Հա՛յ մարդ, հոգատա՛ր եղիր
Primary tabs
Այս մղձավանջային օրերին, երբ բոլորս շփոթված ենք, ցավագար, երբ իրապես լրջանալու ու հոգատարությամբ գործելու պահն է, մեզանից շատերը լծված են իրար հայհոյելու, սևերի-սպիտակների թեզով գործելու, ղարաբաղցի-հայ բաժանելու, կուռքեր ստեղծելու, թույն արտադրելու գործին… Հե՛յ, հա՛յ մարդ, լրջացի՛ր ու շո՛ւրջդ նայիր, վերջապես ապրելու գործ կա…
Ուզում եմ մի սիրուն պատմություն պատմել։
Պատերազմի հաջորդ օրվանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բացեց իր դռները Արցախի մեր սիրելի հայրենակիցների առաջ։ Ամեն օր նրանց թիվը ավելանում է, այսօր արդեն ութսունի չափ կենվոր ունենք, իսկ սովորողների թիվը հասել է երկու հարյուրի։ Տեքստը չխտացնելու համար հետևեք մեր կայքին ու ընթացքի մասին պատմող լրատվամիջոցների արձագանքին:
Նոյեմբերի 11-ին Ավետարանոց չքնաղ գյուղի մեր հայրենակից տիկին Զինան, ով իր 92-ամյա սկեսուրի հետ ապրում է Գեղարվեստի մեր կացարանում, հուզված դիմում է` փոխանցելով, որ իր որդին՝ Արտակը, կնոջ ու մանկահասակ երեք երեխաների հետ դրսում են մնացել, արդյո՞ք կարող է կրթահամալիրը օգնել։ Ժամեր անց տեղի ունեցավ հանդիպում ընտանիքի հետ, լսվեց պատմությունը, և չուշացան հոգատար կազմակերպման լուծումները։ Քոլեջի լսարաններից մեկը պատրաստվեց որպես կեցավայր, իսկ փայտագործ, մեխանիզատոր Արտակը արդեն աշխատանք ունի կրթահամալիրի Ագարակում:
Դու՛, հա՛յ մարդ, փորձի՛ր այսպես կոնկրետ ու արժանապատիվ աջակցել քո հայրենակցին, փորձի՛ր մի փոքր նրա կյանքը դարձնել ավելի լավը, թույնի փոխարեն սեր փոխանցի՛ր, որ բնահան եղած քո հայրենակիցը իրեն արժանապատիվ զգա, փորձի՛ր էնպես անել, որ վերադառնա իր բնօրրանը և հայրենատեր լինի։
- Բացվել է 959 անգամ