից զրկված 19-ամյա Վրեժ Բադալյանին։ Արփենիկը օրեր առաջ էր այցելել Վրեժին, իսկ այսօր նրան այցի եկավ իր ընկերներով ու երաժշտությամբ։ Վրեժն էլ կրթահամալիրում սիրված Չանախչի գյուղի մեր հայրենագետն է։ Գրական ակումբի այցը իր հայրենի գյուղ էնպես է կազմակերպել, էնպիսի պատկերներ ձոնել, որ նրա՝ նվեր օրվա պատումները մինչ օրս չեն լռում։ Վրեժը կյանքով եկավ մարտի դաշտից, ներկայությամբ իր զարդարեց համերգը և հաստատեց, որ հայրենի գյուղում լիքը անելիքներ ունի… Վռազ է։ Բուժենք վերքը հոգատարությամբ…  Շարունակելի…

 

https://youtu.be/MlNcdtWAkPM

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский