Արի, մայիս, արի

Պատկերազարդ ուղեցույց ընտանեկան դպրոցի

Մեր կրթական համայնքով, հեղինակային ծրագրի ընտանեկան դպրոցների ցանցով մայիսյան ուսումնական շրջան ենք մտնում։

  • Միասին պիտի անցնենք ուսումնական շրջանի-տարվա ավարտական, դասարանից դասարան փոխադրման ճանապարհը՝ ներկայացնելով ուսումնական աշխատանքը, գնահատելով, ինքնագնահատելով, ընտանիքով գնահատելով, արձանագրելով  արդյունքները՝ դպրոց-պարտեզներում 5-6 տարեկանների մեկամյա, Իմացումի հրճվանքի 1-3-րդ դասարանների, 4-5-րդ դասարանների, Միջին դպրոցում՝ 6-8-րդ, Ավագ դպրոցում՝ 9-րդ, 10-11-րդ դասարանների յուրաքանչյուր սովորողի, Քոլեջի միջին մասնագիտական ծրագրով 1-2-րդ կուրսերի ուսանողների համար։ Կրթահամալիրում, գիտեք, քննություն չունենք. դասարանից դասարան փոխադրվելը, ինչպես ընդունելությունը, կազմակերպվում են հեղինակային կրթական ծրագրով մշակված կարգերով։ Իսկ նախարարությունն ինչպե՛ս կկարգավորի 9-րդ, 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների հարցը, խոստացել են, կերևա շուտով։ Մենք ամենայն պատասխանատվությամբ և սիրով շարունակում ենք 12-րդ դասարանցիների «Ցտեսություն-ցնծություն» նախագծով հանդիպումները, որպես նաև աջակցություն, որ պատրաստվեն մայիսյան ներկայացումները առցանց և ֆիզիկական հարթակներում, գտնվեն-մշակվեն տոնախմբության նաև առցանց կազմակերպման լուծումներ։ Մայիսյան շրջանում է հիմնականում ավարտվելու նաև  քոլեջի մասնագիտական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմային նախագծերի պաշտպանության պատրաստությունը։ Ակտիվ, ձեր գործի տերը եղեք, սիրելի շրջանավարտեր բոլոր կրթական ծրագրերի, ընտանեկան դպրոցների ղեկավարներ, խորհրդատուներ, սահմանափակումները փորձեք օգտագործել միայն ստեղծական լուծումներ հայտնաբերելու-ստեղծելու համար։
  • Հրապարակում ենք հեղինակային կրթական ծրագրի մայիսի մեր ուսումնական օրացույցը։ Համեցեք, ստուգատեսային, ընտանեկան, անհատական այլ նախագծերի համար օգտագործեք կրթահամալիրի մաքուր, խնամված տարածքները՝ պուրակները, արհեստանոց-արվեստանոց-լաբորատորիա-սրահները, մարզադաշտերը, իհարկե, առանց շրջանցելու, խախտելու արտակարգ դրության պարետի սահմանած կարգերն ու պահանջները։

FotoJet

Մայիսյան հավաքի հարթակում ընդգծված են ստուգատեսային 3-րդ, 5-րդ, 8-րդ, «Ցտեսություն-ցնծություն»-ով շրջանավարտ 12-րդ դասարանցիների համերգ-ներկայացում-ցուցադրությունները, բայց յուրաքանչյուր սեբաստացի սովորող, ընտանիք կարող է իր նախաձեռնությամբ առաջ գալ։ Արտակարգ պայմաններից ելնելով՝ այս անգամ հաշվետու համերգ-ներկայացում-ցուցադրությունները հեռավար առցանց հարթակներում են, բայց Ֆիզիկական միջավայրում ևս նախատեսեք ցուցադրություն, ներկայացում դրանց համար այդքան խնամքով, սիրով մեր ստեղծած սրահներում՝ համաձայնեցնելով պատասխանատուների և միմյանց հետ, կազմակերպելով հատուկ դիտումներ։ Ո՞վ կնախապատրաստի, ո՞վ կանի առաջին ցուցահանդեսը, ո՞վ նորամուտ կնշի։ Նախաձեռնություն-նախագծերը չեն ուշանա։FotoJet (3)

  • Միասին պիտի անենք 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը կրթահամալիր՝ մեր չորս դպրոց-պարտեզներ, միջին, ավագ դպրոցներ, քոլեջ նորեկ սեբաստացիների մուտքը։ Պետք է, որ ընտանեկան դպրոցը, սովորողն ու աշխատողը իրենց ուսումնական բլոգում, սոցցանցի էջում ներկայացնեն իրենց ուսումնական գործունեությունն ու ձեռքբերումները, կրթական ծրագրից ծրագիր, դասարանից դասարան իրենց փոխադրվելը, իրենց ընդունելությունը հաջորդ կրթական աստիճան, ուսումնական պլանի քննարկումով, անհատական պլանի՝ սեփական կրթական ծրագրի պատվերի ձևակերպումով, դասընթացների, 6-րդ դասարանից սկսած՝ մարզական ակումբների, ավագ դպրոցում օտար լեզվի կամ լեզուների, ուսուցչի ընտրությամբ,  ուսումնառության պայմանագրի իր անհատականացմամբ։ Գրանցեք նաև ձեր խորհուրդները նորեկներին, աջակցեք՝ ընտություն կատարելու հարցում։ Ինչո՞ւ ոչ նոր մարդու ընդունելության ճամբար կարող է դառնալ յուրաքանչյուր ընտանեկան դպրոց։
  • Միասին պիտի պատրաստենք ամառային նախագծերը, որ սկսենք դրանք հունիսին, հետհամաճարակային ամառն օգտագործենք ֆիզիկական միջավայրում միասին լինելու, ճամբարային պայմաններում գործելու համար՝ Երևանում, Արատեսում, Սևանում, թե հայաստանյան այլ անկյունում՝ կրթական փոխանակումների նախագծով։ Դասարանով, խմբով, ընտանեկան դպրոցով հայրենագիտական-արշավախմբային-առողջարարական-մարզական-բնապահպանական մեր նախագծեր հրապարակեք, մշակեք դրանց կազմակերպման բովանդակությունը, համաձայնեցրեք տեղը, ժամանակը, պայմանները, հրավիրեք մասնակիցներին, պայմանավորվածություններ ձեռք բերեք։

FotoJet (5)

  • Միասին պիտի նախապատրաստենք ուսումնական ֆիզիկական միջավայրի՝ կրթահամալիրի դպրոցում, քոլեջում, ուսումնական կենտրոնում, կրթական պարտեզի այլ հատվածում բարեկարգումը։ Դրան է ուղղված մայիսին սկսվող մեր արտ-միջավայր փառատոնը։ Ընտանեկան դպրոցում պիտի ձևակերպվեն բարեկարգման առաջարկները, որպես նախագծեր։ Նախագծելու համար անհրաժեշտ լուսանկարների, չափումների մասին էլ կարող ենք միասին հոգալ։ Համեցեք մենակ կամ զույգով, վերցրեք ձեզ անհրաժեշտ տեղեկությունը, խնդրեք դա դպրոցից, քոլեջից, ուսումնական կենտրոնից, մոտ ապրող ընկերոջ միջոցով իրականացրեք ձեր պատվերը, աշխատեք վրան, քննարկեք, տեսքի բերեք։ Ձեր լուծումներին են սպասում Մայր դպրոցում աշխարհագրության, կենսաբանության կաբինետները, խոհանոցը, մարզադաշտերը։
  • Պիտի շարունակենք մեր կրթական պարտեզի ամենօրյա խնամքը, կանաչապատում-ծաղկապատումը։ Մենակ թե զույգով, ընտանիքով կրթական պարտեզում շարունակեք ապրիլի 24-ին սկսածը, հետևեք, որ դրված տունկը կպչի հողում, ծաղիկը աճի, կանաչը նոր ծիլեր տա։
  • Միասին պիտի նախագծենք նաև կրթահամալիրի զարգացման ծրագրի ընտանեկան աջակցությամբ լուծվող խնդիրների լուծումները, կրթահամալիրի զարգացման արդյունք նոր կանոնադրությունը։

FotoJet (4)

Աշոտ Բլեյան, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, կրթահամալիրի փոխտնօրեն
Սուսան Մարկոսյան, մանկավարժության կենտրոնի ղեկավար

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский