Թանգարան այցելությունը՝ ուսումնական աշխատանք

Ուսումնական ճամփորդությունը սովորողների ամենասիրելի գործունեության ձևերից մեկն  է: Իրականացվելիք նախագծի շրջանակներում ճամփորդությունները տարբեր են լինում՝  զբոսանքներ, արշավներ, այցելություններ գրադարաններ, թանգարաններ, թատրոններ և այլն:

Այս անգամ ուզում եմ մի փոքր պատմել թանգարանային ճամփորդությունների կազմակերպման իմ փորձի մասին:

Կրթահամալիրում իրականացվող ինտեգրված ուսուցումը, միջառարկայական կապ ստեղծելով, հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ճամփորդության նախագծում գործունեության հնարավոր շատ ձևեր ներգրավել: Թանգարան այցելության նախագծի շրջանակում իրականացվող գործունեությունը.

  • լեզվագործունեություն (տեղեկատվական նյութեր ենք փնտրում, կարդում, քննարկում),
  • մաթեմատիկական (հաշվում, համեմատում ենք ճանապարհի հեռավորությունը, ծախսած ժամանակը, տոմսի և տրանսպորտի արժեքը),
  • տեխնոլոգիական (ծանոթանում ենք արվեստագետների ստեղծած աշխատանքներին, ինքներս ենք ստեղծագործում, նկարում, ծեփում և այլն),
  • երաժշտական (ճանապարհն անցնելու ընթացքում երգում ենք մեր ծրագրային երգերը, ասիկներ ասում),
  • բնագիտական (դիտարկում են շրջապատի, եղանակի  փոփոխությունները):

Թանգարան այցելության առաջին կարևոր պայմանը սովորողների հետաքրքրելն է: Եթե հաջողվեց նախապատրաստական աշխատանքի ընթացքում սովորողի մեջ հետաքրքրության խայծ գցել, ապա թանգարանում կհաջողվի պահպանել երեք «ոսկե» կանոնը.

  • Չվազել:
  • Բարձր չխոսել:
  • Ցուցանմուշներին ձեռք չտալ:

Կանոնները պահպանելուն նպաստում է նաև սովորողի մասնակցությունը իրականացվող ծրագրին:

Այս ամենը հաշվի առնելով՝ նախընտրում եմ թանգարան այցելությունը կազմակերպել կրթական ինտերակտիվ ծրագրերի շրջանակներում: Ներկայացված ծրագրերից ընտրում եմ այն ծրագրերը, որոնք մեր նախագծերի հետ համընկնում են:

Իրականացվող քայլերը

  • Գրանցում կամ պայմանավորվածության ձեռքբերում (այցելության օր, ժամ)
  • Նախապատրաստական աշխատանք (ծրագրի ծանոթացում, ճանապարհի քարտեզի, թանգարանի կայքի ուսումնասիրություն)
  • Այցելություն թանգարան, մասնակցություն ծրագրին
  • Նախագծի ամփոփում:

Այս դասարանական խմբի (2017-2020) հետ թանգարանային նախագծերը

Բոլոր ճամփորդություններն էլ առանձնահատուկ և հետաքրքիր էին, դրա վկայությունը սովորողների ոգևորվորությունն էր, բայց ուզում եմ հատկապես մանրամասնել Ազգային պատկերասրահ կատարած ճամփորդությունը:

Այսպես։ Համացանցում փնտրում էի թանգարանային ինտերակտիվ ծրագրեր, երբ հանդիպեցի Ազգային պատկերասրահում իրականացվող ծրագրերին, առաջին հերթին գրավեց այցելության համար գրանցման հայտը (մինչ այդ զանգով ենք պայմանավորվել այցելությունների համար): Գրանցվեցի, հետո հաստատում ստացա և ամբողջացրեցի նախագիծը:

Նախապատրաստական աշխատանք

Այս անգամ, ի տարբերություն նախորդների, մեկ շաբաթ առաջ սովորողներին ուղարկեցի նախագծի հղումն ու հանձնարարեցի ուսումնասիրել Ազգային պատկերասրահի կայքը:

Ճամփորդության նախորդ օրը փորձեցի զրույց-քննարկման միջոցով հասկանալ, թե ովքեր են «վիրտուալ զբոսանք» կատարել կայքով: Ի զարմանս ինձ, շատ հետաքրքիր բացահայտումներ արեցի: Պարզվեց՝ Լիլիին հետաքրքրել է շենքի հատակագիծը, Եվային և Արփիին՝ Հակոբ Գյուրջյան քանդակագործը, Տարոնին, Խաչատուրին և Հովհաննեսին՝ տոմսերի արժեքը, մի քանիսը կրթական ծրագրերը, հավաքածուներն ու ճանապարհի քարտեզն էին ուսումնասիրել,  իհարկե, կային սովորողներ, որ ոչինչ չէին արել, բայց լսեցին ընկերներին և հետաքրքրություն ցուցաբերեցին կայանալիք այցի նկատմամբ:

Հաջորդ օրը նշված ժամին դուրս եկանք դպրոցից: Ճանապարհին խցանումների չհանդիպեցինք և ուղիղ ժամը 11-ին տեղ հասանք: Դեռ 15 րոպե ունեինք ծրագրի սկսվելուն: Որոշեցինք թանգարանի շենքի դիմացի պաստառներն ու խաչքարերն ուսումնասիրել: Պարզվեց՝ դրանք Հայաստանի 10  մարզերն են՝ իրենց կարևոր մշակութային կոթողների լուսանկարներով: Լավ առիթ էր նորից վերհիշելու, հաշվելու մարզերի անունները, կարդալու փոքրիկ տեղեկությունները: Դրանք կարդալուց հետո, առաջին հարկի եռալեզու ցուցապաստառն էլ կարդացինք և բարձրացանք 2-րդ հարկ, որտեղ էլ իրականացվելու էր ծրագիրը: Մեզ դիմավորեցին ծրագիրն իրակացնող երիտասարդ աղջիկները: Մինչ ծրագիրը սկսելը՝ փորձեցին մի փոքր պատմել Ազգային պատկերասրահի շենքի, ցուցասրահների ու իրականացվելիք ծրագրի մասին: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ սովորողներն իրենց հետ զուգահեռ պատմում էին: Ծրագիրն այնքան հագեցած և հետաքրքիր էր, որ չնկատեցինք, թե ինչպես մեկ  ժամը լրացավ: Ոգևորված, լի տպավորություններով, վերադարձանք դպրոց:

Ճանապարհին նրանց բաժանեցի տոմսերը: Դավիթը տոմսի արժեքը տեսնելով՝ հարցրեց.
— Ընկեր Մանուշակ, եթե տոմսը 600 դրամ էր, ինչո՞ւ ենք 1000 դրամ հավաքել:
— Որովհետև 8000 դրամ էլ տրանսպորտի համար էր հարկավոր, Դավիթ ջան,-պատասխանեցի ես:

Սկսեցին հաշվել։ Ուրեմն այսպես, իրենք 19-ն էին, ես էլ հետները՝ 20: 8000 դրամը բաժանած 20-ի, կլինի 400:
— 400,- արագ հաշվեց Ալեքսը:- Հա, այսինքն՝ 400 դրամ տրանսպորտին, 600 դրամ թանգարանի տոմսին, ստացվեց 1000 դրամ:

Ես պահը բաց չթողեցի և առաջարկեցի հաշվել ընդհանուր ծախսը: Հաշվեցինք, պարզեցինք, որ ճամփորդության համար ծախսել ենք 20000 դրամ. 8000 դրամ տվել ենք տրանսպորտին, 12000 դրամ՝ տոմսերին: Յուրաքանչյուրը 1000 դրամ էր բերել, այսինքն՝ հավաքվել էր 19000 դրամ:
— Հա, փաստորեն 1000 դրամ էլ դուք եք ավելացրել, ընկեր Մանուշակ, — բացահայտումից հետո ասաց Դավիթը:

Էյվայի բացահայտումն էլ հաշվելու նոր թեմա դարձավ: Նրան հետաքրքրում էր տոմսի վրայի հնգանիշ թիվը: Քանի որ արդեն դպրոց էինք հասել և դեռ 20 րոպե ունեինք մինչ երկարօրյա ճամբարի սկսվելը, սկսեցինք պարզել: Պարզվեց՝ բոլորի տոմսերի վրա էլ հնգանիշ թիվ էր գրված: Երբ սկսեցինք համեմատել թվերը, մեծ էր նրանց ոգևորությունը: Պարզեցին, որ առաջին երեք թվանշանները՝ 4, 5, 1, նույն էին, իսկ մյուս երկուսը՝ հերթականությամբ 46-65-ը: Այսինքն՝ մեր տոմսերի համարները 45146-ից 45165-ն էին:

Հաջորդ քայլը ամփոփումն էր: Սովորողներն իրենց բլոգներում հրապարակեցին ճամփորդապատումները, իսկ ես՝ ֆոտոպատումը, տեսանյութն ու ռադիոնյութը:

Թանգարանային  ճամփորդությունները հնարավորություն են տալիս բացահայտելու սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, զարգացնելու նրանց ստեղծագործական հմտությունները, ծանոթանալու թանգարանային մշակույթի հետ, և պակաս կարևոր չէ նաև, էթիկայի կանոններ յուրացնելն ու դրանց հետևելը:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский