Հեռավար-առցանց ազգագրություն
Primary tabs
Մարտի 2-6-ի հեռավար ուսուցման ամփոփում։
21-րդ դարը համացանցի գերիշխանության դարն է: Որքան զարգանում է աշխարհը, այնքան մեծանում են և՛ մարդու հնարավորությունները, և՛ մարտահրավերները: Այս հակասությունների դաշտում անհատը երբեմն չի կարողանում հարմարվել և մոռանալով իրեն տրված լայն հնարավորությունները՝ անզեն դեմ է գնում մարտահրավերներին և շատ անգամ պարտվում:
Այս հակասական վայրիվերումների ֆոնին ամենաշատը տուժում է ավանդական մշակույթը՝ ազգային երգերը, պարերը, խաղերը, ծեսերը և այլն: Ի՞նչ անել, ո՞նց պահել մշակույթը: Ինչպե՞ս համացանցի դարում կարևորել, պաշտպանել, փոխանցել, տարածել, զարգացնել դաշտում, սարում, գյուղում ստեղծվածը, ի՞նչ գործիքներով, մեթոդներով։ Ո՞վ է դա անողը, ովքե՞ր են շահառուները, և ի վերջո, ինչո՞ւ անեն, ո՞ւմ է դա պետք: Իրականում, այս հարցերը ազգագրական հարցեր են, և պատասխանները կնպասեն մեր շատ անելիքների հստակեցմանը:
2020 թվականը տարբերվեց մյուս տարիներից կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով: Ամբողջ աշխարհն անցավ արտակարգ ռեժիմի, այդ թվում՝ և Հայաստանը: Ամեն ինչ կաթվածահար եղավ: Փակվեցին կրթօջախները: Կրթվողների և կրթողների լայն զանգվածներ մնացին պարապ: Կարո՞ղ ենք օգտագործել կորոնավիրուսի բացած ազատ տարածքը վաղուցվա մտադրություններս իրագործելու համար: Մտորումները բերեցին մի քանի կոնկրետ քայլի, և ինձ օգնության եկավ համացանցը՝ կրթահամալիրում այս օրերին նախօրորք հայտարարված հեռավար-առցանց ուսուցման գործիք-մեթոդով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում առցանց-հեռավար ուսուցում կազմակերպելը շատ հեշտ էր, որովհետև մեր կողմից իրականացվող հեղինակային մեդիակրթությունն ապահովում է երկու կարևոր գործոն, որի առկայությունը նպաստեց գործընթացի անխափան, առանց լարումի և բարդությունների իրագործմանը՝
- ցանցային հասանելի կապ և դասավանդող-սովորող-ծնող շփում էլեկտրոնային, մեյլային համակարգով,
- վիրտուալ, կրթական, ինտելեկտուալ դաշտ՝ կայքերով, ենթակայքերով և բլոգներով, ուսումնական էլեկտրոնային գրադարաններով, փաթեթներով, տեսադասերով և տեսանյութերով:
2020 թվականի հունվարից կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում իրականացնում եմ «Ազգային խաղեր» նախագիծը: Նախագծի արձագանքները շատ անսպասելի էին և ոգևորիչ: Սովորողները մեծ արագությամբ յուրացրեցին խաղերը և իրենց դպրոցական շրջանակում սկսեցին տարածել, կիրառել: Դպրոցում նրանք իմ ուսումնասիրությունների դաշտում էին, և ակնհայտ էր, թե ինչպես են այդ խաղերը տարածվում իրենց տարբեր ինտերպրիտացիաներով: Կրթական միջավայրում, երբ բոլորը տիրապետում են ուսուցանված նյութին, հարցը դիտարկելը և վերլուծություն անելը հեշտ է:
Այլ հարց է, ինչպե՞ս է սովորողը ուսումնական, ազգային նյութը հասցնում ընտանիք, փոխանցում, ինչպե՞ս է փոխանցածը հետո զարգանում, ձևափոխվում: Բնականաբար, ես չէի կարող գնալ տնետուն և մանկավարժական և ազգագրական հարցերիս պատասխանները գտնել:
Մարտի 2-6-ի հեռավար-առցանց ուսուցման առաջին փուլի իրագործման համար, նախօրոք ուսուցանված նյութերի հիման վրա կազմեցի երեք ուսումնական փաթեթ՝
Նախագիծը կոչվեց «Ազգային խաղերի, խաղերգերի, ասիկների ֆլեշմոբ», որին կարող էին միանալ բոլորը: Սկսվեց ազգագրական նյութերի տեղատարափ` ֆլեշմոբի տեսքով, բուռն, ոգևորիչ մասնակիցներով, հետաքրքիր ինտերպրիտացիաներով, թատրոնով, տարազով, խոհանոցով, սեփական իմպրովիզներով, բարբառներով, տարբեր էթնոմշակույթների համադրություններով և ամենակարևորը՝ պոզիտիվ արձագանքներով: Արդյունքում ֆլեշմոբին մասնակցեց կրթահամալիրի 65 տարատարիք սովորողներ՝ իրենց ընտանիքներով և հարազատներով: Սրա համագումարում էլ ունեցանք մոտ 100 մասնակից:
Վիրտուալ հարթակում ֆլեշմոբի համար օգտագործեցինք ուսուցման մեդիագործիքներ՝ թվային միջոցներ, համակարգչային ծրագրեր՝
- համակարգիչ, բջջային հեռախոս,
- էլեկտրոնային կայքեր՝ կայք, ենթակայք, բլոգ,
- սոցիալական ցանցեր՝ մեյլ, ֆեյսբուք, մեսենջեր, վայբեր, յութուբ,
- Ֆոտոշոփ, վիդեոմոնտաժ, Մայքրոսոֆթի word, excell:
Ֆլեշմոբն արդյունավետ չէր կազմակերպվի և գործի, եթե չկատարեի այս քայլերը՝
- պարբերաբար սովորողնեին հիշեցնել ֆլեշմոբի մասին,
- ծնողին ներառել ուսումնական պրոցեսի մեջ,
- մոտիվացնել, ոգևորել, խրախուսել,
- լինել միշտ հասանելի ծնողի ու սովորողի համար,
- ամեն օր ամփոփել արդյունքները,
- տարածել, հանրայնացնել:
Ընտանեկան ֆլեշմոբի արդյունքում կատարեցի հետևյալ դիտարկումները։
1. Նախագծի երեք ուղղությունից՝
- խաղերին մասնակցեցին ավելի ակտիվ, ճկուն, կոփված սովորողները,
- խաղերգերին՝ լավ երգողները,
- ասիկներին՝ դերասանական հմտություններ ունեցող սովորողները:
2. Նախագծի երեք ուղղությունից՝
- խաղերին մասնակցեցին ավելի շատ տղա սովորողներ և հայրիկներ,
- խաղերգերին մասնակցեցին ավելի շատ աղջիկ սովորողներ և մայրիկներ,
- ասիկներին մասնակցեցին մարզերից և հայկական սփյուռքից եկած ընտանիքներ:
3. Նախագծի երեք ուղղությունից՝
- խաղերում կատարում էին իմպրովիզներ, ներկայացնում էին այն սեփական ինտերպրիտացիայով և ներառում էին ժամանակակից գործիքներ, իրեր,
- խաղերգերում փոխում էին երաժշտությունը՝ համապատասխանեցնելով իրենց շարժումների հետ, փոխում էին բեմադրությունը, երբեմն հորինում էին լրիվ նոր խաղ,
- ասիկներում փոխվում էր վերջավորությունները, բայց միտքը մնում էր նույնը:
Նախագծի կազմակերպման իմ գլխավոր նպատակն էր ազգային մշակույթի տարածման, փոխանցման, զարգացման, ձևերին հետևելը:
Նախագծի կազմակերպման խնդիր էի համարում՝
- մասնակիցներին նույն հարթության վրա տեսնելը,
- տարիքային անջրպետներ, կարծրատիպեր կոտրելը,
- մասնակցին գործողության, շարժման մեջ մցնելը,
- էթնոմշակութայնին բոլոր շերտերի ներգրավումը:
Արդյունքում, հեռավար-առցանց ուսուցման գործիքն ինձ օգնեց, որ ես այս ընտանեկան նախագիծը իրականացնելով՝ իմ փոքր ազգագրական, մշակութաբանական և մանկավարժական հետազոտությունները անեմ և որոշակի համեմատական շերտեր դուրս բերեմ դրանից: Սա ապագայում ինձ կօգնի նոր՝ «Մանկության խաղեր՝ 1+1» ընտանեկան նախագիծ-ֆլեշմոբի արդյունավետ իրագործման և կազմակերպման համար, որի արդյունքների մասին կգերմ անմիջապես ավարտից հետո:
- Բացվել է 1001 անգամ