9-րդ դասարանում ,,Հայոց լեզու,, առարկայից ավարտական քննության մասին

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հիմնական դպրոցի հայոց լեզվի ավարտական քննության ուղեցույցը՝ թեստի նմուշով։ ՀՀ ԿԳՆ հրամանով հաստատված է, որ «Հաստատությունների 9-րդ դասարաններում անցկացվում են կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` մայիսի 26-ին….»:

Հիմնական դպրոցի ավարտական քննության թեստի նմուշի վերաբերյալ դիտարկումներ

9-րդ դասարանցու հայոց լեզվի ավարտական քննության բովանդակությունը դիտարկել ենք՝

  • հանրակրթական պետական չափորոշիչների,
  • հայոց լեզվի, գրականության առարկայական չափորոշիչների,
  • «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագրի դիտանկյունից:

Փորձել ենք պարզել թեստի նմուշի համապատասխանությունը այս կրթական փաստաթղթերում ներկայացված սկզբունքներին:

Հանրակրթական պետական չափորոշչում գրված է.
Միջին դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվի անաղարտության և առաջնայնության պահպանմանը.
2) սովորողի կողմից մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն.
3) բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, ազգային մշակույթը, նախնիների ստեղծած հոգևոր արժեքները գնահատելու և արժևորելուն.
4) սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու, գրական երկերից սովորածի, նշանավոր մարդկանց կյանքի օրինակով ինքնակրթության, ինքնադաստիարակության, ինքնակատարելագործման մղելուն.
5) Հայաստանի Հանրապետությունում ապրող մյուս ժողովուրդների ազգային լեզուներին և գրական-մշակութային արժեքներին հարգանքով վերաբերվելու, գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

Ինչպես տեսնում ենք, հանրակրթական պետական չափորոշչում կարևորված են մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելը, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելն և զարգացնելը։

Հանրակրթական պետական չափորոշչի հիման վրա կազմվող առարկայական չափորոշիչը սկզբունքորեն չի կարող հանրակրթական պետական չափորոշչից էականորեն տարբերվող մոտեցում ունենալ: Հետևաբար բնական է առարկայական չափորոշչի՝ «Հայոց լեզու, գրականություն» առարկայի դասավանդման հայեցակարգում արտահայտված հետևյալ դրույթը. «Մայրենի լեզվի և գրականության ուսուցումը նպաստելու է սովորողների մտքերի, զգացմունքների ու ապրումների արտահայտմանը, բանավոր ու գրավոր խոսք կազմելու հմտությանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու դրանց հետագա մշակմանը։ Այս առումով լեզվական նյութի ուսուցումը պետք է նպաստի կապակցված խոսք կազմելու հմտությունների զարգացմանը, լեզվական յուրաքանչյուր միավոր ներկայացվի որպես խոսքի կառուցմանը մասնակցող բաղկացուցիչ տարր» (Հայոց լեզու, գրականության առարկայական չափորոշիչ)։

«Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառի առարկաների ծրագրի բացատրագրում մասնավորապես գրված է․
«…Մայրենի լեզվի՝ որպես դասավանդման առարկայի, մյուս յուրահատկությունն էլ այն է, որ նա ներառում է երկու կողմ՝ բուն լեզվի իմացություն, այսինքն՝ այդ լեզվով հաղորդակցվելու, տարբեր բնույթի գրավոր ու բանավոր շարադրանք ստեղծելու կարողություն և լեզվի քերականական կառուցվածքի իմացություն, որը ենթադրում է տեսական լեզվաբանական գիտելիքներ։ Միջնակարգ դպրոցում «Հայոց լեզու» առարկայի դասավանդումը ներառում է այս երկու կողմերը, սակայն առաջնությունը տրվում է լեզվի գործնական կիրառության (լսելու, խոսելու, կարդալու, գրելու) կարողությունների զարգացմանը, իսկ տեսական գիտելիքները տրվում են նվազագույն չափով, որքանով դրանք կարող են նպաստել նշված խնդրի լուծմանը»։

Հիմա խոսենք հայոց լեզվի ավարտական քննության՝ ներկայացված թեստի առաջադրանքների մասին:

Թեստում 36 առաջադրանք է։ Առաջադրանքերից 20-ում սովորողն ընտրում է պատասխաններից մեկը:

Օրինակ՝
1. Ո՞ր բառն է սխալ գրված:
1) հայացք
2) լվածք
3) գնացք
4) նայվածք
2. Տրված բառերից ո՞րն ածանցավոր չէ:
1) կլանչոց
2) լսելի
3) լռություն
4) խաղաղ

15-ում՝ պատասխանում է մեկ կամ երկու բառով։ Օրինակ՝

  1. II հատվածից դո՛ւրս գրիր արմատ+արմատ կազմությամբ բառը (առանց հոդակապի):
  2. II հատվածից դո՛ւրս գրիր դիմորոշ հոդով դերանունը:
  3. Գրի՛ր ծխում էր բայաձևի անորոշ դերբայը:

Եվ ընդամենը մի առաջադրանքում է սովորողը շարադրում իր մտքերը. «Ի՞նչ կարծիք կազմեցիր տղայի մասին, ինչո՞ւ: Մտքերդ շարադրի՛ր 50-70 բառով»:
Այսինքն՝ այս համամասնության մեջ արդեն խախտված է պետական չափորոշչում հրապարակված սկզբունքը՝ մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտելը, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելը և զարգացնելը։

Առաջադրանքերին տրվում է 40 միավոր։ Եվ այդ քառասունից միայն 5 միավորն է տրվում շարադրանքին, այն էլ՝ այդ 5 միավորից 3-ը կարծիք հայտնելու, հիմնավորման, վերլուծության համար է նախատեսվում, մնացած 2 միավորը տրվում է լեզվական գրագիտության նորմերի պահպանման համար՝ ուղղագրություն, կետադրություն, բառագործածություն, խնդրառություն, համաձայնություն, շարադասություն։
Այսինքն՝ 40 միավոր գնահատվող թեստում սեփական կարծիքի ներկայացումը, դրա հիմնավորումը, այն հասկանալի շարադրելը, մտքի վերլուծական կարողությունը ընդամենը 3 միավոր է։
Սա արդեն խոսում է և՛ պետական չափորոշչի, և՛ առարկայական չափորոշչի, և՛ «Հայոց լեզու, գրականություն» առարկայի դասավանդման հայեցակարգի ու ներկայացված թեստի ուղղվածության հակասության մասին:

36 առաջադրանքից միայն մեկն է ուղղված «…մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով, սեփական մտքերը, հույզերն արտահայտմանը, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելուն» (պետական չափորոշիչ): Թեստը չի համապատասխանում է առարկայական չափորոշչի պահանջին՝ «…սովորողների մտքերի, զգացմունքների ու ապրումների արտահայտմանը, բանավոր ու գրավոր խոսք կազմելու հմտությանը, ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու դրանց հետագա մշակմանը»։

Երկու առաջադրանք է ուղղված տեքստի բովանդակության ընկալման ստուգմանը․

  • Ո՞ր միտքն է հակասում տեքստի բովանդակությանը․
    1. Գործողությունները տեղի են ունենում աշնանային անտառում։
    2. Տղան կարծում էր, թե հորեղբայրը հեռվից իրեն է հետևում։
    3. Տղան մեծ հետաքրքությամբ կարդում է քաջագործությունների մասին գիրքը։
    4. Հորեղբայրը դժվար էր նկատվում, որովհետև նրա հագուստի գույները ձուլվում էին շրջապատի գույներին։
  • Տեքստում ո՞ր ձայնի մասին խոսք չկա։
    1. Շան վնգստոց
    2. Մոշահավի կչկչոց
    3. Աղբյուրի ջրի քչքչոց
    4. Չորացած տերևների խշխշոց

Հոմանիշությանը, հականիշությանը, բառի փոխաբերական իմաստին, բառի իմաստային բացատրությանը, գործառական ոճին ուղղված առաջադրանքները, որոնք ինչ-որ չափով կարող են կապվել լեզվագործունեության հետ, 8-ն են։
Օրինակներ՝

  • Առաջին հատվածից դո՛ւրս գրիր արահետ բառի հոմանիշը:
  • Առաջին հատվածից դո՛ւրս գրիր այն բառը, որը փոխաբերաբար նշանակում է «ոչնչով չխանգարվող, անվրդով», նաև՝ «տևական»:
  • Տեքստի ո՞ր բառն է նշանակում «ծառերից թափված աշնան տերևները»: 

Մնացած 25 առաջադրանքը զուտ քերականական, տերմինների անվանումների իմացություն պահանջող առաջադրանքներ են:
Օրինակներ՝

  • Տեքստի I հատվածում դեպքը ո՞ր եղանակի բայաձևերի միջոցով է պատմվում:
    1) սահմանական
    2) ըղձական
    3) ենթադրական
    4) հարկադրական
  • Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:
    Ես նստեցի ծառի hետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը:
    1) նստեցի – I դեմքի բայ, անցյալ կատարյալ
    2) խաբեմ – I դեմքի բայ, ըղձական ապառնի
    3) որևէ – ածական, դրական աստիճան
    4) որպեսզի – ստորադասական շաղկապ
  • Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:
    Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ:
    1) հայացքս – ուղիղ խնդիր
    2) ականջներս – ենթակա
    3) գրքից – անջատման անուղղակի խնդիր
    4) ուժեղ էր – բաղադրյալ ստորոգյալ

Տրված առաջադրանքները ուղղվա՞ծ են լեզվի գործնական կիրառության (լսելու, խոսելու, կարդալու, գրելու) կարողությունների զարգացմանը… («Հայոց լեզու, գրականություն» առարկայի ծրագրի բացատրագիր): Ինչպե՞ս են կապվում լեզվագործունեության, մտքի ազատ շարադրանքի, լեզվի իրական գործառության, ստեղծականության արտահայտման ու զարգացման հետ: Բայաձևերի եղանակներն իրենց անվանումներով իմանալը, ածանցներն ու բայածանցները, գոյական անվան ներքին և արտաքին հոլովումները, ուղղագրական բարդություն ունեցող բառերի ճիշտ գրությունը հիշելը (երբ բառարանի գործածությունը չափորոշչային պահանջ է, և սովորողը կարող է բառի գրությունը բառարանով ստուգել, ճշտել), դիմորոշ հոդերն ու դերբայների տեսակները, շարահյուսական, ձևաբանական վերլուծությունները հայոց լեզվի քերականության գործնակա՞ն կիրառության աշխատանքներ են, որոնք ուղղված են խոսքի ճիշտ ձևակերպմանը, բառօգտագործմանը, մտքի հստակ շարադրանքին…

Եվ սա այն դեպքում, երբ.

  • Առարկայական չափորոշչի և ծրագրերի համաձայն` նախատեսվում է լեզվական յուրաքանչյուր միավորի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձնել նրա գործառական արժեքին, համապատասխան վարժությունների միջոցով ամրապնդել դրանց գործնական կիրառությունը խոսքում։
  • Լեզվական և գրականագիտական գիտելիքները տրվում են նվազագույն չափով՝ առանց գիտական եզրույթներով և սահմանումներով ծանրաբեռնելու, իսկ ուսուցումը կատարվում է հիմնականում գործնական եղանակով ( «Հայոց լեզու, գրականություն» առարկայական ծրագիր, բացատրագիր)։

Համաձայնեք, որ պետական և առարկայական չափորոշիչների սկզբունքային ձևակերպումներից, «Հայոց լեզու, գրականություն» առարկայի ծրագրի մեջբերված բացատրագրից հետո անհասկանալի է էսպիսի քերականախեղդ արված թեստի հրապարակումը, այդ թեստով 9-րդ դասարանցիների քննությունը:

Հ․Գ

Փոխադրությունը, որպես հիմնական դպրոցի շրջանավարտի մայրենիի ստուգման միջոց, իհարկե ունի առավելություններ թեստային  ստուգման համեմատությամբ /թեստը բոլոր դեպքերում ստուգման վատ տարբերակ է/։ Այն լեզվագործունեություն է, որի միջոցով ստուգվում են մտքերը ձևակերպելու, ասելիքը գրավոր ներկայացնելու, տեքստի նկատմամբ կարծիք, վերաբերմունք արտահայտելու և լեզվական մի շարք այլ հմտություններ։

Սակայն փոխադրությունն ունի հետևյալ թերությունները։

Նախ՝ առաջարկված տեքստը գրավոր փոխադրելու համար բավարար չէ միայն մայրենիի բավարար իմացությունը։ Այն փոխադրելու համար անհրաժեշտ է լինում ուշադրության կենտրոնացում։ Քննության պայմաններում, նկատի ունենալով բնական լարվածությունը, բավարար չափով կենտրոնացումը միշտ չէ և բոլոր սվորողների մոտ չէ, որ հաջողվում է։ Դրա արդյունքում կարող է սովորողը այդպիսի ստուգման արդյունքում անհաջողություն ունենալ, որը չի կարող կապվել նրա՝ մայրենիի իմացության հետ, հետևաբար քննության արդյունքը չի կարող ճիշտ համարվել։

Երկրորդ՝ բավականին ծավալուն տեքստը փոխադրելու համար հիշողությունը պարտադիր պայման է։ Առանց հիշողության բավականին մակարդակ ունենալու՝ այդ ծավալի տեքստը, երկու անգամ ընթերցելու պայմաններում, հնարավոր չի լինի փոխադրել Հետևաբար, թույլ հիշողություն ունեցող սովորողի համար նույնպես դժվարություններ են առաջանալու։ Եվ տեքստը փոխադրել չկարողանալը չի կապվի նրա մայրենիի անբավարար իմացության հետ։ Այսինքն՝ այսպիսի սովորողների համար փոխադրությունը մայրենիի իմացության ստուգման ձև չի կարող լինել։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский