Երևան-Փարիզ կրթական համագործակցություն։ Հաշվետվություն

,,Մկնիկ,, աշխատանոցի հրավերի մասին

2019թ․ դեկտեմբերի վերջին ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրը Փարիզի ,,Մկնիկ,, աշխատանոցից կրթական համագործակցության հերթական հրավերը ստացավ։ Այս անգամ հրավիրում էին մայրենիի ուսուցչի և 12-14 տարեկան սեբաստացիների 5-6 հոգիանոց խմբի։ Ինձ առաջարկվեց իմ սովորողների խմբի հետ իրականացնել այս կրթական համագործակցության նախագիծը։  Արագ կազմվեց խումբը, և սկսվեցին նախապատրաստական աշխատանքները։
Ասեմ, որ այս կրթական-համագործակցության նախագիծը ինձ՝ որպես մանկավարժի, շատ էր հետաքրքում։ ,,Մկնիկ,, աշխատանոցի մասին իհարկե լսել էի, Ժիրայր Չոլաքյանի հետ վաղուց էի ծանոթ, բայց մի բան է  աշխատանոցի մասին լսելը, մի այլ բան՝ լինել այնտեղ, մասնակցել  նրա բուն աշխատանքներին։ 

Ինձ հետաքրքում էր նաև տեղի հայ համայնքը, որը այդքան երկար տարիներ, ապրելով այլ հողի վրա, լինելով այլ երկրի քաղաքացի, կարևորում է իր արմատները և ջանքեր է գործադրում իր եկող սերնդին հայկական մշակույթը, ոգին փոխանցելը։ Հասկանալի էր, որ դա չէր կարող առանց շահագրգիռ մարդկանց խմբի հետևողական, համերաշխ աշխատանքի տրվել։

Նախապատրաստական աշխատանքների մասին

Սեբաստացի սովորողների հետ մի շարք քննարկումներիցից հետո ամբողջացավ նախագիծը։   Նախ՝ ի՞նչ լեզվական-գեղարվեստական նյութ ենք տանում մեզ հետ Փարիզ։ Գիտեինք, որ աշխատանքը կազմակերպվելու էր երեք տարիքային խմբերի ՝ 6-8, 9-12, 13-15 տարեկանների հետ։ Հետևաբար՝ դրանք իրենց մատչելիությամբ, հետաքրքրությամբ պիտի համապատասխան լինեին տվյալ տարիքային խմբին։
Ներկայացնեմ նաև մտավախությունս․ ի վերջո աշխատելու եմ, ճիշտ է, հայ, բայց ֆրանսիայում ապրող սովորողի հետ, ով ֆրանսիական միջավայրում է ապրում,  Ֆրանսիայում է ծնվել և մեծացել, և վերջապես՝ ֆրանսիայի քաղաքացի է։ Ինչքա՞ն են խոսում մեր հայրենակիցները հայերեն, արևմտահայերե՞ն են խոսում, թե՞ արևելահայերեն, ինչպե՞ս են հասկանում, ի՞նչ հետաքրքրություններ ունեն, ինչո՞վ են տարբերվում հայաստանցի իրենց հասակակիցներից․․․ Ի՞նչ գրականություն, լեզվական գործունեություն  հետաքրքիր կլինի ֆրասահայ սովորողի համար։ Սրանք հարցեր էին, որոնց պատասխանը ես չունեի։ Իհարկե, մեր ֆրանսահայ գործընկերները՝ Արա Շահնազարյանն ու Ժիրայր Չոլաքյանը փորձեցին ինձ հնարավորին չափ օգնել՝ պատասխանելով իմ հարցերին։ Բայց ես հասկանում էի, որ միևնույնն է, շատ բան պարզվելու է տեղում։

Սեբաստացիները  ներկայացնում են նախագիծը։

Սեբաստացիների նախագծային աշխատանքների մասին

Առաջին գործը, որից պետք է սկսեր նախագծային խումբը, այն ուսումնական նյութի ընտրությունն էր, որ մեզ հետ պետք է տանեինք։ Որոշեցինք կրտսեր և միջին խմբերի համար ընտրել Ղազարոս Աղայանի, Խնկո Ապոր առակներն ու բանաստեղծությունները, Ջանի Ռոդարիի, Դոնալդ Բիսեթի պատմվածքները, առած-ասացվածքներ, նաև՝ Ղազարոս Աղայանի հեքիաթները՝ բանավոր պատումի համար։ Ավագ խմբի համար՝ Վիլյամ Սարոյանի ,,Բան ունեմ ասելու,, պիեսը, որպես լեզվաբանական հետաքրքիր աշխատանք՝ ,,Գիտեք, որ․․,, շարքը, քննարկումների համար՝ Օշոյի առակները։
Այստեղ առաջ եկավ նախագծային մյուս ուսումնական աշխատանքի անհրաժեշտությունը։ Ուսումնական նյութերը մեր ֆրանսահայ ընկերների համար պետք է դասական ուղղագրությամբ լինեին։ Սա արդեն և ես, և սովորողները պետք է անեինք ինքնակրթությամբ, քանի որ մենք գրաբարյան տեքստերը կարդում ենք դասական ուղղագրությամբ, սակայն չենք գրում, առավել ևս առիթ չենք ունեցել արևելահայերենը դարձնել դասական ուղղագրությամբ։ Համացանցից գտանք Ռաֆայել Իշխանյանի դասական ուղղագրության ուղեցույցը,  ուսումնասիրեցինք, և սկսեցինք նյութերը դարձնել դասական ուղղագրությամբ։ Սրանք էլ մեր ուսումնական նյութերն են՝ դասական ուղղագրությամբ։
Նախագծային նախապատրաստական մյուս աշխատանքը փոքրիկ ներկայացումների պատրաստումն էր, որ ցանկանում էինք անել մեր ֆրանսահայ ընկերների հետ։ Մի խոսքով՝ Երևան-Փարիզ կրթական-համագործակցային նախագծի նախապատրաստական աշխատանքերը տևեցին մոտ մեկ ամիս։ Սեբաստացիները պատրաստ էին, նյութը բերանացի գիտեին, ուսումնական նյութը դարձրել էինք դասական ուղղագրությամբ։ Իսկ ինչպես կստացվեր համագորխակցությունը, ժամանակը ցույց կտար։

Սեբաստացիների ճամփորդական արկածները, իմ մի շարք այլ դիտարկումներ այլ պատումներով կներկայացնեմ։ Այս պատումով կխոսեմ մեր այս նախագծի, նրա ընթացքի, զարգացման, հեռանկարի  և դրա հետ կապված այլ բաների մասին։

ֆրանսահայ կողմի ընդունելության, աշխատանքների կազմակերպման մասին

Դեռ Հայաստանում՝ մեկ ամիս անընդհատ ընթացող նամակագրությունից ակնհայտ էր, որ ընդունող կողմը շատ լուրջ է մոտենում այս նախագծին։ Սեբաստացիների տվյալների մանրակրկիտ ստուգումներից, ,,Մկնի,կ, աշխատանոցի կողմից ուղարկվող հրավերից, ֆրասիական դեսպանատան հետ կապված ժամանակացույցի, չվերթների հետ կապված քննարկումներից պարզ երևում էր, թե մեր ֆրանսահայ գործընկերները ինչքան են շահագրգիռ, որ սեբաստացիների խումբը բարեհաջող և ժամանակին տեղ հասնի։ Կազմակերպչական հարցերը կարգավորում էր  Արա Շահնազարյանը։ Կարևորվեց նաև ,,Մկնիկում,, իրականացվելիք ուսումնական աշխատանքի բովանդակային մասը։ Այս հարցով  մեր քննարկումները Ժիրայր Չոլաքյանի հետ էին։ Ես դեռ Հայաստանում ուրախությամբ փաստեցի, որ գործ ունենք մանկավարժությամբ, համագործակցային նախագծերով հետաքրքրված ու պարտաճանաչ գործընկերների հետ, ովքեր այդ կրթական գործը նույնքան են կարևորում, որքան մենք՝ սեբաստացիներս։
Ճանապարհի ամբողջ ընթացքում կապի մեջ ենք եղել Արայի հետ։ Փարիզ հասանք, և մեր ֆրանսահայ գործընկերները արդեն սպասում էին մեզ։ Թե ինչքան ջերմ, ուշադիր և սիրով են ֆրանսահայ ընտանիքները հյուրընկալել մեր սեբաստացիներին, իրենց պատումներում ներկայացնում են մեր սովորողները։ Ինձ հյուրընկալող Չոլաքյանների ընտանիքի մասին ընդամենը ասեմ․ եթե ես ոչ մի այլ բան չանեի Փարիզում, միայն այս ընտանիքի հետ ծանոթանալու համար արժեր հասնել Ֆրասիա։ Շնորհակալ եմ։

,Մկնիկ,, աշխատանոցի ուսումնական պարապմունքների կազմակերպման մասին

Երեք տարիքային խմբերի համար հնգօրյա ուսումնական պարապմունքներ էին նախատեսվում՝ երգ-երաժշտություն, տեխնոլոգիա, մայրենի լեզու, յուրաքանչյուր պարապմունքը՝ մեկ ժամ ու կես: Ինչպես ես էի ծրագիր ներկայացրել, վստահ եմ, որ մյուս պարապմունքներն էլ մանրակրկիտ մշակված էին: Պարապմունքներից առաջ պարեր էին լինում, մոտավորապես մեր ընդհանուր պարապմունքների նման: 12.00-13.30-ը ընդմիջում էր: Հետաքրքիր էր ընդմիջման կազմակերպումը՝ պարզ և արդյունավետ: Բոլորը տանից իրենց հետ իրենց ընդմիջման ուտեստը բերում էին՝ հիգիենիկ փակ տարաներով՝ անունները վրան գրված-ամրացված: Ամեն օր «Մկնիկի» ծնողներից երկուսը հերթապահում էին. անհրաժեշտության դեպքում՝ տաքացնում բերված ուտելիքը, սեղանները դասավորում, հավաքում-մաքրում: Ծնողների մեջ միշտ կային նաև տղամարդ ծնողներ, որոնք նույնքան ջանասիրությամբ հերթապահում էին: Ժամուկեսանոց ընդմիջման ընթացքում սովորողները խաղում էին բակում՝ ֆուտբոլ, բասկետբոլ, զբոսնում էին…Ուսումնական ավարտի վերջում քննարկում էր լինում, մանկավարժական զրույց, որի ընթացքում  օրվա մասին արտահայտվում էին սովորողները, մասնագետները: Սա օգնում էր ոչ միայն օրը ամփոփելուն, այլև հաջորդ օրը պլանավորելուն։

Իմ աշխատանքային դիտարկումների մասին

Հնգօրյա ուսումնական աշխատանքը արդյունավետ եմ համարում․ և՛ կազմակերպիչներն էին լուրջ և պատասխանատու մոտենում գործին, և՛ մասնագետները։ Մեծ տպավորություն թողեցին մկնիկցիների հետ աշխատող մասնագետները՝ Հռիփսիմեն, Նորան, Արմինեն: Ինձ հիացրեց նաև ծնողական համայքնի համերաշխությունը։ Աշխատանքային շաբաթն ավարտվեց խմբերի հաշվետվությամբ, որին մասնակցում էին ծնողները։
Առաջին անգամ էին սեբաստացի սովորողները մասնակցում ,,Մկնիկի,, աշխատանոցի աշխատանքներին։ Մայրենիի միասնական պարապմունքները ավագ խմբում բավականին հետաքրքիր էին անցնում։ Կարողացանք ներկայացնել Վիլյամ Սարոյանի ,,Բան ունեմ ասելու, պիեսը։ Շփումը ֆրանսահայ ու հայաստանցի պատանիների մեջ բնական էր, ջերմ։ Միասնական քննարկումները  բուռն էին, ամենատարբեր մեկնաբանություններով։ Աշխատանոցում ստեղծվել էր բնական հաղորդակցման հայկական միջավայր, որտեղ մարդիկ ազատ արտահայտում էին իրենց երբեմն իրարամերժ կարծիքները: Հաղորդակցությունը շարունակվում էր նաև աշխատանոցից դուրս, որտեղ միասին թափառում էին, ընտանիքներում շփվում էին, մշակութային տարբեր վայրերում էին լինում։ Կարծում եմ՝ այդ օրերի ընկերությունը կարող է նաև շարունակական լինել։
Ինձ համար փաստեցի նաև այն, որ Ղազարոս Աղայանի հեքիաթները բոլոր ժամանակների երեխաների համար են՝ առանց տարածքային խտրականության: Թե ինչպես էին 7-8 տարեկանների լայն բացված աչքերով լսում «Հազարան» բլբուլը, «Եղեգնուհին», «Մանուկ խանը»,  տեսնելու բան էր: Իսկ ես մտածում էի՝ տեսնես կհետաքրքրի՞, տեսնես կլսե՞ն…
«Մկնիկ,» աշխատանոցի աշխատանքները մանկավարժ-վարողից բավականին մասնագիտական և մանկավարժական հմտություններ են պահանջում: Ուսումնական պարապմունքը պետք էր կազմակերպել այնպես, որ ֆրանսահայ սովորողը, ով հոգեբանորեն իր դպրոցական արձակուրդում է գտնվում և առանձնապես հակված չէ ուսումնական ծանրաբեռնվածության, հետաքրքրությամբ մասնակցի, չձանձրանա և չլարվի: Միևնույն ժամանակ, այդ  ուսումնական պարապմունքը պետք է  արդյունավետ լինի: Այս ամենին միանում է նաև այն, որ կարճ ժամանակում մասնագետն ու սովորողները իրար յուրայնացնելու խնդիր են ունենում: Իսկ առանց յուրային լինելու ի՞նչ ուսումնական գործընթաց կարող է լինել՝ հատկապես սովորողների այդ տարիքային զգացմունքայնության շրջանում:
Իմ աշխատանքի մանկավարժական մոտեցումները, առաջացած խնդիրներն ու դրանց լուծումները, դիտարկումները առանձին հոդվածի նյութ են, որոնք դեռ կներկայացնեմ Միայն ասեմ, որ այդ հինգ օրը ինձ համար  մանկավարժորեն հետաքրքիր և արդյունավետ էին։

,,Մկնիկ,, աշխատանոցի մասին

,,Մկնիկ,, աշխատանոցի գոյությունը ֆրանսահայ հանայնքի հետևողական, նպատակային  գործողությունների արդյունք է։  Այս աշխատանոցի սան կարող է դառնալ այն երեխան, ում ընտանիքում գոնե ծնողներից մեկը հայերեն է խոսում երեխայի հետ։ Այսինքն՝ այս աշխատանոցի սանը խոսում, հասկանում է հայերեն։ Սա դասընթաց չէ, որտեղ ընդամենը զերոյից հայերեն են սովորեցնում։ ,,Մկնիկ,, աշխատանոցում գորրծածում, զարգացնում են հայերենի իմացությունը։ Այստեղ շփումը, ոգին հայկական է։ Ֆրասիական իրականության մեջ այսպիսի մոտեցումը կարևոր է։ Հակառակ դեպքում՝ այն կկրեր ձևական բնույթ։ Եթե ընտանիքում հայերեն չի գործածվում, ոչ մի դասընթաց չի կարող երեխային հայախոս դարձնել։
Սա արդեն խոսում է ,,Մկնիկի,, հետևողական և առավել լուրջ նպատակների, հեռանկարի մասին:
Այս աշխատանոցի արդյունքը ավագ խմբի սովորողներն էին՝ 15-16 տարեկանները: Միայն այն փաստը, որ իմ տարած ուսումնական ամբողջական նյութը (այն բավականին ծավալուն էր) հնարավոր եղավ հինգ օրում ուսումնասիրել, քննարկել, պատրաստել ներկայացման, խոսում էր այս խմբի հայերենով հետաքրքրվելու, հայերենին տիրապետելու և հայերենի իմացությունը զարգացնելու մեծ ցանկության մասին: Իսկ այս խմբի սաները, որքանով որ ես տեղեկացա. սկսել էին «Մկնիկ» հաճախել նախակրթարանային տարիքից: Ես այնտեղ տեսա նաև «Մկնիկի» նախակրթարանի աշխատանքը՝ բավականին հմուտ և ընդունակ մասնագետ Էլադայի ղեկավարությամբ: Այսինքն՝ «Մկնիկ» աշխատանոցի աշխատանքների արդյունքը ինձ համար ակնհայտ էր:

Հայկական համայնքի մասին

Զարմանալի պայծառ, ջերմ, անկեղծ  մարդիկ էին: Այն ընդունելությունը, սերն ու հոգատարությունը, որով ընդունեցին մեզ՝ սեբաստացիներիս, իրոք հուզիչ էր: Ամեն ինչ արվեց, որ մեր՝ Փարիզում գտնվելու օրերը առավել արդյունավետ լինեին՝ Փարիզը տեսնել, կարևոր մշակութային կենտրոններում լինել, հնարավորին չափ հետաքրքիր ժամանակ անցկացնել, ծանոթանալ Փարիզի առօրյային: Իրենց աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ այսքա՜ն ժամանակ տրամադրել իրենց հայաստանցի հյուրերին… Սա վերաբերմունք է իրենց հայապաշտպան ծրագրերի, հայաստանցիների, կրթական հեռահար նպատակների նկատմամբ:
Մասնակցեցի «Անակո» նավի վրա կազմակերպված երգի-պարի ավանդական հավաքին, որտեղ հավաքված երիտասարդները՝ հիմնականում «Մկնիկ» աշխատանոցի սաներ, հավաքված մարդկանց հայկական պարեր էին ուսուցանում: Պետք էր այդ ոգին տեսնել, այդ խանդավառությունը, որով երգում-պարում էին այդ պատանիները: Առանց այդ ոգեղենության ի՞նչը կբերեր այլազգի մարդկանց այդ հավաքին: Ի՞նչը կստիպեր ֆրանսիացուն պարել հայկական պարեր: Ոգեղենությունը երևի թե ազգություն, հայրենիք չունի: Այդ նույն հավեսով այդ հավաքիի ընթացքում մարդիկ նաև հունական, հրեական պարեր էին պարում:
Հայկական համայնքը շնչող, բաբախող, ապրող օրգանիզմ էր: Այդտեղ բոլորը բոլորին ճանաչում էր, հոգատար, ջերմ, սիրառատ միջավայր էր ստեղծվել: «Դժվար է ֆրասիական հզոր միջավայրում հայկական այս ոգին պահպանել: Սա մեզ հեշտ չի տրվում, սա հետևողական, անընդհատ աշխատանքի արդյունք է», — իմ հիացական-զարմացած հարցադրումները պարզաբանում էր հավաքի մասնակիցներից մեկը՝ Սիլվան: Նույնպիսի տպավորություն ստացա նաև, երբ կարճ ժամանակով մասնակից եղա մի այլ հայեցի միջավայրում կազմակերպված  հավաքին, որտեղ մասնակցում էր Ժիրայր Չոլաքյանն իր ընտանիքով: Այո, զարմանալի համայնք էր՝ իր հայեցի արմատներով մխրճված ֆրանսիական հողում:

Պարուսուցում «Անակո» տափանավի վրա

Երևան-Փարիզ կրթական ծրագրի զարգացումը

Այս ծրագիրը հեռանկար ունի, քանի որ ունի երկուստեք շահագրգիռ կողմեր՝ մի կողմում մեր ֆրանսահայ գործընկերները՝ իրենց երկար տարիներ առաջ տարվող հայապահպան ծրագրով, մյուս կողմում սեբաստացիները՝ իրենց կրթական, համագործակցային,  նախագծային ծրագրերով: Մկնիկցիների և սեբաստացիների բնական, անմիջական կապը կարելի է պահպանել և՛ «Մկնիկ» աշխատանոցում, և՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիում այսպիսի միասնական ուսումնական գործունեությամբ, միասնական ճամբարների կազմակերպմամբ և՛ Փարիզում, և՛ Երևանում: Մանագետների հրավերները նույնպես ծրագրի կարևոր, արդյունավետ համագործակցություններից են: Կարելի է na[ag]el նաև ուսուցչական կազմի  փոխանակումների ծրագիր: Ֆրանսահայերի և հայաստանցիների փոխադարձ այցելությունները բավականին մատչելի կարող են լինել՝ հյուրընկալության առկայությամբ:
Առցանց  համագործակցությունը նույնպես գործուն գործընկերություն է: Ես «Մկնիկի» սան Նեկտարի հայրիկն տվել եմ իմ ուսումնական բլոգի հղումը, քանի որ հայրիկը աղջկա համար լրացուցիչ առաջադրանքներ էր ուզում: Ծնող Թամարին՝ Ալիքի և Արեգի մայրիկին, ուղարկեցի ընթերցանության նյութ, Արմենին՝ գործնական քերականության դասագրքեր: Էլադայի համար պատրաստում եմ նախակրթարանի նյութեր: Այս առցանց կապը կարելի է անընդհատ և արդյունավետ օգտագործել։

Շնորհակալ ենք։

Հասկանալի է, որ ամեն ինչի մասին հնարավոր չէ միանգամյա պատումում գրել: Վերջում ուղղակի մեր ֆրանսահայ գործընկերներին  փոխանցեմ Փարիզում հյուրընկալված սեբաստացիների բոլոր ծնողների առանձին-առանձին արտահայտած շնորհակալական խոսքերը, երախտագիտությունը իրենց երեխաների համար ընտանեկան ջերմ միջավայր ստեղծելու, Փարիզը հնարավորին չափ հետաքրքիր ներկայացնելու, վառ հիշողություններ պարգևելու համար: Խնդրեցին փոխանցել իրենց պատրաստակամությունը փոխադարձ հյուրընկալությամբ ձեզ ընդունելու իրենց ընտանիքներում:
Իրենց զգացողությունների մասին գրել են  սեբաստացիներն իրենց պատումներում:
Նորից ու նորից շնորհակալ ենք:

Պատմում են Երևան-Փարիզ կրթական նախագծի մասնակից սեբաստացիները։

Շուշան Փաշինյան
Պատում 1
Պատում 2
Պատում 3
Պատում4
Արթենի Ջանիկյան
Նարե Ազարյան
Հայկ Ղազարյան

Ֆեյսբուքյան լուսաբանումներ

Ո՞ւր ես, Փարիզ, եկանք
Սեբաստացիներով` Փարիզի ճանապարհին…
Արդեն Փարիզում ենք…
Սեբաստացիների արկածները։ Վարշավա։
Փարիզյան թափառումներ
Փարիզ… Սիրուն քաղաք…
Թափառում ենք…
Լուվրում…
Օր 3֊րդ։ Պատմում են սեբաստացիները։
Փարիզ…
Սեբաստացիական համերաշխություն
Գիշերային Փարիզ
Սեբաստացիները` Վերսալյան ապարանքում
Վերսալյան այգիներ…
Փարիզի գողտրիկ անկյուններում` աղմուկից հեռու
Մոնմարտր` ինքնատիպ Փարիզ
Թափառում Վարշավայում

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский