Գուցե ընտանիքներում ձևակերպվի սովորողի կրթության իրական, անհատական պատվերը․․․
Primary tabs
«Կանգ առ վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ինձ շղթայի՛ր, նետի՛ր գետին ,
Ես մահապարտ գերին եմ քո…»
Էսպես գրեց 19-րդ դարի սկզբներին մեծ գերմանացին՝ Գյոթեն, իր ,,Ֆաուստում,,, որի հերոսը ցանկանում էր կանգնեցնել սպասված, սիրելի ակնթարթը։ Իսկ մենք 21-րդ դարում կորցրեցինք այդ ակնթարթը կանգնեցնելու պահանջը։ Մեր ժամանակը քառատրոփ արշավում է․ բոլորս վազքի մեջ ենք, բոլորս ուշանում ենք, բոլորս շտապում ենք․․․ Անընդհատ ժամանակի հևքն ենք զգում մեր թիկունքում։ Տնտեսական մրցավազք, ռազմական մրցավազք, սովորական առօրեական մրցավազք․․․ Ժամանակ չունենք սովորական հարաբերությունների, մարդկային հարաբերությունների համար․․․ ,,Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում վեր․․․,,։ Մենք բոլորս, որ ժամանակ չունենք ասելու՝ կանգ առ վայրկյան, չքնաղ ես դու․․․
Տիեզերական Մեծ Սիրո պտուտակներով ստեղծված կառույցը ինչքա՜ն պիտի հանդուրժեր այս անսեր շարժումը, երկրագնդի այս մեխանիկական պտույտը։ Երրորդ համաշխարհային պատերազմը վաղո՜ւց սկսված է։ Եվ այն հոգևոր աշխարհի կորստին է սպառնում։ Ավելի սարսափելի, ավելի վտանգավոր, քան ֆիզիկական պատերազմներն են։ Բայց, ինչպես ամեն մի փրկություն, օգնությունը գալիս է վերից․․․
Բարով ես եկել, կորոնավիրուս․․․Հայտնվեց, բոլորին նստեցրեց իրենց տեղերում, այնուհետև՝ իրենց տներում։ ,,Կանգ առեք,-ասաց,- էս ո՞ւր էսպես,,․․․ Կաթվածահար եղան հզորագույն պետություններ, արտաքին հարաբերություններ, տնտեսություն, կրթություն․․․ Կորոնավիրուսը ցույց տվեց շատ ոլորտների կիսատ-պռատությունը, արհեստականությունը, նրանց թղթե տնակի կարգավիճակը, և ընդհանրապես՝ շատ արժեքների իրական անարժեքությունը։
Բայց հիմա խոսքս կրթության մասին է։ Կանգ առավ կրթության մեխանիկական ինքնագլորը․․․Ասում են՝ սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գալիս սարի մոտ․․․ Տեսեք, թե մեդիակրթությունն ինչպես պարտադրեց ինքն իրեն։ Այն ուսուցիչները, ովքեր իրենց գլխավոր թշնամին թվային տեխնիկան էին համարում՝ հեռախոս, պլանշետ, համացանց, ստիպված են հիմա դրանք որպես ուսուցման գործիքներ դիտել։ Չեն յուրացնում։ Ստիպված կլինեն յուրացնել։ Չեն սիրում, կսիրեն։ Չեն ուզում հաշվի նստել 21-րդ դարի քաղաքացու հետ, նրանց կստիպեն հաշվի նստել։ Գուցեև կլինե՞ն ուսուցիչներ, ուսուցիչների խմբեր, որ կտեսնեն մեդիակրթության առավելությունները, թվային գործիքների մեջ կդադարեն թշնամի տեսնելուց, օգուտով դուրս կգան այս պարտադրված վիճակից։ Հուսանք։ Բայց, ցավոք, թվային միջոցը ընդամենը գործիք է։ Եվ ստեղծված ոչ քիչ քանակությամբ տեսադասերը նորից մտորելու տեղիք տվեցին։ Նորից կենտրոնում ուսուցիչն է, նորից դասախոսություններ, նորից գործնականությունից, կյանքից հեռու բառ ու բան։ Մի լավ բան կա այս հեռավար ուսուցման մեջ։ Սովորողը ուսուցչի աչք ու ականջից հեռու է։ Չես ուզում, չես միացնի տեսախցիկդ, կանջատես ձայնը, ի վերջո՝ չես միանա տեսադասին․ համացանց է ու թույլ է, չի միանում․․․Վերջացավ պարտադրանքի դպրոցը։ Վերջացավ և լավ է, որ, թեկուզ և ժամանակավորապես, բայց վերջացավ․․․
Հիմա դառնանք ընտանիքին։ Իրավիճակ, երբ բոլորը տանն են։ Այ, ընտանիքից չես փախչի, սովորող։ Եվ լավ է, որ չես փախչի։ Էստեղ մի կարևոր բան կա, որ միշտ չէ, որ դպրոցում դու ունես։ Էստեղ քեզ բոլորը սիրում են։ Եվ դա էնքա՜ն լավ է։ Էստեղ լավ գիտեն քո նախասիրությունները, քո ուժեղ և թույլ կողմերը։ Ընտանեկան կրթությունը նոր բան չէ։ Մենք բոլորս էսպես, թե էնպես նաև մեր ընտանեկան կրթության արդյունք ենք։ Քո կարևոր որակները ձեռք ես բերում տանը՝ աշխատասիրություն, պարտաճանաչություն, ազնվություն ու էլի շատ ու շատ այլ բաներ․․․ Դու միշտ ընտանեկան կրթության մեջ ես։ Ովքեր այգի ունեն և այդ այգում աշխատող պապ, հայր, կկարողանան ծառ էտել, պատվաստ անել, ծառ ու ծաղկի հետ աշխատելու շատ հմտություններ կունենան․․․ Խոհանոցում մայրիկի, տատիկի կողքին կանգնած աղջիկը ուզի, թե չուզի կյուրացնի խահարարական շատ հմտություններ․․․ Ինչքան ասես, կշարունակես այս շարքը․․․Այն, ինչ քեզ պետք է կյանքում, քո կենցաղում, առօրյայում, դու սովորում ես քո մեծերից՝ տատիկ, պապիկ, հայր, մայր, ավագ քույր, եղբայր․․․ Այ, սա է , որ չի անում այսօրվա կրթությունը։Կյանքում գործածվող, մարդուն իր կենցաղում անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ չի փոխանցում դպրոցը։ Քիմիան, ֆիզիկան, բուսաբանությունը, նաև մյուս առարկաները նմանատիպ հմտություններ չեն փոխանցում սովորողին։ Այսօրչեն փոխանցում, չ երևում, որ վաղը փոխանցելու են։ Ավա՜ղ, մեր կրթությունն այլ տրամաբանությամբ է շարժվում։
Մնում է, որ հիմա, այս արտակարգ, ինքնամեկուսացման պայմաններում ֆորմալ կրթությունը չխանգարի ոչ ֆորմալ կրթությանը՝ ընտանեկան կրթությանը, ինքնակրթությանը։ Հատկապես, որ հիմա ծնողները դրա ժամանակն էլ ունեն։ Ինչո՞ւ ծնողը չկազմակերպի, չուղղորդի իր երեխայի ինքնակրթությունը։ Ինչո՞ւ միասնական, ընտանեկան նախագծեր չանեն Չէ՞ որ միշտ չէ, որ միասին լինելու հնարավորությունը ունենում են։ Ինչո՞ւ ընտանիքը չվայելի իրար հետ լինելու, իրար հետ գործնականում շփվելու հաճույքը։Գուցե նաև այս ընթացքում ընտանիքը նաև բովանդակությո՞ւն ձևակերպի, իրականում ի հա՞յտ գա սովորողի կրթական պատվերը։
Ծնողները ունեն տարբեր մասնագիտություններ, նախասիրություններ։ Ինչո՞ւ մասնագետ ծնողի հետաքրքիր, մասնագիտական զրույցը չտեսագրվի ու չդառնա ուսումնական նյութ նաև իր երեխայի ընկերների համար։ Ուսուցիչն էլ դառնա այդ տարածման գործի կազմակերպիչը։ Ինչպե՞ս պետք է 7-րդ դասարանցի Սահակյան Մինասի մայրիկի սերը Եղ․ Չարենցի ,, Երկիր Նաիրի,, վեպի նկատմամբ չտպավորվի Մինասի մեջ։
Եղ․ Չարենցի ,,Երկիր Նաիրի,, վեպից հատված է կարդում Մինասի մայրիկը։
Եթե նույնիսկ այսօր Մինասը չի կարդա, բայց հետագայում հնչելո՞ւ է, չէ՞, Մինասի ականջներում մոր հուզված ձայնը։ Կտանի՞ այդ ձայնը Մինասին դեպի Չարենց։ Գուցեև, ի՞նչ կիմանաս։ Սա ընթերցանության ձայնագրությունն է։ Այ, եթե ունենայինք Մինասի մայրիկի զրույցը իր Չարենցի մասին․․․ Գրականության լավ ուսուցիչն էլ է էդպես փորձում իր սովորողին մոտեցնել Չարենցին՝ իր սիրահարվածությամբ, Չարենցի նկատմամբ իր ոգևորությոմբ։ Իսկ մնացած ճանապարհը սովորողը ինքն է անցնում՝ յուրաքանչյուրը իր ոտքերի ամրության և հեռուն գնալու իր ցանկության չափով։ Իրական կրթությունը ինքնակրթության մղելու ազդակն է։ Մնացածը, իմ կարծիքով, ժամանակավոր խաբկանք է, ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում։
Ախր, այս կրթություն ասվածը շա՜տ անհատական բան է։ 8-րդ դասարանցի Մանեն սիրում է կարդալ, բայց կարդում է ռուսերեն և կարդում է իր ընտրած գրականությունը, ոչ իմ հանձնարարածը։։ Ես էլ հայոց լեզու, գրականության ուսուցիչ եմ։ Հիմա ի՞նչ, ասեմ՝ ինչո՞ւ ես ռուսերեն կարդում։ Մանեն իր ընտրությամբ ռուսերեն կարդաց Կաֆկայի ,,Կերպարանափոխությունը,, և միասին հայերեն քննարկեցինք գործը։ Լավ էլ խոսեց-քննարկեց, ըմբռնել էր արտահայտված գաղափարը։ Բայց լա՞վ է, չէ՞։ Ի՞նչ, ասեի՝ ինչո՞ւ իմ հանձնարարածը չես կարդացել, դա ես կարդացե՞լ։ Շա՞տ կարևոր էր հայերեն և անպայման իմ հանձնարարածը կարդալը։ Ինչո՞ւ։ Ի վերջո գրականություն է։ Ինքն էլ ընտրել, կարդացել և հասկացել է։ Դա չէ՞ ,,Գրականություն,, առարկայի խնդիրը։
Մանեն չի սիրում կատարել գրավոր առաջադրանքներլ, բայց սիրով գրավոր պատմում է ու ներկայացնում է իր վիրտուալ թանգարանը։ Ասեմ, որ Մանեն չի՞ աշխատում։ Եվ, ի վերջո, Մանեն աղջիկ է, ով սիրում է նկարել․․․ Եվ այս տնային կալանքը տեսեք ինչպես է գույներով ու տրամադրությամբ ցրել։
Տնից թանգարան վիրտուալ ճամփորդություն — Մանե Աբգարյան
Այ, էսպիսի ինքնակրթության նախագիծ։
Իսկ ո՞րն է իմ՝ուսուցչիս, գործը։ Փորձել օգնել ընտանիքին, սովորողին, նաև առաջարկել նախագծեր։ Տարածել ընտանեկան հաջողված նախագծերը։ Սովորողների համար տեսանելի դարձնել ընկերների ընտանիքներում արվածը։ Տեսեք՝ ինչքան տարբեր կլինեն ուսումնական նյութերը։ Ինչքա՜ն ծնող կմասնակցի կրթական գործին։ Ես էլ կդառնամ այդ գործի կազմակերպիչը։ Կփորձեմ ոգևորել, կապը չկորցնել սովորողի հետ, ապահովել կապը միմյանց ընտանիքների հետ, իրականացվող նախագծերը տեսանելի դարձնել միմյանց համար, ուրախանալ հաջողություններով։
Նաև ընթերցելու, ինձ հետ, նաև ընտանիքով ընթերցածը քննարկելու լավ շրջան է։
Չմոռանանք, որ ցանկացած հոգևոր կապ, եթե կա մեր և մեր սովորողի միջև, աշխատելու է հենց կրթության օգտին։ Եթե մենք սովորողի ավագ ընկերն ենք, ով հարգում է սովորողի անհատականությունը, նրա նախասիրությունները, պարտադրանքի պահանջ չենք ունենա։ Եվ հաստատ մեզ հարկադրված այս տնային կալանքից էլ ավելի ուժեղ դուրս կգանք։
- Բացվել է 358 անգամ