Հյուսիսափայլ
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կան բազում ռադիո և TV նախագծեր, որոնցում արտացոլված է կրթահամալիրյան կարևոր, հետաքրքիր իրադարձությունների լուսաբանումներ ըստ օրերի, շաբաթների, կրթահամալիրյան օրացույցի: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներից մեկի՝ Հյուսիսային դպրոցի ռադիո — TV խմբագրության գործունեության` որպես ուսումնական գործընթաց սովորողների հետ տարվող աշխատանքների մասին կներկայացնեմ այս հոդվածում:
Խմբագրության մասին
«Հյուսիսափայլը» ռադիոն 2020-ի սեպտեմբերից նաև TV խմբագրություն է, որը ծնունդ է առել 2017-ի մարտին: Անվանումը պայմանավորված է «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի «հյուսիս» և Ստեփանոս Նազարյանի «Հյուսիսափայլ» ամսագրի անվանումների հետ: Խմբագրությունն ունի իր բլոգը (մարտ, 2019), որտեղ ներկայացված են հանդիպումների, կլոր սեղանների, ասուլիսների նախագծերը, դրանց լուսաբանումները՝ ռադիո, TV թողարկումներ…
Սովորողների դերը, մասնակցությունը ռադիո-TV նախագծային հանդիպումներին
Ռադիո-TV խմբագրության նպատակը` որպես մայրենիի բաղկացուցիչ, սովորողների հետ տարվող անընդհատ աշխատանքն է՝ խոսքային, լեզվական, լրագրողական հմտություններ ձեռքբերելու, ինքնակրթվելու, ստեղծագործական մտածողություն զարգացնելու, ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու միջոցով, ուղղություններով: Սովորողները՝ մինչ հանդիպումը, ծանոթանում են հյուրերի կենսագրությանը՝ գրական, հասարակական, քաղաքական, մշակութային, ստեղծագործական և այլն, սոցցանցերում հյուրերի էջերին, մտածում-հրապարակում բլոգներում հարցեր՝ ուղղված հյուրերին: Միասին քննարկման արդյունքում տեղի է ունենում աշխատանքի բաժանում՝ սովորողների մի մասն ընտրում է հաղորդավարի՝ հանդիպումը վարելու դերը, մյուս մասը՝ հարցեր ուղղելու, երրորդ խումբն էլ՝ հանդիպումը լուսաբանելու գործընթացը` ձայնագրում, տեսանկարահանում…
Որպես ամփոփում՝ հանդիպման արդյունքները՝ ռադիո, TV, օրվա ֆոտոքրոնիկոն, ֆեյսբուքյան ուղիղ միացումներ և այլն , հրապարակվում է բլոգում, ենթակայքում, գլխավոր կայքում: Սովորողներն էլ հաճախ ասուլիս-հանդիպումների մասին իրենց տպավորություններով կիսվում են բլոգներում:
Հյուսիսափայլի առաջին ռադիոթողարկումները
Մեր առաջին թողարկումների հյուրը կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանն էր: Ահա առաջին շրջանի թողարկումները՝ տիար Բլեյանի հետ…Աբովյան, Չարենց ընթերցումներով, քայլքով ՝«Իմ մանկության Զանգուն» նախագծով…
- Հյուսիսի նոր՝ Հյուսիսափայլ ռադիոն. Աբովյանն իմ հերոսն է…Ներկայացնում է Աշոտ Բլեյանը:
- «Դեպի լյառն Մասիս». կարդում է Աշոտ Բլեյանը:
- Զանգուն իմ նազելի բնակարանն է. «Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրն է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
- «Իմ մանկության Զանգուն». քայլարշավ տիար Բլեյանի հետ
«Հյուսիսափայլն» իր գործունեության ընթացքում իրականացրել է ոչ միայն կրթահամալիրյան նախագծեր-լուսաբանումներ, այլև նախաձեռնել է բազում հանդիպումներ լրագրողների, քաղաքական գործիչների, գրողների, գրականագետների, պատմաբանների, ազգագրագետների, տարբեր հանրային գործիչների հետ: Ներկայացնում եմ դրանցից նշանավորները ՝
- Հանդիպում անանյանագետ, հրապարակախոս Լյուդվիգ Կարապետյանի հետ
- Վրաստանի մշակույթի նախարարը Հյուսիսում
- Անի Հովակը մեզ հյուր
- Հանդիպում պատմաբան, ճարտարապետ Սերգո Տոնոյանի հետ
- «Ուսումնական պատարագ» նախագծով հանդիպում հրավիրյալ մասնագետ Սարինե Ավթանդիլյանի հետ
- Ազատություն ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սիրանույշ Գևորգյանը մեզ հյուր
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրթահամալիրում
- Հանդիպում խաղողագործ Դերենիկ Սաֆարյանի հետ
- Հարցազրույց-հանդիպում Նազենի Հովհաննիսյանի հետ
- Հանդիպում գրականագետ, ԵՊՀ դոցենտ Հայկ Համբարձումյանի հետ
- Հանդիպում հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ
- Հանդիպում հայ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամրիխանյանի հետ
- Հանդիպում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ
- Տիգրան Պասկևիչյանը կրթահամալիրում
«Հյուսիսափայլի» նախագծային ուսումնական հանդիպումներն ամենատարբեր մասնագետների հետ եղել են բազմաբովանդակ, հետաքրքիր ու մարդաշատ: Հանդիպումների վայրը սովորաբար Հուսիսային դպրոցի հյուրընկալ «Հարթակ Գեղարվեստում» ակումբն է, որը 2020-ի սեպտեմբերին սկսված ահարկու պատերազմի օրերին իր գիրկն առավ մեծ խումբ արցախցիների… Ապրեցրեց հույսով, հավատով գալիքի նկատմամբ, հոգատարությամբ, ապա ճանապարհեց «տնբացեքի» սպասումով:
«Հյուսիսափայլի» հանդիպումների մյուս վայրերն են Հյուսիսի Artասահմանը, Իրադարձությունների կենտրոնը, «Դեպի լյառը Մասիս» տանիքը, մյուս տանիքները…
«Հյուսիսափայլի» նախաձեռնած հանդիպումների շարքից ուզում եմ առանձնացնել կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ իրականացրած մեր հրավեր- հանդիպումները: Դրանք եղել են ամենատարբեր բովանդակության՝
- «Գետը Համայնքում» նախագծով
- Հոբելյանական` 1000-րդ, 1500-րդ գրերի շուրջ հավաք-հանդիպումներ
- «Կարդում ենք», կրթահամալիրի 30-ամյակին նվիրված նախագծերով հանդիպում
- Քայլք-հանդիպումներ
- Ամանորյա հանդիպում-զրույց
- Սեբաստացի կրթական բաց համայնք. «Հանրաքվե» համընդհանուր հարցում
- «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնությամբ հանդիպում:
…Ու էլի շատ հանդիպումներ, որոնք հրապարակված են բլոգում:
Հյուսիսափայլը՝ TV
2020-ի սեպտեմբերից «Հուսիսափայլը» հանդես է գալիս նաև TV նախագծով: Ցավոք կամ բարեբախտաբար համընկավ մեր TV-ի մուտքն ու պատերազմը. TV թողարկումներում շատ է անդրադարձը պատերազմի օրերին, Արցախ-Հայաստան նոր համակեցությանը, արցախցիներին՝ իրենց ճակատագրերով, պատմություններով, ովքեր Գեղարվեստի կացարանում(«Հարթակ Գեղարվեստում» ակումբ ) ապրեցին մինչև 2021 թվականի փետրվարի կեսերը:
«Հյուսիափայլ TV»-ն որդեգրել է հաղորդավարի ընտրության՝ «ամեն անգամ նոր սովորողներ» սկզբունքը, որը շատ է ոգևորում Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանցիներին. ամեն անգամ մի նոր խումբ պատրաստակամություն է հայտնում դառնալ տվյալ շաբաթվա հաղորդավարները, լրագրողական հետաքննություն անցկացնել՝ ծանոթանալով ներկայացվող նյութերին, հաղորդման հերոսներին, նրանց ճակատագրերին: Շաբաթվա լրագրող-մեկնաբան սովորողները ռեպորտաժի նկարանահանումների ընթացքում սթենդափերի, ակնարկների միջոցով ձևավորում են խոսքի մշակույթ, ձեռք բերում լրագրողական մի շարք կարողություններ, հմտություններ:
Սեպտեմբերի վերջին շաբաթվանից առ այսօր եթեր է հեռարձակվել թվով 16 թողարկում, որոնցից յուրաքանչյուրում շաբաթվա տարբեր իրադարձություններ-պատմություններ են՝ իրենց ստեղծման-արարման ողջ ընթացքով, հաղորդավարների հետ աշխատանքով, կիքսերով, ստացված-չստացված կադրերով, ամենակարևորը՝ ստեղծված սիրով…
«Հյուսիսափայլ» խմբագրությունը շարունակում է իր չընդհատվող-շուրջտարյա ռադիո-TV նախագծային գործունեությունը:
Քրիստինե Շահբազյան
- Բացվել է 916 անգամ