Ամենամեծ գնահատումը սովորողի գործունեության շարունակականությունն է

Կրթահամալիրի մանկավարժական խորհրդի առցանց հանդիպումից։
Ապրիլի 4

Նախ՝ մեդիակրթությունը մեր հեղինակային կրթական ծրագրի հիմքն է. դա միշտ պետք է հիշել։ Ֆիզիկական միջավայրում, երբ հանդիպում են մեր սովորողները, դա արտոնություն է. սովորողները կարող էին և չհանդիպել ընդհանրապես. կրթությունն անհատական է։ Մեդիակրթությունը հեղինակային կրթական ծրագրի անուններից մեկն է։ Սա մեզ համար արտասովոր չպետք է լինի համացանցում ուսուցումը. սա մեզ համար սովորական, աշխատանքային վիճակ է։ Յուրաքանչյուրս պետք է մեզ զգանք սովորական աշխատանքային վիճակում։ Մենք անում ենք այն աշխատանքը, ինչը միշտ արել ենք և շարուանակում ենք անել. սա է հեղինակային կրթական ծրագիրը։ Այլ կերպ մի պատկերացրեք։ Եթե անգամ ֆիզիկական միջավայրում դասարան կգան երեսուն հոգի սովորող, մեկ է՝ դասավանդողը ուսուցումը կազմակերպում է թվային միջոցներով. այդպիսին է մեր հեղինակային կրթական ծրագիրը։ 

Երկրորդը, որ ուզում եմ շեշտել, գնահատմանն է վերաբերում։ Ուսուցիչը կգնահատի լավ, գեղեցիկ բառերով, թե թվանշաններով․․․ մեկ է՝ հիմքում առևտուր կա։ Մարդը ինքը պետք է իրեն գնահատի։ Եթե սովորողը իր արածից գոհ կմնա, դա ամենամեծ գնահատումն է, որ ինքը կստանա։ Թե դիմացինը ինչ կմտածի, ծնողը կգնահատի, թե ուսուցիչը, ինչ թվանշան կստանա՝ դա կապ չունի մանկավարժության հետ։ Իրական մանկավարժական գնահատումն այն է, թե ինքը՝ սովորողը, իրեն ինչպես կգնահատի, իր մասին ինչ կասի։ Դա է իրականը. և սովորողներն էլ պետք է դրան հասնեն։
Ընտանեկան նախագծերն ինչպե՞ս պետք է դասավանդողը գնահատի, ինչպե՞ս պետք է համեմատի... Սովորողը պետք է իր արածից բավականություն ստանա և շարունակի իր գործունեությունը։ Ամենամեծ գնահատումը սովորողի գործունեության շարունակականության ապահովելն է։ Ինչ վերաբերում է թվանշաններին, վերջում սովորողներին ասենք, որ հենց իրենք իրենց թվանշան նշանակեն։ Այ, որ հասնենք դրան, սովորողները կհասկանան, որ թվանշանը սուտ բան է։ 

 
Եվ վերջում՝ մանկավարժության տեսությանն ընդհանրապես լուրջ մի՛ մոտեցեք։ Դա մարդիկ հորինել են, որ դոկտորներ, պրոֆեսորներ դառնան։
Սղագրումը՝ Քնարիկ Ներսիսյանի
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский