Երբ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը...

Հեղինակ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտնի է իր բաց, ներառող, համերաշխ միջավայրով։ Այստեղ յուրաքանչյուրը գտնում է իր նախասիրություններին, հետաքրքրություններին, հավեսին և տաղանդին համապատասխան գործունեություն։ Յուրաքանչյուր սովորող, յուրաքանչյուր դասավանդող կարող է ընտրել այն, ինչ երազել է անել, սակայն մինչ այդ առիթ կամ հնարավորություն չի ունեցել՝ երգել, պարել, նկարել, քանդակել, լուսանկարել, զբաղվել ոսկերչությամբ, ռոբոտաշինությամբ, սովորել տարբեր լեզուներ կամ ընտրել սիրելի մարզաձև։ Ընտրության այս հնարավորությունը թույլ է տալիս ուսումնական, հասարակական գործունեության մեջ ներառել յուրաքանչյուր սովորողի՝ անկախ նրա կարողություններից։ Ներառող է նաև միջավայրը՝ բաց, ազատ, թափանցիկ, մեծ և լուսավոր լսարաններով, յուրաքանչյուր գործունեությանը համապատասխանեցրած լաբորատորիաներով, մարզադաշտերով և դպրոցական բակերով։ Սովորողներն անարգել օգտվում են նաև ուսումնական ագարակից, որտեղ, կենդանիների և բույսերի խնամքից բացի, կարող են իրականացնել տարբեր տեսակի թերապիաներ՝ կախված սովորողի կարիքից։ Լողը, հեծանվավարությունը, տարատեսակ ճամփորդությունները ոչ միայն հաճելի ժամանց են, այլ հստակ, նպատակաուղղված ուսումնական գործունեություն, այդ թվում՝ նաև առողջագիտական։ Կարևոր է նաև նշել, որ և՛ սովորողները, և՛ դասավանդողները ներառված են ոչ միայն զուտ ուսումնական գործունեության մեջ, այլև իրականացնում են տարատեսակ հասարակական գործունեություններ, նախագծեր, իրենք են դառնում իրենց գործի ինքնասպասարկողները՝ թե՛ դասին, թե՛ արշավելիս, թե՛ խոհանոցում, թե՛ բակային աշխատանքներում։

Այս ամենը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ոք իրեն ներառված զգա ինչպես դասապրոցեսին, այնպես էլ առօրյա դպրոցական կյանքին, որևէ գործունեության մեջ հետ մղված, անկարևոր կամ չներառված չլինի։ Ամբողջական ծրագրում հատուկ կարիքով սովորողների ներառումը կրթահամալիրի այցեքարտերից մեկն է. այստեղ ստեղծվում են բոլոր պայմանները, որ յուրաքանչյուր կարիք ունեցող սովորող չզգա իր անսովորությունը, իսկ եթե անգամ զգա, ապա դա լինի իր առավելությունը, այլ ոչ թե թերությունը։

Համընդհանուր ներառումը իրականացվում է նաև առարկայական դասերի ընթացքում, երբ յուրաքանչյուր դասավանդող գիտի, թե ինչ մոտեցում է անհրաժեշտ յուրաքանչյուր սովորողի։ Սովորողների համար անհատական ուսումնական պլաններ են կազմվում, և, կախված սովորողի կարիքից, կարող է տարբերվել անգամ սովորողի դասացուցակը։ Դասավանդողներն իրենց բլոգներում հրապարակում են առաջադրանքների փաթեթներ, որոնցից կարող են օգտվել հատուկ կարիքով սովորողները։ Այդ փաթեթի առաջադրանքներն այնպես են ընտրված, որ մատչելի լինեն բոլորին։ Սովորողի ներառումը դասապրոցեսին նույնպես կախված է սովորողի կարիքից՝ մեկը անհատական, առանձնահատուկ, լրացուցիչ առաջադրանքի, ուշադրության և մոտեցման կարիք ունի, մյուսը՝ հեշտ ներառվում է ընդհանուր դասարանական գործունեության մեջ։ Դասավանդողները՝ ցանկացած նախագիծ կազմելիս, հաշվի են առնում նաև դասարանում ներառված հատուկ կարիքով սովորողներին: Նախագծային աշխատանքի տարբեր փուլերում այդ սովորողները կարող են ունենալ իրենց

համար նախատեսված աշխատանքի բաժինը, որը կարող է լինել մի փոքր ավելի հեշտ, մատչելի, սակայն դա հնարավորություն կտա յուրաքանչյուրին մասնակից դարձնել նախագծին։ Նման մոտեցման դեպքում յուրաքանչյուր սովորող՝ անկախ կարիքից, զգում է իր կարևորությունը, իր ներդրումը։ Հաճախ նման սովորողների դեպքում նախագծերում ներառվում է ամբողջ ընտանիքը, օգնում սովորողին՝ միասին տեսաֆիլմեր են անում, միասին նյութեր գրում, հրապարակում։ Ծնողի նման մասնակցությունը ողջունելի է. դա լրացուցիչ վստահություն է հաղորդում սովորողին, ինչպես նաև դպրոցական կյանքը դառնում է սովորողի անբաժանելի առօրյան, քանի որ դրանով հետաքրքրված է ամբողջ ընտանիքը։ Ծնողները հավեսով մասնակցում են նաև ճամփորդություններին։ Եթե այնպիսի կարիքով սովորող է, որի ծնողը ստիպված է լինում երեխայի հետ մասնակցել դասերին, ապա այդ ծնողը դառնում է դպրոցի կամավոր աշխատող՝ սովորողի հետ յուրացնում է կրթահամալիրի բոլոր ծրագրերը՝ միասին պարում են, երգում են, սովորում օտար լեզուներ, վերհիշում և թարմացնում իրենց բնագիտական գիտելիքները և այլն։ Ընտանեկան ուսուցման, ընտանիքի ներառման այս մոդելը և ունեցած փորձն ու հմտությունները մեզ օգտակար եղան հատկապես Covid-19 վիրուսի պատճառով մեկուսացման բարդ շրջանում, երբ բոլորս ստիպված էինք փակվել մեր տներում և կապ պահել միայն վիրտուալ աշխարհում։ Հետաքրքիր ընտանեկան նախագծերին, առցանց դասերին ընտանեկան միասնական մասնակցությունը ներառական կրթությամբ շատ սովորողների լրացուցիչ վստահություն և ապահովություն ներշնչեց։ Սովորողները հասկացան, որ անգամ այս իրավիճակում ասելու, արտահայտվելու հնարավորություն ունեն, և վիրտուալ աշխարհն իրենց ավելի լսելի դարձրեց. դպրոցական կայքերում, սոցիալական տարբեր հարթակներում հրապարակվում էին սովորողների տեսաֆիլմերը, հոդվածները, պատումները։ Հնարավորություն ունեցան միաժամանակ և՛ արտահայտվել, և՛ տեսնել մյուսների աշխատանքն ավելի պատկերավոր, համեմատել, հասկանալ, որ իրենք էլ մյուսներից չեն տարբերվում, այլ հաճախ նաև առավել են։

Ներառական կրթության գաղափարի ամենակարևոր դրսևորումը, ըստ իս, ոչ թե սովորողի՝ առարկայական գիտելիքի յուրացումն է, այլ նման սովորողի հանդեպ իր դասընկերների վերաբերմունքը։ Միշտ եմ նշել, որ ներառականությունը համընդհանուր պետք է լինի, և որ հատուկ կարիքով սովորողի առկայությունը դասարանում առաջին հերթին մնացած բոլոր սովորողների ներառումն է, այլ ոչ թե այդ սովորողի։ Դասընկերները սովորում են հոգատարություն, խնամք, ուշադրություն դրսևորել նման սովորողների հանդեպ։ Առաջին հերթին սովորողը բարություն և հանդուրժողականություն է զարգացնում իր մեջ։ Հաճախ են եղել դեպքեր, երբ ծնողներ են եկել դպրոց և դժգոհել, որ իրենց երեխայի հետ դասարնում կարող է սովորել աուտիկ կամ դաունի համախտանիշով երեխա, դժգոհել են, որ իրենց երեխաների վրա դա վատ է անդրադառնում, սակայն հենց նման ծնողների երեխաները շատ արագ իրենց վերաբերմունքով ծնողներին այլ բան են ապացուցել։ Այս սերնդի երեխաների մեծ մասը մեծանալով երբեք այլևս նման հարցով իր երեխայի համար դպրոց չի գնա, քանի որ ինքն ուսման ընթացքում հասկացել և զգացել է, որ բոլորը միանման են՝ անկախ իրենց առանձնահատկություններից։

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский