Հաշվետվություն ներառման մասին
Primary tabs
Արդեն երկրորդ տարին է, ինչ պատիվ ունեմ լինելու՝ հեղինակային կրթական ծրագրով նախագծային ուսուցման կազմակերպիչ։ Մուտքն իմ կրթահամալիր եղավ ընտանիքով՝ երեխաներիս հետ։ Ասեմ, որ դա ռեֆորմ էր իմ ընտանիքում. ես երեխաներիս տեղափոխեցի հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսումնական հաստատություն, այնինչ տանը մեր տատիկը պետական կրթական ծրագրի 30 տարվա մանկավարժ էր․․․ Պատկերացնել է պետք, թե դա ի՜նչ քայլ էր․․․
Անթիվ էին այն վախերը. կյուրացնե՞մ այս մեծ լաբորատորիայում անընդհատ ընթացող ռեֆորմները, զարգացումները, թե՞ դուրս կմնամ․․․ Մուտքն իմ եղավ ամառային ճամբարով։ Ինձ մեծ դժվարություններ էին սպասում, քանի որ բացի այն հանագամանքից, որ դպրոցում կազմակերպիչն էր նոր, այլ նաև մի շարք առարկայական ուսուցիչներ փոխվեցին։ Դժվարություններով, սակայն դարձա ընդունելի, ինչու չէ, նաև սիրված։
Ի՞նչը կուզենամ արձանագրել, առանձնացնել․․․
Որպես դժվարություն՝ կարձանագրեմ տարեսկիզբը, երբ տեղի է ունենում մեծ թվով սովորողների անցում դասվարական ինստիտուտից կազմակերպչի։ Խնդիր-դժվարությունները գրանցվում են ոչ միայն սաների, այլև ծնողների կողմից, (խոստովանենք՝ սաներին էլ ծնողներից է գալիս)։ Դժվարությունները հիմնականում ինքնավարության, ինքնասպասարկման հետ էին կապվում։ Սկզբում փորձում էի խմբային զրույցներ վարել, բայց հասկացա, որ որպես բազմություն չի կարելի դիտարկել, պարտադրել պասիվ լսողի, ընդունողի դեր։ Պետք էր դերային նոր խաղ սկսել, հանձնել իշխանությունը իրենց և իրենց կողքին հանդես գալ որպես օգնող, ուղեցեկցող։ Յուրաքանչյուրի հետ հարաբերվել անհատական, իրեն ներդաշնակ գործիքներով, այլապես բնական դիմադրություն էր առաջանում։
Առաջին փուլը կոչեմ ներառման փուլ՝ գործողությունների, գործունեության ձևերի, որոնք նպաստում են ներառմանը, որպեսզի ես ներառվեմ իրենց մեջ, իրենց համար դառնամ ընդունելի։ Քանի որ դասարաններում կային ոչ միայն կրթահամալիրի սաներ, այլև այլ դպրոցներից տեղափոխվածներ, հրաշալի հարթակ էր դպրոցի միջավայրը՝ որպես ներառման առաջնային գործիք կիրառելը:
Արհեստանոց, բաց լաբորատորիա, Artասահման, Սիենայի պուրակ, Սարալանջ, մառան, գինու դպրոց․․․ Նյութեր, գործիքներ, որոնց միջոցով սովորողը կարողանար անընդհատ կառուցել, ստեղծել, ինքնուրույն հետազոտել։ Լավագույն ներառումը կայացավ հենց վերը նշված միջավայր-լաբորատորիաներում մեր համատեղ հասարակական նախագծերով։ Շարունակելու եկան արդեն ուսումնական ճամփորդությունները։ Ներառումը կայացավ քանի որ բնահարմարություն կար, կար իմ՝ որպես կազմակերպիչ, դիտողականությունը և չընդհատվող ինքնակրթությունը, քանի որ ես այլ միջավայրից էի եկել։
Կարող եմ հպարտորեն արձանագրել, որ հաջողությամբ ամփոփելով 2019-2020 ուստարվա առաջին ուսումնական շրջանը՝ մեզ հաջողվեց կազմակերպել բնագիտություն և տեխնոլոգիա առարկաների այլընտրանքային լուծումներ՝ նախագծային խմբերով սովորողների մասնակցությունը դպրոցի զարգացման ծրագրերին՝ սկսած նախագծումից մինչև բարեկարգման աշխատանքները, որոնք չէին դադարում նաև ճամբարային շաբաթների ընթացքում, երբ սովորողների խմբերը իրենց դասավանդողների հետ աշխատում էին տարբեր նախագծերով։ Տարվեցին ճեմուղիների ստեղծման ու տոնական նորամուտների պատրաստության աշխատանքներ։ Տեսնել է պետք այն 4-5-րդ դասարանցիների պատասխանատվությունն ու հոգատարությունը, որոնց ջանքերով ստեղծվում է նոր միջավայրը։ Մասնակցեցին նաև ուսումնական մառանի ստեղծմանը, գինու արտադրամասի և Սեբաստացի մոլի նորամուտներին՝ դրանց ստեղծման աշխատանքներին։ Հետագայում էլ, չդադարեցին այցելությունները գինու արվեստանոց-արտադրամաս՝ արդեն տարբեր նախագծային խմբերով:
Հրաշալի էր, երբ 4-5-րդ դասարանի սովորողները (աղջիկ, թե տղա), մասնակից եղան նշանավոր Սիեննայի պուրակի ստեղծմանը։ Նրանք գիտեին, թե որքան նշանակալի է իրենց ներդրումը, որքան կարևորված մասնակցությունը։ Նրանք քաջ գիտակցում էին և ունեին մեծ պատասխանատվություն, որ պուրակի ճեմուղին զարդարելու են նշանավոր ճարտարապետ Քրիստոփոր Լիպիի քանդակները։
2019-2020 ուս տարում ստանձնեցի պատասխանատվություն՝ դասավանդելու-կազմակերպելու 4-5-րդ դասարանների մարմնակրթությունը, որը ներառում է մարմնամարզություն, լող, վազք և հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-5-րդ դասարաններն ավարտողի պարտադիր կարողություններ են: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Տրիաթլոնի (եռամարտի) կազմակերպումը իր մեջ ներառում է նաև սովորողներին ուղեկցելը լողի, միասին լողալը, օգնելը հանդերձարանում և սահամանված ժամանակահատվածում՝ քայլք-վազքով հասնելը դպրոց։
Ուսուցման այս ծավալը ևս ուներ այլ հասարակական նախագծի բովանդակություն. մեր անցումը դեպի Արևմտյան դպրոց անցնում էր թիվ 93 մանկապարտեզի բակով, Կրթական պարտեզի Սարալանջով։ Սովորողները, բախվելով կից մանակապարտեզների կոշտ հակադրությանը, տարբեր նախագծերի միջոցով սկսեցին յուրացնել խնդիրը, հանդես գալ հրապարակումներով, ինչպես նաև մարդասիրական, էկոլոգիական, շրջակա միջավայրին ուղղված գործողություններով, հաղորդումներով։ «Ոչ ցանկապատերին. բնակավայրն առանց ճաղերի» նախաձեռնությունը յուրացնելը կարևոր քայլ եղավ դեպի հասունացում՝ որպես իրական պահանջատեր, քաղաքացի։ Ամեն օր՝ մինչև ուսումնական պարապմունքի մեկնարկը կամ պարապմունքների միջև, երբ անցնում են կրթական պարտեզով, սովորողները, զինված աղբի տոպրակներով, ձեռնոցներով, մաքրում և խնամում են իրենց ճանապարհը, որպես վարք հասարակական։
Առջևում «Ձոն» ստուգատեսն է, որի նախագծով միջավայրում լուրջ համալրում կլինի խաղողի կանաչ պատերով, թառմաներով, անվտանգ, մաքուր և հարգալից անցումներով։ Կտնկվեն խաղողի այն տնկիները, որոնց պտուղներից մառանում կունենանք մեր կախանը, գինին, ռուպը և այլն։
Սրանք անհավատալի են մեր իրականության մեջ, սրանք արժեքների, կարողությունների, գիտելիքների ու հմտությունների ցուցանիշներն են հեղինակային մանկավարժությամբ առանձնացված «Երկրագործության՝ որպես ուղիղ ճանապարհի», որի հասցեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն է։
Որպես ամփոփում, կուզենայի անդրադառնել նաև մարտյան ուսուցման կազմակերպմանը, որը մեր կամքով, թե ակամա՝ ֆիզիկական միջավայրից անցավ առցանց հարթակ՝ իր հետ բերելով նոր կազմակերպում, նոր հավես ու հարաբերություններ:
Առցանց ուսուցման կազմակերպման մասին՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակում ազդարարվեց, որ ուսուցումը ֆիզիկական միջավայրում դադարեցնելով, անցում է կատարում առցանց հարթակ: Ունենալով տարիների փորձ, համապատասխան գործիքներ ու մշակված միջոցներ՝ անցնցումը կատարվեց անցնցում ու առանց ավելորդ անհանգստությունների: Սովորողները հանդես եկան տարբեր հրապարակումներով՝ ներկայացնելով կորոնավիրուսային խուճապը իրենց միջավայրում, անդրադառնալով նաև առցանց ուսուցման կազմակերպմանը իրենց ընտանիքներում: Առարկայական նախագծերին զուգահեռ սովորողները ակտիվ մասնակցություն ունեցան մարզական, տեխնոլոգիական, բնագիտական նախագծերի, այդ թվում նաև «Իմ» ժամացույցը նախագծին:
Այս ընթացքին հաջորդեց գարնանային մանկավարժական աշխատողների հեռավար բաց դպրոցը, որի ընթացքում ունեցանք նաև հեռավար-առցանց վեբինարներ՝ գործիքների ուսուցման տարբեր տեսադասեր, որոնք նպաստեցին մեր ինքնակրթմանն ու էլ ավելի ինտեգրվելուն հեռավար ուսուցման կազմակերպելու պատասխանատու գործընթացին: Սովորեցինք առցանց ուսուցումը կազմակերպելու համար նախատեսված ծրագրեր, այդ թվում Microsoft Teams հարթակում աշխատելը, ինչը այժմ ակտիվ կիրառում ենք:
Մարտի 30-ապրիլի 3-ը ուսումնական պարապմունքները շարունակվեցին կազմակերպվել, որպես հեռավար-առցանց դպրոց՝ ընտանեկան նախագծերով և զատկական նախապատրաստությամբ:
Ոգևորությամբ արձանագրում եմ, որ ունեցանք սովորողների և ընտանիքի անդամների ակտիվ ներգրավվածությունը, մասնակցությունը նախագծերին ու դպրոցական առցանց, բայց կենդանի ու իրական կյանքին…
Ռիմա Քեքեջյան
- Բացվել է 776 անգամ