Մուտք հնարավորությունների աշխարհ
Primary tabs
Կրթահամալիրի մասին լսել էի իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսից, ով դասավանդում էր Գեղարվեստի ակադեմիայում: Նրա հետ ծանոթացա ակադեմիայում և հենց նրանից էլ ստացա առաջարկություն՝ միասին աշխատել կրթահամալիրում։ Դեկտեմբերի 25-ին ես մուտք գործեցի անսովոր աշխարհ, որը կոչվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Թվաց՝ հեքիաթում եմ, այո՛, ինձ համար հեքիաթային աշխարհ է կրթահամալիրը։
Դպրոցը տարբերվում էր բոլոր իմ եղած, իմ սովորած, ինձ ծանոթ դպրոցներից թե՛ իր ֆիզիկական միջավայրով, թե՛ իր մանկավարժությամբ, թե՛ իր ստեղծած բովանդակությամբ։
Ցանկացա նորից փոքր դառնալ և դպրոց գնալ ու լինել սեբաստացի սան:
Սկզբում աշխատեցի ճամբարականների՝ կրտսեր դպրոցի հետ: Հետո, երբ սկսվեց ուսումնական 3-րդ շրջանը և ձևավորվեցին քանդակագործության ընտրությամբ գործունեության խմբերը, եղա նաև ավագ դպրոցի սովորողների ուսուցիչը: Վախ կար, որ չեմ կարողանա աշխատել ավագ դպրոցի հետ, քանի որ առաջին փորձս էր, մինչ այդ աշխատել էի հիմնականում կրտսեր տարիքի հետ: Սակայն, ի ուրախություն ինձ, հաղթահարեցի և կայացավ համատեղ գործունեությունը:
Հաջորդ առաջարկը, որ ստացա՝ վարել Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բլոգը, ինձ համար մեծ պատիվ էր ու պատասխանատու աշխատանք: Փորձաշրջանի փուլում ինձ շատ էին օգնում Հյուսիսային դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը և տեխնոլոգներ Տաթև Աթոյանը և Արև Բալջյանը:
Անցա նաև քառօրյա վերապատրաստում՝ բլոգավարության դասընթացներ՝ կրթահամալիրն ավելի լավ ճանաչելու համար։ Այս ամենի շնորհիվ նոր հմտություններ ձեռք բերեցի՝ մեդիահմտություններ…. Ալիսը` բլոգավար: Պատասխանատու և սիրելի աշխատանք, որը մինչ օրս շարունակում եմ։
Նախագծերը շատ էին, բազմազան և հետաքրքիր: Երբ սկսվեց «Ձոն» նախագիծը, քանդակի դպրոց այցելեցին 2 տարեկան և ավելի մեծ երեխաներ՝ իրենց մայրիկների հետ՝ Կավը «հյուրընկալում է»: Սա էլ մի հետաքրքիր հանդիպում էր ընտանեկան դպրոցների հետ, փորձի կուտակման հնարավորություն, որը պիտի օգտակար լիներ հաջորդ ուսումնական տարում, երբ աշխարհում պիտի հյուրընկալվեր նոր տեսակի համավարակը՝ Քովիդ 19-ը։ Դրան կանդրադառնամ ավելի ուշ։
Կրթահամալիրում աշխատելը ինձ փոխանցեց նոր հայացք: Ես հիացած էի մանկավարժական ծրագրով, բովանդակությամբ և աշխատակազմով։ Այնպիսի մի միջավայր, որտեղ բոլորը ժպտում են, օգնում իրար՝ առանց հետին մտքի: Նրանց շնորհիվ ես կարողացա ինձ նորովի գտնել: Նոր որակներ, կարողություններ, հմտություններ, հայացք, կարող եմ անվերջ թվել:
Նոր հնարավորություն ունեցա, երբ իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավագլիի այցելությամբ սկսվեցին կրթահամալիրում իմ ճամփորդությունները:
Առաջին անգամ ես եղա Արատեսում, ըհն՝ երկրորդ հեքիաթային վայրը, որտեղ ցանկացած մարդ կդառնա արվեստագետ՝ նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ և այլն: Ռավագլիի հետ հանդիպումը նախանշում էր քանդակագործության սիմպոզիումի հիմքերը, ուղղությունները, իսկ հարթակներից մեկը պետք է լիներ Արատեսի դպրական կենտրոնը՝ վանական համալիրով և դպրական ավանով։
Մի օր ստացա հետաքրքիր ճամփորդության հրավեր՝ դեպի Արցախ։ Առաջին անգամ էի ճամփորդելու սովորողների այս խմբի հետ, առաջին անգամ էի հյուրընկալվելու Արցախում։ Արցախ գնալու հիմնական նպատակն էր Տող գյուղի արվեստի դպրոցում հանդիպել նկարչություն և քանդակագործություն դասավանդող Առնոլդ Մելիքսեթյանին։ Նրան ներկայացրեցի Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի ծրագիրը և հրավիրեցի մասնակցելու փառատոնին։ Նա մեծ ոգևորությամբ ընդունեց հրավերը և փառատոնին երկու հրաշալի աշխատանք ստեղծեց:
Ես միշտ երազել եմ բարձունքներ հաղթահարելու մասին: Ամեն անգամ Երևանից դեպի Բյուրական գնալու ճանապարհին նայել եմ Արա լեռանը, Արագածին և մյուս լեռներին ու երազել դրանց գագաթին հասնելու մասին:
Երազանքս կատարվեց կրթահամալիրում, երբ Մադինա ճամփորդության երկօրյա ճամբարում մենք բարձրացանք Արմաղան լեռը: Առաջին բարձունքս հաղթահարված էր, կարծես մի երկնային վայրում լինեի: Իսկապես հիանալի է այն զգացողությունը, երբ 2 ժամից ավել բարձրանում ես, երբ չի երևում լեռան գագաթը, ու քեզ թվում է, որ ուժերդ քեզ լքում են: Դեռ չի երևում գագաթը, նայում ես հետ ու մտածում, որ դեռ նույն ճանապարհով պիտի հետ գնաս… Հանկարծ երևում է գագաթը, և դու մոռանում ես, որ 2 ժամից ավել բարձրացել ես: Հայտնվում ես գեղատեսիլ բնանկարում, որ միայն լուսանկարներով կարող էիր տեսնել:
Հաղթահարած երկրորդ բարձունքս Արագածն էր: Սեպտեմբերի 1. Գիտելիքի օր. Բնությանն անմիջական մոտեցումը մեզ ավելի շատ գիտելիք է տալիս մեր հայրենի բնաշխարհի մասին: Բնությունը ամենամեծ ուսուցիչն է : Ամեն մի մետրը բարձրանալիս մեր դեմ էին հառնում լեռնային բնության հրաշալիքները: 4 ժամ և ավելի տևած արշավից ինձ համար բացահայտեցի հայրենի բնաշխարհիս գաղտնիքները: Հիանում էի բնության կերտած քանդակներով, երբ ամեն մի քարին նայելիս հետաքրքիր կերպարի էի նմանեցնում: Քանդակը ինձ հետ ամենուր էր՝ ամպերի, քարերի մեջ: Տեղ-տեղ էլ ամպերի և քարերի միաձուլումից կարծես դյուցազնական կերպարները ուղեկցում էին մեզ:
Կարևոր լրացում դարձավ քանդակի մանկավարժական ակումբը, ես սկսեցի աշխատել մանկավարժների հետ: Ասեմ՝ մի ծննդոց էր։ Այդտեղից ես ծնվեցի նորովի, և եղան ուսուցիչներ, որոնք հետո քանդակը պիտի ընտրեին կրթահամալիրի Քոլեջում որպես մասնագիտություն, պիտի մասնակցեին սիմպոզիումներին, ցուցադրեին իրենց աշխատանքները։
Փառատոնին ընդառաջ աշխատանքները շարունակվում էին քանդակի դպրոցում՝ նոր արվեստանոցի ստեղծմամբ:
Սովորողների, մանկավարժների օգնությամբ, կոնկրետ աջակցությամբ պատրաստվում էինք քանդակի արվեստանոցի նորամուտին: Սպասված օրը՝ 2019թ-ի ապրիլի 18:
Քանդակի դպրոցում հաջորդ փուլն էր՝ փառատոնային նախագծեր, պատրաստություններ: Ես գործեցի ակտիվ, աջակցում էի համակարգողներին, մասնակիցներ ներգրավում, անձնային կապերս օգտագործում, նախագծեր մշակում։
Եվ ահա՝ փառատոն՝ քանդակագործության սիմպոզիում. հետաքրքիր օրեր, ճամփորդություններ, նոր մարդիկ՝ այդ թվում՝ օտարերկրյա արվեստագետներ:
Ուսանող քանդակագործի համար հետաքրքիր է լսել արդեն հայտնի, այլ ազգի և կայացած քանդակագործների կարծիքը քո աշխատանքների վերաբերյալ, իսկ երբ հավանում են աշխատանքներդ, դա արդեն ուրիշ զգացողություն է։ Փառատոնը անցավ հետաքրքիր, լեցուն արկածներով՝ փոխանցելով էմոցիաներին նաև մի մեծ փորձառություն:
Հոկտեմբերին իմ ճամփորդությունները շարունակելով, երկրորդ անգամ գնացինք Արցախ՝ քառօրյա ճամփորդության: Մեր Արցախ այցելության նպատակներից էր մասնակցել Արցախ Ֆեստին։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը փլուզման եզրին է կանգնած, անտեսված է։ Արցախ Ֆեստի շրջանակներում սովորողների հետ միասին թատրոնի տարածքում կատարեցինք կամավորական աշխատանքներ՝ մաքրեցինք տարածքը։ Օգնեցինք պատրաստվել հաջորդ օրվա ցուցադրությանը։ Այնտեղ մեր ղեկավարն էր Իննա Բաղդասարյանը, ով նույնպես կամավոր էր և պայքարում էր թատրոնի վերականգման համար։
Սովորողների խմբի հետ կատարեցինք խմբակային աշխատանքներ պլաստիլինով։ Թեման էր՝ «Նախշուն բաջի», սովորողները այդ թեմային տվեցին հետաքրքիր մոտեցում՝«բաջիին» ներկայացրին՝ կիսելով կերպարը մի կողմում ժամանակակից, մյուս կողմում՝ տարազային տեսքով։
Հեքիաթը դեռ շարունակվում էր, կրթահամալիրի 30-ամյակին՝ կրթահամալիրի տոնով, Սեբաստացի մոլով, աշխատանքների ցուցադրմամբ, աճուրդով մասնակից էին արդեն սովորողներն իրենց աշխատանքներով։ Դա երևի կասեմ, որ առաջին պսակն էր իմ գործունեության։ Ինչպես նաև հուզիչ էր, երբ Արտասահման այցելող հյուրերին փոխանցում էինք մեր ստեղծած աշխատանքների նմուշները։ Ստեղծեցինք մեր ֆոնդը։
Սիրելի գործունեություններից է նաև միջավայրի առաջացմանը, ստեղծմանը, ձևավորմանը մասնակցել սովորողների հետ, լսել նրանց առաջարկները, վերածել էսքիզի, ապա անցնել գործողության՝ նոր լուծումներով:
Անցնելով ուսումնական տարվա 3-րդ շրջանին, երբ սկսում էր Ձոն տեխնոլոգիական ստուգատեսը և զատկական տոների նախագծային շրջանը, մենք անցանք հեռավար ուսուցման:
Սկզբում անհավատալի էր թվում քանդակագործության կազմակերպումը հեռավար հարթակում, դրա համար առաջին շաբաթը սկսեցինք «Ճանաչել նկարիչներին» նախագծով:
Հետո սկսվեցին տեսադասերը, դժվար և անիրական էր թվում այդ ամենը, բայց մենք ուղղակի սիրով, համբերատարությամբ հաղթահարեցինք: Իհարկե, դժվար էր, քանի որ այն տեսական չէ, որ բանավոր փոխանցվի սովորողին: Դու սովորողին փոխանցում ես տեխնիկա իր ձեռքերում՝ քո ձեռքերով: Իսկ հեռավար ուսուցման ժամանակ չկա այդ հնարավորությունը, և սովորողի հույսը լինում է միայն ինքը և իր ձեռքերը: Բայց տեսեք՝ ինչ կատարվեց, մեծ, շատ կարևոր մի բան՝ սովորողը դարձավ կամային, հավատաց ու հաջողեց։ Սա հաղթանակ է․․․ Ինձ համար շատ կարևոր մի փուլ էր, ես ճանաչեցի իմ սովորողներին, տեսա նրանց ուժեղ ներսը՝ ես-ը։ Մենք միասին կարողացանք։ Սովորողները դպրոցում ուրիշ են, տանը՝ ուրիշ, ընտանեկան դպրոցը ճանաչողության մի նոր փուլ էր՝ սիրուն բացահայտումներով։ Մենք աշխատեցինք տարբեր նյութերով՝ բանջարեղենից սկսած, մինչև քանդակի նյութեր։ Եղան այցելություններ դպրոց, սովորողները մոտեցան արվեստանոց՝ նյութեր վերցնելու․․․Ոգևորությունն ու հավեսը մեծ էին ու կարևոր, քան վարակի ահը։ Թեման «Սասնա Ծռեր» էպոսն էր, աշխատում էին, կերտում կերպարներ, զուգորդում մայրենիից ընթերցումներով։ Պիտի փաստեմ, որ ընտանեկան դպրոցը, ծնողները բարձր ու սիրելի էին գնահատում քանդակի ընտրությամբ գործունեությունը, առցանց հարթակում պարապմունքները, քանի որ ակամայից հայտնվել էին արվեստանոցային միջավայրում, ու փաստորեն իրենց տանիքի տակ ստեղծվել էր մի փոքրիկ արվեստային միջավայր, արվեստանոց, որն ամեն օր տարբեր ժամերի արվեստ էր արտադրում։
Այդ շրջանում նաև հետաքրքիր էր համագործակցային աշխատանքը Բլեյան բաց ցանցի շրջանակում, երբ ունեցանք միացումներ և համատեղ աշխատանք այլ դպրոցների հետ։ Զուգահեռ նաև աշխատում էի Քոլեջի մեր ուսանողուհի, Հյուսիսային դպրոցի, Գեղարվեստի ղեկավարի հետ դիպլոմային աշխատանքների վրա։ Քնարիկ Ներսիսյանի հետ աշխատելիս ես նորովի ծանոթացա խեցեգործության գաղտնիքներին: Ես անտարբեր չեմ կարող անցնել նրա աշխատանքների կողքով և իմ բլոգում եմ տեղադրում այդ աշխատանքները: Կարծես մի նոր մասնագիտական տեխնիկա բացահայտեցի՝ քանդակագործությունը օգտագործելով խեցեգործության մեջ: Ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ ունեցել եմ Քնարիկ Ներսիսյանի նման ուսանողուհի: Շնորհակալ եմ նրան, որ ինձ ընտրեց:
Պիտի ասեմ, որ բացահայտումները կրթահամալիրում շարունակվում են ամեն օր․․․Այստեղ անհնար է կանգնել, շարունակ սովորում ես ու դառնում փոխանցող։ Հիմա էլ աշխատում ենք ամառային դպրոցում, ու թեման մեր էպոսն է։ Համավարակից հետո կունենանք ֆիզիկական միջավայրում մեր ընտանեկան դպրոցների քանդակի արվետանոցների ցուցադրություն։ Մինչ այդ մեզ կհանդիպեք առցանց հարթակում՝ համապատասխան ցուցադրություններով։
Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, սիրում եմ նրան՝ արդեն նաև մանկավարժության մեջ։ Շնորհակալ եմ կրթահամալիրին՝ ինձ՝ այս հոգևոր աշխատանքին հաղորդակից դարձնելու համար, քանզի ես սովորեցնում եմ կերտել գեղեցիկը յուրովի:
- Բացվել է 747 անգամ